ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ
Հայերի համար «մայր»ը միշտ սուրբ է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, եւ ամենակարեւոր քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Զաւակը երբ ծնւում է, առաջինը լինում է իր մօր գրկում․ առաջին անգամ սնւում է իր մօր կաթով եւ իրեն ապահով է զգում մօր գրկում: Եւ մեր Մայր լեզուն է, որ զօրացնում է մեր միտքն ու հայրենիքը:
Մայրերի Օրը հեթանոսական Հայաստանում
Նախքան քրիստոնէութեան ընդունումը, հայոց ամենամեծ աստուածը Արամազդն էր: Արամազդի դուստրը եղել է Անահիտ աստուածուհին: Ժողովուրդը նրան պաշտում էր որպէս Մայրութեան աստուած: Անահիտի համար Հայաստանում կային բազմաթիւ պաշտամունքային կենտրոններ (տաճարներ): Յայտնի են յատկապէս երկուսը.- Ներկայիս Թուրքիայի Մուշ քաղաքի մօտ Երիզա/Երզնկա շրջանի տաճարը ու ներկայ Հայաստանի Արտաշատ քաղաքի մօտ գտնուող տաճարը:
Անահիտ աստուածուհու տօնը հայերը նշում էին Ապրիլի 7-ին՝ մեծ ուրախութեամբ: Ապրիլի 7-ը հայոց մօտ ճանաչուած էր որպէս Մայրերի Օր: Անահիտին կոչել են նաեւ հայ ժողովուրդը պահող «Մեծ տիկին Անահիտ»։ Անահիտ աստուածուհին համապատասխան է պարսկական Անահիթայի, յունական Արտեմիսի ու հռոմէական Տիանա աստուածների հետ:
Քրիստոնէութեան ընդունումից յետոյ մոռացուեցին հին աստուածների տօները, կամ ուրիշ կիրառում ստացան։ Մայր աստուածուհի Անահիտի պաշտամունքի օրը դարձաւ Ս. Աստուածածնի Աւետման օր, որ նշւում է Ապրիլի 7-ին։ Այս օրը բոլոր եկեղեցիներում Ս. պատարագ է մատուցւում եւ երեխայի սպասող կանանց օրհնութեան կարգ է կատարւում:
Մայրերի Օրը աշխարհում
Աշխարհում չկայ մի յատուկ օր՝ Մայրերին նուիրուած: Տարբեր երկրներում այդ օրը նշւում է առանձին օրերում: Հանրագումարի բերելով աշխարհի տարբեր երկրներում նշուող օրերը՝ ստացւում է հետեւեալ պատկերը,-
- 80 երկիր նշում են Մայիսի երկրորդ Կիրակի օրը,
- 15 երկիր նշում են Մարտի 8-ին,
- 15 երկիր նշում են Մարտի 21-ին,
- 10 երկիր նշում են Մայիսի վերջին Կիրակի օրը,
- 5 երկիր նշում են Մայիսի առաջին Կիրակի օրը։
Եւ կան ուրիշ երկրներ, որ ունեն Մայրերի Օրուայ իրենց թուականները:
ԱՄՆ-ում առաջին անգամ Մայրերի Օրը տօնուել է 1908 թուականին, Վիրջինիա նահանգում: Մի քանի տարուայ ընթացքում տարածւում է այդ տօնակատարութիւնը։ 1914 թուականին ԱՄՆ-ի Կոնգրեսը որպէս Մայրերի Օրուայ մնայուն օր որոշեց Մայիս ամսուայ երկրորդ կիրակին։ Միացեալ Նահանգների ժամանակի նախագահ Վուդրօ Վիլսոնը 1914 թուականին վաւերացրեց Կոնգրեսի որոշումը, ու ԱՄՆ-ում Մայրերի Օր յայտարարուեց ամեն տարուայ Մայիս ամսուայ երկրորդ կիրակին:
* * *
Հիմն Անահիտին
«Դատարկ կը լինէր Աշխարհը արար,
Թէ Մայր չլինէր։
Էլ ո՞վ պիտի աստուածներ ծնէր,
Էլ ո՞վ պիտի Արիով երկնէր,
Ո՞վ պիտի չափէր ցաւը Աշխարհի,
Գութը Աշխարհի ո՞վ պիտի ցանէր,
Ո՞վ պիտի սնէր Սէրը Գարունքի․․․
Բայց էլ ի՞նչ Գարունք, թէ Մայր չլինէր։
Թէ Մայր չլինէր, Հայրը ի՞նչ անէր։
Գուցէ իսկապէ՞ս հէնց ինքը Արա՜ն
Մայրն էր արարել Անահիտի մէջ
Ու հէնց Մայրութեամբ կերտել էր նրան,
Եւ ինքը առաջինն է նրան Մայր անուանել»։
Անահիտ աստուածուհու հեթանոսական տաճարներից մէկը գտնւում էր Երզնկայում։ Տաճարը կառուցուել է հայերի միջոցով՝ որպէս պաշտամունքային վայր։ Թուրքերը դա ներկայացնում են որպէս հելլենիստական մշակոյթ եւ յունա-հռոմէական տաճար։ Վերջերս պեղումներ կատարուեցին հայոց Երզնկայի Անահիտ աստուածուհու տաճարում։
Երզնկայի հայոց Անահիտ աստուածուհու տաճարի հետքերը
Երզնկայի Անահիտ աստուածուհու տաճարի տարածքում, 2013 թուականի պեղումների ընթացքում գտնուեց մի քար, որ ըստ արձանագրութեան՝ Հռոմի Ներոն կայսրն է նուիրել տաճարին։ Քարի վրայ պատկերուած է Անահիտ աստուածուհու պատկերը ու նշուել ARMENIA.
Հարցական է․- ի՞նչ տեղի կունենայ այս պատմական գտածոյի հետ։