Հինգշաբթի, 12. 12. 2024

spot_img

Արցախում Ապրող Իւրաքանչիւր Հայ Խորին Երախտագիտութեան Զգացում Ունի Սփիւռքի Մեր Հայրենակիցների Նկատմամբ. Աշոտ Ղուլեան

Ազատ Արցախի Համապետական Ընտրութիւններ  Հարցազրույց 10 –

 

Այսօր համապետական ընտրութիւններն են Արցախի մէջ: Իր, որպէս անկախ պետութիւն գոյերթին ընթացքին Արցախի ժողովուրդն ու անոր պետականութիւնը փաստեց, որ հակառակ այն դրութեան, որ ան որպէս պետութիւն տակաւին մաս չի կազմէր միջազգային ընտանիքին, սակայն արժանի է իր անկախութեան եւ իր մօտ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժէքներ են: Մինչ ինքզինք այսպէս կոչուած կայացած պետութիւն յորջորջող Ազրպէյճանը ամէն առիթով կը փաստէ, որ ինք տակաւին երկա՜ր ճանապարհ ունի կտրելիք ժողովրդավարութեան ճամբուն վրայ եւ շա՜տ սորվելիք ունի Արցախէն՝ այն հողատարածքէն որուն իրաւատէրը կը յաւակնի ըլլալ:

Այս առիթով «Զարթօնք» կազմակերպած էր հարցազրոյցներու շարք մը Արցախի Հանրապետութեան նախագահութեան բոլոր թեկնածուներուն հետ անխտիր: Այս մէկը առիթ մըն է մեր ընթերցողներուն՝ հակիրճ կերպով սակայն մօտէն ծանօթանալու իւրաքանչիւր թեկնածուին:

Նախագահութեան թեկնածու 10 թեկնածուներ ընդառաջեցին մեր հրաւէրին, որոնց շնորհակալութիւն կը յայտնենք ինչպէս նաեւ յաջողութիւն այսօրուայ ընտրութիւններուն:

Մեր հարցազրոյցներու այս շարքին վերջին հիւրն է Արցախի ժողովրդավարական կուսակցութեան առաջնորդ, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան է: Պրն. Ղուլեանի հետ զրուցած է Երեւանի մեր աշխատակիցը: Ստորեւ հարցազրոյցը:

 «Խմբ.»

 

Ծնուել է 1965 թուականի օգոստոսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի (նախկինում՝ ԼՂԻՄ) Ասկերանի շրջանի Խնձրիստան գիւղում: Սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով պատմաբանի որակաւորում: 1984-1986 թթ ծառայել է խորհրդային բանակում:

1991-1992 թթ դասաւանդել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցում, մասնակցելով նաեւ գիւղում ինքնապաշտպանութեան ուժերի կազմաւորմանը։ 1998 թ. դեկտեմբերի 15-իննշանակուել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2002 թ. հոկտեմբերիննշանակուել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար։ 2004 թ. դեկտեմբերիննշանակուել է ԼՂՀ կրթութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար։ 2005 թ. յունուարին ընտրուել է Արցախի ժողովրդավարական կուսակցութեան Կենտրոնական խորհրդի նախագահ։ 

2005 թ. յունիսի 19-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւններում ընտրուել է Արցախի 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամաւոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցութեան ընտրացուցակով։

ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 2005 թ. յունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրուել է Արցախի Ազգային ժողովի նախագահ։ 2010 թ. մայիսի 23-ին կայացած խորհրդարանական ընտրութիւններում ընտրուել է Արցախի հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամաւոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիւ 7 ընտրատարածքից։ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010 թ. յունիսի 10-ի նիստում վերընտրուել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ: Աշոտ Ղուլեանը մի քանի անգամ անընդմէջ ընտրուել է Արցախի խորհրդարանի նախագահ: Ունի արտակարգ եւ լիազօր դեսպանի դիւանագիտական աստիճան:

Ամուսնացած է, ունի երեք զաւակ։ 

– Պարոն Ղուլեան, շնորհակալ եմ հարցազրոյցի խնդրանքը չմերժելու համար, թէկուզ քարոզարշաւի վերջին օրը: Գիտեմ, որ ժամային առումով սահմանափակում ունէք եւ շատ հարցերի չէք կարողանայ պատասխանել: Այնուամենայնիւ, Դուք, լինելով Արցախի Ազգային ժողովի նախագահ, այդ հանգամանքը որեւէ կերպ անդրադարձե՞լ է ընտրապայքարում Ձեր յաղթանակի հասնելու հաւանականութեան վրայ։

– Ովքեր ինձ ճանաչում են, շատ լաւ գիտեն, որ ինձ համար անընդունելի է ոչ թէ այն, որ վարչական կարողութիւնները օգտագործւում է տարբեր թեկնածուների օգտին, այլ այն, որ այդ կարողութիւնները ընդհանրապէս օգտագործւում է: Ես խիստ կասկածում եմ, որ այսօր հնարաւոր է վարչական կարողութիւնները կենտրոնացուած ձեւով օգտագործել որեւէ մէկ կամ երկու թեկնածուի օգտին, որովհետեւ այսօրուայ մեր պետական կառավարման համակարգում մարդիկ տարբեր կողմնորոշումներ ունեն: Ես նաեւ խիստ կասկածում եմ, որ պետական ամենաբարձր մակարդակով այդպիսի ուղղորդումներ են արւում: Վարչական միջոցներու կիրառումը պէտք է բացառել բոլոր պարագաներում: Կարծում եմ, շատ աւելի հաւանական է, որ միջին մակարդակի ոչ կուսակցական գործիչները ջանքեր գործադրեն աչքի ընկնելու համար` իրենց ենթականերին ուղղորդելով այս կամ այն թեկնածուի օգտին: Ամեն դէպքում, մեր քաղաքական մշակոյթը դեռ ձեւաւորման փուլում է եւ այս ընտրութիւնները հերթական փորձառութիւն կը լինեն` յաջորդ տարիների մեր քաղաքական կեանքը ճիշդ կազմակերպելու համար: Քիչ չեն դէպքերը, երբ քաղաքական կուսակցութիւնները չեն դիմանում ժամանակի փորձութեանը, մարդիկ ձեւականօրէն են անդամակցում կուսակցութիւններին. այս հանգամանքն էլ նոր ժամանակների մարտահրաւէրներից է եւ ընտրութիւններից յետոյ, վստահ եմ, քաղաքական դաշտում կը լինեն նոր վերադասաւորումներ: 

Ի՞նչ ծրագիր ունէք Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերաբնակեցման հետ կապուած: Դա բազմիցս քննարկուել է, գրեթէ բոլոր թեկնածուներն իրենց ծրագրերն ունեն վերաբնակեցման հետ կապուած։ Ո՞րն է ձեր ծրագիրը։

– Վերաբնակեցման ծրագրերը կարիք կա վերանայելու, մենք առաջարկում ենք դրանք փոխարինել հայրենադարձութեան ծրագրերով: Իհարկէ, երբ Արցախի շրջաններից կամ ՀՀ -ից մարդիկ ցանկութիւն են յայտնում բնակութիւն հաստատել Արցախի ազատագրուած տարածքներում՝ միայն ողջունելի է, սակայն դրանից մեր միասնական ժողովրդագրութիւնը մեծապէս չի փոխւում։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ կամ երաշխաւորել այնպիսի զբաղուածութիւն, որ արտասահմանում բնակուող մեր հայրենակիցները՝ սփիւռքը ցանկութիւն ունենան հաստատուել Արցախում եւ իրենց ապագան կապեն պատմական հայրենիքի այս հատուածի հետ։

– Ընտրուելու պարագայում, ՀՀ իշխանութիւնների հետ ինչպէ՞ս էք աշխատելու, ինչպէ՞ս էք համագործակցելու։ Քաղաքական առումով ներդաշնակութիւն լինելո՞ւ է, թէ ոչ։

– Ես համոզուած եմ, որ ընտրութիւնների  արդիւնքում Արցախում ինչպիսի իշխանութիւն էլ ընտրուի, պարտաւոր է շատ սերտ համագործակցել եւ նորմալ աշխատանքային յարաբերութիւններ ունենալ ՀՀ իշխանութիւնների հետ։ Այդ պատկերացումը ես կարծում եմ, որ փոխադարձ է։ Նոյն կերպ,  ՀՀ իշխանութիւնները պէտք է շատ սերտ համագործակցութիւն եւ յարաբերութիւններ ունենան Արցախի  նոր իշխանութեան հետ։ Պէտք է  փորձենք ոչ միայն պահել համարկման այն աստիճանը, որ ունեցել ենք նախորդ տարիներին, այլ այդ գործն  առաջ տանել, որպէսզի մենք քայլ առ քայլ մօտենանք մեր նպատակին՝ միասնական մէկ հայկական պետութիւն ձեւաւորելուն։ 

– Եւ վերջում, պարոն Ղուլեան, կը ցանկանայի Ձեր ակնկալիքներն իմանալ Սփիւռքից։ Ի՞նչ դեր ունի կամ պէտք է ունենայ Սփիւռքը Արցախի ու արցախցիների կեանքում։ Ինչպէ՞ս էք համագործակցելու Սփիւռքի ներկայացուցիչների հետ, ինչպէ՞ս էք նրանց ներգրաւելու Արցախի տնտեսական կեանքում։

– Սփիւռքի դերակատարութիւնը Արցախի քաղաքական, անվտանգ ային, տնտեսական ու սոցիալական հարցերի գործում միշտ էլ ակնյայտ է եղել ու շատ ընդգծուած: Այն, ինչ մեզ յաջողուել է անել նախորդ տարիներին, սկսած Արցախի անկախութեան հռչակումից, արցախեան ազատամարտի տարիներին եւ դրանից յետոյ, լաւագոյն հիմքն է յաջորդ տարիների յարաբերութիւնների զարգացման համար: Նախորդ տարիներին ձեւաւորուած աւանդոյթների հիմքով, կարելի է ասել, որ Արցախում միշտ էլ Սփիւռքի մասնակցութիւնը դիտարկուել է տնտեսական ու մարդկային օգնութեան տեսանկիւնից: Վստահ եմ, որ շատ պահանջուած է Սփիւռքի մասնակցութիւնը Արցախի ապագայ ծրագրերի զարգացման գործում: Մասնաւորապէս, խօսքը վերաբերում է կրթական ծրագրերին, Սփիւռքի մեր յայտնի հայրենակիցների կողմից Արցախի շահերը առաջ տանելուն: Մենք ունենք յաջողուած օրինակներ Սփիւռքի մեր հայրենակիցների կողմից Արցախի միջազգային ճանաչման, Արցախի տնտեսական ծրագրերի օժանդակութեան համաթեքստում: Անպայման պէտք է այնպէս անել, որ կարողանանք դրական իրադարձութիւններն աւելի շատացուել ու ժամանակի ընթացքում առաջ գնալ՝ աւելացնելով Սփիւռքի հանդէպ Արցախում ձեւաւորուած դրական տրամադրութիւնները: Արցախում ապրող իւրաքանչիւր հայ խորին երախտագիտութեան զգացում ունի Սփիւռքում ապրող մեր հայրենակիցների, մեր քոյրերի ու եղբայրների հանդէպ: Ամեն տարի Սփիւռքի օժանդակութեամբ Արցախում իրականացուող ծրագրերը դրա ամենալաւ արտայայտութիւնն են: Քանի որ ժամանակները փոխւում են եւ մենք էլ Սփիւռքում ունենք ձեւաւորուած նոր սերունդ, պէտք է փորձենք այնպէս անել, որ նոր սերունդը եւս շարունակի հոգատար ու ուշադիր լինել Արցախում ապրող իրենց հայրենակիցների շահերի եւ իրաւունքների պաշտպանութեան հարցերում: 

– Շնորհակալ եմ հարցազրոյցի համար եւ յաջողութիւն ձեզի:

 

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին