Ուրբաթ, 29. 03. 2024

spot_img

Համացանցի Վրայ

Ան-կապ Աշխարհ․․․

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

    Սա հայերնի ժամանակակից գրող, մտաւորական Սիւնէ Սեւադայի հերթական գրառման վերնագիրն է։ Շատ հաւանեցի թէ՛ վերնագիրը, թէ՛ գրութիւնը։ Խօսքը Ֆէյսպուքն ու նրա յաւելուածների՝ մօտ 6 ժամ անջատուելու մասին է։ Մասնակի կրճատումներով ընթերցողներուն ուշադրութեան կը յանձնեմ Սիւնէի գրութիւնը։

«Շփուեցի տնեցիների հետ, պարզուեց՝ լաւ էլ հաճելի մարդիկ են»

ԼԱՒՆ ԵՍ, ՍԻՒՆԷ

Սիւնէ Սեւադա

Հոկտեմբերի 10, 2021

Ան-կապ աշխարհ

(մասնակի համառօտուած)

Մի քանի օր առաջ աշխարհի պուլսը (զարկերակ -խմբ.) կտրուկ ընկել էր, մարդիկ ու երկրներ իրար էին խառնուել․ պարզուեց՝ խնդրի «օջախը» Ֆէյսպուքն է՝ իր յաւելուածներով․ գրեթէ 6 ժամ անհասանելի էին Ֆէյսպուքը, Ուաթսափն ու Ինստագրամը։ Շատ արագ լրահոսները ողողուեցին տուեալներով, թէ ինչ ահռելի վնասներ է կրել Զուկենպերկն իր վիրտուալ (անիրական – խմբ.) կայսրութիւնում՝ 6 միլիար տոլարից աւելի։ Բարեբախտաբար, համացանցի արքան կրած կորուստներից չի սնանկանայ, առաւել եւս հացի փողից չի զրկուի։ Բայց այս առիթն օգտագործենք ու փորձենք հասկանալ, թէ որքանո՞վ ենք մենք սնանկացրել մեզ՝ դառնալով սոցցանցերի (ընկերային ցանց- խմբ.) գերին

«Շփուեցի տնեցիների հետ, պարզուեց՝ լաւ էլ հաճելի մարդիկ են»․ այս ոճի կատակները կրկին սկսեցին շրջանառուել՝ կրկին ի ցոյց դնելով ցաւոտ իրականութիւնը։ Թուային աշխարհն իր սոցցանցերով ստեղծուել էր մարդկանց շփումը, կապերը մեծացնելու համար, բայց վերածուեց մի հսկայ սարդոստայնի, որտեղ միլիոնաւոր մարդիկ պատանդ մնացին։ Այսօր արդէն մասնագէտները թմրանիւթերից, թղթային ու օնլայն (առցանց -խմբ.) խաղերից կախուածութեան շարքում նաեւ սոցցանցերն են յիշատակում, ու սա լուրջ ահազանգ է մարդկութեանը։

Փորձենք նայել սոցցանցերին բոլոր կողմերից ու հասկանալ, թէ «որտե՞ղ են ուզում մեզ գցել»։

Ի վերջոյ, անվիճելի է փաստը, որ իսկապէս Ֆէյսպուքները մեզ հնարաւորութիւն են տալիս աւելի շատ շփուել մեր ընկերների հետ, նորերին գտնել, հեռաւորների հետ կապերը սերտացնել՝ էլ չենք ասում, որ շատերի համար աշխատանքային հարթակ է։ Գործարար առումով՝ վաճառքի ամենամեծ հարթակները սոցցանցերն են ապահովում, որտեղ վաճառւում եւ գնւում է ամեն ինչ՝ միտք ու գաղափարից մինչեւ հագած շոր ու կօշիկ։ Գործնական կապերը համացանցից իրական կեանք գալով՝ հրաշքներ են գործում, որի հակառակն էլ հակերների (համացանցահէններ -խմբ.) ֆինանսական գրոհներն են։

Սոցցանցերը մարդկանց միաւորելու, կրթելու անսահման ռեսուրսներ (աղբիւրներ -խմբ.) ունեն եւ դա եւս հրաշալի է, միայն թէ այստեղ նաեւ լուսանցքներ են բացւում յաճախ ու աղբ է, որ պատում, շրջապատում է մեզ։ Ո՞րը պիտի լինի օգտակարի ու չարաշահման սահմանը, դժուար է ասել, բայց մի բան յստակ է, որ պէտք է իւրաքանչիւր անհատ առնուազն ինքն իր համար վերանայի սոցցանցերում ապրած ժամանակն ու բովանդակութիւնը։ Ֆէյսպուքեան վթարային իրավիճակը ցոյց տուեց, որ մենք պիտի հաւասարակշռութիւն գտնենք իրական ու վիրտուալ կեանքի միջեւ, կախուածութիւնը նուազեցնենք, որ սկսենք սնուել իրական արժէքներով, գաղափարներով ու պարզապէս ապրենք ռէալ (իրական – խմբ.) կեանքով։

Ինչ է պէտք անել դրա համար․ թերեւս արժէ սկզբի համար գնահատել իրական ու վիրտուալ կեանքի դրական ու բացասական կողմերը եւ ըստ այդմ առողջ դիետա («սննդականոն» – խմբ.) սահմանել, որտեղ լաւն ու օգտակարը զգալի կը գերազանցեն սոցցանցային «ֆասթֆուդին» (արագ սնունդ – խմբ.)։ Վստահ եմ, որ հաճելիօրէն կը սկսենք գնահատել սոցցանցից դուրս վերականգնուած զբօսանքները, կարդացած նոր գրքերը, ընկերների հետ սրճարան ու կինօ (շարժապատկեր -խմբ.), թատրոն գնալը։ Իսկ ընտանեկան երեկոյեան ընթրիքն ու թէյախմութիւնն աշխատանքային օրուայ աւարտին պարզապէս փոքրիկ տօնի կարող են վերածուել։

Կարելի է օրուայ կտրուածքով չափել, թէ քանի ժամ ենք անցկացնում սոցցանցերում ու մեսինջերներում ու նաեւ որոշել, թէ այդ ժամանակի որ մասն ենք «առողջ» ապրել ու պարզապէս ապշել այդ առերեսումից, երբ պարզուի, որ օրուայ մեծ մասն իրականում քամուն կամ սոցցանցին ենք տալիս։ Մտածելու բան է։

Մեզնից ոմանք մտել են սոցցանցեր եւ այլեւս չեն վերադարձել իրականութիւն։ Իսկ չափաւորութիւնն իրական կեանքում ու սոցցանցերում հրաշքներ կարող է գործել։

Կրկին վերադառնալով «սոցցանցային վթարին», խօսենք նաեւ վիրտուալ աշխարհին սպառնացող մէկ այլ իրական վտանգի մասին․ սեւ շուկայում միլիարդաւոր մարդկանց տուեալներ են վաճառքի հանուել․ իհարկէ, նրանց ճնշող մեծամասնութեան տուեալները կարող են չհետաքրքրել անգամ սեփական հարեւանին, ինչ մնաց թէ՝ վաճառուեն։ Սակայն վաճառքի ենթակայ տեղեկատւութիւնն արդէն իսկ մէկ այլ խնդրի մասին է խօսում․ իրականում ինչքանով ենք մենք գրագէտ օգտատէր, բաւարար է արդեօք մեր մետիագրագիտութիւնը, որ մեր իսկ ձեռքով ստեղծուած իրավիճակում չվնասենք մեզ։ Արդեօք այնպիսի տուեալներ չե՞նք թողել սոցցանցերում, որոնք յայտուելով նենգամիտների ձեռքում, կարող են վնասել մեզ։ Խօսքը ե՛ւ անձնական կեանքին առնչուող տուեալների մասին է, ե՛ւ հենց գաղտնի տեղեկատւութեան մասին։

Արժէ «փոթորկից» յետոյ նստել ու ծանրութեթեւ անել․ երբ ինքներս մեզ հետ լեզու գտնենք, այս խնդրի լուծումը կը գտնենք անհատական բանալիով, որովհետեւ այլ կերպ լինել չի կարող, միայն անհատական մակարդակով է յստակ շատն ու քիչը, լաւն ու վատը՝ պայմանաւորուած իւրաքանչիւրիս առօրեայ կեանքով, նախասիրութիւններով, աշխատանքի ու կենսակերպի առանձնայատկութիւններով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին