Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Լիբանանի Հայ Համայնքում Գնալով Մեծանում Է Ծայրայեղ Աղքատութեան Մէջ Յայտնուածների Թիւը․ Վիճակը Տագնապալի Է

Հայրենի «Առաջին Լրատուական»ի Զրոյցը

Ընկեր Սեւակ Յակոբեանի Հետ

 «Առաջին լրատուական» զրուցակիցն է Լիբանանի հայկական «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը, որի հետ զրուցել ենք Լիբանանի ընկերային-տնտեսական ծանր կացութեան, երկրի օրեցօր վատթարացող վիճակի, լիբանանահայութեան տագնապների, առաջացած խնդիրների, աղքատութեան մակարդակի բարձրացման եւ հայ համայնքի առաջիկայ անելիքների մասին։

 – Պարոն Յակոբեան, շնորհակալ եմ հարցազրոյցի հրաւէրը չմերժելու համար։ Լիբանանը երկար ժամանակ է՝ յայտնուել է ընկերային-տնտեսական ծանր կացութեան մէջ, եթէ կ՛ուզէք՝ ճգնաժամի, որը ծայրայեղ վտանգաւոր է։ Կը ներկայացնէք, ինչո՞ւ եւ ինչպէ՞ս ստացուեց, որ Լիբանանը յայտնուեց այս ծանր կացութեան մէջ։

– Լիբանանի ընկերային-տնտեսական դժուար կացութիւնը բնաւ նոր երեւոյթ չէ: Այն տարիներ ի վեր կուտակուած 100 միլիար տոլարի հասնող պետական ներքին ու արտաքին պարտքերի, դրանց տոկոսների ֆինանսաւորման, քաղաքացիական պատերազմից դուրս գալուց յետոյ կատարուած վերակառուցման ընթացում մսխուած եւ անհաշուետու մեծ գումարների, մշակոյթի վերածուած փտածութեան արդիւնք է:

Այն քաղաքական շահերի վրայ հիմնուած պետական հաստատութիւնները քաղաքական կողմերի ու դրանց ղեկավարներին համախոհ եւ անձնական ու ընտրական շահերին ծառայող անպէտք պաշտօնեաներով լցնելու, շրջանային խնդիրների ներքին ճակատում արտացոլման, աւելի քան 2 միլիոն սիրիացի գաղթականների գոյութեան, Իրան-Սաուտեան Արաբիա լուռ հակամարտութեան, «Հըզպոլլահ»-ի զէնքի շուրջ անհամաձայնութեան եւ վերջին երկու պատճառների հետ կապակցուած արաբական երկիրներից զբօսաշրջիկների թուի անհամեմատ անկումի, ինչպէս նաեւ չհաւասարակշռուած տնտեսական ոլորտներում ունեցած բացի արդիւնքն է:

Ինչ վերաբերում է վերոյիշեալ պայմաններում առաջ եկած ճգնաժամին, այն ուղղակիօրէն առնչւում է տարածաշրջանային երկիրների վրայ Ամերիկայի պարտադրած պատժամիջոցների հետ, ինչպէս նաեւ «Հըզպոլլահ»-ի, որին զինաթափելու ամեն փորձ ձախողուեց: Այժմ փորձարկւում են «Հըզպոլլահ»-ին տնտեսապէս ծնկի բերելու միջոցները: Իր իսկ համակիրներին, որոնք մեծ համայնք են ներկայացնում եւ թուային կարեւոր բաղկացուցիչն են Լիբանանի բնակչութեան մէջ, իր դէմ հանելու, տնտեսական եւ ֆինանսական ահաւոր դժուարութեան առջեւ դնելու փորձերը ընթացքի մէջ են։ Դա, ըստ երեւոյթին, արդէն Ամերիկայի գլխաւորած արեւմտեան պետութիւնների որոշումն է՝ 2020-ական տարիների շրջանը տարածաշրջանը առանց «Հըզպոլլահ»-ի տեսնել: Դա մի կողմից ձեռնտու է Սաուտեան Արաբիային, միւս կողմից, անշուշտ, Իսրայէլին:

Այս ամենով պայմանաւորուած՝ ժողովրդի համբերութեան բաժակը լցուեց եւ անցեալ տարուայ հոկտեմբերի 17-ից ընթացք առաւ ժողովրդային յեղափոխութիւնը, որը մերժում է իշխանութեան բոլոր ներկայացուցիչներին ու պահանջում արտակարգ ընտրութիւններով ընդհանրապէս ձերբազատուել փտած համակարգից:

«Հըզպոլլահը», անշուշտ, անդրադարձաւ, որ, ի վերջոյ, այս բոլորը կը ծառայեն իր անկումին, որի պատճառով աւելի ամրապնդեց իր դիրքերը Լիբանանի կառավարութեան մէջ, որին, որպէս հակազդեցութիւն, Ամերիկան տնտեսական եւ ֆինանսական ճնշումները աւելի սաստկացրեց: Տոլարը յանկարծ չքացաւ շուկայից, Լիբանանի դրամանիշը աննախընթաց անկում արձանագրեց, պանքերի կանխիկ գումարները նուազեցին եւ յայտնուեցինք այնտեղ, ուր որ ենք հիմա: Այսինքն՝ մութ ապագայով հորիզոնի առաջ, որի վերաբերեալ լաւատեսութիւնը ցնորամտութիւն է, եթէ, իհարկէ, քաղաքական իրավիճակը չփոխուի: Օրինակ՝ Ամերիկա-Իրան մերձեցում կամ նուազագոյն համաձայնութիւն:

– Լիբանանի ձախողումը, որպէս պետութիւն, ծանր հետեւանքներ է ունենալու լիբանանահայութեան կեանքում եւ առհասարակ Լիբանանում հայկական ներկայութեան վրայ։ Որո՞նք են այս պահին լիբանանահայութեան առջեւ ծառացած հիմնական խնդիրները։

– Բնականաբար, լիբանանահայ համայնքն անմասն չէր կարող մնալ ընդհանուր իրավիճակից: Պէտք է նշել, որ քաղաքացիական պատերազմից յետոյ մնացած լիբանանահայ համայնքը երկրում նախկին որակն ու տնտեսական հիմքը չունեն: Հետեւաբար, բնական է, որ լիբանանահայութիւնը յանկարծ յայտնուեց անկանխատեսելիօրէն ծանր իրավիճակի մէջ: Հիմնական խնդիրն այսօր լիբանանեան արժոյթի արժեզրկումն է, որն էլ հանգեցրել է գնաճի: Մարդկանց եկամուտը լիբանանեան դրամանիշով ոչինչ չարժէ, այնինչ, գրեթէ ամեն սպառողական ապրանքի միջազգային շուկայից գնումը հիմնուած է տոլարի վրայ: Սա պատճառ է դարձել, որ լիբանանահայերն ու ընդհանրապէս լիբանանցիների մեծամասնութիւնն իրենց գնողական ուժը կորցրել են: Սա չի վերաբերում միայն աղքատ եւ միջին դասակարգին, որոնց ոչ միայն աշխատավարձերը այլեւս բան չարժեն, այլեւ՝ տնտեսական տագնապի պատճառով նաեւ քորոնավիրուսի հետ կապուած խնդիրներով, արդեն կէս աշխատավարձ են ստանում կամ ընդհանրապէս անգործ են: Այս դժուարութիւնը նաեւ վերաբերում է բարեկեցիկ դասակարգին, որոնց արհեստանոցներն ու պիզնեսները վտանգուած են՝ ընդհուպ մինչեւ իրենց դրամները արգելափակուած են պանքերում: Նշուածները կազմում են այսօրուայ խնդիրները: Իրավիճակը, սակայն, որքան սրուի, այնքան կացութիւնը անվերահսկելի կարող է դառնալ: Աղքատութիւնն ու ֆինանսական խնդիրները երկիրը աւելի կապակայունացնեն եւ արդէն կը ստեղծուի ազգային անվտանգութեան խնդիր, որը կարող է սպառնալ մարդկանց ֆիզիկական գոյութեանը:

– Այս ճգնաժամի ընթացքում ինչքանո՞վ է պակասել հայ համայնքի թիւը։

 Լիբանանահայ համայնքի թիւը, սկսած 1975 թուականից, գնալով նուազել է: Տարբեր պատճառներով, երբեմն մեծ կամ փոքր հոսքերով լիբանանահայը լքել է Լիբանանը՝ ուղեւորուելով արեւմտեան երկրներ: Մինչեւ 250 հազար հայ ունեցող համայնքն այսօր հազիւ կազմում է 50-60 հազար մարդ, որ գնալով՝ աւելի նուազման միտում ունի:

– Ինչպէ՞ս էք տեսնում լիբանանահայութեան ապագան երկրի այս պայմաններում։

 Երբ ուսում ունեցողը, երիտասարդն ու ֆինանսական կարողութիւն ունեցողն արդէն իսկ լքել է երկիրը, մնացածի համար Հայաստանը դարձաւ կարեւոր նպատակակէտ այնտեղ փոխադրուելու եւ սկսուեց լիբանանահայերի լուռ տեղափոխութիւնը դէպի Հայաստան: Այսօր, սակայն, նկատի ունենալով Հայաստանում տիրող իրավիճակը, լիբանանահայութեան կողմից իրենց ունեցուածքները կարգի դնելու կամ տոլար դուրս բերելու դժուարութիւնները, չեմ կարող ասել, թէ այս պարագան ինչպէս պիտի զարգանայ: Բայց կարծում եմ, որ ուսանողների հոսք կլինի դէպի Հայաստան՝ նկատի ունենալով երկու երկիրների միջեւ ուսումնառութեան ծախսերի մեծ տարբերութիւնը: Ինչ վերաբերւում է ընտանիքների հայրենադարձութեանը, դա մեծ մասամբ կախուած է նաեւ Հայաստանի իշխանութիւնների հայրենադարձութեան հետ կապուած ռազմավարութիւնից ու այս ուղղութեամբ ձեռնարկած միջոցներից: Այս բոլորն, իհարկէ, չի նշանակում, որ լիբանանահայ համայնք գոյութիւն չպիտի ունենայ: Լիբանանահայութիւնն իր ամենադժուարին օրերին էլ մի կերպ գոյատեւել է ու մնացել է ամենակազմակերպ սփիւռքահայ համայնքը՝ միշտ նոր արիւն եւ աւիւն պարգեւելով աշխարհասփիւռ միւս բոլոր հայկական համայնքներին:

– Հայ համայնքի սոցիալական վիճակն ի՞նչ փոփոխութիւն է ապրել։ Մարդիկ կարողանո՞ւմ են ապրել, գոյատեւել։

 Ներկայ իրավիճակը նոր հանգամանք ի յայտ բերեց, որ մինչ այդ տեսանելի չէր: Օրըստօրէ մեծանում է ծայրայեղ աղքատութեան մէջ յայտնուած հայորդիների թիւը, որոնք տարրական կարիքների պէտք ունեն: Նրանց գոյատեւումը ապահովելու համար տեղական, համայնքային, սփիւռքահայ հաստատութիւններն ու անհատ բարերարները ջանք, ճիգ եւ գումար չեն խնայում՝ կարողութիւնների եղածի չափ հասնելու ժողովրդին: Անհատին ու ընտանիքներին փրկելու առաջնահերթութիւնը, սակայն, ինչ-որ տեղ պէտք է կատարուի հաստատութիւնների հաշուին, որտեղ հակառակ մեծ ջանքերին, լիբանանահայ դպրոցն ու այլ հաստատութիւնները, ներառեալ լրատուական միջոցները, դժուար օրեր կը տեսնեն՝ անգամ ոմանք կարող են փակուել, ինչն այս ընթացքում անխուսափելի կը լինի:

– Ձեր գնահատմամբ՝ իրավիճակից ելքը ո՞րն է։ Ի՞նչ չեն անում Լիբանանի իշխանութիւնները երկիրն այդ վիճակից դուրս հանելու համար։ Ինչքա՞ն է, ըստ Ձեզ, տեւելու այս վիճակը։

– Ինչպէս արդէն յստակեցրի, Լիբանանի ֆինանսական տագնապը զուտ տնտեսական չէ, ինչպէս որ վերջերս Արգենտինայի կամ աւելի ուշ Յունաստանի կամ Կիպրոսի պարագայում եղաւ, որը տնտեսական որոշ տեսութիւններ որդեգրելով, կարելի է հակակշռել: Լիբանանի տնտեսական ճգնաժամը ուղղակիօրէն կապուած է քաղաքականութեան եւ տարածաշրջանային անկայունութեան գործօնների հետ: Սիրիական հարցը, Իրաքի անկայունութիւնը, Եմէնի պատերազմը, Իրանի վրայ պարտադրուած էմպարկոն եւ վերջերս սիրիական վարչակարգի դէմ գործադրուած «Կեսար»-ի օրէնքի հիման վրայ ամերիկեան պատժամիջոցները, տարածաշրջանի վրայ իրենց ազդեցութիւնը հաստատելու ռուս-ամերիկեան մրցակցութիւնը:

Ինչպէս նաեւ Իրանի՝ իրեն հաւատակից շիա համայնքին պատկանող արաբների  հովանաւորութեան եւ ուժ տալով տարածաշրջանի վրայ «պարսկական կայսրութիւն» կամ կրօնագաղափարախօսական շիա հսկայ պետութիւն հիմնելու տեսիլքը, որը սպառնում է Սաուտեան սուննի իսլամ ազդեցութեանը եւ գոյութեանը: Այս բոլորին զուգահեռ, պղտոր ջրում ձուկ որսալու թրքական մարմաջը՝ վերատիրանալու փորձ անելով Օսմանեան կայսրութեան սահմաններին՝ Սիրիայից մինչեւ Լիբիա: Այս ամենը ազդում է Լիբանանի իրավիճակի վրայ, ու հարցը գրեթէ անլուծելի է, քանի դեռ վերոյիշեալ հարցերը չեն կարգաւորուել:

Ես հասկանում եմ, որ իրավիճակը մնալու է նոյնը, եւ կողմերի մէջ պարան քաշելու խաղը պէտք է շարունակուի, մինչեւ տեղի ունենայ ամերիկաիրանական ինչ-որ համաձայնութիւն, որի արդիւնքում Իրանը կարող է զոհի իր «Հըզպոլլահ»-ի խաղաքարտը՝ փոխարէնը ստանալով ամերիկեան բարեկամութիւն՝ իր միջուկային ծրագրերի նկատմամբ եւ ոչ միայն:

Հակառակ պարագայում խնդիրը շատ կարող է երկարել, եւ «Հըզպոլլահ»-ի զէնքի ուժով կամ իր կամքով զինաթափուելու գնով կատարուի Լիբանանի Սահմանադրութեան ինչ-որ փոփոխութիւններ՝ ի շահ Լիբանանում շիա համայնքի:

Կամ եթէ խօսենք աւելի կտրուկ լուծումների մասին, ապա պէտք է նշեմ, որ Լիբանանի եւ ընդհանրապէս տարածաշրջանի համայնքային ֆետերասիոն ծրագիրը այնքան էլ անհաւանական սցենար չէ: Ժամանակաւոր լուծումներ կամ որոշ շրջանի համար հանգուցալուծում միշտ կարելի է գտնել, սակայն դա կը լինի կարկատան մինչ խնդրի հիմնական լուծումը: Եւ բնաւ պայման չէ, որ այդ լուծումը մեր օրերում կատարուի:

Աստուած օգնական լինի Լիբանանին ու լիբանանահայութեանը, որոնք ընդհանուր մեծ ծրագրի՝ «պատերազմի զոհերն են» (casualties of war): Ի վերջոյ, երբ մեծ ծրագիր կայ հսկայ հողատարածքի վրայ, որտեղ պէտք է մտնեն հսկայական սարքեր, այդ ծրագրի հիմքերը պատրաստելու համար իրենց ճանապարհին կարող են կոխկրտել կամ արմատախիլ անել մեծ թուով ծառեր կամ հին կառոյցներ, ո՞ւմ են հարցնում, կամ ո՞ւմ հոգն է, թէ քանի միջատների կամ թռչունների բներ կը քանդուեն եւ նրանց կեանքը կ՛աւարտուի ու կենսոլորտը կ՛ապականուի: Ծրագիրը այնքան մեծ կարող է լինել, որ մնացած ամբողջը մանրուք է… Ներողութիւն իրատես լինելու համար, լաւատեսութեամբ չեմ կարող աւարտել մեր զրոյցը: Մնում է յուսալ, որ Աստուած կ՛օգնի Լիբանանին եւ լիբանանահայութեանը:

– Շնորհակալ ենք զրոյցի համար:

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին