Երեքշաբթի, 08. 10. 2024

spot_img

Առաջին Հերթին ՀՀ-Ն Պէտք Է Փայփայի Արցախի Ինքնիշխանութիւնը. Արցախի Նախագահի Թեկնածու Դաւիթ Բաբայեան

Ազատ Արցախի Համապետական Ընտրութիւններ – Հարցազրոյց 3 –

Շուտով համապետական ընտրութիւններ են Արցախի մէջ: Իր, որպէս անկախ պետութիւն գոյերթին ընթացքին Արցախի ժողովուրդն ու անոր պետականութիւնը փաստեց, որ հակառակ այն դրութեան, որ ան որպէս պետութիւն տակաւին մաս չի կազմէր միջազգային ընտանիքին, սակայն արժանի է իր անկախութեան եւ իր մօտ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժէքներ են: Մինչ ինքզինք այսպէս կոչուած կայացած պետութիւն յորջորջող Ազրպէյճանը ամէն առիթով կը փաստէ, որ ինք տակաւին երկա՜ր ճանապարհ ունի կտրելիք ժողովրդավարութեան ճամբուն վրայ եւ շա՜տ սորվելիք ունի Արցախէն՝ այն հողատարածքէն որուն իրաւատէրը կը յաւակնի ըլլալ:

Այս առիթով «Զարթօնք» կազմակերպած է հարցազրոյցներու շարք մը Արցախի Հանրապետութեան նախագահութեան բոլոր թեկնածուներուն հետ անխտիր: Այս մէկը առիթ մըն է մեր ընթերցողներուն՝ հակիրճ կերպով սակայն մօտէն ծանօթանալու իւրաքանչիւր թեկնածուին:

Մեր հարցազրոյցներու այս շարքին երրորդ հիւրը հանդիսացաւ Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ, Արցախի Պահպանողական կուսակցութեան հիմնադիր-անդամ Դաւիթ Բաբայեան: Իր հետ զրուցած է  Երեւանի մեր աշխատակիցը: Ստորեւ հարցազրոյցը:

 

 «Խմբ.»

 

 

Դաւիթ Բաբայեանը ծնուել է 1973 թուականին Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթութիւնը ստացել է Արցախում։ Աւարտել է Երեւանի ժողովրդական տնտեսութեան ինստիտուտը՝ «Տնտեսութեան պետական կարգաւորում» մասնագիտութեամբ, աւարտել է Հայաստանի ամերիկեան համալսարանի քաղաքագիտութեան ֆակուլտետի եւ Կենտրոնական-եւրոպական համալսարանի (Պուտապեշդ) միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետը:

2005 թուականի մայիսին թեկնածուական թէզ է պաշտպանել Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտում եւ ստացել է պատմական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան: ԼՂՀ Գրողների միութեան անդամ է: 2013 թուականին ստացել է տոցենտի գիտական կոչում:

2018  թուականի մարտին դոկտորական թէզ է պաշտպանել Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտում եւ ստացել է պատմական գիտութիւնների դոկտորի գիտական աստիճան: Զբաղւում է նաեւ դասախօսական գործունէութեամբ Արցախի պետական համալսարանում:

1998-1999 թուականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարութեան քաղաքական վարչութիւնում որպէս երկրորդ քարտուղար:

2000-2001 թուականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչութեան քաղաքական ծրագրաւորման բաժնի պետ: 2001 թուականի մայիսից մինչեւ դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչութեան պետի պաշտօնը: 2001 թուականի դեկտեմբերից մինչեւ 2005 թուականի Յունուար աշխատել է ԼՂՀ նախագահին կից բլանաւորման խմբում: 2005 թուականի փետրուարից մինչեւ 2007 թուականի սեպտեմբեր աշխատել է որպէս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի օգնական: 2007 թուականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետի պաշտօնը:

2013 թուականի դեկտեմբերի 28-ին նշանակուել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ – Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2019 թուականի փետրուարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցութիւնը, իսկ նոյն թուականի ապրիլի 17-ին ընտրուել կուսակցութեան նախագահ:

Դաւիթ Բաբայեանը 6 մենագրութիւնների հեղինակ է:

 

– Պարոն Բաբայեան, շնորհակալ եմ հարցազրոյցի հրաւէրը չմերժելու համար: Ինչպէ՞ս է ընթանում քարոզարշաւը: Նախընտրական լարուածութիւն կա՞յ:

– Քարոզարշաւը շատ լաւ է ընթանում: Մենք հանդիպումներ ենք ունենում տարբեր գիւղերում, մայրաքաղաք Ստեփանակերտում: Ընդհանուր առմամբ մրցակցութիւնն, իհարկէ թէժ է, բայց այս պահի դրութեամբ մենք որեւէ տագնապալի զարգացում չենք տեսնում:

– Ընտրուելու դէպքում ձեր խումբի հիմնական անելիքները որո՞նք են:

– Տեղեակ ենք, որ ես Արցախի Պահպանողական կուսակցութեան հիմնադիրն եմ: Մեր հիմնական անելիքն է պահպանել մեր ձեռքբերումները, շտկենք բացերը: Մենք երբեք չպէտք է առաջնորդուենք հետեւեալ փիլիսոփայութեամբ. Հիմնայատակ չքանդենք մեր տունը, որ նորից կառուցենք: Մենք պէտք է նոր շինութիւններ կառուցենք, ամրապնդենք մեր պետականութեան պատերը, փոխաբերական իմաստով: Պէտք է պայքարենք, որպէսզի արդարութիւն լինի: Ամենակարեւոր բանը սա է: Մենք միշտ ասում ենքՙ այո, Ադրբեջանը չի թաքցնում, որ մեզ ուզում է յօշոտել: Բայց մեր ամենամեծ վտանգը ներսից է գալիս: Մենք պէտք է ստեղծենք պետականաշինութեան առումով նորմալ մթնոլորտ: Պայքարենք տարբեր վատ երեւոյթների, կաշառակերութեան դէմ: Աշխատանքի լայն դաշտ կայ: Մենք շրջակայ միջավայրի անվտանգութեան համար ենք պայքարելու: Մեր մտաւորականութեան, կրթութեան ոլորտում լաւը պահպանելու, նորը ներդնելու համար ենք պայքարելու: Բնական է, յատուկ ուշադրութիւն ենք դարձնելու անվտանգութեանը: Պէտք է ճիշդ աշխարհաքաղաքականութիւն վարենք:

– Պարոն Բաբայեան, Դուք երկար տարիներ հենց պետական ոլորտում էք աշխատելՙ որպէս նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այս հանգամանքը ընտրապայքարի մէջ մտնելիս կամ այժմ քարոզարշաւի ժամանակ Ձեզ օգնո՞ւմ թէ խանգարում է:

– Միանշանակ սա շատ օգտակար է: Պետական ու քաղաքական գործչի ամենալաւ բնորոշիչը հենց պետական համակարգում պարկեշտ ծառայելն ու մաքուր մնալն է: Թէ դա ստացւում է, ուրեմն այդ առաջնորդների հետեւից պէտք է գնանք: Մեզ պէտք չեն փողոցից եկած պատահականութիւններ, որոնք աշխատանքի փորձ չունեն, միայն խօսում են: Դա անպայման խանգարելու է: Աշխատելով պետական համակարգում, ծանօթ լինելով տարբեր ոլորտներին, իմանալով ամեն ինչի մասին աւելի լաւ, բնականաբար օգնում է: Կան տեմակոկներ, որոնք այս փաստը շահարկում են: Բայց եթէ մարդ նորմալ բանականութիւն ու մտածողութիւն ունի, կը հասկանայ, որ սա դրական բնորոշիչ է:

– Արցախցիներն ինչպէ՞ս են տրամադրուած ընտրութիւններին: Փոքր Արցախում 14 նախագահի թեկնածու կայ առաջադրուած: Ինչպէ՞ս են բնակիչները վերաբերւում: Եւ արդեօք Դուք այս հանգամանքը համարո՞ւմ էք ժողովրդավարութեան դրսեւորում թէ հակառակըՙ պառակտման:

– Այո, փոքրիկ Արցախում 14 թեկնածու դա մի քիչ շատ է: Ես ուզում եմ ոչ թէ քանակին, այլ որակին գնահատական տալ: Մեր կուսակցութիւնը պայքարում է ու ուզում է, որ գաղափարախօսական պայքար լինի: Մենք չենք ուզում, որ գաղափարախօսականը վերածուի գաղաՓՈՐախօսական պայքարի վերածուի: Մենք չենք ուզում նիւթականի պայքար ընթանայ: Մենք, երբ որոշումներ ենք կայացնում ելնելով նրանից, թէ մեր փորը ինչ է ուզում, իհարկէ փոխաբերական իմաստով, սա վատ է: Մենք ուզում ենք գաղափարախօսութիւնն լինի: Եթէ մեր ժողովրդի համար պայքարը լինի գաղաՓՈՐախօսական, ապա դա ողբերգութիւն կը լինի մեր երկրի համար: Նման վտանգ այսօր կայ, դժբախտաբար:

– Ընտրութիւնների երկրորդ փուլ կանխատեսու՞մ էք:

– Չի բացառւում: Բայց այստեղ խնդիրը երկրորդ փուլը չէ, այլ արժէհամակարգը, որով մենք առաջնորդւում ենք:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ արցախցին չպէտք է ընտրի այն թեկնածուին, ով դէմ է ՀՀ օրինապէս ընտրուած իշխանութեանը: Ձեր կուսակցութեան դիրքորոշումն այս մասով ինչպիսի՞ն է: Համարու՞մ էք սա միջամտութիւն թէ, այնուամենայնիւ, կարծում էք, որ Արցախի ու ՀՀ իշխանութիւնները պէտք է ներդաշնակ յարաբերութիւնների մէջ լինեն:

– Ասեմ հետեւեալը: Իհարկէ, Արցախը անկախ, ինքնիշխան երկիր է: Մէկ հայրենիք, երկու պետութիւն ենք: Սա մեր ընտրութիւն չէր: Սա պարտադրուած քայլ էր: Ի՞նչ պէտք է անենք մենք: Մենք պէտք է փայփայենք Արցախի ինքնիշխանութիւնը: Առաջին հերթին Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է փայփայի, որպէսզի աշխարհը չմտածի, որ Արցախը կցորդ է: Սա հարուած է լինելու Մայր Հայաստանին: Սա մեզ մօտ եւս պէտք է պահպանուի: Մենք այդպէս պէտք է առաջնորդուենք: Ինչ վերաբերում է Արցախի ու Հայաստանի իշխանութիւնների փոխյարաբերութիւնին, ապա ասեմՙ սա անձնական քմահաճոյք չպէտք է լինի որեւէ մէկի համար: Նոյնիսկ, եթէ այդ մարդիկ իրար չեն ճանաչում, կեանքում չեն բարեւել, ճանապարհ չենք անցել, բայց պարտաւոր են եղբայրներ լինել մէկը միւսի համար: Կրկնում եմՙ սա քմահաճոյք չէ: Իրենք հոր տունը չէ, որ որոշեն իրար ընդդիմանալ կամ ոչ: Սա մեր ժողովրդի շահերից է բխում: Չի կարելի հակադրուել իրար: Հետեւաբար, մենք միշտ ասում ենքՙ երկրի ղեկավարի պաշտօնը այն պաշտօնն է, որը մեծ պատասխանատուութիւն է ու անթոյլատրելի է ոչ-առարկայականութիւնը, անձնական քմահաճոյքները: Մենք պայքարելու ենք, որպէսզի նման բան չլինի:

– Ձեր ընտրուելու հաւանականութիւնը ինչպէ՞ս կը գնահատէք:

– Երբ մեզ այդ հարցը տալիս են, մենք պատասխանում ենք մի փոքր փոխաբերական ձեւով: Ի՞նչ է, պատերազմում պէտք է մասնակցեն միայն այն մարդիկ, ովքեր կանխատեսում են, որ ո՞ղջ են մնալու, թէ որ կարող են նաեւ չվիրաւորել:  Հետեւաբար, մենք մտել ենք այս պայքարի մէջ ոչ նրա համար, որ 100 տոկոս պէտք է յաղթենք: Մենք քաղաքական ուժ ենք ձեւաւորել, մենք պէտք է մասնակցենք: Ինչու՞ չպէտք է մասնակցենք: Նոյնիսկ եթէ չկարողանանք մեր նպատակներին հասնել: Իհարկէ, մենք չենք նեղանալու մեր ժողովրդից: Բայց եթէ Պահպանողական կուսակցութեան նման կուսակցութիւնը, որտեղ պարկեշտ, նորմալ մարդիկ են, չանցնի անգամ խորհրդարան, եթէ հակառակ նկարագիրն ունեցող մարդկանց գերադասեն մեզանից, կը նշանակի մեր երկրում լուրջ արատներ, լուրջ հիւանդութիւններ կան:

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

 

Կարդացեք նաև

Իմ Կարծիքով Լինելու Է Ընտրութիւնների Երկրորդ Փուլ. Արցախի Նախագահի Թեկնածու Ռուսլան Իսրայէլեան

Իմ Քարոզարշաւը Եղել Է Յանուն, Ոչ Թէ՝ Ընդդէմ. Արցախի Նախագահի Կին Թեկնածու – Յատուկ Հարցազրոյց Տիկ. Բելլա Լալայեանի Հետ

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին