Շաբաթ, 05. 10. 2024

spot_img

Փողային նուագարանների վարպետը պիտի դառնար 60 տարեկան

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հայ երաժշտարուեստի, մասնաւորապէս կատարողական արուեստի յայտնի դէմքերից է Արարատ Պետրոսեանը: Նրա կատարումները լսարանին մշտապէս հմայել են ոչ միայն իրենց արհեստավարժութեամբ, այլև նուրբ ու մեղեդային, տեխնիկապէս բարդ ու իւրօրինակ կատարողական հնարքների լիութեամբ և գունեղութեամբ: Այս ամէնից զատ Ա. Պետրոսեանի համար ամենակարևորը հայ երգի հոգուն հարազատ մնալն էր, ինչին մինչև իր կեանքի վերջն անմնացորդ ծառայեց ու չխոտորուեց, իր համար ուղեցոյց ունենալով մեր ազգային երգի  լուսափայլ աստղ ու նահապետ Կոմիտասին իւր ամբողջ բովանդակութեամբ:

  Սիւնեաց աշխարհի տաղանդաւոր զաւակ, հայ ազգային երաժշտարուեստի երախտաւոր, փողային նուագարանների հանրաճանաչ վարպետ-կատարող, սրնգահար Արարատ Պետրոսեանը ծնուել է Ղափան քաղաքում (Կապան, 1959): Նրա երաժշտական նախակրթութեան հիմնաքարը դրեց հայրը, Սիւնիքում յայտնի ինքնուս դուդուկահար Ալբերտ Պետրոսեանը։ Ընդհանրապէս Պետրոսեանները Կապանում յայտնի էին որպէս երաժշտական ընտանիք, որի բոլոր անդամները տիրապետում էին ազգային նուագարաններին ու երգում էին։ Մանկուց ականջալուր լինելով հօր նուագին, խորապէս տոգորուելով հայկական ժողովրդական երգի հմայքով, իր ցանկութեամբ հանրակրթական դպրոցի հետ զուգահեռ Արարատն աւարտում է նաև Ղափանի թիւ 1 երաժշտական դպրոցը: Կանխորոշելով իր ապագայ երաժիշտ դառնալը, Արարատ Պետրոսեանը ուսումը շարունակում է տեղի երաժշտական ուսումնարանի փողային բաժնում, որպէս կլառնետահար հմտանում յայտնի մանկավարժ-երաժիշտ Գառնիկ Խաչատրեանի դասարանում: Այնուհետև 1983 թուականին աւարտելով Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիան (դաս. Խաչիկ Խաչատրեան), նա նշանակում է ստանում դասաւանդելու կոնսերվատորիայի ժողովրդական նուագարանների բաժնում, որպէս փողային գործիքների դասատու (շուի, սրինգ, թաւ շուի, բլուլ, դուդուկ, զուռնա): Տակաւին երիտասարդ, բայց արդէն իր կատարողական վարպետութեամբ աչքի ընկած Արարատ Պետրոսեանին այս պատասխանատու աշխատանքը վստահում են կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Էդգար Յովհաննիսեանը և կոմպոզիտոր, կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների բաժնի վարիչ Խաչատուր Աւետիսեանը: Հէնց նրանց խորհրդով էլ Արարատը բեմ է հանում թաւ շուի նուագարանը, դառնալով այդ գործիքի համար գրուած ստեղծագործութիւնների առաջին կատարողը նաև:

 

Մանկավարժական եւ ստեղծագործական կեանք

  Պարզ էր սակայն,  հեշտ չէր լինելու մանկավարժութեան ասպարէզում: Լինելով կոնսերվատորիայի ժողովրդական բաժնի առաջին շրջանաւարտներից (1982-ին) նա լաւ էր հասկանում իր առջև ծառացած խնդրի լրջութիւնն ու պատասխանատուութիւնը։ Գիտենալով, որ ազգային նուագարանների բաժինը ծրագրային ստեղծագործութիւնների խիստ կարիք ունի և մասնաւորապէս փողային գործիքների համար  հարկաւոր էին նոր փոխադրումներ ու մշակումներ, նա լծուեց այդ առաքելութեանը։ Արարատի պրպտուն միտքը չդաւաճանեց իրեն, իսկ փոխադրումների առաջին օրինակներն արժանացան Խաչատուր Աւետիսեանի գնահատանքին, ինչն էլ աւելի ոգևորեց երիտասարդ մանկավարժին: Աշխատասիրութիւնն ու նուիրուածութիւնը Արարատ Պետրոսեանին լաւ մանկավարժի համբաւ բերեցին: Լաւագոյն սաներ է դաստիարակել նա. դրանցից առաջին շարքում են Հայաստանում և արտերկրում մեծահամբաւ երաժիշտներ`ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանեանը (շուի, թաւ շուի, սրինգ, բլուլ), դուդուկահարներ՝ Վահան Յարութիւնեանն ու ՀՀ վաստակաւոր արտիստ Գէորգ Դաբաղեանը:

Մանկավարժութեան հետ զուգահեռ, զբաղուած լինելով ստեղծագործական և կատարողական գործունէութեամբ Արարատ Պետրոսեանը դեռ ուսանողութեան տարիներին հրաւիրուեց Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսութեան Արամ Մերանգուլեանի անուան ժողովրդական գործիքների անսամբլ, որպէս շուիահար: Նրա նուագացանկը բազմաժանր էր: Սակայն դրա մեծ մասը հայկական ժողովրդական երգերից ու հայ կոմպոզիտորների ստեղծագործութիւններից էր կազմուած՝ Կոմիտաս, Արամ Խաչատրեան, Արամ Մերանգուլեան, Խաչատուր Աւետիսեան, Մանուէլ Բեգլարեան, Գրիգոր Հախինեան, Խաչատուր Ներսիսեան, Ռոբերտ Պետրոսեան և այլն: Նրա նուագացանկում իւրօրինակ տեղ ունէին նաև գուսանական և աշուղական երգերը՝ Սաեյաթ-Նովա, Շահէն, Շերամ, Հաւասի, Աշոտ:  Վերը թուարկած կոմպոզիտորներն ու նաև ուրիշներ բարձր գնահատելով Արարատ Պետրոսեան կատարողին, անձնապէս ստեղծագործութիւններ էին նուիրում նրան։ Դրանք յատկապէս գրւում էին թաւ շուիի համար, որի լաւագոյն վարպետն էր նա (Խ. Աւետիսեան «Հովուերգական պոէմ», Ռ. Պետրոսեան «Կոնցերտային էքսպրոմտ», Գ. Հախինեան «Ինտերմեցցօ», Խ. Ներսիսեան «Ռապսոդիա Սիւնիք»): Այս բոլոր թուարկած ստեղծագործութիւնները տեղ են գտել նրա «Արարատեան հովեր» անունը կրող անդրանիկ ժողովածուի մէջ, իսկ դրանց ձայնագրութիւնները պահւում են ՀՀ Ազգային ռադիոյի ձայնադարանում:

 Տաղանդաւոր երաժիշտը մշակումներ ու փոխադրութիւններ անելուց զատ ստեղծագործում էր, երաժշտութիւն էր գրում, բանաստեղծութիւններ, որոնք այնուհետև տպագրուեցին նաև «Համայնապատկեր» ամսագրում (ԱՄՆ)։ Նա  ստեղծագործ մտքի թռիչք ունէր և նուրբ ճաշակ, տիրապետում էր արևելեան երաժշտարուեստի ճիւղերից մէկի՝ մուղամաթի գաղտնիքներին։ Այդ եզակի տաղանդի շնորհիւ տարբեր տարիներին հրաւիրւում էր միջազգային ֆոլկլորագիտական ժողովների և փայլում իր կատարողական վարպետութեամբ (1983-ին Սամարկանդ, 1990-ին Դուշամբէ, 1991-ին Բեռլին):

 Նա ոչ միայն կատարողական արուեստի նուիրեալ էր, այլև հայրենասէր էր, ինչը դրսևորուեց արցախեան պատերազմի տարիներին: Անմասն չմնալով հայրենիքին հասած արհաւիրքից, Արարատն իր մասնակցութիւնն է բերում ազատամարտին. նուագարանը ձեռքին սահմանամերձ շրջաններում էր, ազատամարտիկների կողքին, իր հայաշունչ նուագով տոգորում էր զինուորներին, նորոգում նրանց ոգին և ուժ տալիս դիմակայելու ոսոխին:

Միացեալ Նահանգներում

1993 թուականին Արարատ Պետրոսեանը մեկնում է ԱՄՆ, իսկ 1997-ին Լոս Անճելըսի Իրանահայ միութեան հովանաւորութեամբ` մասնաւորապէս ատենապետ Թոմիկ Ալեքսանեանի օգնութեամբ հիմնում է «Արաքս» երաժշտանոցը, որտեղ ուսուցանւում էր բացառապէս հայկական ժողովրդական երաժշտութիւն:  Չնայած դրան, այստեղ սովորում էին նաև ազգութեամբ ոչ հայ պատանիներ: «Արաքսի» գոյութեան ողջ ընթացքում Արարատը զգաց նուիրեալ հայ ու բարեկամ Թոմիկ Ալեքսանեանի հաւատարմօրէն ու անշահախնդիր մեկնած ձեռքի գոյութիւնը, ինչը նրան էլ աւելի էր պարտաւորեցնում։

Այնուհետև երաժշտանոցին կից Արարատը ստեղծում է նաև «Սրինգ» ժողովրդական համոյթը, որը ճանաչում ունեցաւ Լոս Անճելըսի հայութեան մէջ: Ուսուցչութիւնը չխանգարեց նրան զուգահեռաբար համերգներով հանդէս գալու ԱՄՆ-ում և նաև Աւստրալիայում: Գեղեցիկ համերգների, բուռն ընդունելութիւնների, բազմաթիւ շնորհակալագրերի ու մրցանակների վկաներն ու մշտական ուղեկիցը նրա արուեստակից ընկերներն էին` կոմպոզիտոր և դաշնակահար Արտաշէս Քարթալեանը, դաշնակահար և մտերիմ ընկեր Յովսէփ Թորոսեանը, աշխարհահռչակ դուդուկահար Ջիւան Գասպարեանը,  դուդուկահար Ռուբէն Յարութիւնեանը, Բենիկ Իգնաթեանը, ասմունքող Նունէ Աւետիսեանը և այլք,  իսկ աւելի յաճախ քոյրը` ժողովրդական երգերի իւրօրինակ կատարող ու ճանաչուած երգչուհի Մարինէ Պետրոսեանը:

Արարատ Պետրոսեանի կատարողական գործունէութեան արգասիքն են մի շարք ձայնագրութիւնները, որոնք պահւում են Հայաստանի ռադիոյի ձայնադարանում,  «Սիւնեաց մեղեդի» («Melody of Sunik», 1995) և «Արձագանգ» («Echo», 1996) ձայներիզները (CD), որոնք լոյս են տեսել Լոս Անճելըսում և արժանացել “Armenian music Awards” (Լոս Անճելըս) փառատօնի առաջին մրցանակին: Նրա կատարումները սրնգի, թաւ շուիի և դուդուկի վրայ անմահացել են նաև կինոֆիլմերում` հայկական «Սասունցի Դաւիթ» և «Հրդեհ», ամերիկեան  «Սուսերամարտ», քանատական «Իմ տղան էլ հայ պիտի մնայ» և այլն:

«Արարատեան հովեր»

Ստեղծագործական ու կատարողական այսպիսի բուռն գործունէութիւնը կարող էր է՛լ աւելի արգասաբեր լինել հայկական ժողովրդական երաժշտարուեստի համար, սակայն  յանկարծակի ընդհատուած կեանքն իր ետևում թողեց ցանկութիւնների, երազանքների ու  չիրականացած  նպատակների մի ողջ շղթայ: Դրանցից մէկն  «Արարատեան հովեր» (“Winds of Ararat”)  ժողովածուն է, որ համարեա պատրաստ էր, բայց մնաց սեղանին: Սա ամենայն ջանասիրութեամբ ու սիրով արուած հայկական ժողովրդական երգերի  մշակումների և փոխադրումների մի շարք է, որի տպագրութեանն Արարատ Պետրոսեանը սպասում էր անհամբերութեամբ: Այն պատրաստ էր տպագրութեան, ցաւօք Արարատին վիճակուած չէր վայելելու իր այդքան փայփայած երազանքը։  Քանի որ այս ժողովածուի գլխաւոր խմբագրի պարտականութիւնը Արարատ Պետրոսեանը տողերիս հեղինակին էր վստահել, նաև լինելով անմիջական մասնակիցը ժողովածուի ստեղծման նախապատրաստական աշխատանքների, որոշեցի անպայման ի կատար ածել տաղանդաւոր երաժշտի ցանկութիւնը: Նոյնպիսի նուիրումով ու ցանկութեամբ լի այս նպատակի  իրականացման ճանապարհը իր հովանաւորչութեամբ հարթեց նրա քոյրը, մեր  ազգային երգարուեստում ճանաչուած երգչուհի Մարինէ Պետրոսեանը, ում հետ էլ  կեանքի կոչեցինք Արարատի երազանքը: «Արարատեան հովեր» ժողովածուն դարձաւ  արժանի ու ցանկալի նուէրը Արարատ Պետրոսեանի գալիք 60-ամեայ յոբելեանին, նրա երազանքներից մէկի առհաւատչեան։

«Արարատեան հովեր» ժողովածուն երկար տարիների մանկավարժական և կատարողական աշխատանքի արդիւնք լինելուց բացի, հեղինակի կատարած բազմաթիւ մշակումների և փոխադրութիւնների, նաև ստեղծագործութիւններից երկուսի («Փոքրիկ փիէսը», «Կարօտ» պոէմ) վերջին հանգրուանը դարձաւ։ Հարկ է նշել, որ «Արարատեան հովեր» ժողովածուի աշխատանքներին ի սկզբանէ իր ակտիւ մասնակցութիւնն է ունեցել նաև դաշնակահար ու Արարատի հաւատարիմ ընկեր Յովսէփ Թորոսեանը։ Նա դաշնաւորել է հեղինակային ստեղծագործութիւնների դաշնամուրային նուագակցութիւնները։ Ժողովածուն նախատեսուած է ուսումնարանների, կոնսերվատորիայի ուսանողների և երաժշտական լայն շրջանակների համար։

Վիրտուոզ երաժիշտ, հայկական ժողովրդական կատարողական արուեստի անմնացորդ նուիրեալ, բարեկիրթ մարդ, հմուտ մանկավարժ, սիրուած ընկեր… այս գեղեցիկ հոմանիշների շարքը կարելի է շարունակել, որոնք Արարատ Պետրոսեան արուեստագէտի կերպարը կ՚ամբողջացնեն նրա արուեստի հետ նոր ծանօթացողների կամ նրան հեռուից ճանաչողների շրջանակում: Սակայն նախկինում նա դրա կարիքը չունէր: Տաղանդաւոր երաժիշտն ամէնուր՝թէ Հայաստանում, թէ ԱՄՆ-ում ապրելու տարիներին շրջապատուած է եղել հայկական ժողովրդական երաժշտարուեստի մեծերի ուշադրութեամբ և արժանացել նրանց բարձր գնահատանքին: Նրա կատարողական արուեստը բարձր են գնահատել ու դրուատանքի արժանի խօսքեր են ասել այնպիսի մեծեր, ինչպիսիք են՝ Էդգար Յովհաննիսեանը, Էդուարդ Միրզոյեանը, Խաչատուր Աւետիսեանը, Յովհաննէս Բադալեանը, Օֆելիա Համբարձումեանը, Ռուբէն Մաթևոսեանը, Խաչատուր Ներսիսեանը և ուրիշներ: Մեծահամբաւ այս երաժիշտները Արարատ Պետրոսեանի կոլեգաներին էին տարբեր հաստատութիւններում։ Սակայն բնաւորութեամբ ծանրակշիռ ու համեստ երիտասարդն իր ուսուցիչն ու վարպետն էր համարում նրանց, չթաքցնելով, որ անընդհատ նրանցից սովորելու բան ունի։

Լինելով հայ կատարողական արուեստի նուիրեալներից, Արարատ Պետրոսեանը հաւատարիմ մնաց պաշտելի Կոմիտասի յորդորներին, թէ անհրաժեշտ է անաղարտ պահել մեր աստուածատուր երգը, պէտք է ազնիւ լինել սերունդ դաստիարակելիս։  Լսէք Արարատի նուագը ու այն ձեզ կը տանի հայ ազգային երգ- երաժշտութեան ազնիւ, պայծառ ու գեղագոյն, մերթ նրբահունչ ու քնարական, մերթ հպարտ ու առնական ազուգական աշխարհը։

 

Անուշ Կիրակոսեան

Քանոնահարուհի, լրագրող

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին