Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Վիճակը Հայաստանում

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Սլաք

Սոցցանցերով հարիւրաւոր նիւթեր են ներկայացուել ազրպէյճանական կողմի վերջին յայտարարութիւնների վերաբերեալ՝ Արցախում եւ Հայաստանում նոր պատերազմ սկսելը, ներկայ Հայաստանը Արեւմտեան Ազրպէյճան համարելը։ Միջազգային կառոյցների լռութիւնը անհասկանալի է, ու լրիւ անբացատրելի է Եւրոպական Միութեան նախագահի յայտարարութիւնը Երեւանում՝ հայ-ազրպէյճանական սահմանների կապակցութեամբ։ Վստահ եմ, նրանք որ հետաքրքրուած են Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրով՝ հետեւում են լուրերին ու մեծ տագնապ են ապրում։ Որպէս տեղեկութիւն,- Սոցցանցերով չի դադարում Նիկոլի ու նրա թիմի հասցէին խիստ վիրաւորական խօսքերն ու հայհոյանքը։

Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը՝ Փաշինեան Նիկոլն ու նրա թիմը։ Նրանք հիմա պիտի զօրաշարժի ենթարկէին ողջ հայութեանը՝ դիմագրաւելու նոր սպառնալիքները։ Նիկոլը այս օրերին ունեցաւ մի քանի յայտարարութիւններ, որոնք Ազրպէյճանի դէմ արտայայտութիւններ կարելի է բնութագրել։ Բայց դրանք էական նշանակութիւն չունեն, քանի որ Փաշինեանը փաստել է իր ասածն ու արածը նոյնը չեն։ Ասում է մի բան, անում է ճիշտ դրա հակառակը։ Ուրեմն, Փաշինեանի խօսքերով ոգեշնչուելու ոչ-մի պատճառ չկայ։

Հայաստանի իշխանութիւնները հիմա զբաղուած են ներքին թշնամիներ որսալով։ Այս ազգադաւ ու հայակործան ընթացքը ունենալու է միայն մէկ արդիւնք,- Հայութիւնը նորից պարտուելու է արտաքին թշնամուն, որն յանգելու է նոր կորուստների ու արհաւիրքի։ Գուցէ արտաքին սպառնալիքները ունեն մի այլ նպատակ,- Հայութիւնը վախենայ յաւելեալ կորուստներից, ու բաւարարուի իր ներկայով, իր ներկայ ունեցածով։ Սա եւս արհաւիրք է։

    Չշարունակեմ այս գրութիւնը։ Վիճակը շատ աւելի ծանր է՝ ինչ մենք նկատում ենք լուրերով։ Հոգեբանական ճնշումը ամենաահաւորն է, ու այս հոգեբանական ահաբեկչութիւնը ներկայ կործանարար միջոցն է, որին դիմել են թէ՛ Հայաստանի, թէ՛ Ազրպէյճանի իշխանութիւնները։

    Հենց 2018 թուականի Ապրիլին գրեցի իմ կարծիքը,- Նիկոլը գալիս է Արցախը թշնամուն տալու եւ Հայաստանը կործանելու։ Արցախի մասով, հիմա ես շատ մտահոգ չեմ։ Արցախից մնացած բաժնում կայ ռուս բանակը։ Ունենք այն՝ ինչ ունենք։ Հնարաւոր չէ ժամանակը յետ դարձնել ու կանխել նման ազգակործան ընթացքներ։ Հայաստանի մասով, անչափ մտահոգիչ եմ իմանում Նիկոլի խաղերը՝ արտաքին աշխարհի, գերուժերի ու յատկապէս Ռուսաստանի նկատմամբ։ Նրա «ճարպկութիւնները», մանր խաղերը կարող է կործանարար լինել ողջ հայութեան համար։

Կիսում եմ երկու կարճ գրութիւն Ֆէյսպուքից։ Առաջինը գրող Հրանտ Մաթէոսեանից մի խօսք է, երկրորդը՝ հայրենասիրութեան մասին մի վկայութիւն։

Հրանտ Մաթէոսեան

Քոնն ուրիշին չտա՛ս։ 

Ինչքան տուեցիր, տանելու են, ինչքան տարան, խփելու են, ինչքան խփեցին, ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են…

Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զաւա՛կս, չափազանց բարի լինել՝ կը նշանակի յանձնուել։

Չպիտի յանձնուես, ծաղիկը որ ծաղիկ է, խոտը որ խոտ է, էլի պաշտպանութիւն ունի, դառնութիւն ունի, փուշ ունի։

Տանջանքը մարդու համար է, զաւա՛կս, սկզբում տանջւում են վերջի համար։ 

Քո մէջ կայ տանջանքին դիմակայելու ընդունակութիւն, ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը։ 

Էս կեանքում ոչ մէկը ոչ մէկի լաւ ապրելը չի ուզում, հա՛, էտ սուտ է, էտ հեքիաթ է, որ ասում են՝ բարեգործ ենք, օգնում ենք, տալիս ենք… Չէ մի չէ, էտ անում են, որ դու միշտ կարիքի մէջ լինես, որ իրենց ենթակայութեան տակ մնաս…

*     *     *

Տոմա Սիմոնեան 

Երեւի մտածում ես, որ դու հայրենասէր ես, որովհետեւ օրը մի քանի անգամ սոցիալական կայքերում հայրենիք սիրելու կոչեր ես անում, քարոզում բոլորին սիրել հայրենիքը:
Իրականում դու չգիտես ինչ է հայրենասիրութիւնը, չէ ընկերս, մի՛ նեղացիր, ես էլ չգիտեմ, որովհետեւ ես Արցախում չեմ ապրում, ով գիտի, միգուցէ որոշ ժամանակ անց նաեւ Հայաստանում:
Նկարում Արիավանն է (Աղաւնօ) հայկական գիւղ Բերձորում, միջանցքի հենց ամենասկզբում, որը հիմա շրջափակուած է թուրքերով: Ամեն անգամ այս գիւղի կողքով անցնելիս հայ լինելու  մեռած հպարտութիւնս, մի քանի րոպէով արթնանում է:
    Երբ բոլոր գիւղերը տեղահանեցին, Աղաւնոյի գիւղապետ Անդրանիկ Չավուշեանը չլքեց գիւղը: Հայկական իշխանութիւնները արել են ամեն ինչ` անջատել են գիւղի հոսանքը, գազամատակարարումը, արել են ամեն ինչ գիւղը հայաթափելու համար, բայց գիւղն իր հայրենասէր գիւղապետի յամառութեան շնորհիւ կայ եւ ապրում է:
    Այսքանից յետոյ ես ու դու կարող ենք մեզ հայրենասէր անուանել, ոչ ընկերս, ոչ!
Հայրենասէրը Անդրանիկն է, ում մասին կարող եմ երկար պատմել, բայց չեմ անի, որովհետեւ իսկական հայրենասէրները իմ ճանաչած ամենահամեստ ու զուսպ մարդիկ են… ու ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ նրանք իմ կողքին այնքան շատ են, որ ձեր պաթոսն ու մեծաբերանութիւնը արհամարհանքից ու քմծիծաղից բացի այլ զգացողութիւն չի առաջացնում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին