Փետրվարի 17-ին, Արցախում լույս է տեսել «ԱՀ խորհրդային սպաների միութիւն» Հասարակական կազմակերպության երկլեզուՙ «Պատիվ ունեմ»- «Честь имею» թերթի անդրանիկ համարը: Պարբերականը տպագրված է Ստեփանակերտի «Դիզակ պլյուս» հրատարակչությունում առայժմ 1 մամուլ ծավալով և 250 օրինակ տպաքանակով։ Նույն օրը տեղի ունեցավ պարբերական գինեձոնըՙ հիմնադիրների մասնակցությամբ:
Թերթի ստեղծման պատմության, առաքելության, նպատակների մասին Զարթոնք օրաթերթը զրուցեց թերթի գլխավոր խմբագիր Միքայել Հաջյանի հետ:
-Պարոն Հաջյան, նախ շնորհավորում եմ թերթի ստեղծման կապակցությամբ և մաղթում սկսած գործում բազում հաղթանակներ: Կպատմե՞ք, ինչպես առաջացավ թերթի ստեղծման գաղափարը: Ո՞րն է նպատակն ու առաքելությունը:
-Ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր այդ առաջարկությունը (թերթի խմբագիրը լինելը-խմբ.): Ինձ դիմեցին «ԱՀ խորհրդային սպաների միություն» հասարակական կազմակերպության ղեկավարներըՙ Հենրիխ Մովսիսյանի գլխավորությամբ: Առաջարկեցին ստեղծել կազմակերպության թերթ: Քննարկեցինք ու հանգեցինք թերթը ստեղծելու եզրակացությանը: Թերթի ստեղծման նպատակն ու խորհուրդը կայանում է հետևյալում: Ինչ-որ տեղ մոռացության են մատնված խորհրդային ժամանակաշրջանի այն սպաները, ովքեր հայրենիքի համար մարտնչել են ու անցել փառավոր մարտական ուղի, մեծ ծառայություններ են մատուցել հայրենիքին: Անհրաժեշտ է ներկայացնել նրանց անցած մարտական ուղին, կյանքը, գործունեությունը: Ու խոսքը ոչ միայն հայ, նաև այլազգի հերոսների մասին է լինելու, ովքեր Հայաստանի ու Արցախի համար մեծ ավանդ են ներդրել: Պետք է լուսաբանել նրանց կյանքըՙ հանուն նոր սերունդների:
Նկատի ունենալով, որ այդ սպաները, զորավարները արդեն կեսնաթոշակի անցած են, ունեն կենցաղային խնդիրներ, անհրաժեշտ է վեր հանել դա ու ներկայացնել հանրության ու իշխանությունների ուշադրությանը: Աջակից լինել դրանց լուծմանը: Բացի այդ, հիմնադիրները ցանկանում են, որպեսզի մենք մեր ընթերցողներին ներկայացնենք աշխարհի տարբեր երկրների զինված ուժերում ծառայած անվանի հայ սպաների, զորավարների մասին: Մենք հայերս, պետք է իմանանք ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս: Հիմնական գաղափարը դա է: Խորհրդային ժամանակաշրջանի շատ սպաներ մեծ ավանդ են ներդրել Արցախյան ազատագրական պայքարում: Այսօր էլ, չնայած որ կենսաթոշակի են անցել, միևնույն է, պատրաստ են դարձյալ իրենց գիտելիքներով ու հարուստ փորձով ծառայել հայրենիքին, Արցախի պաշտպանությանը: Իրենք պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքները հանձնել նոր սերունդներին, նպաստել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգու դաստիարակմանը:
-Հայերենի կողքին թերթը լինելու է միայն ռուսերեն թե՞ պլանավորվում է նաև անգլերեն լեզվով թողարկել:
-Այս պահին միայն ռուսերեն լեզվով է լինելու, բացի հայերենից, որովհետև պլանավորում ենք այն Ռուսաստան և այլ միութենական հանրապետություններ ևս ուղարկել: Այսինքն այն երկրներմ, որտեղ ունենք հայկական համայնք ու որտեղ շատերը չեն տիրապետում մայրենի լեզվին: Չփորփրելով հին վերքերը, պետք է ասեմ, որ մեծ թիվ են կազմում մեր այն հայրենակիցները, ովքեր չեն տիրապետում հայերեն լեզվին: Շատ ցանկալի է, որ նրանք թեկուզ օտար լեզվով իմանան, թե ինչ է կատարվում հայրենիքում: Իմանան, թե մենք ինչ սպաներ ունենք, ինչ ռազմարվեստ ու զորավարներ: Ես իհարկե, չեմ բացառում, որ թերթը կդառնա եռալեզուՙ կավելանա նաև անգլերենը: Բայց դա ֆինանսի հետ է կապված: Քանի որ թերթին իր առջև նպատակ է դրել անդրադառնալ աշխարհի բոլոր երկրների զինված ուժերում ծառայող հայ զորավարների ու սպաների կյանքին, ապա ցանկալի է, որ անգլերեն լեզուն ևս լինի:
–Թերթի տպագրման ծախսերը ինչպե՞ս եք հոգում:
-Առայժմ թերթը մեկ մամուլ ծավալով է հրատարակվել, որը շատ քիչ է: Միջոցները դեռևս բավարար չեն, բայց կազմակերպությունը հուսով է, որ առաջիկայում հնարավոր կլինի թե՛ պետության միջոցով, թե՛ անհատ բարերարների նվիրատվությունների միջոցով ընդլայնել թերթի ծավալը: Մենք հույս ունենք, որ առաջիկայում կկարողանանք ստեղծել թերթի համար էլեկտրոնային էջ: Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում թղթային տարբերակը միշտ չէ, որ արդյունավետ է գործում: Մինչ կայքի ստեղծումը, որոշ լրատվական կայքերի հետ գործընկերային պայմանավորվածություն ենք ձեռք բերելՙ նրանց կայքերում հրապարակել մեր թերթի նյութերը:
-«Պատիվ ունեմ»-ը ի՞նչ հաճախականությամբ է լույս տեսնելու:
-Հնարավոր է մեր օրերում դա ծիծաղելի հնչի, բայց առայժմ մենք ունենք 4 համար տպագրելու հնարավորություն: Տեսնենք, թե ինչպես ենք ֆինանսական միջոցները բաշխելու: Հնարավոր է ամիսը մեկ անգամ, կամ երկու ամիսը մեկ անգամ: Բայց, սա պարզապես մեկնարկ է: Մենք հուսով ենք, որ անհրաժեշտ միջոցներ կգտնենք, որպեսզի թերթը դառնա կայուն ամսաթերթ, ապա ինչու ոչ, շաբաթաթերթ:
–Հաշվի առնելով ֆինանսական սուղ միջոցները, խմբագրակազմ որպես այդպիսին կա՞:
-Լսե՞լ եքՙ մեկ ծաղկով գարուն չի գա կամ կգա (ժպտում է): Առայժմ ես միայնակ եմ: Քանի որ թերթի լույս ընծայման պարբերականությունը հաճախակի չի լինելու, ես միայնակ եմ: Առաջիկայում հնարավոր է, որ խմբագրակազմ լինի: Բայց հիմա խմբագրակազմը ես եմ:
–Թերթի առաջին համարի բովանդակության մասին կխոսե՞ք: Ովքե՞ր են անդրանիկ համարի հերոսները:
-Նշեմ, որ թերթում տարբեր ժանրային նյութեր են լինելուՙ հոդվածներ, ակնարկներ, դիմանկարներ, հարցազրույցներ: Առաջին համարում մենք ներկայացրել ենք ծագումով արցախցի հայ գրող, հիմա ՌԴ-ում բնակվող Լևոն Ադյանի բաց նամակը Ադրբեջանի նախագահինՙ կապված Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ Բաքվի բարձրացրած աղմուկի հետ: Թերթում հրապարակել ենք արցախյան ազատամարտի լավագույն հրամանատարներից մեկիՙ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) մասին դիմանկար: Հարցազրույց ենք հրապարակել Արցախի ներկայիս Պաշտպանության նախարարի հետ, որտեղ նա ամփոփում է 2019 թվականի արդյունքները: Հիմնական նյութերը դրանք են: Հետագայում ավելի հանգամանալի, հասցեական ու մանրամասն են լինելու հրապարակումները: Նաև նշեմ, որ թերթում պատմելու ենք ապրիլյան պատերազմի մեր հերոսների մասին: Դա կլինի թերթի բովանդակության տրամաբանական շարունակությունը:
–Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ անկնալում եք պետության կողմից ևս աջակցություն թերթի հրատարակման գործում: Առաջին համարի լույս ընծայման գործում որևէ աջակցություն եղե՞լ է պետության կողմից կամ թերթի վերաբերյալ արձագանք կա՞:
-Պետական համակարգում մեծ թվով նախկին սպաներ են աշխատում: Սկսած նախագահից մինչև ներքերի օղակներ: Առայժմ որևէ հաստատուն տեղեկություն չեմ կարող ասել, որ անպայման կաջակցեն մեզ կամ ոչ: Մենք դիմելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագիրը: Թերթն արդեն ուղարկել ենք պետական մարմիններին, թող ծանոթանան, իմանան թերթի մասին: Կարծում եմ, ըստ երևույթին, կլինեն հանդիպումներ, կխոսենք: Բայց մեր հիմնական հույսը բարերաների վրա է: Ռուսաստանում հայտնի բարերարներ կան, գործարարներ, որոնցից մի քանիսն արդեն խոստացել են աջակցել: Մեզ առաջարկել են առաջին համարը թողարկել, որից հետո կքննարկենք, կզրուցենք: Դա արդեն հուսադրող է:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ