«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 42 –
Կանանց տնտեսական հնարաւորութիւնների ընդլայնումը երկրի զարգացման կարեւոր նախապայման: Նախադասութիւնն, իհարկէ շատ յաւակնոտ է: ՄԱԿ-ի կարեւորագոյն ծրագրերից մէկն է, որի վերաբերեալ եռօրեայ դասընթաց էր կազմակերպուել լրատուամիջոցների ներկայացուցիչների համար:
Աշխարհում կանանց տնտեսական հնարաւորութիւնների բարձրացմանը խթանող բազմաթիւ ծրագրեր կան: Հայաստանում եւս, սակայն այստեղ պատկերը փոքր ինչ այլ է: Կանանց տնտեսական ազատութիւնը սահմանափակւում է մի շարք պատճառներով: Դասընթացի բանախօս, պատմաբան, հետազօտող Ճինա Սարգիսովան երեք օրուայ ընթացքում բազմաթիւ վիճակագրական տուեալներ ներկայացրեց: Ոլորտում երկար տարիների աշխատանքի արդիւնքում հասցրել է ուսումնասիրել ու վեր հանել կանանց տնտեսական կրաւորութեան պատճառները:
Մարզերում եւ Երեւանում պատկերը տարբեր է: Կանայք առեւտրով կամ քաղաքականութեամբ չեն զբաղւում տարբեր պատճառներով: Ամուսինները թոյլ չեն տալիս: Երեխաների հետ չեն հասցնում: Մարզային բնակավայրերում ընդունուած չէ, որ կինը պէտք է առեւտրով զբաղուի: Կինը պէտք է նստի տանը, ամուսնուն, երեխաներին, ամուսնու ծնողներին խնամի: Միւս դէպքում կանայք իրենք չեն համարձակւում գործ սկսել: Ներքին անվստահութիւն ունեն: Կողքից աջակցութիւն չկայ: Դա կոչւում է կպչուն յատակի ախտանիշ (Sticky floor syndrome):
Երբ կինը վախենում է տեղից վեր կենալ եւ լուրջ քայլեր կատարել: Այս պատճառները դասընթացի քննարկման ժամանակ տարբեր վայրերից հաւաքուած լրագրողները եւս մատնանշեցին: Իւրաքանչիւրն իր փորձից ելնելով խօսեց խնդրի մասին: Այսինքն իրավիճակը շատերին է ծանօթ: Խնդրի լուծման ուղիները եւս յայտնի են: Պէտք է կանանց խրախուսել: Քաջալերել: Պոկել կպչուն յատակից ու ցոյց տալ, որ իրենք կարող են երկրի տնտեսութեան հզօրացման գործում կարեւոր դերակատարում ունենալ:
Եռօրեայ դասընթացի նպատակը մէկն էրՙ մետիան օգտագործել որպէս միջոց այս ամենը թիրախային լսարանին փոխանցելու համար: Այս գործում մեծ է լրատուամիջոցների դերը, որպէս տեղեկատւութեան փոխանցման միջնորդ:
Բանախօս Ճինա Սարգիսովայի խօսքովՙ պետական կառոյցներում, քաղաքականութիւնում, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրաւուածութիւնը բաւարար է: Նախկինում մակարդակը շատ ցածր էր: Սակայն, ղեկավար ամենավերին օղակներում մշտապէս տղամարդիկ են:
Կանայք աւելի ցածր օղակներում են ներկայացուած: Ցանկացած կազմակերպութիւնում, այսպէս ասած, կնիք դնողը տղամարդն է: Ինչո՞ւ: Դեռ զարգացած չէ այն միտքը, որ կինը եւս կարող է ղեկավարել, որոշում կայացնել:
Բաւական է ուսումնասիրել պետական կառոյցներում, նախարարութիւններում կանանց զբաղեցրած պաշտօնները, պարզ կը դառնայ, որ որոշում կայացնողի դերում նրանց հանդէպ վստահութիւն չկայ, իր խօսքում նշեց Ճինա Սարգիսովան:
Հայաստանում այսօր կայ մէկ կին նախարար: Վարչութեան պետերը հիմնականում տղամարդիկ են: Տեղական ինքնակառավարման մարմիններում վիճակն աւելի վատ է: Ի դեպՙ Հայաստանի նորանկախ պատմութեան մէջ մէկ կին մարզպետ է ունեցել: Այն էլ Շիրակի մարզում: Կարծրատիպերով յայտնի ու առատ մարզում: Փոխմարզպետեր երբեւէ չեն եղել:
Կանանց ներգրաւուածութիւնը քաղաքականութեան մէջ:
Մինչեւ 2021 թուականի Յունուարի 1-ը Ազգային ժողովի, Երեւանի, Գիւմրիի եւ Վանաձորի աւագանիների ընտրութիւնների ժամանակ կուսակցութեան, կուսակցութիւնների դաշինքի եւ դաշինքում ընդգրկուած կուսակցութիւններից իւրաքանչիւրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թուով քառեակներում (1-4, 1-8, 1-12 եւ այդպէս շարունակ` մինչեւ ցուցակի աւարտը) իւրաքանչիւր սեռի ներկայացուցիչների թիւը չպէտք է գերազանցի 75 տոկոսը…», – ասւում է ՀՀ ընտրական օրէնսգրքի «Անցումային դրոյթներ» բաժնի 144-րդ յօդուածի 14-րդ կէտում։
Այսինքն կուսակցութիւնների ընտրական ցուցակներում ամեն 4-րդը կամ 25 տոկոսը պէտք է կին լինի։ Եթէ վերցնենք յեղափոխութիւնից յետոյ տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնները, ապա պատկերը փոքր-ինչ գովելի է: Խորհրդարանական ընտրութիւններում առաջադրուած 9-ը քաղաքական ուժերի՝ 5 կուսակցութիւնների եւ 4 դաշինքների, համապետական ցուցակներում 29.5% կին թեկնածու է ներկայացուած եղել, տարածքային ցուցակներով՝ 30.8 %:
Կուսակցութիւնները կարողացել են պահպանել օրէնքի պահանջը, սակայն պատկերը փոխւում է, երբ հարցը վերաբերում է կանանց առաջատար տեղերում ներգրաւելուն։ Կին թեկնածուները հիմնականում ներկայացուած են եղել ցուցակների վերջին տասնեակներում։
Այնուամենայնիւ, այսօր խորհրդարանում կանանց ներգրաւուածութիւնը դրական տեղաշարժ է: Կանանց ներկայութիւնը, օրինակ խորհրդարանում անհրաժեշտ է մի քանի պատճառով; Նախ կենտերային (gender) հաւասարարութիւն: Յետոյ կանայք խնդիրների բարձրաձայնման գործում աւելի զգայուն են: Կանանց կողմից վեր են հանւում խնդիրներ, որոնք տղամարդկանց մտքով անցնել չեն կարող:
Օրինակ նախակրթարաններում, դպրոցներում, այլ ուսումնական հաստատութիւններում, որտեղ հիմնականում կանայք են, կան տղամարդկանց աչքի համար անտեսանելի խնդիրներ: Դիցուկՙ կանանց համար յարմար աշխատժամեր, յղիութիւնից յետոյ անաշխատունակութեան արձակուրդ, պայմաններ, վարձատրութիւն եւ այլն: Սրանք խնդիրներ են, որոնց ամեն օր կանայք բախւում են:
Կանայք աշխատանք փնտռելիս էլ յայտնւում են անյարմար իրավիճակներում: Գործատուն շատ դէպքերում կանանք աշխատանքի չի ընդունում այն պատճառով, որ մի օր կինը ամուսնանալու է, ֆիզարձակուրդ գնա եւ աշխատավարձ ստանայ: Գործատուները նախընտրում են տղամարդկանց, որովհետեւ ժամային խնդիր չկայ: Ֆիզարձակուրդ գնալու խնդիր չկայ: Երեխաներին պահելու, մանկապարտէզ, դպրոց տանել բերելու խնդիր չկայ եւ նմանատիպ այլ խնդիրներ:
Դասընթացի երեք օրերի ընթացքում լրագրողները բազմաթիւ հարցեր քննարկեցին: Ինչպէս կարելի է խթանել կանանց ներգրաւուածութիւնը տնտեսական, քաղաքական ոլորտ: Ինչպէս տղամարդկանց մօտ վերացնել այդ կարծրատիպերը, թէ կինը միայն տան համար է: Մասնակցիները եկան այն եզրակացութեան, որ կարծրատիպերը կոտրել հարկաւոր չէ: Դրանք պէտք է յաղթահարել: Պէտք է մշտական աշխատանք տանել թիրախային խմբերի հետ: Դասընթացի բանախօսի պնդմամբ նման խնդիրները միայն Հայաստանին բնորոշ չեն: Ամբողջ աշխարհում կա խնդիր կանանց աշխուժացման հետ կապուած:
ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի ներկայացուցիչները դասընթացի վերջին օրը գործնական յանձնարարութիւն տուեցին լրագրողներին: Մշակել ու ներկայացնել մետիա ծրագիր, որը դրական ազդեցութիւն կ՛ունենայ վերը թուարկած խնդիրների լուծման գործընթացում: Երեք օրերի քննարկումների արդիւնքում ներկայացուեցին ծրագրերի նախնական տարբերակներ: Լաւագոյն նախագծերը յետագայում կը ֆինանասաւորուեն ՄԱԿ-ի կողմից: Դասընթացները բաւական արդիւնաւէտ էին լրատուամիջոցներ-ՄԱԿ հետագայ համագործակցութեան համատեքստում:
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից