Հինգշաբթի, 10. 10. 2024

spot_img

Հայկական Բանակի Օր Սքեմով Զինուորը

Հայոց եկեղեցին ու ազգային բանակը  պատմութեան ողջ ընթացքում մէկ միասնականութիւն են եղել ու կան: Թէ՛պատերազմական եւ թէ՛ խաղաղ պայմաններում հայ եկեղեցու սպասավորները` մի ձեռքում`  զէնք, միւսում՝ խաչ, կանգնել են  զինուորի կողքին եւ հաւասարը հաւասարին պաշտպանել հայրենիքն ու նրա սահմանները:

ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդութեան ստեղծումից ի վեր հոգեւորականները ծառայում են նաեւ զօրամասերում եւ մարտական դիրքերում: Ծառայողական առօրեայից բացի  զինուած ուժերում հոգեւոր սպասաւորների նախաձեռնութեամբ եւ հրամանատարական կազմի  աջակցութեամբ արդէն պարբերական բնոյթ են կրում մկրտութիւնները: Դեկտեմբերի 14-ին Մուղնու Սուրբ Գէորգ եկեղեցում տեղի ունեցաւ  N զօրամասի  զինծառայողների մկրտութեան հերթական արարողութիւնը: Այս առիթը ունենալով՝  եկեղեցիբանակ կենսական կապի, ծառայութեան դժուարութիւնների, զինուորների մկրտութեան  եւ  մի շարք այլ թեմաների մասին զրուցել եմ N զօրամասի գնդերէց  Սիմոն սարկաւագ Իգիթեանի հետ:

Սիմոն սարկաւագ Իգիթեան, N զօրամասի գնդերէց:

2007 թուականին ընդունուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէորգեան  Հոգեւոր  Ճեմարան:

2011 թուականին ձեռնադրուել է  սարկաւագ:

Աւարտելով ուսումը՝ 2014 թուականից հոգեւոր ծառայութեան է նշանակուել ՀՀ ԶՈՒ

Հոգեւոր Առաջնորդութիւնում՝ որպէս գնդերէց:

ՀՀ պաշտպանութեան նախարարի կողմից  պարգեւատրուել է ՀՀ Զինուած ուժերի «Ծովակալ Իսակով» մետալով:

Ապրիլեան ռազմական գործողութիւնների մասնակից:

 

Ծառայութեան առաջին օրերին Սիմոն սարկաւագին զինուորական առօրեան թուացել է միապաղաղ, սակայն զինծառայողների հետ ամենօրեայ շփումը միջավայրը դարձրել է իւրայատուկ: «Իւրաքանչիւր զինծառայող, ինչպէս եւ Աստծու իւրաքանչիւր արարած բացառիկ եւ իւրայատուկ դեր ու նշանակութիւն ունի ինչպէս հասարակութեան մէջ, այնպէս էլ զօրամասերում: Օրուայ բազմազանութիւնն ապահովում են հենց իրենք՝ զինծառայողները՝ իրենց բազմաթիւ  հարցերով, խնդիրներով ու առաջարկութիւններով»: Հարցին, թէ ինչպէս են զիուորները ընդունում «սեւ հագուստով զինուորին», պատասխանում է. «Բանակում  ամէն ինչ միանման է՝ հագուստից սկսած վերջացրաց առօրեայով։ Երբ այդ միօրինակութիւնից դուրս մարդ է յայտնւում, ակամայից իրեն օտար է զգում: Երբ ես զինուած ուժերում անցայ ծառայութեան, նշանակուեցի մի այնպիսի զօրամասում, որտեղ ինձնից առաջ ծառայութիւն իրականացնող գնդերէց երբեւէ չէր եղել: Զօրամասի անձնակազմի մեծ մասը մի փոքր տարօրինակ  հայեացքով էր նայում ինձ, սակայն շատ կարճ ժամանակ անց մենք մտերմացանք եւ, երբ արդեն զօրացրուող զինծառայողներին էինք ճանապարհում, ակամայից փոխադարձաբար յուզւում էինք: Բանակում   հոգեւորի կարիքը այնքան մեծ է, որ զինծառայողները ինքնաբերաբար մօտենում են հոգեւորականին, եւ մէկ-երկու շփումից յետոյ զինծառայողների եւ հոգեւորականի միջեւ առաջանում է մտերմութիւն, որ միաւորում է զինուորական համազգեստը եւ հոգեւորականի սքեմը»:

Եկեղեցի-բանակ կապի մասին խօսելիս յիշում է պատմական անցքերը՝ մեր օրերի հետ  համեմատութիւն եզրագծելով: «Մեր ողջ պատմութեան ընթացքին հայ հոգեւորականը եղել է հայ զինուորի ու զօրականի կողքին: Նոյն աւանդոյթը շարունակուում է նաեւ մեր օրերում: Իւրաքանչիւր ոք կարիք ունի հոգեւոր կեանքի եւ խնամքի, զինծառայողներն առաւելաբար կարիքը ունեն իրենց  հոգեւոր կեանքը կազմակերպելու, իսկ այդ գործում առանցքային նշանակութիւն ունեն իրենց կողքին ծառայող եւ իրենց խնդիրներով ապրող զօրամասերի գնդերէցները»:

Ըստ Սիմոն սարկաւագի՝ գնդերէցի առաջնային խնդիրը փոխադարձ վստահութեան մթնոլորտ ստեղծելն  ու զինուորին  ապրումակցելն է։ «Եթէ այս երկու խնդիրները լուծւում են, մնացած հարցերը դառնում են երկրորդային, որովհետեւ զօրամասերում բոլորս ծառայում ենք  մեր հայրենիքի ու սրբութիւնների  պահպանութեան համար: Այդ գաղափարի գիտակցումը բոլորիս դարձնում է մի կուռ ընտանիք»,- ասում  է նա:

Մարտական միջավայրում  հոգեւորի ընկալման  ու մեկնաբանման մասին խօսելիս գնդերէցը մատնանշում է զինուորների գիտակցութիւնը եւ հասուն մօտեցումը հոգեւորին, ինչն առաւելապէս ձեւաւորւում է դժվարութեան հանդիպելիս: «Ծառայութեան 2 տարիները հանդիսանում են հոգեւոր առաւել բարձր աստիճանի եւ աշխարհընկալման  ձեւաւորմանը խթանող հանգամանք  ամեն մի զինուորի կեանքում: Ծառայութեան տարիների ընթացքում զինուորը հասկանում է եւ գիտակցում է, որ չի կարող յաղթահարել բոլոր փորձութիւններն առանց Աստծու ներգործուն ներկայութեան»:

ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդութեան  հիմնումից յետոյ   նկատելիօրէն զինուորակաների մկրտութիւնը մեծ մասշտաբներ է ընդունում:

Ինչպէ՞ս են մօտենում զինուորները մկրտութեանը: Լինու՞մ են դէպքեր, երբ հենց զինուորներն են նախաձեռնում եւ դիմում մկրտութեան համար:

-Գիտակցելով մկրտութեան խորհուրդը եւ կարեւորութիւնը՝ զինուորները հիմնականում իրենք են նախաձեռնում եւ առաջարկում մկրտութիւնը: Կողքի աչքի համար փոփոխութիւնները չեն կարող աննկատ մնալ: Մկրտութիւնից յետոյ զինուորները, սովորաբար, աւելի պատասխանատու մօտեցում են դրսեւորում քրիստոնէական կենցաղավարութեանը: Բացի  այդ, զօրամասերում ձեւաւորւում է քավոր-սանիկ մտերիմ փոխյարաբերութիւններ, քանի որ զինուորները հիմնականում որպէս կնքահայր ընտրում են իրենց ծառայակից ընկերներին:

Սիմոն սարկաւագ Իգիթեանը  լիայոյս է, որ  այս ամենը՝ որպէս աւանդոյթ, կը շարունակուի զինուորական ծառայութեան ընթացքում: «Յուսալից եմ՝   Քրիստոսի խօսքը մեր միջոցով եւ Աստծու ներգործուն մասնակցութեամբ մշտանորոգ բնակութիւն կհաստատի մեր հայրենեաց պաշտպանների մէջ»:

Զարա Ղազարեան

«Զարթօնք»ի Աշխատակից

 

 

 

 

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին