Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցութեամբ այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, որտեղ ծաղկեպսակների զետեղումից յետոյ, նախագահութեամբ Վեհափառ Հայրապետի եւ ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանի ու պետական այրերի, կատարուեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:
Նոյն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը Սուրբ Գայեանէ վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողութեանը: Այս առիթով հաւատացեալների խոնարհումի համար դուրս էր բերուել Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակաց մասունքարանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միաւորման (ՀԵՀԵՄ) հոգեւոր տեսուչ, կեդրոնական գրասենեակի տնօրէն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրեանը:
Սուրբ Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը, անդրադառնալով օրուայ խորհրդին, ի մասնաւորի նշեց. «….Արդեօ՞ք Աստուած ցանկանում էր, որ տեղի ունենար ցեղասպանութիւնը, եւ երկրորդ՝ ո՞ւր էր Քրիստոս:
Նախ ինչո՞ւ Աստուած թոյլ տուեց մեր ժողովրդի դաժան կոտորածը: Այս հարցի առջեւ պէտք է դնել մէկ այլ հարց` արդեօ՞ք Աստուած ցանկանում էր Իր Որդու չարչարանքներն ու մահը: Իմանալով Աստծոյ բարութիւնն ու սէրը, գթութիւնն ու ողորմածութիւնը՝ կարող ենք ասել, որ Աստուած չէր կամենում այդ արիւնալի չարագործութիւնները: Մեր ժողովուրդը մի նոր Յոբ էր: Իրապէս, աստուածաշնչեան Յոբի կերպարի մէջ կարող ենք մարմնացած տեսնել մեր ժողովրդի համբերութիւնը, նուիրուածութիւնը, առ Աստուած ունեցած հաւատարմութիւնը: Եթէ առաքեալը երանի է տալիս այն մարդուն, անհատին, որ փորձութեան մէջ ընկնելով՝ չի կորցնում հաւատարմութիւնն առ Աստուած, ապա որքան առաւել եւս երանելի է մի ողջ ազգ, մի ողջ հաւաքականութիւն, որ ընդունեց իր Գողգոթան, խաչուեց, կորցրեց ու, թուաց, թէ կորսուեց, բայց, ահաւասիկ, խօսում ենք մեր լեզուով, հաւատում մեր կրօնով եւ վայելում արդէն սրբացած մեր բիւրաւոր նահատակների բարեխօսական օրհնութիւնը:
Ո՞ւր էր Քրիստոս, երբ մի ողջ ժողովուրդ սրի էր քաշւում եւ ոչնչացւում: Մեր Տէր Յիսուս Քրիստոս Իր ժողովրդի մէջ էր, չարչարւում էր նրա հետ միասին եւ կրկին լսւում էր գոչիւնը սաստիկ. «Էլի՜, Էլի՜, լամա՞ սաբաքթանի, Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27.46):
Այո՛, ցեղասպանութեամբ սրբացած մեր նախնիները հանդիպեցին Քրիստոսի անուան համար երբեւէ տեղի ունեցած ամենամեծ չարիքին»:
Հայր Թովման խօսեց նաեւ ցեղասպանութիւն իրագործած պետութեան եւ ժողովրդի ժառանգների հանդէպ ներողամտութիւն դրսեւորելու վերաբերեալ:
«Ներման մասին կարող է խօսք լինել միայն, եթէ մեղաւորը զղջում է, խոստովանում կատարած յանցանքը եւ պատրաստակամութիւն դրսեւորում փոխհատուցելու վնասը: Ի հարկէ, մեր պարագայում անհնար է խօսել փոխհատուցումից, քանի որ բարոյական վնասն այնքան խորն ու անբովանդակ է, որ թէ՛ եկեղեցական եւ թէ՛ աշխարհիկ իրաւական չափանիշներով հնարաւոր չէ մեր ժողովրդին պատճառած վնասի փոխհատուցումը սահմանել»,- հաստատեց Հայր Սուրբը՝ յաւելելով, որ աշխարհը պարտաւոր է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը նախ եւ առաջ հէնց ինքն իր համար, որպէսզի չկրկնուեն հոլոքոստները, Ռուանտայի եւ Նիճերիայի ժողովուրդների ցեղասպանութիւնները, որպէսզի աշխարհի երեսից ի սպառ վերանայ յանցագործութիւնների յանցագործութիւնը՝ ցեղասպանութիւնը:
Թովմա վարդապետն ընդգծեց, որ ցեղասպանուած հայ ժողովրդի սուրբ նահատակների պատգամն այսօրուայ իր սերունդին` առաւել հաւատքի մարդ, աշխատասէր ու տքնաջան, հայրենի հողին կառչած ու միասնական լինելն է:
Վերջում Հայր Սուրբը յորդորեց ամէնքին զօրանալ Տիրոջ Սուրբ Յարութեան շնորհներով, աղօթել մէկը միւսի համար, լինել միաբան ու միասնական եւ բիւրաւոր սուրբ նահատակների զօրաւոր բարեխօսութիւնը հովանի լինի բոլորի վրայ:
Սուրբ Պատարագի աւարտից յետոյ, նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի շրջափակում` Աղօթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, կատարուեց Հայոց նահատակների բարեխօսական կարգը: