Երևանում` DoubleTree by Hilton հյուրանոցում, փետրվարի 2-ին տեղի ունեցավ լրագրող Սարիկ Սևադայի «Հայրենադարձի Աչքերով» գրքի շնորհանդեսը: 30 հարցազրույց, 30 վերադարձի պատմություն է ներկայացրել հեղինակը: Նպատակը մեկն է` խրախուսել հայրենադարձությունը: Մասնավոր օրինակներով մյուսներին ևս հայրենադարձության կոչ անել: Դահլիճը լեփ-լեցուն էր: Խոսել ցանկացողների թիվը` մեծ: Գրքի ձևաչափում սա առաջինն է: Գիրքը նվիրված է ոչ այնքան Հայաստանում արդեն բնակվող հայրենադարձներին, որքան հայրենիքից հեռու այդ ցանկությունը թաքուն փայփայողներին:
Հեղինակի խոսքով` 30 հայրենադարձի մասին հաջողված պատմությունները բավարար են, որպեսզի հիմք հանդիսանան հայրենադարձների թվի շատացմանը: Սևադան նախատեսում է 2020 թվականին ևս շարունակել հոդվածների շարքը և մոտ 50 հայրենադարձի պամություն ներկայացնել: Պատմությունները ոգևորող են: Ներկաները ոգևորված էին: Դահլիճում էին նաև գրքի հերոսները` հայրենադարձները: Նրանք հայրենիքում բավական լուրջ գործունեություն են ծավալումՙ տարբեր ոլորտներում: Հաջողակ գործարարներ են, հասարակական գործիչներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, մարզիչներ և այլն: Սևադայի գրքի ազդեցությունը կարող է հայրենադարձության համար նոր զարթոնք ապահովել:
Դահլիճում ներկա սփյուռքահայերը և հայրենադարձները ևս կարծիքներ հայտնեցին գրքի առանձնակի կարևորություն մասին: Ներկայացնելով սեփական փորձառությունները, հայրենիքում տարբեր տարիներին հաստատված հայրենադարձները հող են ստեղծում նորերի համար: Լիբանանի Զարթոնք օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի խոսքովՙ այս գիրքը հոյակապ նախաձեռնություն է, որի կարիքը Սփյուռքն ու Հայաստանն ունի:
«Անձնական փորձառությունները ուրիշներին պատմելը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի քաջալերվեն ու ինչ-որ մտահոգություններ, բարդույթներ, եթե կան, մի կողմ դնեն» ,- նշեց Սևակ Հակոբյանը: Ըստ նրա` շատ լավ կլինի, եթե գիրքը արևմտահայերեն ևս հրատարակվի, որպեսզի սփյուռքահայ կարդացողին ևս հասկանալի լինի:
Օրաթերթի գլխավոր խմբագիրն իր ելույթում ցավով նշեց, որ հայրենիքը հայրենադարձությունը քաջալերելու հարցում այլևս ռազմավարություն չունի, իսկ եղածները անհատական նախաձեռնություններ են:
«Վերջին 50 տարում Միջին Արևելքն անընդհատ դատարկվում է: Իսկ արտագաղթող դասակարգը լավագույներն են: Թե՛ տարիքային, թե՛ ուսումնական, թե՛ ֆինանսական առումով: Վերջերս Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Սիրիան դատարկվեց, հիմա էլ Լիբանանը: Չորս ամիս է Լիբանանը տակնուվրա է: Հայաստանի կողմից ես ոչ մի նախաձեռնություն չեմ տեսել: Որևէ մեկը չի հարցրելՙ ի՞նչ է պատահել, ի՞նչ է կատարվում: Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից ինչ-որ գումար փոխանցվեց: Բայց հայրենի պետության կողմից ավելի շատ բարոյական օգնության կարիք կար, քան դրամաական: Ասածս այն է, որ հստակ ռազմավարություն է հարկավոր: Վստահ եմ` այս գիրքը շատ լավն է, բայց մեզ տեսլական ու ռազմավարություն է հարկավոր»,- իր խոսքում ընդգծեց Սևակ Հակոբյանը:
Ներկաներն իրենց ելույթներում միաձայն հաստատեցին այն հանգամանքը, որ այս գիրքը մեծ կարևորություն ունի Սփյուռքի մեր հայրենակիցների համար: Հարցազրույցների հերոսներից մի քանիսն իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին հեղինակին, հիշեցին հարցազրույցի անցկացման հետաքրքիր դրվագներ և կոչ արեցին բոլոր սփյուռքահայերին վերադառնալ հայրենիք:
Լսելով ներկաների ջերմ ու դրական կարծիքները, Սևադան իր ելույթը սկսեց նախ շնորհակալություն հայտնելով Սահակյան-Բաղրամյան հիմնադրամին` ի դեմս Բրուկլինի հայ համայնքի ղեկավար Տիգրան Սահակյանի, գրքի տպագրությոնը հովանավորելու համար:
«Շատ հաճելի է, երբ հայրենադարձության թեմայով ֆինանսավորումը ստանում ես Սփյուռքից: Գիրքս ստեղծելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ որպես լրագրող աշխատում էի ՀՀ Սփյուռքի նախարարությունում: Ընթացքում հասկացա, որ կարելի է մեկտեղել բոլոր հարցազրույցները: Շատ հաջողված պատմություններ են և թիրախավորումը լինելու էր Սփյուռքում, որպեսզի Սփյուռքի երիտասարդները վճռական լինեն հայրենադարձման գործում: Հաջորդ շնորհակալությունս ուզում եմ հայտնել գրքի խմբագիր Կարինե Ավագյանին, ում ուղորդող հորդորների շնորհիվ է այս գիրքը ծնվել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հայրենադարձներին, ովքեր միս ու արյուն տվեցին իմ այս նախաձեռնությանը: Եթե չլինեիք դուք, չէր լինի իմ այս նախագիծը: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Էդիտ Պրինտ հրատարակչությանը»,- շնորհակալական խոսքով ներկաներին դիմեց գրքի հեղինակը:
Միջոցառման ավարտին Սարիկ Սևադան գրքի 30 հայրենադարձներին, որոնք ներկա էին արարողությանը, հատուկ մակագրությամբ գիրքը նվիրեց, ապա բոլոր ցանկացողներին սիրով հանձնեց 30 հայրենադարձի մասին պատմող կարևոր աշխատությունը:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ