ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոնտոնում՝ Քենզինգթոնի Միացեալ ռեֆորմիստական եկեղեցում, Լոնտոնի Թէքէեան խնամակալ մարմնի (The Tekeyan Trust London) կազմակերպմամբ տեղի ունեցաւ ձեռնարկ՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին եւ Կոմիտասի 150-ամեակին:
Միջոցառմանը ներկայ էին Մեծն Բրիտանիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսեանը, Լորտերի պալատի անդամ պարոնուհի Քերոլայն Քոքսը, Մեծն Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատուիրակ եւ առաջնորդ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը, հայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ։
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Լոնտոնի Թէքէեան խնամակալ մարմնի պատուաւոր քարտուղար, Լոնտոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի նախագահ Վարդան Ուզունեանը՝ հրաւիրելով ներկաներին մէկ րոպէ լռութեամբ յարգել 1915-1923 թթ. Օսմանեան կայսրութիւնում սրի մատնուած 1,5 միլիոն անմեղ զոհերի յիշատակը: Իր խօսքում Վ. Ուզունեանն անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացին, պատմական իրողութիւններին, մշակութային Ցեղասպանութեանն ու Կոմիտասի անգնահատելի աւանդին հայ երաժշտութեան զարգացման գործում: Նա կարեւորեց հայկական մշակութային ժառանգութեան, կրօնի ու լեզուի պահպանումն ու տարածումը մասնաւորապէս Սփիւռքում եւ միասնութեան կոչ արեց աշխարհասփիւռ հայերին՝ հզօրացնելու հայոց բանակը, սատար կանգնելու հայրենիքին, պահպանելու ու շէնացնելու այն՝ սերունդների համար կերտելով պայծառ ապագայ: Վ. Ուզունեանը յոյս յայտնեց նաեւ, որ Արմէն Սարգսեանի նախագահութեամբ է՛լ աւելի կ՚ամրապնդուի Հայաստան-Սփիւռք համագործակցութիւնը, նպաստելով երկրի տնտեսութեան զարգացմանը:
Իր ելոյթում դեսպան Արման Կիրակոսեանն ընդգծեց, որ մեծն Կոմիտասը՝ հայ ժողովրդի ազգային ինքնութիւնը խորհրդանշող գործիչներից մէկը, հանճար է ոչ միայն աշխարհասփիւռ հայերի, այլեւ ողջ առաջադէմ մարդկութեան համար, եւ պատահական չէ, որ Կոմիտասի ծննդեան 150-ամեայ յոբելեանն ընդգրկուած է ԵՈՒՆԵՍՔՕ-ի՝ Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների 2018-2019 թթ. օրացոյցում: Դեսպանը մէջբերէց մէկ այլ հանճարեղ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի խօսքերը. «Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ Հայաստանի օդը: Նրա լեռների, ձորերի, հովիտների գեղեցկութիւնը անդիմադրելիօրէն կլանում է ինձ»: Դեսպանը յաւելեց, որ այս տողերի տակ կարող է ստորագրել իւրաքանչիւր հայ մարդ, ով երբեւիցէ լսել է Կոմիտասի անմահ ստեղծագործութիւնները:
Շարունակելով դեսպանի խօսքը, Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը ներկայացրեց Կոմիտասի՝ հայկական դասական երաժշտութեան հիմնադրի, կեանքն ու ստեղծագործական ուղին։
Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Շուէդիայից զեկոյց էր ուղարկել ՀՀ նախագահի մրցանակի արժանացած թուրք մտաւորական, ակտիւիստ, մարդու իրաւունքների պաշտպան, Նոպելեան մրցանակի նոմինանտ, հրատարակիչ Ռագըպ Զարաքօղլուն, ով Թուրքիայում բազմիցս բարձրաձայնել եւ գրքեր է հրատարակել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ, ինչի հետեւանքով մշտապէս ենթարկուել է թուրքական իշխանութիւնների հետապնդումներին եւ բանտարկուել է: Զեկոյցը, որն ընթերցեց Լոնտոնի Թէքէեան Խնամակալ մարմնի հոգաբարձու Բերնարդ Նազարեանը, մասնաւորապէս ներկայացնում էր Հայոց Ցեղասպանութեան պատմական ճշմարտութիւնը, պատճառները, իրականացման կառուցակարգն ու հետեւանքները:
Ելոյթով հանդէս եկաւ նաեւ պարոնուհի Քերոլայն Քոքսը՝ հայ ժողովրդի մեծ բարեկամը: Նա միշտ կանգնել է հայ ժողովրդի կողքին, կիսել նրա ցաւն ու տառապանքը, սատարել արդար պայքարին՝ յանուն ազատութեան ու անկախութեան եւ իր ձայնը բարձրացրել մարդու իրաւունքների ոտնահարման ու բռնութիւնների դէմ: Նրա միջոցով բազմաթիւ օտարերկրացիներ ճանաչել են Արցախը, ճշմարտացի տեղեկութիւններ են ստացել երկրի հիմնախնդրի մասին: Պարոնուհին խօսեց հայ ժողովրդի նկատմամբ կատարուած դաժանութիւնների մասին, ընդգծելով, որ պէտք է պայքարել բոլոր նրանց դէմ, ովքեր ժխտում են Հայոց Ցեղասպանութիւնը, եւ թոյլ չտալ եւս մէկ Ցեղասպանութեան փորձի Ատրպէյճանի կողմից, որը ձգտում է վերացնել հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից:
Յիշարժան երեկոն շարունակուեց համերգային ծրագրով. մատուցուեց բարձրաճաշակ եւ բարձրարուեստ մշակոյթ: Տաղանդաշատ օփերային երգչուհի, մեցցօ-սոփրանօ Անայիս Հեղոյեանը կատարեց Կոմիտասի եւ Կ. Առաքելեանի ստեղծագործութիւններից, իր գեղեցիկ ձայնով հիացնելով հանդիսատեսին: Բուռն ծափողջոյններով դահլիճը դիմաւորեց նաեւ ճանաչուած ջութակահարուհի, բազմաթիւ միջազգային մրցոյթների դափնեկիր, Շուէդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Քանատայում, Մեծն Բրիտանիայում եւ այլ երկրներում մենահամերգներով հանդէս եկած Անի Բատիկեանին. հնչեցին Կոմիտասի, Ա. Խաչատուրեանի, Շումանի եւ Ա. Կռոլի ստեղծագործութիւններից: Լոնտոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի խմբավար, կոմպոզիտոր, երգիչ Գրիգոր Նաճարեանն իր հզօր ձայնի անկրկնելի հնչողութեամբ կատարեց Կոմիտաս:
Յաջորդիւ եղան Լոնտոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի կատարումները ջութակահարուհի Անժելա Նաճարեանի եւ դաշնակահարուհի Հաօ Զի Յոհի նուագակցութեամբ: Ելոյթ ունեցաւ նաեւ Վոկալ Տրիոն՝ ի դէմս Զուարթ Կարէեանի, Ցուզել Մանուչարովայի եւ Ֆէյրուզ Թորոսեանի: Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ Գ. Նաճարեանի, Ռ. Պետրոսեանի, Ա. Մարկոսեանի ստեղծագործութիւններից: Բանաստեղծուհի Լիանա Հայրապետեանն ընթերցեց «Երգ Կոմիտասին» ստեղծագործութիւնը՝ իր եւ Փիթեր Սաթոնի բանաստեղծութիւնների նոր հաւաքածուից, որը կոչւում է «Հայկական պատերազմի եւ խաղաղութեան պոէմներ»: