Երեքշաբթի, 23. 04. 2024

spot_img

«Գաւառ»ը Լուսարձակի Տակ – 25 –

Փուշքինօն Որպէս Առեւտրական Ծրագիր․ Սփիւռքահայերի Օրինակը Կարող Է Վարակիչ Լինել
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

«Գաւառ»ը Լուսարձակի Տակ բաժինի մեր նախորդ հրապարակումով, Լոռու մարզի Փուշքինօ համայնքի մասին խօսելու առթի ունեցել ենք։ Վստահաբար մեր ընթերցողները յիշում են Փուշքինօ գիւղի մասին հրապարակումը, որտեղ ներկայացրել ենք գիւղի պատմութիւնը, առօրեան, մարդկանց կենսակերպը, զբաղուածութիւնը եւ այլն։ Այս յօդուածում կը խօսենք Փուշքինօ համայնքի առեւտրական հնարաւորութիւնների ու ներուժի մասին։ Կը խօսենք, թէ ինչպէ՞ս կարելի է սեփական յաջողուած առեւտրային աշխատանքով օրինակ ծառայել միւսների համար։

Գիւղատնտեսութիւնը Հայաստանի տնտեսութեան առանցքային ոլորտներից մէկն է, որն ապահովում է Համախառն ներքին արդիւնքի (Gross domestic product – GDP) շուրջ 15 %-ը։ Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքի 97 %-ը ապահովում են շուրջ 317 հազար գիւղացիական տնտեսութիւններ, որոնցից իւրաքանչիւրին բաժին է ընկնում՝ միջին հաշուով 1.48 հեքթար հողատարածք։ Հանրապետութեան աշխատանքային ուժի  31.3% ընդգրկուած է գիւղատնտեսութեան ոլորտում։

Հայաստանի կառավարութեան կողմից առաջնային համարուող տնտեսութեան ճիւղերի եւ ծրագրերի սահմանումը կատարուել է պետական քաղաքականութիւնների եւ ծրագրերի փաստաթղթերի ուսումնասիրութեան հիման վրայ:  ՀՀ կառավարութիւնը սահմանել է տնտեսութեան գերակայ մի քանի ուղղութիւն՝ գիւղատնտեսութիւն, զբօսաշրջութիւն, տեղեկատուական եւ հեռահաղորդակցման արհեստագիտութիւն։

Քորոնավիրուսային համավարակը, սակայն, ցոյց տուեց գերակայ ուղղութիւններից, օրինակ, զբօսաշրջութիւնը կարող է կտրուկ անկում ապրել եւ շատ դժուարութեամբ վերականգնուել։ Իսկ ահա գիւղատնտեսութիւնը ցանկացած ֆորսմաժէորային իրավիճակում արդարացնում է իրեն ու ապահովում երկրում պարենային անվտանգութիւնն ու քաղաքացիների պահանջները։

Հայաստանը գիւղատնտեսութեան համար բաւական մեծ ներուժ ունեցող երկիր է, որը սակայն ամբողջութեամբ օգտագործուած չէ։ Գիւղատնտեսութեան տեսանկիւնից բաւականին յարմար է Լոռու մարզը՝ սաղարթախիտ անտառներ, ջուր, խոնաւութիւն, արօտավայրեր։

Որպէս ապացոյց ուզում եմ ներկայացնել մի լիբանանահայի պատմութիւնը, ով տեղաբանակ իր ընկերոջ հետ երկու տարի առաջ ընդամէնը երկու կով եւ մէկ հորթ գնելով այսօր՝ այլ ընկերների հետ գործակցաբար Փուշքինօ գիւղում հիմնել են մեծ ագարակ եւ մշակաբոյսերի արտադրութիւն, որը զարգանալու ու աճելու մեծ նախադրեալներ ունի։

Ամեն ինչ սկսուեց լիբանանահայ Սեւակ Յակոբեանի՝ Լոռու մարզի Փուշքինօ համայնք այցելութիւնից։ Ծանօթանալով տեղանքին, առաւելութիւններին, բնական աղբիւրներին (resources) Յակոբեանը հասկացաւ, որ ներդրումային ծրագրի տեսանկիւնից բաւական յարմար վայր է Փուշքինօն։

Արօտավայրերը կան, ջուրը կայ, բերրի հողատարածքները կան։ Էլ ի՞նչ է հարկաւոր ագարակ ստեղծելու ու այն զարգացնելու համար։ Վերջինս իր լիբանանահայ ընկերների՝ Արա Գոյունեանի եւ Սամուէլ Պասմաճեանի հետ որոշում են գնել խոշոր եւ մանր եղջերաւոր անասուններ՝ կովեր, ոչխարներ, թռչնազգիներ՝ սագեր, բադեր, հողատարածքներ՝ մշակաբոյսեր աճեցնելու եւ այգիներ հաստատելու համար եւ սկսել գիւղատնտեսական առեւտուր Փուշքինօյում՝ Հայաստանի ինչ-որ չափով լքուած դրախտավայրում։ Համաձայնէք՝ հրաշալի գաղափար է։

Գիւղատնտեսութիւնն այն ոլորտն է, որի արտադրանքի պահանջարկը մշտապէս կա, թէ՛ խաղաղութեան, թէ՛ համավարակների, թէ՛ պատերազմների եւ թէ՛ այլ արհաւիրքների ժամանակ։ Սփիւռքահայ ներդրողները սա լաւ են հասկանում։

Ինչպէս նշեցի, ամեն ինչ սկսուել է ընդամէնը երկու կով եւ մէկ հորթ գնելուց, որը երկու տարի յետոյ դարձած էր 12 հատ։ Կովերի բազմացումը երկու տարուայ ընթացքում տեղի է ունեցել ոչ միայն բնական ճանապարհով, այլեւ՝ ձեռք է բերուել կաթնամթերքի վաճառքից ստացուած գումարով։

Սեւակ Յակոբեանը նշում է՝ ցանկութեան դէպքում ամեն ինչ հնարաւոր է իրականացնել։ Միայն հարկաւոր է յստակ տեսլական, գործի հանդէպ հաւատք, աշխատասիրութիւն եւ ջանք։ Լիբանանահայերը Փուշքինօյում աշխատում են տեղաբնակներից մէկի՝ Արտակի Անտոնեանի հետ, ով եւս բաւական խանդավառ է այս ծրագրով։ Հենց նրա շնորհիւ է, որ երկու կով եւ մէկ հորթը երկու տարի յետոյ դարձել է 12 եւ դեռ շարունակում է աճել ու զարգանալ։ Այս պահին կենդանիների թիւը աւելացել է շնորհիւ յաւելեալ կազմակերպուած ու նպատակադրուած ներդրումի։ Այս առիթով, Սեւակ Յակոբեանը նաեւ շնորհակալ է իր ամերիկաբնակ ընկերներին՝ Արա Գասապեանին օգտակար խորհուրդների եւ Ներսէս Պապայեանին՝ ազնիւ ձեւով նեցուկ լինելու համար։

Սփիւռքահայերը նախատեսում են գիւղատնտեսական այլ ոլորտներում եւս ներդրումներ կատարել Փուշքինօյում։ Սփիւռքահայ գործարարները իրենց աշխատանքներուն հաշուապահական հատուածը վստահել են մօտակայ Վանաձորում գործող «Պալանս» հաշուապահական գրասենեակին, որն իր տարիների աշխատանքով ապացուցել է արհեստավարժ գործելաոճն ու որակը։ Իրաւաբանական խորհրդածութեան համար ընտրել են աշխատել փաստաբան Արամ Խաչատրեանի հետ, ում օգնութեամբ գրանցել են երկու ընկերութիւններ՝ «Ֆրեշ Ֆարմս» եւ «Կրին Փրոփերթիս»։

Փուշքինօյի գիւղապետ Սուրէն Աւետիսեանը բարձր է գնահատում սփիւռքահայերի կողմից կատարուող ներդրումները իրենց համայնքում։ Սեւակ Յակոբեանի հետ հանդիպման ժամանակ նա խորին շնորհակալութիւն յայտնեց, որ ներդրումների համար ընտրել են հենց իրենց գիւղը եւ վստահեցրեց՝ գիւղում ներդրումները կարող են բաւական բարենպաստ լինել ու խթանել գիւղական կեանքի զարգացմանը։

Քանի առիթը կար, Փուշքինօյի վարչական ղեկավար Սուրէն Աւետիսեանը մեզ ցոյց տուեց թաղապետարանի մասնաշէնքը, որը կարելի է ասել կիսաքանդ վիճակում էր, վերանորոգման կարիք ունէր։ Վարչակազմի ղեկավարի խօսքով՝ գիւղում մարդիկ ապրում են հիմնականում ագարակների մշակմամբ։

Հարցին՝ ինչ ներուժ ունի համայնքը ներդրումներ առումով, որպէսզի մարդիկ գան գումար դնեն, առեւտուր սկսեն, գիւղին օգուտ տան, աշխատատեղեր բացուեն եւ այլն, պարոն Աւետիսեանը պատասխանեց՝ հիմնական ներդրումային ոլորտը գիւղատնտեսութիւնն ու որոշ չափով նաեւ զբօսաշրջութիւնն է։ Աւետիսեանը նշում է, որ գիւղացիների համար լաւ կը լինի, եթէ կաթի մթերման արժէքը փոքր-ինչ բարձրանայ ու մարդիկ կարողանան կաթը աւելի բարձր գնով յանձնել մթերող կազմակերպութիւններին։

«120 դրամով կաթ ենք յանձնում։ Մի կերպ ապրում  ենք։ Հիմնականում մասնաւոր ընկերութիւնների ենք յանձնում։ Այստեղ մարդիկ վատ են ապրում։ Բակերում վարունգ, լոլիկ են աճեցնում, դրանով ապրում։ Բայց գիւղը շատ լաւ հողեր ունի, բերրի։ Իսկ զբօսաշրջային տեսանկիւնից կարող եմ ասել, որ գիւղում մօտ 10 հիւրատուն կայ։ Գիւղը լաւ բնութիւն ունի։ Ուրախ կը լինենք, որ դրսից գան ներդրում անեն, էլի հիւրատներ ստեղծուեն, լաւ կլինի»,- նշեց վարչակազմի ղեկավարը։

Սուրէն Աւետիսեանի խօսքով՝ վերջին տարիներին  գիւղում լուսաւորութիւնն է աւելացուել, մշտական ջուր ունեն, որը նախկինում չկար։ Համայնքների խոշորացումից յետոյ Փուշքինօն ներառուել է Գիւլագարակ համայնքի մէջ։ Վարչակազմի ղեկավարն ասում է, որ պետական աջակցութիւն որոշակիօրէն ունեն, օգնում են գիւղին՝ թէ՛ պետական մակարդակով, թէ՛ բարերարների միջոցով։ Իսկ սփիւռքահայերի կողմից կատարուող ներդրումները յաւելեալ խթան կրնան հանդիսանալ գիւղը զարգացնելու ու աւելի ճանաչելի դարձնելու, աշխատատեղեր ստեղծելու գործում։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

1 մեկնաբանութիւն

Մեկնաբանութիւն գրել հնարաւոր չէ։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին