Ազատ Արցախի Համապետական Ընտրություններ – Հարցազրույց 5–
Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Որպես անկախ պետություն գոյության ընթացքում Արցախի ժողովուրդն ու պետականությունը փաստեց, որ հակառակ այն դրության, որ Արցախը որպես պետություն միջազգային ընտանիքի մաս չի կազմում , սակայն արժանի է անկախության ու այնտեղ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժեքներ են:
Մինչ իրեն կայացած պետություն համարող Ադրբեջանը ամեն առիթով փաստում է, որ դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հասնելու համար և շատ սովորելու բան Արցախից, այն հողատարածքից, որի իրավատերը հավակնում է լինել:
Այս առիթով ներկայացնում ենք հարցազրոցների շարք Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուների հետ: Սա առիթ է մեր ընթերցողներին՝ հակիրճ կերպով սակայն մոտիկից ծանոթանալու յուրաքանչյուր թեկնածուի հետ:
Մեր հարցազրոյցների այս շարքի հաջորդ հյուրը Արցախի հանրապետության նախագահի թեկնածու Մելսիկ Պողոսյանը: Պողոսյանի հետ զրուցել է Երևանի մեր աշխատակիցը: Ստորև հարցազրոյցը:
«Խմբ.»
Մելսիկ Ռաֆայելի Պողոսյանը ծնվել է 1981 թվականի ապրիլի 22-ին Ստեփանակերտումՙ շինարարի ընտանիքում: Հայրըՙ Ռաֆայել Պողոսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: Զոհվել է 1994 թվականի ապրիլի 18-ին Ակնայի շրջանի գյուղ Գյուլուջայում ընթացած մարտերի ժամանակ: Մելսիկ Պողոսյանը ծառայել է բանակում, ստացել հրետանու հետախույզի մասնագիտացում և զորացրվել: 2001 թվականին ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջի տնտեսության հաշվառման և հսկման ֆակուլտետը: 2008-2014 թվականներին սովորել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանումՙ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2001 թվականից մինչ այսօր զբաղվում է անհատ ձեռնարկատիրությամբ: Ունի սեփական գեղեցկության սրահը: 2016 թվականին մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: 2017 թվականից ակտիվորեն ընդգրկված է Արցախի և Հայաստանի քաղաքական ու մշակութային կյանքում: Ամուսնացած է:
–Պարոն Պողոսյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը չմերժելու համար: Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը: Որևէ խախտում այս ընթացքում արձանագրե՞լ եք:
-Ճիշտն ասած, ես քարոզարշավը սկսել եմ մարտի 15-իցՙ Մարտունիի շրջանից: Այս ընթացքում ես չեմ զգացել որևէ լարվածություն թեկնածուների միջև: Ճիշտն ասած դրա ժամանակն էլ չկա: Իմ քարոզարշավի ընթացքում որևէ կուսակցության կամ թեկնածուի կողմից խոչընդոտ չեմ նկատել: Հույս ունենք, որ նման բան չի լինի: Մեր ծրագրերը շատ ժողովրդավարական են:
–Պարոն Պողոսյան, Դուք ինքնաառաջադրվել եք: Ձեզ որևէ կուսակցություն, կարծես թե, չի սատարում: Այս առումով որևէ դժվարություն չկա՞:
-Ես չունեմ սատարում ո՛չ իշխանության կողմից, ո՛չ որևէ պաշտոնյայի կողմից: Չեմ սատարում ոչ մեկին: Իմ թիկունքը, իմ մեջքին կանգնած է արցախաբնակ ժողովուրդս, ազգս: Իմ թիկունքին կանգնած են շատ լուրջ ու հզոր մարդիկՙ արցախցիները: Ես երբեք չեմ մտածել որևէ թեկնածուի միանալ: Այդ հարցը իձ շատ են տալիս, բայց ես որևէ մեկին միանալու խնդիր չունեմ: Ես ակտիվ, ջահել գործիչ եմ: Իմ ակտիվությունը հանրության համար տեսանելի է, որովհետև ես ամեն անգամ ինչ-որ թեմա բարձրացրել եմ, որը հուզել է հանրությանը: Իհարկե, լինելու է դժվարություն, բայց հաղթահարելի է: Ես մենակ չեմ, իմ կողքին ժողովուրդն է:
–Եթե ընտրությունների արդյունքները տանեն դեպի երկրորդ փուլ, Դուք առաջատար որևէ թեկնածուի պատրա՞ստ եք սատարել:
-Ճիշտն ասած, այդ մասին չեմ մտածել: Ամեն դեպքում, ընտրողը մեր հասարակ ժողովուրդն է, ընտրողներից մեկն էլ ես եմ: 2018 թվականին, երբ Հայաստանում եղավ հեղափոխությունը, սկսեց օրենքը գործել: Արցախում այդ հավասարությունը չկա: Մենք պետք է պայքարենք դրա ստեղծման համար: Մինչև վերջ գնալու ենք: Եթե մարդիկ գտնեն, որ մեր ծրագրերն իրենց համահունչ են, դուր են գալիս, կգնան և կքվերակեն: Երկրորդ փուլի մասով չեմ կարող ասել ոչինչ: Դժվար է ասել, թե ով կանցնի երկրորդ փուլ: Ամեն դեպքում ես մի բան կասեմ: Ով էլ ընտրվի նախագահ, ես կշնորհավորեմ ու կտամ իմ ծրագիրը: Կներկայացնեմ իմ ծրագիրը, թող համապատասխան պաշտոնյաներն ուսումնասիրեն ու փորձեն դրանով ինչ-որ չափով առաջնորդվեն: Մեր ծրագիրը ժողովրդի կայունացման, երկրի հզորացման համար է: Շեշտեմ, որ մենք չենք միանալու որևէ թեկնածուի: Այլ կփորձենք օգտակար լինել Արցախի հզորացմանը: Մենք գրասենյակ ունենք, որը կգործի ու սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն կցուցաբերի: Աշխատանքի տեղավորման, սոցիալական աջակցության հարցում ամեն կերպ օգնելու ենք մեր ժողովրդին: Արցախում պետք է պակասի աղքատությունը:
–Ձեր ծրագրում, եթե չեմ սխալվում, հիմնական շեշտադրումը տնտեսական ոլորտի վրա՞ է դրված:
-Ես, մշտապես շփվելով մարդկանց հետ, սոցիալական ներքին խավից մինչև վերին խավ, կարող եմ ասել, որ Արցախում միջին խավը բացակայում է: Չկա միջին խավ: Ես հասկացել եմ մեր ընդհանուր խնդիրը: Արցախի Հանրապետության ժողովրդի հիմնական խնդիրը մենք գիտենք ու դա կփորձենք լուծել: Մենք տնտեսական հեղափոխություն անելով, լուրջ ներդրում անելով կփորձենք լուծել այդ խնդիրը: Այդկերպ մենք կունենանք կայուն պետություն, կայուն եկամուտներ: Դրա հետ մեկտեղ կգործի օրենքի հավասարություն: Տնտեսական ոլորտը շատ լայն ոլորտ է: Մենք նաև լուրջ ուշադրություն ենք դարձնում գյուղատնտեսական ոլորտի վրա: Կառուցելու ենք գործարան, գյուղմթերքը ներմուծեն, մշակեն ու զարգացնենք գյուղատնտեսությունը և արտահանենք:
–Արցախի անվտանգության հարցում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Մեր բանակը պետք է հզորացնել, նոր սպառազինություն ձեռք բերել: Մենք հիմա էլ ենք հզոր, բայց ժամանակակից տեխնիկայի լուրջ խնդիր ունենք այս պահին: Արցախի հանրապետության քաղաքականությունը կառուցվելու է համահունչ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության հիման վրա: Արցախում չեն լինելու արտոնյալներ և կապահովվի բոլորի հավասարությունն օրենքի առաջ: Մենք անզիջում պայքար են մղելու կոռուպցիայի դեմ:
–Պարոն Պողոսյան, Դուք նշեցիք, որ Արցախի քաղաքականությունը կառուցվելու է համահունչ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը: Սա նշանակում է, որ Դուք սատարում եք ՀՀ իշխանություններին: Հնարավոր է միանաք թեկնածուներից Արայիկ Հարությունյանին, ով ևս սատարում է ՀՀ իշխանություններին:
-Իմ ընտրվելու դեպքում Հայաստանի հանրապետության հետ շարունակելու և ավելի եմ ամրապնդելու կապը։ երբեք պատճառ չեմ փնտրել աջակցելու, կամ միանալու Արայիկ Հարությունյանի հետ։ Ես կուսակցության կամ որևե դաշինքի հետ կապ չունեմ։
-Եվ վերջում, ի՞նչ ակնկալիքներ ունեք Սփյուռքից։
-Մենք մեր Սփյուռքից սպասում ենք ակտիվ մասնակցություն բիզնես ծրագրերում։ Դա կօգնի և՛ նրանց ստանալ եկամուտ, և՛ մեր արցախցիները աշխատանքով կապահովվեն ու կստանան արժանապատիվ աշխատավարձ։
–Շնորհակալություն զրույցի համար:
Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից