Հինգշաբթի, 12. 09. 2024

spot_img

Մեր հիմնական նպատակը հայկական արվեստը դրսում ներկայացնելն է. «Bingyol’s հայկական աճուրդի տան» հիմնադիր Ասյա Բինգյոլցյան

«Bingyol’s հայկական աճուրդի տունը» նախագիծ է, որի նպատակն է զարգացնել և խթանել Հայաստանի մշակութային քաղաքականությունը: Այն ստեղծվել է մեկ տարի առաջ երիտասարդ, արվեստաբան Ասյա Բինգյոլցյանի կողմից, ով ծնվել և մեծացել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում:

Լինելով առաջին հայկական աճուրդների տունը՝ Bingyol’s-ը ծառայում է որպես հարթակ, որը միավորում է ամբողջ աշխարհում ապրող և ստեղծագործող հայ նկարիչներին ՝ օգնելով նրանց տեսանելի լինել լայն հասարակության համար: Այս նպատակին հասնելու համար Bingyol’s-I թիմն համագործակցում է հայ նշանավոր նկարիչների, ինչպես նաև թաքնված տաղանդների հետ:

Bingyol’s-ը կազմակերպում է արվեստի ցուցահանդեսներ, աճուրդներ, գալա երեկոներ ամբողջ աշխարհում: Այս օրերին Հայաստանում գտնվող Bingyol’s-ի հիմնադիր Ասյա Բինգյոլցյանի հետ զրուցել ենք ընկերության ստեղծման, աշխարհով մեկ իրականացված մեծ ծրագրերի, ցուցահանդեսների, դրանց արդյունքների ու հավակնությունների մասին:

Ասյա, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը չմերժելու համար: Խնդրում եմՙ ներկայացնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Bingyol»s-ը: Ե՞րբ է ստեղծվել, նպատակն ու առաքելությունը ո՞րն է:

-«Bingyol’s հայկական աճուրդի տունը» միջազգային հարթակ է, որտեղ մարդիկ տարբեր երկրներից կարող են գտնել ու ծանոթանալ հայ արվեստագետների հետ: Ես ծնվել և մեծացել եմ Մոսկվայում: Իմ մասնագիտությունն է Արվեստի կառավարում: Մոտ երեք տարի այս ոլորտում եմ: Սակայն, ընկերությունը ստեղծվել է մեկ տարի առաջՙ Մոսկվայում: Bingyol’s-ը մեր ազգանունն էՙ Բինգոլցյան: Որոշեցինք ազգանվան հետ կապված անվանումն ընտրել:

Մենք աշխարհի որ քաղաք էլ գնանք, ուզում ենք գտնել հայ արվեստագետների ու ցուցադրել այլ երկրներում կամ հենց իրենց երկրում: Մենք հավատում ենք, որ մեր աշխատանքի միջոցով կարող ենք ոչ միայն նպաստել տաղանդավոր նկարիչների և արվեստի նվիրյալների հայկական ցանցի ստեղծմանը, այլ նաև օգնել ընդլայնել մարդկանց գիտելիքները հայկական արվեստի աշխարհի վերաբերյալ` նրանց ներկայացնելով հայ նկարիչներին և նրանց կատարած աշխատանքը:

Արվեստի մասնագետների մեր նվիրված թիմը կարող է օգնել գտնել արվեստի ցանկացած կտոր, որը մարդիկ ցանկանում են ձեռք բերել: Մենք հպարտ ենք, որ կան այդքան շատ տաղանդավոր արտիստներ, որոնք ունեն հայկական արմատներ ամբողջ աշխարհում: Վերջերս այդպես էլ արել էինք: Մոսկվայում ԱՄՆ-ի նկարիչներին էինք ցուցադրել, Ֆրանսիայում Հայաստանի արվեստագետներին և այլն:  7 ամսվա մեջ մենք 7 ցուցահանդես ենք արել, որից 5-ը միջազգայինՙ տարբեր երկրներում:

Մեկ տարվա գործունեության ընթացքում ի՞նչ հաջողություններ եք գրանցել: Կազմակերպված ցուցահանդեսներից կխոսե՞ք:

-Մեր առաջին ցուցահանդեսը արել ենք Ֆրանսիայումՙ Փարիզ քաղաքում: Երկու անգամ ցուցահանդես կազմակերպել ենք Շվեյցարիայում: Այնտեղ մեր հայ արվեստագետներին ներկայացրել ենք տեղի նախարարության հետ: Շնորհանդես էինք կազմակերպել  պատմել Հայաստանի թանգարանների, արվեստի ու պատկերասրահների մասին: Նրանց դա շատ դուր եկավ: Մենք նոյեմբեր ամսին Լոս Անջելեսում ցուցահանդես կազմակերպեցինք: Մեզ շատ լավ դիմավորեցին, շատ մարդ կար միջոցառմանը: Ամերիկայի Սփյուռքը շատ լավն է, ուրիշ են, համայնքը շատ ուժեղ է: Ես ուզում եմ հայկական արվեստը բոլորի համար հասանելի դարձնել: Մեզ շատ են հարցնումՙ ինչո՞ւ եք ձեզ սահմանափակել Armenian Auction House անվանումով, չէ որ, եթե միջազգային լինի ավելի արագ առաջ կգնաք, հաջողությունների կհասնեք, բայց իմ նպատակը մեր հայ նկարիչներին օգնելն է, հայկական արվեստը դրսում ներկայացնելը: Օրինակ, ինչու են մարդիկ Փարիզ գնում: Քանի որ այն մշակութային մայրաքաղաք է: Հայաստանը, իմ կարծիքով, ոչնչով չի զիջում Փարիզին:

Տարբեր երկրներում ինչպիսի՞ն է արձագանքը հայ արվեստագետների աշխատանքների նկամամբ:

Շվեյցարիայում երկու անգամ ցուցահանդես արեցինք, մարդիկ ասում էինՙ ինչ հետաքրքիր է, մինչ այդ չենք լսել Հայաստանի մասին: Նրանք անգամ ցանկություն էին հայտնում գալ Հայաստան: Նրանք ասում էինՙ ուզում ենք տեսնել ինչով են ոգեշնչվել նկարիչները: Նպատակ ունենք, օրինակ, շվեյցարացի  նկարիչներին բերել Հայաստան, այստեղ ցուցադրել, բայց դա անել բարձր մակարդակով: Փորձում ենք զարգացնել մշակութային կապերը:

Դուք այժմ փորձում եք Հայաստանում ևս գործունեություն ծավալել, համագործակցել տեղի պատկերասրահների հետ: Տեղյակ եմ, որ NOVA ARTS Gallery & Wine պատկերասրահի հետ եք բանակցությունների մեջ: Այդ մասով ներկայացնելու արդյունքներ կա՞ն:

-Այո, մենք մտածում ենք ինչ-որ հետաքրքիր նախագիծ անել NOVA ARTS Gallery & Wine-ի հետ: Հիմա քննարկումների փուլում ենք: Կարծում եմՙ հետաքրքիր միջոցառումներ կունենանք ու մարդիկ կիմանան այդ մասին: 

Տեղյակ եմ, որ աճուրդ-վաճառքներից ստացած հասույթը օգտագործվում է նաև բարեգործական նպատակներով: Այդ մասով ի՞նչ կասեք:

– Մենք նոյեմբեր ամսին Մոսկվայում բարեգործական աճուրդ կազմակերպեցինք, որի ողջ հասույթը փոխանցվեց «Վիվա»  բարեգործական հիմնադրամին: Հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 7-ին Մոսկվայում: Ես շատ էի ուզում, որ իմ առաջին աճուրդը բարեգործական լիներ: Ու հենց այդպես էլ եղավ, որի համար մենք շատ երջանիկ ենք: Նշեմ, որ բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն աճուրդներին, կստանան անհատական ​​վկայագրեր ՝ որպես շնորհակալություն հայ նկարիչների առաջխաղացման գործում ունեցած ներդրման համար:

Ի՞նչ ժանրի աշխատանքներ են նախընտրում դրսի արվեստասեր հանրությունը:

-Հիմնականում վերացական (abstract) ոճի աշխատանքները: Ամերիկայում շատ են հավանում հենց վերացական ոճի աշխատանքները: Ռուսաստանում այդքան էլ չեն հասկանում abstract ոճը: Ամեն երկիր իր ճաշակն ունի: Մենք Հայաստանում շատ հրաշալի արվեստագետներ ունենք այս ոճում ստեղծագործող: Պետք է շատ ցուցահանդեսներ կազմակերպել, համաշխարհային մակարդակով: Պետք է Հայաստանը որպես արվեստի երկիր ներկայացնել աշխարհին:

Եվ վերջում, երիտասարդ աղջկա համար դժվար չէ՞ այսքան բարդ և պատասխանատու աշխատանք կատարելը: Ո՞վ է Ձեզ օգնում այդ հարցում:

-Իմ առաջին օգնականը և ոգեշնչողը մայրս է: Իհարկե շատ դժվար է: Մեծ պատասխանատվություն ես քո վրա վերցնում: Ես փորձում եմ ամեն ինչին դրական նայել:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

Շնորհակալություն Թումանյան 11 հասցեում գործող NOVA ARTS Gallery & Wine պատկերասրահ-գինետանը հարցազրույցի աջակցման համար:   

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին