Ազատ Արցախի Համապետական Ընտրություններ – Հարցազրույց 10–
Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Որպես անկախ պետություն գոյության ընթացքում Արցախի ժողովուրդն ու պետականությունը փաստեց, որ հակառակ այն դրության, որ Արցախը որպես պետություն միջազգային ընտանիքի մաս չի կազմում , սակայն արժանի է անկախության ու այնտեղ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժեքներ են:
Մինչ իրեն կայացած պետություն համարող Ադրբեջանը ամեն առիթով փաստում է, որ դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հասնելու համար և շատ սովորելու բան Արցախից, այն հողատարածքից, որի իրավատերը հավակնում է լինել:
Այս առիթով «Զարթօնք» օրաթերթը կազմակերպել էր հարցազրույցների շարք Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուների հետ անխտիր: Սա ևս մեկ առիթ էր մեր ընթերցողներին հակիրճ կերպով ծանոթացնելու յուրաքանչյուր թեկնածուի հետ:
Նախագահի թեկնածուներից 10-ն ընդառաջեց մեր հրավերին, որոնց շնորհակալություն ենք հայտնում և հաջողություն ընտրություններում:
Մեր հարցազրույցների այս շարքի վերջին հյուրը Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն է: Ղուլյանի հետ զրուցել է Երևանի մեր աշխատակիցը: Ստորև հարցազրույցը: «Խմբ.»
Ծնվել է 1965 թվականի օգոստոսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի (նախկինում՝ ԼՂԻՄ) Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում: Սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով պատմաբանի որակավորում: 1984-1986 թթ ծառայել է խորհրդային բանակում:
1991-1992 թթ դասավանդել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցում, մասնակցելով նաև գյուղում ինքնապաշտպանության ուժերի կազմավորմանը։ 1998 թ. դեկտեմբերի 15-ին – նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2002 թ. հոկտեմբերին – նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար։ 2004 թ. դեկտեմբերին – նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար։ 2005 թ. հունվարին ընտրվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ։
2005 թ. հունիսի 19-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։
ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 2005 թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ։ 2010 թ. մայիսի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 7 ընտրատարածքից։ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010 թ. հունիսի 10-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ: Աշոտ Ղուլյանը մի քանի անգամ անընդմեջ ընտրվել է Արցախի խորհրդարանի նախագահ: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճա
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
-Պարոն Ղուլյան, շնորհակալ եմ հարցազրույցի խնդրանքը չմերժելու համար, թեկուզ քարոզարշավի վերջին օրը: Գիտեմ, որ ժամային առումով սահմանափակում ունեք և շատ հարցերի չեք կարողանա պատասխանել: Այնուամենայնիվ, Դուք, լինելով Արցախի Ազգային ժողովի նախագահ, այդ հանգամանքը որևէ կերպ անդրադարձե՞լ է ընտրապայքարում Ձեր հաղթանակի հասնելու շանսերի վրա։
-Ովքեր ինձ ճանաչում են, շատ լավ գիտեն, որ ինձ համար անընդունելի է ոչ թե այն, որ վարչական կարողությունն օգտագործում է տարբեր թեկնածուների օգտին, այլ այն, որ այդ կարողությունն ընդհանրապես օգտագործվում է: Ես խիստ կասկածում եմ, որ այսօր հնարավոր է վարչական կարողությունը կենտրոնացված ձեւով օգտագործել որեւէ մեկ կամ երկու թեկնածուի օգտին, որովհետեւ այսօրվա մեր պետական կառավարման համակարգում մարդիկ տարբեր կողմնորոշումներ ունեն: Ես նաև խիստ կասկածում եմ, որ պետական ամենաբարձր մակարդակով այդպիսի ուղղորդումներ են արվում: Վարչական ռեսուրսի կիրառումը պետք է բացառել բոլոր պարագանեում: Կարծում եմ, շատ ավելի հավանական է, որ միջին մակարդակի ոչ կուսակցական գործիչները ջանքեր գործադրեն աչքի ընկնելու համար` իրենց ենթականերին ուղղորդելով այս կամ այն թեկնածուի օգտին: Ամեն դեպքում, մեր քաղաքական մշակույթը դեռ ձևավորման փուլում է եւ այս ընտրությունները հերթական փորձառությունը կլինի` հաջորդ տարիների մեր քաղաքական կյանքը ճիշտ կազմակերպելու համար: Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքական կուսակցությունները չեն դիմանում ժամանակի փորձությանը, մարդիկ ձեւականորեն են անդամակցում կուսակցություններին. այս հանգամանքն էլ նոր ժամանակների մարտահրավերներից է եւ ընտրություններից հետո, վստահ եմ, քաղաքական դաշտում կլինեն նոր վերադասավորումներ:
–Ի՞նչ ծրագիր ունեք Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերաբնակեցման հետ կապված: Դա բազմիցս քննարկվել է, գրեթե բոլոր թեկնածուներն իրենց ծրագրերն ունեն վերաբնակեցման հետ կապավ։ Ո՞րն է ձեր ծրագիրը։
– Վերաբնակեցման ծրագրերը կարիք կա վերանայելու, մենք առաջարկում ենք դրանք փոխարինել հայրենադարձության ծրագրերով: Իհարկե, երբ Արցախի շրջաններից կամ ՀՀ -ից մարդիկ ցանկություն են հայտնում բնակություն հաստատել Արցախի ազատագրված տարածքներում՝ միայն ողջունելի է, սակայն դրանից մեր միասնական բնակֆոնդը և ժողովրդագրությունը մեծապես չի փոխվում։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ կամ երաշխավորել այնպիսի զբաղվածություն, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները, սփյուռքը ցանկություն ունենան հաստատվել Արցախում և իրենց ապագան կապեն պատմական հայրենիքի այս հատվածի հետ։
-Ընտրվելու պարագայում, ՀՀ իշխանությունների հետ ինչպե՞ս եք աշխատելու, ինչպե՞ս եք համագործակցելու։ Քաղաքական առումով ներդաշնակություն լինելու՞ է, թե՞ ոչ։
-Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում Արցախում ինչպիսի իշխանություն էլ ընտրվի, պարտավոր է շատ սերտ համագործակցել և նորմալ աշխատանքային հարաբերություններ ունենալ ՀՀ իշխանությունների հետ։ Այդ պատկերացումը ես կարծում եմ, որ փոխադարձ է։ Նույն կերպ, ՀՀ իշխանությունները պետք է շատ սերտ համագործակցություն և հարաբերություններ ունենան Արցախի նոր իշխանության հետ։ Պետք է փորձենք ոչ միայն պահել ինտեգրման այն աստիճանը, որ ունեցել ենք նախորդ տարիներին, այլ այդ գործն առաջ տանել, որպեսզի մենք քայլ առ քայլ մոտենանք մեր նպատակին՝ միասնական մեկ հայկական պետություն ձևավորելուն։
-Եվ վերջում, պարոն Ղուլյան, կցանկանայի Ձեր ակնկալիքներն իմանալ Սփյուռքից։ Ի՞նչ դեր ունի կամ պետք է ունենա Սփյուռքը Արցախի ու արցախցիների կյանքում։ Ինչպե՞ս եք համագործակցելու Սփյուռքի ներկայացուցիչների հետ, ինչպե՞ս եք նրանց ներգրավելու Արցախի տնտեսական կյանքում։
-Սփյուռքի դերակատարությունը Արցախի քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական հարցերի գործում միշտ էլ ակնհայտ է եղել ու շատ ընդգծված: Այն, ինչ մեզ հաջողվել է անել նախորդ տարիներին, սկսած Արցախի անկախության հռչակումից, արցախյան ազատամարտի տարիներին և դրանից հետո, լավագույն հիմքն է հաջորդ տարիների հարաբերությունների զարգացման համար: Նախորդ տարիներին ձևավորված ավանդույթների հիմքով, կարելի է ասել, որ Արցախում միշտ էլ Սփյուռքի մասնակցությունը դիտարկվել է տնտեսական ու հումանիտար օգնության տեսանկյունից: Վստահ եմ, որ շատ պահանջված է Սփյուռքի մասնակցությունը Արցախի ապագա ծրագրերի զարգացման գործում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է կրթական ծրագրերին, Սփյուռքի մեր հայտնի հայրենակիցների կողմից Արցախի շահերը առաջ տանելուն: Մենք ունենք հաջողված օրինակներ Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից Արցախի միջազգային ճանաչման, Արցախի տնտեսական ծրագրերի օժանդակության համատեքստում: Անպայման պետք է այնպես անել, որ կարողանանք դրական իրադարձություններն ավելի շատացվել ու ժամանակի ընթացքում առաջ գնալ՝ ավելացնելով Սփյուռքի հանդեպ Արցախում ձևավորված դրական տրամադրությունները: Արցախում ապրող յուրաքանչյուր հայ խորին երախտագիտության զգացում ունի Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, մեր քույրերի ու եղբայրների հանդեպ: Ամեն տարի Սփյուռքի օժանդակությամբ Արցախում իրականացվող ծրագրերը դրա ամենալավ արտահայտությունն են: Քանի որ ժամանակները փոխվում են և մենք էլ Սփյուռքում ունենք ձևավորված նոր սերունդ, պետք է փորձենք այնպես անել, որ նոր սերունդը ևս շարունակի հոգատար ու ուշադիր լինել Արցախում ապրող իրենց հայրենակիցների շահերի և իրավունքների պաշտպանության հարցերում:
-Շնորհակալ եմ հարցազրույցի համար և հաջողություն Ձեզ։