Ուրբաթ, 13. 12. 2024

spot_img

Իմ Քարոզարշաւը Եղել Է Յանուն, Ոչ Թէ՝ Ընդդէմ. Արցախի Նախագահի Կին Թեկնածու – Յատուկ Հարցազրոյց Տիկ. Բելլա Լալայեանի Հետ

Շուտով համապետական ընտրութիւններ են Արցախի մէջ: Իր, որպէս անկախ պետութիւն գոյերթին ընթացքին Արցախի ժողովուրդն ու անոր պետականութիւնը փաստեց, որ հակառակ այն դրութեան, որ ան որպէս պետութիւն տակաւին մաս չի կազմէր միջազգային ընտանիքին, սակայն արժանի է իր անկախութեան եւ իր մօտ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժէքներ են: Մինչ ինքզինք այսպէս կոչուած կայացած պետութիւն յորջորջող Ազրպէյճանը ամէն առիթով կը փաստէ, որ ինք տակաւին երկա՜ր ճանապարհ ունի կտրելիք ժողովրդավարութեան ճամբուն վրայ եւ շա՜տ սորվելիք ունի Արցախէն՝ այն հողատարածքէն որուն իրաւատէրը կը յաւակնի ըլլալ:

Մեր հարցազրոյցներու այս շարքին առաջին հիւրը ընտրեցինք Արցախի նախագահական ընտրութիւններու թեկնածու՝ Բելլա Լալայեանը:  Տիկ. Լալայեանը մեր առաջին հիւրը ընտրելուն մէջ մեծ դեր կը խաղայ իր իգական սեռին պատկանելու իրողութիւնը, որ կարեւոր չափանիշ է երկրի մը զարգացման եւ մարդկային իրաւունքներու հետ կապուած կենտերային հաւասարութեան: Այս իրողութեան վրայ կու գայ աւելնալու նաեւ իր  լրագրող մը ըլլալու ենթահողը, որուն միջոցաւ նաեւ Բելլա Լալայեանը իր յախուռն եւ սկզբունքային նկարագրով մեզի համար հոգեհարազատ  անձ  մը եւ գործընկեր մը ըլլալու հանգամանքը կը վայելէ:

«Խմբ.»

*****

Բելլա Լալայեանը Արցախում գարնանըՙ մարտի 31-ին, կայանալիք նախագահական ընտրութիւններին առաջադրուած երկու կին թեկնածուներից մէկն է, ով որոշել է կոտրել այն կարծրատիպերը, թէ կանայք չեն կարող լինել քաղաքականութեան մէջ առաջնորդ: «Զարթօնք» ընտրութիւններին ընդառաջ կը ներկայացնի հարցազրոյցների շարք Արցախի նախագահի թեկնածուների հետ: Սկզբում կ՛անդրադառնանք կին թեկնածուներին: Բելլա Լալայեանը ծնուել է 1967 թուականին Արցախում: Որեւէ կուսակցութեան չի հարում: Ինքնաառաջադրուած թեկնածու է: Նրա կարծիքով կուսակցութիւնները պառակտում են ժողովրդին: Նախագահական ընտրութիւններում մեծ թուով թեկնածուների առաջադրումն էլ չի համարում ժողովրդավարութեան նշան: Հակառակըՙ դա նշանակում է, որ քաղաքական դաշտում թերացում կա:

– Տիկին Լալայեան, շնորհակալ եմ հարցազրոյցի հրաւէրը չմերժելու համար: Միանգամից անցնենք գլխաւոր թեմային: Արցախում նախագահական ընտրութիւններ են: Ինչու՞ որոշեցիք առաջադրուել:

– Նախ ուզում եմ կոտրել այն կարծրատիպերը, թէ կինը չի կարող  առաջնորդ լինել  քաղաքականութեան մէջ, բանակում  կամ ուժային որեւէ այլ կառոյցում:
Երկրորդ, ես ուզում եմ  իմ մասնակցութեամբ ցոյց տալ մնացած թեկնածուներին, որ  կարելի է պայքարել,  մրցել  առանց մէկը միւսի հանդէպ կեղտոտ արշաւ իրականացնելու, առանց միմիանց դէմ  թշնամանք տարածելու ու ատելութիւն  սերմանելու:

– Դուք ինքնաառաջադրուել էք: Ձեզ չի սատարում ոչ մի կուսակցութիւն, ոչ մի դաշինք: Դուք ունէք ձեր անձնական կարծիքն ու տեսակէտները երեւոյթների վերաբերեալ: Արդեօ՞ք կարծում էք, որ ձեր առաջադրումը կարող է խթանել հասարակութեան այն հատուածի աշխուժութիւնը, որը կարծում էՙ միեւնոյնն է բան չի փոխուելու եւ ընտրութիւնների արդիւնքներն արդէն պարզ են: Հետեւաբար ընտրութեան գնալն անիմաստ է:

– Բազմակուսակցութեան գաղափարին եւ, ընդհանրապէս, կուսակցութեան գաղափարին  միշտ  դէմ եմ եղել: Իմ խորին համոզմամբ,   բազմակուսակցութիւնը  ընդամէնը նպաստում է նրան, որ հանրութիւնը պառակտուած լինի, որ  քաղաքացու համար առաջնային դառնան կուսակցութեան շահերը եւ ոչ թէ պետութեան: Ես  գտնում եմ, որ  մենք պիտի մէկ կուսակցութիւն ունենանք մեր հաւատը: 

Ինչ վերաբերում է իմ առաջադրուելով  ընտրապայքարում համապատասխան ընտրազանգուածի մօտ աշխուժութիւն առաջացնելու հանգամանքին ,  չեմ ուզում շտապել  եզրակացութիւններ անել: Այո, կան մարդիկ, ովքեր  յայտնել են, որ  նպատակ չունէին գնալու  ընտրութեան, բայց , քանի որ առաջադրւում եմ՝ գնալու են: Բայց,  ամեն ինչ կ՛երեւայ ընտրութիւնից յետոյ:

– Արդեօ՞ք Դուք Ձեզ համարում էք այդ զանգվածի ներկայացուցիչը: Ի՞նչ ակնկալիքներ ունէք հենց այդ զանգուածից:

– Ցանկացած պարագայում,  իմ մասնակցութիւնը  ինչ-որ տեղ խղճի թելադրանքով է եղել:  
Ես պարզապէս իմ պարտքն եմ համարել միշտ ու  հիմա էլ համարում եմ՝ բոլոր հնարաւոր միջոցները օգտագործել՝ Արցախիս օգնելու, ինչ-որ բան շտկելու, ինչ-որ բան  աւելի լաւը դարձնելու համար:  Այսօր Արցախի  համար  ծանր օրեր են:  Ես  կ՛ասէի՝ աւելի ծանր, քան  90-ականների պատերազմն էր: Այդ տարիներին կար ներքին համերաշխութիւն, համախմբուածութիւն,  նպատակ: Այսօր  այդ ամենի փոխարէն  ատելութիւն,  տարանջատում, պառակտում եւ  տարբեր նպատակներ, ընդհուպ մինչեւ ազգադաւ ու  հակապետական  նպատակներ: Ու ես չէի կարող  անտարբեր հետեւել  այդ կործանարար զարգացումներին:

Իսկ ինձ ճանաչողները գիտեն, որ ես եւ՛ բաւարար կամք ունեմ, եւ՛ վճռականութիւն , եւ՛   արդարամտութիւն եւ՛  սկզբունքայնութիւն:  Այսինքն, այն ամենը, ինչ սովորաբար միայն  տղամարդուն յատուկ յատկութիւններ են համարում: Իմ ակնկալիքները հենց այդ մադկանցից է, ովքեր ինձ լաւ են ճանաչում:  Ովքեր գիտեն, որ եթէ մի բան խոստանում եմ,  կեանքի գնով էլ կատարում եմ: Իսկ  այսօր իմ խոստումը  օրէնքի  Արցախի ստեղծումն է, որտեղ իւրաքանչիւրն ունենալու է ապահով կեանքի իրաւունք: Այն Արցախը, որտեղ,  այդուհանդերձ,  իւրաքանչիւրը յստակ  իմանալու է իր պարտականութիւնները պետութեան առջեւ: Սա է  ամուր պետութեան հիմքերից մէկը:

– Արցախի ընտրութիւններում կարծես սա առաջին դէպք է, որ այսքան մեծ թուով թեկնածուներ են առաջադրուել: Դա ժողովրդավարութեան տեսանկիւնից լաւ երեւոյթ է, առողջ երեւոյթ: Աշխարհին ցոյց է տալիս, որ Արցախը լիիրաւ անկախ Հանրապետութիւն է ու լաւագոյնս ապրում է իր ժողովրդավարական գործընթացը: Կարճ ասած կայ բազմակարծութիւն ու քարոզարշաւը եւս հետաքրքիր է անցնելու: Այս առումով ի՞նչ կ՛ասէք:

– Ես կ՛ասէի հակառակը:  Թեկնածուների  աննախադէպ մեծ թիւը  ցոյց է տալիս, որ  քաղաքական դաշտում  թերացումներ կան:  Բացի դրանից, մեծ թուով թեկնածուների փաստը խօսում է նաեւ  ցածր  պատասխանատուութեան  մասին: Այո, Արցախը բաւականաչափ ժողովրդավար է: Արցախցին, հիմնականում, պետականամէտ  էՙ  չշփոթել իշխանամէտութեան հետ:  Բայց  ես  այդ հանգամանքը չեմ կապում  կուսակցութիւնների  մրցանշային թուի հետ:  Երբ 150,000 բնակչութիւն ունեցող երկրում  30-ից աւելի կուսակցութիւն կայ, ուրեմն այդ հանրութիւնը պառակտուած է եւ մոլորուած:

– Ինչպէ՞ս էք պատրաստւում համոզել արցախցիներին Ձեզ ընտրել: Կամ այլ կերպ ասած ինչո՞ւ պէտք է հենց Ձեզ ընտրեն:

Չեմ պատրաստւում համոզել:  Ես երբեք իմ ներկայութիւնը  չեմ փաթաթել որեւէ մէկի վզին կամ  պարտադրել  որեւէ մէկին : Պարզապէս,  ելնելով հանգամանքից, որ  իմ քաղաքացիական դիրքորոշումը  մարդկանց ծանօթ է,  իմ  սկզբունքայնութեանը տեղեակ են,  անարդարութիւնների դէմ  իմ  յարատեւ պայքարի վկան են,  ապա  կը թողնեմ, որ իրենք իրենց  համար որոշեն՝ արդեօ՞ք, ուզում են  տալ ինձ հնարաւորութիւն, որպէսզի կառուցեմ այդ երկիրը, ինչի համար այսքան տարի պայքարում եմ, թէ՞ ոչ:

– Քաղաքական պայքարում ի՞նչն է անընդունելի Ձեզ համար:

– Թէ՛ քաղաքական պայքարում թէ՛ կեանքի  ցանկացած բնագաւառում ինձ համար անընդունելի է դաւաճանութիւնը,  ստորութիւնը,  անսկզբունքայնութիւնը  եւ ստախօսութիւնը: 

– Ի՞նչ սպասելիքներ ունէք քարոզարշաւից:

– Ի տարբերութիւն միւս թեկնածուների՝  մտադիր չեմ  շտաբեր բացել,  մեծ թիմ հաւաքել:  Անիմաստ  ծախսեր են, որոնք չունեմ, ունենալու դէպքում էլ՝ կ՛ափսոսայի: Փոքր Արցախում  բոլորն անուններով են իրար ճանաչում: Իսկ աշխատանքները ծրագրելու համար, նոյնիսկ, ամենամեծ կուսակցութեան համար մէկ շտապն էլ է հերիք :
Ինչ վերաբերում է թիմին՝  կտրուկ դէմ եմ թիմ  հասկացութեանը, քանի որ, թիմը ձեւաւորւում է ոչ թէ գաղափարի շուրջ, այլ  աթոռների: Այսօր արդէն , նայելով  թեկնածուների թիմերին, կարող ենք ասել, թէ նրանցից որի յաղթանակի դէպքում պաշտօններն ովքեր են զբաղեցնելու:  Այսինքն, մասնագիտական վերելքը  առաջիկայ տասը տարում   մնացած  գատրերի համար փակւում է, անկախ այն բանից, որ  երբեմն այդ թիմերում յայտնւում են մարդիկ, որոնց նոյնիսկ չի կարելի թողնել  կառավարութեան  դռնով մտնել՝ ո՛չ մարդկային որակի, ո՛չ մասնագիտական հմտութեան տեսակէտից: Վերջին 15 տարին ես իմ քարոզարշաւն իրականացնում եմ ֆէյսպուքեան հարթակում եւ  իրական կեանքում: Ու միշտ իմ քարոզարշաւը եղել է  յանուն, եւ ոչ թէ՝ ընդդէմ: Հիմա էլ  կը փորձեմ  յանուն ապահով Արցախի  իմ  գաղափարը  հասանելի դարձնել  արցախցիներին:  Վերջնական որոշումն իրենցն է:

– Եւ վերջում մէկ հարց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նախօրէին  Հանրային հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում, խօսելով Արցախում սպասուող ընտրութիւնների մասին, յայտարարեց, որ արցախցիները չպէտք է քուէարկեն այն թեկնածուի օգտին, ով դէմ է Հայաստանի օրինականօրէն ընտրուած իշխանութեանը: Դուք ինչպէ՞ս էք գնահատում այս յայտարարութիւնը եւ Ձեր կարծիքով ինչպէ՞ս այն կ՛անդրադառնայ ընտրութիւնների արդիւնքների վրայ:

-Դա ասում է մի մարդ, ով իրեն ժողովրդավարական սկզբունքների ջատագո՞վ է համարում: Միգուցէ, հսկողութի՞ւն սահմանեն , տեսախցիկնե՛ր դնեն քուէախցիկներում, որպէսզի հետեւեն, որ ժողովուրդը իր թելադրանքով քուէարկի: Ամեն մարդ իր կամքի տէրն է: Իր սկզբունքներին համապատասխան, քուէն այս կամ այն թեկնածուին տրամադրելու լիրաժէք իրաւունք ունի եւ ոչ մէկը, բացարձակ ոչ մէկը, իրաւունք չունի մէկ ուրիշին իր կամքը պարտադրելու: Ես համոզուած եմ, որ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը ականջալուր կը լինեն միայն նրան քծնող թեկնածուների համակիրները: Միւսների համար դա փուճ ու անիմաստ յայտարարութիւն է:

Նշենք, որ ըստ Արցախի կենտրոնական ընտրական յանձնաժողովի տուեալների, Մարտի 31-ին կայանալիք ընտրութիւններում առաջադրուել է 14 թեկնածու, որից 6-ը ինքնաառաջադրուած թեկնածուներ են, մնացածը կուսակցութիւնների կողմից:

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆԸ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին