ՎԱՀԱԳՆ ԱԲԳԱՐԵԱՆՑ
2021 թուականի ապրիլի 15-ին, հայ ժողովուրդը կորցրեց իր արժանաւոր զաւակներից մէկին, յանձինս փրոֆ. Վարդան Գրիգորեանի:
Դոկտ. Գրիգորեանը ծնուել էր 1934թ. ապրիլի 8-ին, Իրանի Թաւրիզ քաղաքում:
Շրջանաւարտ Պէյրութի Նշան Փալանճեան ճեմարանից, հետեւել է ճեմարանի հայագիտական բարձրագոյն դասընթացներին, միաժամանակ լինելով Հայաստանի Հանրապետութեան վերջին վարչապետ՝ Սիմոն Վրացեանի քարտուղարներից մէկը: Պէյրութ գտնուած տարիներին եղել է նաեւ Թեհրանի «Ալիք» օրաթերթի թղթակիցը:
Նա դոկտորական աստիճանի է արժանացել ԱՄՆ-ի Սթանֆորտ համալսարանից, Փրոֆեսորի աստիճանով պատմութիւն է դասաւանդել Ֆրանսիսքոյի նահանգային եւ այլ համալսարաններում: Նախագահն էր Նիւ-Եորքի համայնական գրադարանի, Փենսիլւանիայի համալսարանի խորհրդատու եւ օտարազգի առաջին նախագահն էր Պրաունի համալսարանի եւ 1997 թուականից մինչեւ իր վախճանը՝ զբաղեցրել է Նիւ-Եորքի Քարնեգի կորպորացիայի նախագահի պաշտօնը:
Հեղինակել է մի շարք գրքեր, արժանացել դոկտորական պատուոյ տիտղոսների, ստացել ԱՄՆ Ազգային Մարդասիրական մեդալ (1998) եւ նախագահական Ազատութեան մեդալ(2004):
Հայերէնից բացի տիրապետում էր անգլերէն, ֆրանսերէն, պարսկերէն եւ փորթուգալերէնին:
Յուսով եմ ուրիշներ դեռ շատ պիտի գրեն եւ մանրամասնօրէն անդրադառնան այս տաղանդաւոր հայի բարեմասնութիւններին:
Դր. Գրիգորեանը ոչ միայն յարգուած գիտնական-փրոֆեսոր էր, այլ նաեւ՝ զուարթախօս:
Ներկայացնեմ իմ ունեցած փորձառութիւնից մի քանի օրինակներ:
Ճարտարագիտութեան ուսանող էի Ֆրանսիսքոյի պետական համալսարանում: Նա պատմութիւն էր դասաւանդում նոյն համալսարանում:
Մերթ ընդ մերթ ճաշում էինք միասին համալսարանի ճաշարանում:
1968 թ. Սան Ֆրանսիսքոյի եւ Պըրքլիի համալսարանները եղել էին Վիեթնամի պատերազմի եւ այլ առիթների հակա-կառավարական շարժումների եւ ցոյցերի կենտրոն:
“Black Panthers” («Սեւ յովազներ») յեղափոխական խմբակը կազմակերպել էր մի հանդիպում սրահներից մէկում: Նպատակն էր պահանջներ ձեւակերպել եւ ներկայացնել համալսարանի ղեկավարութեանը: Հանդիպմանը կարող էին մասնակցել միայն սեւամորթ ուսանողները, բայց պատկերացրէք, թէ ո՞վ էր հրաւիրուած: Այո՛, դր. Գրիգորեանը:
Նա յարգուած եւ վստահելի անձնաւորութիւն էր: Նուաստս եւ իմ մտերիմ ընկեր Միհրան Փիրումեանը ընկերակցում էինք դր. Գրիգորեանին: Չեմ կարող մոռանալ, թէ ինչպէ՞ս մուտքի մօտ խռնուած սեւամորթ ուսանողները արագ ետ քաշուեցին ճամբայ բանալով մեզ համար:
2003 թուականի նոյեմբերին, Լոս Անճելըսի Համազգային մշակութային միութիւնը, իր 75-ամեակի հանդիսութեանը պատուեց դր. Վարդան Գրիգորեանին:
Որպէս Համազգայինի շրջանային վարչութեան ատենապետ պատիւ էր ինձ համար Լոս Անջելեսի միջազգային օդանաւակայանում ողջունելու մեր հիւրին: 35 տարիներ էին անցել, բայց նա ճանաչեց եւ երբ միմեանց ձեռք էինք սեղմում ժպտալով ասաց.
– Շուրջ երկու ժամ առաջ, նախքան քեզ հանդիպելը, վերջին անգամ ձեռնուել եմ Քլինթ Իսթվուտի (նշանաւոր դերասան եւ երկար ժամանակով Քալիֆորնիայի Քարմէլ քաղաքի քաղաքապետ) հետ: Ես կարեւոր համագումարի էի հրաւիրուած եւ պրն. Իսթվուտը ինքն անձամբ ինձ օդանաւակայան ուղեկցեց:
Իր «Իմ կենսագրութիւնը» գրքի շնորհանդէսին, որը տեղի էր ունենում Կլենտէլի կեդրոնական գրադարանում, նա պատմում էր իր կեանքի դրուագներից մէկի մասին:
Բարեսիրական ծրագրերից մէկում նա պարի է հրաւիրում Իրանի նախկին թագուհուն՝ Ֆարրահին: Ինչպէս ինքն էր պատմում, – պարելու պահին մտաբերեցի տատիկիս եւ պատկերացնում էի, որ նա պիտի ասէր ինձ «Ծօ, գեադա՛, հիմա թագուհո՞ւ հետ ես պարում…»:
Դեռ շատ բան կարելի է գրել Վարդան Գրիգորեան մարդու, գիտնականի եւ ամենակարեւորը, հայի անունը միջազգային ասպարէզում շողացնող հսկայի մասին, բայց այն թողնենք իր հարազատներին, գործընկերներին եւ նրա գործունէութեանը լաւատեղեակ անձնաւորութեանց: