Ազատ Արցախի Համապետական Ընտրութիւններ – Հարցազրոյց 5 –
Շուտով համապետական ընտրութիւններ են Արցախի մէջ: Իր, որպէս անկախ պետութիւն գոյերթին ընթացքին Արցախի ժողովուրդն ու անոր պետականութիւնը փաստեց, որ հակառակ այն դրութեան, որ ան որպէս պետութիւն տակաւին մաս չի կազմէր միջազգային ընտանիքին, սակայն արժանի է իր անկախութեան եւ իր մօտ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժէքներ են: Մինչ ինքզինք այսպէս կոչուած կայացած պետութիւն յորջորջող Ազրպէյճանը ամէն առիթով կը փաստէ, որ ինք տակաւին երկա՜ր ճանապարհ ունի կտրելիք ժողովրդավարութեան ճամբուն վրայ եւ շա՜տ սորվելիք ունի Արցախէն՝ այն հողատարածքէն որուն իրաւատէրը կը յաւակնի ըլլալ:
Այս առիթով «Զարթօնք» կազմակերպած է հարցազրոյցներու շարք մը Արցախի Հանրապետութեան նախագահութեան բոլոր թեկնածուներուն հետ անխտիր: Այս մէկը առիթ մըն է մեր ընթերցողներուն՝ հակիրճ կերպով սակայն մօտէն ծանօթանալու իւրաքանչիւր թեկնածուին:
Մեր հարցազրոյցներու այս շարքին յաջորդ հիւրն է Արցախի հանրապետութեան նախագահի թեկնածու Մելսիկ Պօղոսեանը: Պրն. Պօղոսեանի հետ զրուցած է Երեւանի մեր աշխատակիցը: Ստորեւ հարցազրոյցը:
«Խմբ.»
Մելսիկ Ռաֆայէլի Պօղոսեանը ծնուել է 1981 թուականի ապրիլի 22-ին Ստեփանակերտում շինարարի ընտանիքում: Հայրը՝ Ռաֆայէլ Պօղոսեանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: Զոհուել է 1994 թուականի ապրիլի 18-ին Ակնայի շրջանի գիւղ Կիւլուճայում ընթացած մարտերի ժամանակ: Մելսիկ Պօղոսեանը ծառայել է բանակում, ստացել հրետանու հետախոյզի մասնագիտացում եւ զօրացրուել: 2001 թուականին ընդունուել է Ստեփանակերտի գիւղատնտեսական քոլէճի տնտեսութեան հաշուառման եւ հսկման բաժինը: 2008-2014 թուականներին սովորել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անուան համալսարանում ստանալով իրաւագիտութեան պսակաւորի աստիճան: 2001 թուականից մինչ այսօր զբաղւում է անհատ ձեռնարկատիրութեամբ: Ունի իրեն պատկանող գեղեցկութեան սրահ: 2016 թուականին մասնակցել է ապրիլեան քառօրեայ պատերազմին: 2017 թուականից աշխոյժ կերպով ընդգրկուած է Արցախի եւ Հայաստանի քաղաքական ու մշակութային կեանքում: Ամուսնացած է:
– Պարոն Պօղոսեան, շնորհակալ եմ հարցազրոյցի հրաւէրը չմերժելու համար: Ինչպէ՞ս է ընթանում քարոզարշաւը: Որեւէ խախտում այս ընթացքում արձանագրե՞լ էք:
– Ճիշդն ասած, ես քարոզարշաւը սկսել եմ մարտի 15-իցՙ Մարտունիի շրջանից: Այս ընթացքում ես չեմ զգացել որեւէ լարուածութիւն թեկնածուների միջեւ: Ճիշդն ասած դրա ժամանակն էլ չկայ: Իմ քարոզարշաւի ընթացքում որեւէ կուսակցութեան կամ թեկնածուի կողմից խոչընդոտ չեմ նկատել: Յոյս ունենք, որ նման բան չի լինի: Մեր ծրագրերը շատ ժողովրդավարական են:
– Պարոն Պօղոսեան, Դուք ինքնաառաջադրուել էք: Ձեզ որեւէ կուսակցութիւն, կարծես թէ, չի սատարում: Այս առումով որեւէ դժուարութիւն չկա՞յ:
– Ես չունեմ սատարում ո՛չ իշխանութեան կողմից, ո՛չ որեւէ պաշտօնեայի կողմից: Չեմ սատարում ոչ մէկին: Իմ թիկունքը, իմ մէջքին կանգնած է արցախաբնակ ժողովուրդս, ազգս: Իմ թիկունքին կանգնած են շատ լուրջ ու հզօր մարդիկ՝ արցախցիները: Ես երբեք չեմ մտածել որեւէ թեկնածուի միանալ: Այդ հարցը ինձ շատ են տալիս, բայց ես որեւէ մեկին միանալու խնդիր չունեմ: Ես աշխոյժ ճահել գործիչ եմ: Իմ աշխուժութիւնը հանրութեան համար տեսանելի է, որովհետեւ ես ամեն անգամ ինչ-որ թեմա բարձրացրել եմ, որը յուզել է հանրութեանը: Իհարկէ, լինելու է դժուարութիւն, բայց յաղթահարելի է: Ես մենակ չեմ, իմ կողքին ժողովուրդն է:
– Եթէ ընտրութիւնների արդիւնքները տանեն դէպի երկրորդ փուլ, Դուք առաջատար որեւէ թեկնածուի պատրա՞ստ էք սատարել:
– Ճիշդն ասած, այդ մասին չեմ մտածել: Ամեն դէպքում, ընտրողը մեր հասարակ ժողովուրդն է, ընտրողներից մէկն էլ ես եմ: 2018 թուականին, երբ Հայաստանում եղաւ յեղափոխութիւնը, սկսեց օրէնքը գործել: Արցախում այդ հաւասարարութիւնը չկայ: Մենք պէտք է պայքարենք դրա ստեղծման համար: Մինչեւ վերջ գնալու ենք: Եթէ մարդիկ գտնեն, որ մեր ծրագրերն իրենց համահունչ են, դուր են գալիս, կը գնան եւ կը քուէարկեն: Երկրորդ փուլի մասով չեմ կարող ասել ոչինչ: Դժուար է ասել, թէ ո՞վ կ՛անցնի երկրորդ փուլ: Ամեն դէպքում ես մի բան կ՛ասեմ: Ով էլ ընտրուի նախագահ, ես կը շնորհաւորեմ ու կը տամ իմ ծրագիրը: Կը ներկայացնեմ իմ ծրագիրը, թող համապատասխան պաշտօնեաներն ուսումնասիրեն ու փորձեն դրանով ինչ-որ չափով առաջնորդուեն: Մեր ծրագիրը ժողովրդի կայունացման, երկրի հզօրացման համար է: Շեշտեմ, որ մենք չենք միանալու որեւէ թեկնածուի: Այլ կը փորձենք օգտակար լինել Արցախի հզօրացմանը: Մենք գրասենեակ ունենք, որը կը գործի ու ընկերային առումով անապահով ընտանիքներին օգնութիւն կը ցուցաբերի: Աշխատանքի տեղաւորման, ընկերային աջակցութեան հարցում ամեն կերպ օգնելու ենք մեր ժողովրդին: Արցախում պէտք է պակասի աղքատութիւնը:
– Ձեր ծրագրում, եթէ չեմ սխալւում, հիմնական շեշտադրումը տնտեսական ոլորտի վրա՞յ է դրուած:
– Ես, մշտապէս շփուելով մարդկանց հետ, ընկերային ներքին խաւից մինչեւ վերին խաւ, կարող եմ ասել, որ Արցախում միջին խաւը բացակայում է: Չկայ միջին խաւ: Ես հասկացել եմ մեր ընդհանուր խնդիրը: Արցախի Հանրապետութեան ժողովրդի հիմնական խնդիրը մենք գիտենք ու դա կը փորձենք լուծել: Մենք տնտեսական յեղափոխութիւն անելով, լուրջ ներդրում անելով կփորձենք լուծել այդ խնդիրը: Այդ կերպ մենք կ՛ունենանք կայուն պետութիւն, կայուն եկամուտներ: Դրա հետ մէկտեղ կը գործի օրէնքի հաւասարարութիւն: Տնտեսական ոլորտը շատ լայն ոլորտ է: Մենք նաեւ լուրջ ուշադրութիւն ենք դարձնում գիւղատնտեսական ոլորտի վրայ: Կառուցելու ենք գործարան, գիւղմթերքը ներմուծեն, մշակեն ու զարգացնենք գիւղատնտեսութիւնը եւ արտահանենք:
– Արցախի անվտանգութեան հարցում ի՞նչ ծրագրեր ունէք:
– Մեր բանակը պէտք է հզօրացնել, նոր սպառազինութիւն ձեռք բերել: Մենք հիմա էլ ենք հզօր, բայց ժամանակակից արհեստագիտութեան լուրջ խնդիր ունենք այս պահին: Արցախի հանրապետութեան քաղաքականութիւնը կառուցուելու է համահունչ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականութեան հիման վրայ: Արցախում չեն լինելու արտօնեալներ եւ կ՛ապահովուի բոլորի հաւասարարութիւնն օրէնքի առաջ: Մենք անզիջում պայքար ենք մղելու փտածութեան դէմ:
– Պարոն Պօղոսեան, Դուք նշեցիք, որ Արցախի քաղաքականութիւնը կառուցուելու է համահունչ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականութեանը: Սա նշանակում է, որ Դուք սատարում էք ՀՀ իշխանութիւններին: Հնարաւոր է միանաք թեկնածուներից Արայիկ Յարութիւնեանին, ով եւս սատարում է ՀՀ իշխանութիւններին:
– Իմ ընտրուելու դէպքում Հայաստանի հանրապետութեան հետ շարունակելու եւ աւելի եմ ամրապնդելու կապը։ Երբեք պատճառ չեմ փնտռել աջակցելու, կամ միանալու Արայիկ Յարութիւնեանի հետ։ Ես կուսակցութեան կամ որեւէ դաշինքի հետ կապ չունեմ։
– Եւ վերջում, ի՞նչ ակնկալիքներ ունէք Սփիւռքից։
– Մենք մեր Սփիւռքից սպասում ենք աշխոյժ մասնակցութիւն առեւտրական ծրագրերում։ Դա կ՛օգնի ե՛ւ նրանց ստանալ եկամուտ, ե՛ւ մեր արցախցիները աշխատանքով կ՛ապահովուեն ու կը ստանան արժանապատիւ աշխատավարձ։
– Շնորհակալութիւն զրոյցի համար:
Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից