Ուրբաթ, 08. 11. 2024

spot_img

Պատասխան Ալէն Սիմոնեանին

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Սլաք

Սոցցանցերը ողողուած են ԱԺ-ի նախագահ Ալէն Սիմոնեանի խօսքի մասին գրառումներով։ Նա խօսեց հայ գերիների մասին, ասելով թէ նրանք չկան իրեն համար, քանի որ դասալիք են։ Նա մտքի գոհարներ շաղ տուեց Իսրայէլի օրինակը բերելով, որ նրանք չեն բանակցում գերիների հարցով։

Նախ մի կարեւոր վերյիշում,-

Իսրայէլի ու Լիբանանի՝ Հիզպոլլահի, միջեւ պատերազմից յետոյ, Իսրայէլը ազատ արձակեց գերի ընկած հազարաւոր լիբանանցու ու պաղեստինցու, որպէսզի երկիր վերադարձնի պատերազմում մահացած իր զինուորների դիակները։ Այսինքն՝ Իսրայէլը ԲԱՆԱԿՑԵՑ ու մեծ զիջումներով յետ ստացաւ իր մահացած զինուորների դիակները։

Ուզում եմ գրել իմ կարծիքը,-

Վերջացան ՏԻՄ-ի ընտրութիւնները Հայաստանում, ու պարզուեց՝ ընդհանուր հաշուով պարտուել է ՔՊ-ն։ Ու հիմա նրանք՝ ի տես այդ պարտութեան, էլ նպատակ չունեն դերեր խաղալ, շարունակել խաղն ու պարը, ու հիմա սկսել են լրիւ բացայայտել իրենց իրական դէմքը։ Այսուհետ նման խօսքեր ու դիրքորոշումներ էլի կը հանդիպենք։

Հայաստանի իշխանութիւնները չունեն ժողովրդի նեցուկը, որի մասին այդքան յոխորտալով խօսում էին, եւ այդ հիման վրայ՝ հերթական նուէրները յանձնում թշնամուն։ Հիմա վիճակ է փոխուել։ Վիճակ է փոխուել այն առումով, որ ժողովուրդը վստահեց հիմնականում նոր դէմքերի։ Այսպիսով՝ վերջակէտ դրուեց ՔՊ-ականների յաջորդողը նախկիններին տեսնելու, նախկինների վերադարձով մարդկանց վախեցնելու ու քուէներ կորզելու ընթացքին։ Վիճակ է փոխուել, ու սա չեն կարող նկատի չունենալ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի քաղաքական դաշտում եղածները։

Հետաքրքիր զարգացումներ են սպասում։ Նոր դէմքեր, նոր ուժեր։ Սա է ժողովրդի ակնկալիքը։ Իսկ եթէ դեռ կայ ցանկութիւն եւ յոյս Հայաստանում ձեւաւորուած քաղաքական միաւորների ապագայ դրական գործունէութեան վերաբերեալ, ապա դա կարող է պատահել ՄԻԱՅՆ հիմնական փոփոխութիւններով։

Առաջին հերթին՝ վերանայել իրենց մօտեցումները ժողովրդի հետ շփուելու տեսակէտից․ ժողովրդին մարդու տեղ դնեն, քանի որ՝ կեանքը փաստեց՝ իրական փոփոխութիւնը վերեւում չի լինում, ու նրանք պիտի գիտակցեն ժողովրդի լայն զանգուածների մօտ աշխատելու կարեւորութիւնն ու ճիշտ վերաբերմունքը։

Այո, հիմնական բան պիտի փոխուի ազգային-հասարակական ու քաղաքական միաւորներում․ Իրական սերնդափոխութիւն պիտի տեղի ունենայ, որպէսզի ճամբայ բացուի նոր գաղափարների եւ խոստումնալից նոր ուժերի համար։

Աւարտին, ուզում եմ կիսել մերօրեայ գրողներից մէկի ֆէյսպուքեան կարճ ակնարկը՝ Ալէն Սիմոնեանի ցնդաբանութեան կապակցութեամբ:  

Հռիփսիմէ Յովհաննիսեանի ֆէյսպուքի էջից

Պարոն Ալէն, ես գրել եմ պատերազմի մասին «44 օր» գիրքը։ Երանի չէր մեր բոլոր զոհուած քաջորդիները դասալիքներ լինէին։ Նրանք  շատ երազներ ունէին, ոչ  մէկի լուսանկարը չի տեղաւորւում իր շրջանակի մէջ։ Դուք գրկել էք ձեր աթոռները, վախեցել էք գահավիժումից, անգամ վառօդի հոտը չդիպաւ ձեր փողկապակիր, ճերմակ օձիքին, չտեսաք ինչպէս են գլխատւում կեանքերը։ Դասալիքը դուք էք։

ՅԳ. Ճիշտ է Հռիփսիմէ Յովհաննիսեանը․ դասալիքը ՔՊ-ականների մի ստուար խումբն է, որոնք չեն ծառայել բանակում, ու հիմա յաւակնում են տնօրինել բանակը, երկիրը, ու գերիների մասին աւել/ պակաս դուրս տալ: Ռ․Օ․)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին