Փետրուարի 17-ին, Արցախում լոյս է տեսել «ԱՀ խորհրդային սպաների միութիւն» Հասարակական կազմակերպութեան երկլեզուՙ «Պատիւ ունեմ»- «Честь имею» թերթի անդրանիկ համարը: Պարբերականը տպագրուած է Ստեփանակերտի «Դիզակ պլյուս» հրատարակչութիւնում առայժմ 1 մամուլ ծաւալով եւ 250 օրինակ տպաքանակով։ Նոյն օրը տեղի ունեցաւ պարբերական գինեձօն հիմնադիրների մասնակցութեամբ:
Թերթի ստեղծման պատմութեան, առաքելութեան, նպատակների մասին «Զարթօնք» օրաթերթը զրուցեց թերթի գլխաւոր խմբագիր Միքայէլ Հաճեանի հետ:
– Պարոն Հաճեան, նախ շնորհաւորում եմ թերթի ստեղծման կապակցութեամբ եւ մաղթում սկսած գործում բազում յաղթանակներ: Կը պատմէ՞ք, ինչպէս առաջացաւ թերթի ստեղծման գաղափարը: Ո՞րն է նպատակն ու առաքելութիւնը:
– Ճիշդն ասած ինձ համար անսպասելի էր այդ առաջարկութիւնը (թերթի խմբագիրը լինելը-խմբ.): Ինձ դիմեցին «ԱՀ խորհրդային սպաների միութիւն» հասարակական կազմակերպութեան ղեկավարներըՙ Հենրիխ Մովսիսեանի գլխաւորութեամբ: Առաջարկեցին ստեղծել կազմակերպութեան թերթ: Քննարկեցինք ու յանգեցինք թերթը ստեղծելու եզրակացութեանը: Թերթի ստեղծման նպատակն ու խորհուրդը կայանում է հետեւեալում. Ինչ-որ տեղ մոռացութեան են մատնուած խորհրդային ժամանակաշրջանի այն սպաները, ովքեր հայրենիքի համար մարտնչել են ու անցել փառաւոր մարտական ուղի, մեծ ծառայութիւններ են մատուցել հայրենիքին: Անհրաժեշտ է ներկայացնել նրանց անցած մարտական ուղին, կեանքը, գործունութիւնը: Ու խօսքը ոչ միայն հայ, նաեւ այլազգի հերոսների մասին է լինելու, ովքեր Հայաստանի ու Արցախի համար մեծ աւանդ են ներդրել: Պէտք է լուսաբանել նրանց կեանքը յանուն նոր սերունդների:
Նկատի ունենալով, որ այդ սպաները, զօրավարները արդէն կենսաթոշակի անցած են, ունեն կենցաղային խնդիրներ, անհրաժեշտ է վեր հանել դա ու ներկայացնել հանրութեան ու իշխանութիւնների ուշադրութեանը: Աջակից լինել դրանց լուծմանը: Բացի այդ, հիմնադիրները ցանկանում են, որպէսզի մենք մեր ընթերցողներին ներկայացնենք աշխարհի տարբեր երկրների զինուած ուժերում ծառայած անուանի հայ սպաների, զօրավարների մասին: Մենք հայերս, պէտք է իմանանք ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս: Հիմնական գաղափարը դա է: Խորհրդային ժամանակաշրջանի շատ սպաներ մեծ աւանդ են ներդրել Արցախեան ազատագրական պայքարում: Այսօր էլ, չնայած որ կենսաթոշակի են անցել, միեւնոյն է, պատրաստ են դարձեալ իրենց գիտելիքներով ու հարուստ փորձով ծառայել հայրենիքին, Արցախի պաշտպանութեանը: Իրենք պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքները յանձնել նոր սերունդներին, նպաստել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգու դաստիարակմանը:
– Հայերէնի կողքին թերթը լինելու է միայն ռուսերէ՞ն, թէ ծրագրաւորւում է նաեւ անգլերէն լեզուով թողարկել:
– Այս պահին միայն ռուսերէն լեզուով է լինելու, բացի հայերէնից, որովհետեւ ծրագրաւորում ենք այն Ռուսաստան եւ այլ միութենական հանրապետութիւններ եւս ուղարկել: Այսինքն այն երկրներն, որտեղ ունենք հայկական համայնք ու որտեղ շատերը չեն տիրապետում մայրենի լեզուին: Չփորփրելով հին վէրքերը, պէտք է ասեմ, որ մեծ թիւ են կազմում մեր այն հայրենակիցները, ովքեր չեն տիրապետում հայերէն լեզուին: Շատ ցանկալի է, որ նրանք թէկուզ օտար լեզուով իմանան, թէ ինչ է կատարւում հայրենիքում: Իմանան, թէ մենք ի՞նչ սպաներ ունենք, ի՞նչ ռազմարուեստ ու զօրավարներ: Ես իհարկէ, չեմ բացառում, որ թերթը կը դառնայ եռալեզուՙ կ՛աւելանայ նաեւ անգլերէնը: Բայց դա ֆինանսի հետ է կապուած: Քանի որ թերթը իր առջեւ նպատակ է դրել անդրադառնալ աշխարհի բոլոր երկրների զինուած ուժերում ծառայող հայ զօրավարների ու սպաների կեանքին, ապա ցանկալի է, որ անգլերէն լեզուն եւս լինի:
– Թերթի տպագրման ծախսերը ինչպէ՞ս էք հոգում:
– Առայժմ թերթը մէկ մամուլ ծաւալով է հրատարակուել, որը շատ քիչ է: Միջոցները դեռեւս բաւարար չեն, բայց կազմակերպութիւնը յուսով է, որ առաջիկայում հնարաւոր կը լինի թէ՛ պետութեան միջոցով, թէ՛ անհատ բարերարների նուիրատուութիւնի միջոցով ընդլայնել թերթի ծաւալը: Մենք յոյս ունենք, որ առաջիկայում կկարողանանք ստեղծել թերթի համար էլեկտրոնային էջ: Ժամանակակից տեղեկատուական դարաշրջանում թղթային տարբերակը միշտ չէ, որ արդիւնաւէտ է գործում: Մինչ կայքի ստեղծումը, որոշ լրատուական կայքերի հետ գործընկերային պայմանաւորուածութիւն ենք ձեռք բերելՙ նրանց կայքերում հրապարակել մեր թերթի նիւթերը:
– «Պատիւ ունեմ»-ը ի՞նչ յաճախականութեամբ է լոյս տեսնելու:
– Հնարաւոր է մեր օրերում դա ծիծաղելի հնչի, բայց առայժմ մենք ունենք 4 համար տպագրելու հնարադրութիւն: Տեսնենք, թէ ինչպէ՞ս ենք ֆինանսական միջոցները բաշխելու: Հնարաւոր է ամիսը մէկ անգամ, կամ երկու ամիսը մէկ անգամ: Բայց, սա պարզապէս մեկնարկ է: Մենք յուսով ենք, որ անհրաժեշտ միջոցներ կը գտնենք, որպէսզի թերթը դառնայ կայուն ամսաթերթ, ապա ինչու ոչ, շաբաթաթերթ:
– Հաշուի առնելով ֆինանսական սուղ միջոցները, խմբագրակազմ որպէս այդպիսին կա՞յ:
– Լսե՞լ էքՙ մէկ ծաղկով գարուն չի գայ կամ կը գայ (ժպտում է): Առայժմ ես միայնակ եմ: Քանի որ թերթի լոյս ընծայման պարբերականութիւնը յաճախակի չի լինելու, ես միայնակ եմ: Առաջիկայում հնարաւոր է, որ խմբագրակազմ լինի: Բայց հիմա խմբագրակազմը ես եմ:
– Թերթի առաջին համարի բովանդակութեան մասին կը խօսէ՞ք: Ովքե՞ր են անդրանիկ համարի հերոսները:
– Նշեմ, որ թերթում տարբեր ոճային նիւթեր են լինելուՙ յօդուածներ, ակնարկներ, դիմանկարներ, հարցազրոյցներ: Առաջին համարում մենք ներկայացրել ենք ծագումով արցախցի հայ գրող, հիմա ՌԴ-ում բնակուող Լեւոն Ատեանի բաց նամակը Ազրպէյճանի նախագահինՙ կապուած Գարեգին Նժդեհի արձանի վերաբերեալ Պաքու բարձրացրած աղմուկի հետ: Թերթում հրապարակել ենք արցախեան ազատամարտի լաւագոյն հրամանատարներից մէկիՙ Արկադի Թադեւոսեանի (Գոմանտոս) մասին դիմանկար: Հարցազրոյց ենք հրապարակել Արցախի ներկայիս Պաշտպանութեան նախարարի հետ, որտեղ նա ամփոփում է 2019 թուականի արդիւնքները: Հիմնական նիւթերը դրանք են: Հետագայում աւելի հանգամանալի, հասկացական ու մանրամասն են լինելու հրապարակումները: Նաեւ նշեմ, որ թերթում պատմելու ենք ապրիլեան պատերազմի մեր հերոսների մասին: Դա կը լինի թերթի բովանդակութեան տրամաբանական շարունակութիւնը:
– Դուք Ձեր խօսքում նշեցիք, որ ակնկալում էք պետութեան կողմից եւս աջակցութիւն թերթի հրատարակման գործում: Առաջին համարի լոյս ընծայման գործում որեւէ աջակցութիւն եղե՞լ է պետութեան կողմից կամ թերթի վերաբերեալ արձագանգ կա՞յ:
– Պետական համակարգում մեծ թուով նախկին սպաներ են աշխատում: Սկսած նախագահից մինչեւ ներքեւի օղակներ: Առայժմ որեւէ հաստատուն տեղեկութիւն չեմ կարող ասել, որ անպայման կ՛աջակցեն մեզ կամ ոչ: Մենք դիմելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագիրը: Թերթն արդէն ուղարկել ենք պետական մարմիններին, թող ծանօթանան, իմանան թերթի մասին: Կարծում եմ, ըստ երեւոյթին, կը լինեն հանդիպումներ, կը խօսենք: Բայց մեր հիմնական յոյսը բարերարների վրայ է: Ռուսաստանում յայտնի բարերարներ կան, գործարարներ, որոնցից մի քանիսն արդէն խոստացել են աջակցել: Մեզ առաջարկել են առաջին համարը թողարկել, որից յետոյ կը քննարկենք, կը զրուցենք: Դա արդէն յուսադրող է:
Զրոյցը վարեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ