Շաբաթ, 20. 04. 2024

spot_img

Սլաք. Դանիէլ Վարուժանի Խորհուրդը

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

    Քանի-քանի մայրեր պիտի ծաղիկ ստանային իրենց որդիներից Մայրերի Օրուայ առիթով՝ Ապրիլի 7-ին։

    Հայ ժողովրդին ու հազարաւոր մայրերի սուգի մատնած նիկոլն ու նրա ստահակ իշխանութիւնների ներկայացուցիչները ողջոյնի ու շնորհաւորանքի խօսքեր շռայլեցին՝ յատկապէս որդեկորոյս հայ մայրերին։ Համացանցը լեցուն է այդ «շնորհաւորանքների» վերաբերեալ բուռն քննադատական ու մերժողական գրառումներով։

    Ապրիլի 7-ին, որդեկորոյս մայրերը ծաղիկներ տարեցին իրենց զաւակների շիրիմին՝ Եռաբլուր ու Հայաստանի եւ Արցախի տարբեր գերեզմանատներ։ Ցաւի զգացումը մեծ էր։ Հայաստանում սուտ ժողովրդավարութեամբ հիացածները չմղկտացի՞ն այդ օր։ Նրանք ամօթի զգացում չունեցա՞ն՝ հայրենիքն ու ազգը ստորադասելով ներքին հարցերին։ Ամօթ։

    Ու յիշում եմ, նրանք ժամանակին ուրիշ գաղափար ունէին։ Նրանցից մենք ՄԻՇՏ լսել ենք,- Երբ վտանգուած է ազգն ու հայրենիքը, երբ կայ արտաքին թշնամու վտանգ, երկրորդական են դասւում ներքին ԲՈԼՈՐ հարցերը։ Երկրորդական է դասւում անգամ դասակարգային պայքարը։ Նրանք ՀԻՄԱ լրիւ փոխուել են, նրանց մօտեցումը հիմա լրիւ ուրիշ է։ Նրանց համար էական է սուտ կամ ճիշտ ժողովրդավարութիւնը՝ քան թէ հայրենիքի ու ազգի շահերը։

    Իմանում եմ, յաճախ հնարաւոր չէ այս երկուսի միջեւ բաժանարար գծեր քաշել, բայց ներկայ Հայաստանում ու հայութեան դիմագրաւուած բազմաթիւ հարցերի առկայութեան դէպքում, երբ հնարաւոր չէ միաժամանակ պայքար տանել արտաքին թշնամու, ներքին թուրքի, ազգադաւ իշխանութիւնների ու ապազգային կառոյցների դէմ, ու միաժամանակ հետամուտ լինել համամարդկային արժէքներին, ՀԻՄԱ պիտի քաշել այդ բաժանարար յստակ գիծը։ Կուզեմ չլինի ժողովրդավարութիւն, եթէ Հայաստանի տարածքում պիտի շարունակեն իշխել թուրքերը, իսկ ազգաբնակչութեան պատկերը փոխուելու միտում կարող է ունենալ։ Ինձ համար էականը ազգայինն է։

    Այս բաժանարար գիծը հիմա գծելը՝ խայտառակ պարտուած Հայաստանի իշխանութիւնների «ձեռքբերումների» թելադրանքն է ու հրամայական անհրաժեշտութիւն։

Ուղարկում եմ երկու բանաստեղծութիւն Դանիէլ Վարուժանից, որ ճիշտ ու ճիշտ մեր ներկան է։

    Առաջինը՝ զոհուած որդու մասին է․ դա վերջանում է «Ախ, հա՛րս, ճրագդ մարէ․․․» տողով՝ ինչը կատարեց նիկոլը հայ մայրերի նկատմամբ։

    Երկրորդը Դանիէլ Վարուժանի խորհուրդն է ԴԵՐԵՆԻԿԻՆ։ Դա խորհուրդ է բոլոր հայերին, բոլոր տղաներին,- Որ երբ քո վրայ քար են նետում, ինչպէս որ ատրպէյճանցիները քարեր են նետում հենց այս օրերին սահմանամերձ գիւղերի բնակչութեան վրայ, քարեր են նետում Արցախից Հայաստան գացող մեքենաների վրայ, ի՞նչ պիտի անի ԴԵՐԵՆԻԿԸ։

    Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր սուտ խաղաղասիրութիւն եւ անձնատւութիւն են քարոզում։ Պարզ է, ոչ-ոք կռիւ ու պատերազմ չի ուզում, բայց երբ թշնամիդ քո երկրի մայրաքաղաքն է համարում իրենը, եւ քո իշխանութիւնները ծպտուն չեն հանում, ապա յոյժ կարեւորութեամբ յիշելի է Դանիէլ Վարուժանի խօսքը հայ տղաներին։

Կարդանք այս կարճ բանաստեղծութիւնները, քանի որ խիստ այժմէական են ու ուղի նշող։

*     *     *

Դանիէլ Վարուժան

ԱՌԿԱՅԾ  ՃՐԱԳ

Յաղթանակի գիշերն է այս տօնական․-

Հա՛րս, եղ լեցուր ճրագին։

Պիտի դառնայ կռիւէն տըղաս յաղթական․-

Հա՛րս, քիթը առ պատրոյկին։

Սայլ մը կեցաւ դըռան առջեւ, հորին քով․-

Հա՛րս, վառէ լոյսը ճրագին։

Տղաս կու գայ ճակատն հպարտ դափնիով․-

Հա՛րս, բեր ճրագը շեմին։

Բայց․․․ սայլին վրայ արի՞ւն եւ սո՞ւգ բեռցել են․․․

Հա՛րս, ճրագդ ասդի՛ն երկարէ։

Հերոս տըղաս հոն զարնուա՞ծ է սրտէն․-

Ա՜խ, հարս, ճրագըդ մարէ՜․․․

ԴԵՐԵՆԻԿԸ

Դուռը կը բացուի, – Դերենիկն, ահով,

Իբր թէ այծեամբ մ՛ըլլար նետահար,

Մօրը թեւերուն մէջ կ՛իյնայ լալով։

-«Ի՞նչ ունիս, տղաս․․․ ըսէ՛ շուտ․․․ մի լար․

Օ՞ձը քեզ խածաւ, թէ աքացեց ձին»։ –

-«Գըլո՜ւխս պատռեց դըրացի Ալին․․․» –

Եւ ան ցոյց կուտայ սեւ գանգուրներուն

Ներքեւ վէրք մը՝ ուրկէ բըխելով արիւնն

Հայ գըլխիկն այդ՝ թո՛ւրք ոխով կը թըրջէ։

Քաջ մօր հոգւոյն մէջ վիհեր կը բացուին

Լեցուած ամօթով, – գըգուիլ կրթի՞չ է

Սըրտի վրայ՝ յաղթուած ճակատն երկչոտին։

Պահ մը իր գութին խուլ՝ կը մղէ ի բաց

Կուրծքէն գլուխն այդ իր փոքրիկ վատին․

Եւ կը գոռայ․- «Դո՜ւրս․․․ մինչեւ որ յաղթած՝

Արիւններդ անոր արեամբ չըմաքրին՝

Այսօր տուն չես գար։ Մատնի՛չ խնամքներուս,

Միթէ վարսակի հացո՞վ սնար․․․ Դո՜ւրս»։ –

Տղան ամօթէն շիկնած՝ կառարկէ․

-«Բայց, մայրի՛կ, Ալին թուրքի զաւակ է․

Աչքին մէջ հեռ կայ եւ մէջը փայա»։ –

-«Իսկ դու ալ հայ ես, եւ մէջքըդ ըլլա՛յ

Թող իմ մկրատս, իլս, ի՛նչ որ կուզես․․․ Դո՜ւրս»։ –

Դերենիկն արդէն գետին նայելով

Կը մեկնի անձայն․․․։ Հոն ծառի մը քով

Զինքը կը տեսնեմ լոյսով լուսնակի,-

Մեծ քար մը ձեռքին, ջլաձիգ, դալկահար,

(Մինչ արիւնն այտէն վար կը կայլակի)

Թշնամւոյն շեմին կը սպասէ, երկա՜ր․․․

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին