ԱՐԱՄ ՍԵՓԵԹՃԵԱՆ 85
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- «Միշտ ալ եղած եմ սիրող մը` լռութեան:
Լռութի´ւն իմ առանձին պահերուս…»
Փետրուար 22-ին լրացաւ լիբանանահայ արձակագիր եւ հրապարակագիր, Հայաստանի Գրողներու միութեան, ՀԲԸՄ-ի, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի երկարամեայ նուիրեալ անդամ Արամ Սեփեթճեանի ծննդեան 85-ամեակը։ Այս առիթով, յապաղումով կը հրատարակենք Երեւանի «Սփիւռք» գիտա-ուսումնական կեդրոնի աշխատակից Նելլի Թադէոսեանի գրութիւնը, մաղթելով Արամ Սեփեթճեանին դալար գրիչ։
ՆՈՐ ՕՐ
Օրերս իր ծննդեան 85-ամեակի հանգրուանին հասաւ լիբանանահայ ճանաչուած արձակագիր, հրապարակագիր, յայտնի խմբագիր, Հայաստանի Գրողների եւ Լրագրողների միութիւնների անդամ Արամ Սեփեթճեանը:
Վստահաբար կարող ենք ասել, որ Արամ Սեփեթճեանը այսօր եւս լիբանանահայ գրականութեան առաջմղիչ ուժերից է. ինչի վկայութիւններն են իր շուրջ տասնեակի հասնող գեղարուեստական եւ հրապարակագրական հատորները` «Կեանքի կարօտով» (Պէյրութ, 1969), «Հող եւ մորմոք» (Երեւան, 2001) պատմուածքների, «Ողջակէզ» (Պէյրութ, 1978), «Ես սեւ եմ… բայց գեղեցիկ» (Պէյրութ, 1985) վիպակների ժողովածուները:
Դեռեւս 1964 թ. իր առաջին` «Անլոյս գիշերներ» պատմուածքների հատորով գրական ասպարէզ մուտք գործած տաղանդաւոր արձակագիրն առանձնացաւ իր իւրատեսակ ոճով, պատկերային համակարգով, գեղարուեստական ինքնատիպ մտածողութեամբ:
Ա. Սեփեթճեանի ստեղծագործական համակարգը կառուցւում է ազգային սուր հարցադրումների հիման վրայ: Գրողը չի խուսափում ցաւոտ հարցերից. նրա հերոսները ազգային տեսլականով ապրող երիտասարդներն են, ովքեր անգամ սիրոյ աւազանում չեն մոռանում իրենց ինքնութիւնը: Յիշենք «Անլոյս գիշերներ» խօսուն խորագրով հատորի հերոսներին. հայրենիքից եւ ծննդավայրից հեռու տղաների «օրերը գեղեցիկ չեն», իսկ գիշերներն անլոյս են, որովհետեւ դատապարտուած են «հոգեկան ստրկութեան»` օտար երկրների առօրեայի մէջ պիտի ընկղմուեն երիտասարդութեան օրերը, յաճախ յայտնուեն վիհի եզերքին, երազները մնան կիսակատար: «Անապատի եւ պանդուխտ տղոց» պատմութիւնն է, որ ներկայացնում է Սեփեթճեանը, եւ հնչեցնում տագնապի ահազանգը` մինչեւ ե՜րբ: Գրողը, իրեն յատուկ անմիջականութեամբ, ցոյց է տալիս արդէն հազարամեակներ ժողովրդին կեղեքող «մահաբոյր» պանդխտութեան ողբերգականութիւնը: Արուեստագէտը, սակայն, հարցադրումներից բացի նաեւ լուծումներ է առաջարկում. «Ապրել հայրենիքի համար. Ահա՛ փրկութեան միակ ճանապարհը», գիշերները լուսաւոր դարձնելու միակ ուղին:
Նկատենք, որ տասնամեակներ են անցել գրողի ցաւոտ հարցադրումներից, սակայն այսօր էլ դրանք չեն կորցրել իրենց արդիականութիւնը. օտար երկինքների տակ դեռեւս շարունակում է «մաշել հայ ժողովուրդը»:
Ընդգծենք, որ «անհանգիստ» խառնուածքի տէր արուեստագէտը չէր կարող անմասն մնալ նաեւ գրապատմական հարցադրումներից, եղաւ եւ կա՛յ Սփիւռքում փնտռուած հրապարակագիրներից մէկը, ով երկար տարիներ «Զարթօնք» օրաթերթում, «Շիրակ», «Կամար», «Խօսնակ» հանդէսներում, որը, ի դէպ, հմուտ փորձառութեամբ խմբագրել է Պէյրութում մէկուկէս տասնամեակ, շարունակել եւ նոյն աշխոյժով շարունակում է լսելի ու տեսանելի դարձնել իր մօտեցումները, գրական եւ ազգային շարժման իր ամբողջական պատկերացումները, բերում է իր սերնդի ու իր ժամանակի ձայնը։ Պատահական չէ, օրինակ, որ իր քննաբանական գրքերից մէկը կոչել է հենց «Ձայներ լռութեան մէջ» (Պէյրութ, 2014)։
Գրողի տեսադաշտից չի վրիպում այսօր էլ կենսական մի շարք հարցեր`Եղեռն, Հայրենիք-Սփիւռք ներհակ յարաբերութիւնները, Արցախի հիմնախնդիրները, հայրենիքից շարունակուող արտագաղթը, որը հրապարակագրի դիպուկ բնորոշմամբ` «մերօրեայ Աւարայրն է, սպիտակ արիւնահոսութիւն»:
Սեփեթճեան-հրապարակագիրը մտածութիւնների նոր ծիր է բացում, իր համոզմունքներում յաճախ ելնում աւանդականի ըմբռնումներից: Նրա համար արդէն վաղուց անհասկանալի են հայ ժողովրդի` իբրեւ զոհի բարդոյթի դրսեւորումները: Նա գնահատութիւնների ենթախորքերում սթափուելու, զգաստութեան կոչեր է հնչեցնում:
«Ժամանակայոյզ խոհեր» (Պէյրութ, 2005), «Բանաստեղծութիւնը տագնապին ընդմէջէն» (Պէյրութ, 2009), «Գրական հանդիպումներ» (Պէյրութ, 2014) գրականագիտական մեկնութիւններում արձակագիրը գնահատում է ժամանակակից գրական շարժումները, փորձում յայտնաբերել երիտասարդ սերնդի ստեղծագործողներին: «Գրական հանդիպումներ» գրքում նորովի է բացայայտւում Սեփեթճեան հետազօտողը։
Նկատենք, որ գրական հանդիպումների խաչմերուկում Սեփեթճեանի համար առանձնանում է իր սիրելի բանաստեղծ Վահան Թէքէեանը. արձակագիրը կարծես չընդհատուող երկխօսութեան մէջ է Վ. Թէքէեանի հետ։ Թէքէեան-մարդը եւ նրա թողած գրական հզօր ժառանգութիւնը իր համար իւրատեսակ ուղենիշներ են, որին նա մօտենում է «երկիւղած ու ծնրադիր»: Դա է վկայում թէկուզ նրա նախաձեռնութեամբ լոյս ընծայուած «Յիսուն քերթուած» ընտրանին (Պէյրութ, 2009), որը ժամանակին լայն արձագանգ գտաւ նաեւ Երեւանում։
Բացի Վ. Թէքէեանի շարունակական արժեւորումներից Ա. Սեփեթճեանը շահեկան վերլուծութիւններով անդրադարձել է անցեալ դարի վերջին քառորդի մայրիների երկրի ծանր օրերն ապրած եւ այդ տագնապները գրականութեան վերածած գրագէտներին` Վահէ-Վահեանին, Մուշեղ Իշխանին, Յ. Գեղարդին, Պէպօ Սիմոնեանին, Սարգիս Կիրակոսեանին, որոնք ակամայ դարձան «լիբանանեան տագնապ»ի վկայագիրները:
Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր էլ Արամ Սեփեթճեանը մնում է սփիւռքահայ գրականութեան պատնէշի վրայ: Նա աւագ գրչեղբօր իրաւունքով շարունակում է շիտակ զրոյց վարել արդի գրական խնդիրների շուրջ՝ անդրադառնալով հայրենի եւ սփիւռքեան միասնական գեղարուեստական ճանապարհի՝ երբեմն ալեկոծ, երբեմն էլ՝ հունի մէջ խաղաղ թուացող զարգացումներին։
ՆԵԼԼԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ
«ՍՓԻՒՌՔ» Գիտաուսումնական Կենտրոն
Երեւան