Ազատ Արցախի Համապետական Ընտրություններ – Հարցազրույց 4 –
Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Որպես անկախ պետություն գոյության ընթացքում Արցախի ժողովուրդն ու պետականությունը փաստեց, որ հակառակ այն դրության, որ Արցախը որպես պետություն միջազգային ընտանիքի մաս չի կազմում , սակայն արժանի է անկախության ու այնտեղ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժեքներ են:
Մինչ իրեն կայացած պետություն համարող Ադրբեջանը ամեն առիթով փաստում է, որ դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հասնելու համար և շատ սովորելու բան Արցախից, այն հողատարածքից, որի իրավատերը հավակնում է լինել:
Այս առիթով ներկայացնում ենք հարցազրոցների շարք Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուների հետ: Սա առիթ է մեր ընթերցողներին՝ հակիրճ կերպով սակայն մոտիկից ծանոթանալու յուրաքանչյուր թեկնածուի հետ:
Մեր հարցազրոյցների այս շարքի հաջորդ հյուրը Արցախի հանրապետության Արտաքին գործերի նախարար, «Մայիլյան – Նոր Արցախ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Մասիսլ Մայիլյանը: Դաշինքը կազմվել է երեք կուսակցությունների համագործակցության արդյունքում ՙ Արցախի Ռամկավար Ազատական «Ինքնություն և միասնություն», «Վաղվա Արցախ»: Մայիլյանի հետ զրուցել է Երևանի մեր աշխատակիցը: Ստորև հարցազրոյցը:
«Խմբ.»
Մասիս Մայիլյանը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 14-ին քաղաք Ստեփանակերտում: 1984 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 1984 – 1991 թվականներին ուսանել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում՝ ինժեներ-ֆիզիկոսի մասնագիտությամբ։ 1991-1992 թվականներին ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ «սոցիալական հոգեբանություն» մասնագիտությամբ։ 1998 թվականին ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան։
1992-1993 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տեղեկատվական քաղաքականության բաժնի առաջատար, ապա` գլխավոր մասնագետի պաշտոնները։ 1993 թվականին՝ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության հիմնադրումից հետո, տեղափոխվել է արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ իր գործունեության ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, մասնավորապես, միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչի, միջազգային կազմակերպությունների վարչության պետի, նախարարի խորհրդական – քաղաքական վարչության պետի պաշտոնները։
2001-2007 թվականներին եղել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճանով։ 1993-1997 թվականներին, ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կազմում, մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, որոնք ընթանում էին Ռուսաստանի ԱԳՆ և պաշտպանության նախարարության, ապա և ԵԱՀԽ/ԵԱՀԿ-իմիջնորդությամբ։ 2004-2007 թվականներին մասնակցել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։
2008 թվականին հիմնադրել և մինչև 2017 թվականին ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդը։ 2014 թվականին ընտրվել է «Civilitas» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։ 2016 թվականի դեկտեմբերին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ 2017 թվականի սեպտեմբերի 25-ից նշանակվել է ԱՀ արտաքին գործերի նախարար: Մասիս Մայիլյանը «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց․ հայացք Արցախից» գրքի, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան և այլ հակամարտությունների, հայ-թուրքական հարաբերությունների, կովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հետազոտական հոդվածների և վերլուծական զեկույցների հեղինակ է:
–Պարոն Մայիլյան, շնորհակալ եմ հարցազրույցի խնդրանքը չմերժելու համար: Արցախում մարտի 31-ին ընտրություններ են: Քարոզարշավը մեկնարկել է: Նախ կուզեի իմանալ ինչպե՞ս է անցնում քարոզարշավը:
-Առավելագույնս հագեցած ժամանակացույց ունենք՝ հանդիպումներ քաղաքներում ու գյուղերում, հընթացս նախընտրական շտաբերի ձևավորում և աշխատանքի արդյունավետացում, հարցազրույցներ, ելույթներ Արցախի հանրային հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներում, աշխատանք ամենատարբեր փաստաթղթերի ու քարոզչանյութերի վրա։ Ազատ ժամանակ գրեթե չի լինում։ Բայց, այնուամենայնիվ, հասցնում ենք ամենակարևորն անել։
Քարոզարշավի ժամանակ հանգամանորեն ընտրողներին ենք ներկայացնում իմ՝ որպես նախագահի թեկնածուի և իմ քաղաքական հենարանը հանդիսացող «Նոր Արցախ» նախընտրական դաշինքի ծրագրերի առանցքային դրույթներն ու արմատական բարեփոխումների մեր հայեցակարգը։
-Ձեզ այս հարցը հավանաբար շատ են տվել: Ո՞րն էր նախագահի թեկնածու առաջադրվելու հիմնական նպատակը:
-Վստահ եմ, որ եկել է համազգային օրակարգի, ինչպես նաև Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի իրականացման շուրջ հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական քայլերի ժամանակը։ Բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կկերտենք մեր Նոր Արցախը։
Հենց սա է իմ՝ որպես նախագահի թեկնածուի և մեր քաղաքական թիմի նպատակը։
-Ձեր կարծիքն եմ խնդրում այս ընտրությունների դերի ու նշանակության վերաբերյալ: Ինչպիսի՞ ազդեցություն այն կունենա երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից:
-Քանիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ներկայումս պայքար է հնի ու նորի միջև։ Հին ու նոր ասելով մենք հասկանում ենք հին ու նոր համակարգ։ Մեր հանրության առջև նոր մարտահրավերներ են ծառացել, որոնց չի կարող դիմակայել գործող համակարգը։ Համակարգի արդիականացման խնդիր կա, մինչդեռ գործող համակարգի ներսում ոչ բարեփոխման ռեսուրս կա, ոչ էլ, մեծ հաշվով, ցանկություն։ Արդիականացումն իրականացվելու է ոչ միայն նոր ուժերի ու նոր մարդկանց միջոցով, այլև պետական կառավարման համակարգի միջին օղակներում առկա արհեստավարժ և առաջադեմ աշխատողների ներգրավմամբ։ Այսինքն՝ մենք ուզում ենք համակարգի խաղի կանոնները փոխել։
Սա օրվա հրամայականն է, և այլևս հապաղել չի կարելի։ Օրըստօրե նոր ու ավելի լուրջ մարտահրավերներ են ծագում մեր երկրի ու ժողովրդի առջև։ Այդ մարտահրավերների որակն ու իշխանության ներկայիս որակը համարժեք չեն։ Արդիական ու մրցունակ պետական կառավարման համակարգ պիտի ձևավորվի, որպեսզի ոչ միայն կարողանանք դիմակայել մարտահրավերներին, այլև փոփոխվող աշխարհի փոփոխվող հնարավորություններն ըստ ամենայնի օգտագործենք և ի սպաս դնենք մեր երկրի զարգացմանը։
-Ի՞նչ քաղաքական ուժեր են Ձեզ սատարում:
– Երեք քաղաքական ուժեր՝ «Արցախի Ռամկավար ազատական», «Ինքնություն և միասնություն» և «Վաղվա Արցախ կուսակցությունները ձևավորել են «Նոր Արցախ» նախընտրական դաշինք ու հանդիսանում են իմ քաղաքական հենարանը, ևս երեք կուսակցություններ ու մեկ քաղաքացիական երիտասարդական նախաձեռնություն՝ «Հավասար հնարավորությունների հայրենիք», աջակցում են ինձ նախագահական ընտրություններում, ու մեզ է միացել հանրածանոթ մեկ այլ կուսակցական առաջնորդ։ Աջակցության կա հանրության ամենալայն շրջանակներում։
-Առաջին անգամն է, որ Արցախում կայանալիք ընտրություններում այսքան մեծ թվով թեկնածուներ են առաջադրվել: Ինչո՞վ եք դա պայմանավորում: Արդյո՞ք դա ժողովրդավարության ուղիղ դրսևորում է: Կապու՞մ եք դա Հայաստանում տեղի ունեցած ու ունեցող քաղաքական գործընթացների հետ:
-Արցախում նախընտրական հագեցած վիճակ է, որը ոմանց տագնապեցնում է, ոմանք էլ միտումնավոր կերպով իրավիճակը ներկայացնում են որպես ազգի պառակտում։ Մինչդեռ այսպիսի հագեցած մրցակցային պայքար լինում է երկրների մեծ մասում, և արտառոց ոչինչ չկա։ Այո, Հայաստանի թավշյա հեղափոխությամբ պայմանավորված քաղաքական նոր, ավելի ազատական մթնոլորտում ավելի շատ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին, ինչն էլ ավելի է ուժեղացրել մրցակցությունը։ Ամեն դեպքում սա դրական երևույթ է, որը խթանելու է թե՛ արցախյան քաղաքական դաշտի կայացումը և թե ընտրությունների մշակույթի զարգացումը։ Բայց ամենակարևորն այն է, որ ընտրությունները կանխորոշված չեն, և աննախադեպ մեծացել են ընտրական գործընթացի հանրային վերահսկողության ռեսուրսները։
-Հնարավոր համարու՞մ եք ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը: Եթե այո, ապա, ովքեր կմիանան Ձեզ:
-Վերջին զարգացումները և իմ աջակցության շրջանակների աննախադեպ ընդլայնումը հիմք է տալիս կարծելու, որ Արցախի հաջորդ նախագահի հարցը կլուծվի մարտի 31-ին՝ առանց երկրորդ փուլի։ Ամեն դեպքում, պատրաստ ենք իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակներին, առավել ևս, որ աջակցության շրջանակներն ավելի ընդլայնելու լուրջ ռեսուրս կա։
-Դուք մշտապես եղել եք անկուսակցական: Ընտրություններից հետո կուսակցություն ունենալու ծրագիր ունե՞ք, որպես քաղաքական ավելի ամուր հենարան:
-Նախընտրում եմ պահպանել իմ վերկուսակցական կերցվածքը, ինչ վերաբերում է ապագա խորհրդարանում իմ քաղաքական հենարանին, ապա «Նոր Արցախ» դաշինքի և դաշնակից ուժերի հիման վրա կձևավորվի լայն կոալիցիա, որն էլ կհանդիսանա իմ ամուր քաղաքական հենարանը, ինչն էլ թույլ կտա հաջողությամբ ու առավելագույն արդյունավետությամբ իրականացնել իմ ու դաշնակից ուժերի նախընտրական ծրագրերի հիմնադրույթները և կյանքի կոչել արմատական բարեփոխումների մեր հայեցակարգը։
-Պարոն Մայիլյան, Դուք նախագահի թեկնածություն առաջադրելու փորձ ունեցել եքՙ 2007 թվականին: Այդ տարիներին և հիմա քաղաքական առումով փոփոխություններ կան: Ի՞նչ տարբերություն եք նկատումՙ թե՛ քարոզարշավի, թե՛ ընտրապայքարի, թե՛ մարդկանց տրամադրվածության առումով:
-2007-ին և մինչև այդ այլընտրանք ներկայացնող ցանկացած թեկնածու բախվում էր միանգամից երկու համակարգային-վարչական ռեսուրսի կիրառման՝ Արցախի ու Հայաստանի, ինչն էլ փաստացի կանխորոշում էր ընտրությունները հօգուտ իշխանության թեկնածուի։ Նաև ընտրողների մոտ հոգեբանական բարդույթ էր ձևավորվում վարչական այս երկկողմանի ազդեցությունից։ Մարդիկ մտածում էին, որ այլընտրանքային թեկնածուն չի կարողանա իր՝ թեկուզ ամենալավը հանդիսացող ծրագիրն իրականացնել։
Հիմա, ինչպես ընդունված է ասել, իրավիճակ է փոխվել և բացառիկ շանս կա, որպեսզի արցախցին կատարի իր ազնիվ ու գիտակից ընտրությունը։
-Այն ժամանակ Դուք Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ արցախցիներին այլընտրանք եք առաջարկում: Ո՞րն էր այդ այլընտրանքն 2007-ին և ո՞րն է այլընտրանքը 2020-ին:
-Մեծ հաշվով այլընտրանքը նույնն է՝ իշխանության և պետականության նոր որակ, պետական կառավարման արդիականացված համակարգ, սոցիալական արդարության և իրավահավասարության մթնոլորտի ձևավորում, ինչը թույլ կտա հաջողությամբ դիմակայել ներքին ու արտաքին մարտահրավերներին։
-Վերջին հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ արեց և արցախցիներին հորդորեց չքվեարկել այն թեկնածուի օգտին, ով դեմ է ՀՀ իշխանություններին: Ինչպե՞ս եք վերաբերվում նման միջամտություններին: Արդյո՞ք դա Արցախի համար օգտակար է:
-Ես գտնում եմ, որ Հայաստանում ու Արցախում չեն կարող տարբեր արժեհամակարգեր լինել։ Այո, Արցախում կան ուժեր, որոնք դեմ են հայաստանյան ներկայիս արժեհամակարգին և շատ կոշտ հռետորաբանություն են կիրառում ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ և փորձում անվստահության մթնոլորտ ձևավորվել ընդհանուր առմամբ Հայաստանի նկատմամբ, ինչը վտանգավոր միտում է։
Սակայն արցախցիների ողջամտությունը բավարար ռեսուրս ունի չեզոքացնելու նման միտումները։ Դրանք անհեռանկարային միտումներ են։ Ոմանք չեն ուզում հասկանալ, որ դարաշրջան է փոխվել։ Հայաստանի նոր իշխանությունների հետ դիմակայությունը կործանարար կարող է լինել, և սա հասկանում են մարդիկ։
Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից