Հոկտեմբերի 31-ին կայացած Խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում ամենաքննարկուած հարցը Սահմանադրութիւնում փոփոխութիւններ կատարելու առաջարկին էր վերաբերում: Ամիսներ առաջ մեկնարկած ստորագրահաւաքի արդիւնքները Կեդրոնական ընտրական յանձնաժողովից յետոյ Ազգային ժողով է հասել: Յանձնաժողովային քննարկումներից յետոյ է ընդունուել որոշումը հարցը լիագումար նիստի օրակարգում ներառելու մասին:
Ամպիոնի մօտ քաղաքացիական նախաձեռնութեան լիազօր ներկայացուցիչ Վլատիմիր Պօղոսեանն է՝ որպես հիմնական զեկուցող: Խորհրդարանականներին է ներկայացնում ստորագրահաւաքի փուլը յաղթահարած նախաձեռնութեան հիմնաւորումները: Ընդհանուր գծերով՝ նախաձեռնութեան նպատակն է Արցախում նախագահի եւ պատգամաւորի պաշտօնում առաջադրուելու իրաւունք ապահովել նաեւ ՀՀ քաղաքացիների համար:
Յաջորդիւ հարցուպատասխանի փուլն է: Պատգամաւորները մտահոգութիւններն են բարձրաձայնում. Արդեօ՞ք նախաձեռնութիւնը բացասաբար չի անդրադառնայ Արցախի առարկայականութեան վրայ, արդեօ՞ք խնդիրներ չեն առաջանայ Արցախի ճանաչման ճանապարհին, որքանո՞վ է այդ նախաձեռնութիւնը տեղաւորւում ՀՀ օրէնսդրական դաշտում:
Գլխադասային յանձնաժողովի մօտեցումն էլ սովորականից տարբերուող է: Եզրակացութիւնը բացասական է, բայց յանձնաժողովը կողմ է արտայայտուել, որ հարցը լիագումար նիստի օրակարգում ներառուի եւ քննարկուի՝ հաշուի առնելով թեմայի հասարակական հնչողութիւնը, մանրամասնում է ԱԺ պետական իրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Յովիկ Ճիւանեանը:
Հարակից զեկոյցով հանդէս է եկել արդարադատութեան նախարարը: Ի թիւս այլ նկատառումների՝ Արարատ Դանիէլեանն ընդգծել է՝ անհասկանալի կը լինի Արցախի Հանրապետութեան բնակչութեանը թուապէս գերազանցող մարդկանց Արցախում ընտրուելու իրաւունք տալ՝ առանց նրանց ընտրելու իրաւունքն ապահովելու: Միւս կողմից՝ այս նախաձեռնութիւնը Հայաստանում ընտրելու կամ ընտրուելու իրաւունք չի ապահովում Արցախի քաղաքացիների համար: Իրենց ելոյթներում մօտ մէկ տասնեակ պատգամաւորներ իրենց դիրքորոշումն են ներկայացրել եւ հիմնաւորումները: Ռուսլան իսրայէլեանը յայտարարել է, որ կողմ է վերացարկելու, Շարժում 88-ի ներկայացուցիչներն ընդգծել են թեմայի վերաբերեալ Գերագոյն դատարանի եզրակացութիւնը ստանալու անհրաժեշտութիւնը՝ արդեօ՞ք հակասահմանադրական չէ: Նախաձեռնութեանը իրաւաբանական ծառայութիւններ մատուցող Ռաֆիկ Մարտիրոսեանն էլ կրկին անգամ նախաձեռնութեան հիմքերին է անդրադարձել:
Խմբակցութիւնների անունից երեք ելոյթ է հնչել: Հայկ Խանումեանը յայտարարել է, որ Վերածնունդը կողմ է քուէարկելու, Արմէն Սարգսեանն ու Արթուր Թովմասեանն էլ հիմնաւորել են, թէ ինչու Դաշնակցութիւն եւ Հայրենիք խմբակցութիւնները դէմ են քուէարկելու: Նախաձեռնութիւնը կարող է խնդիրներ առաջացնել թէ իրաւական, թէ քաղաքական հարթութիւնում: Արտահերթ ելոյթով՝ կարծիքների խճանկարը Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլեանն է ամբողջացրել: Կարծիքների բազմազանութիւնը բնական է համարում, ներքաղաքական զարգացումներում Խորհրդարանի դերն ու պատասխանատուութիւնը՝ անխուսափելի:
Քուէարկութիւնը քննարկումների արդիւնքներն է ամբողջացրել: Կողմ 4, դէմ 24, ձեռնպահ 1: Ձայների այս յարաբերակցութեամբ՝ Արցախի Հանրապետութեան Սահմանադրութիւնում փոփոխութիւններ կատարելու մասին նախագիծը չյաղթահարեց առաջին ընթերցման փուլը եւ հանուեց շրջանառութիւնից:
ՆՈՐԱՅՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
«Զարթօնք»ի Արցախի Աշխատակից