ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- «Զարթօնք» օրաթերթի կայքում կարդալով Նուարդ Մատոյեան-Տարագճեանի «Հայրենասիրութիւնն է մեր ազգի յաղթանակի գրաւականը» յօդուածը, ակամայից հարց առաջացաւ. «Ինչպէ՞ս ենք մենք արտայայտում մեր հայրենասիրութիւնը», «Ի՞նչ չափանիշներով է գնահատւում հայրենասիրութիւնը»… Այս և նման այլ հարցերի պատասխանները սուբիէկտիւ կարծիքներ են։
Մարդիկ ինչպէ՞ս են դառնում հայրենասէր։ Դա ընտանեկան դաստիարակութի՞ւն է, կրթուածութեան մակարդա՞կ է, թէ տուեալ անձի գործունէութեան գնահատական։ Եթէ դա վերաբերում է հայ մարդուն, ապա այն կարող է առաջանալ պատմավէպեր ընթերցելիս, ընտանեկան զրոյցների արդիւնքում, պատմական իրադարձութիւնները գնահատելիս, տարբեր կազմակերպութիւնների կամ կուսակցութիւնների անդամագրուելիս․․․
Արդի ժամանակաշրջանում ինչպէ՞ս գնահատենք հայի հայրենասիրութիւնը։ Հայրենասիրութիւնը «Իմ քայլը», «Մերժիր Սերժին» կարգախօսների հիման վրայ առաջացած շարժումներն էի՞ն։ Դրա մասնակիցները նախկինում հայրենասէր չէի՞ն, ընդդիմադիրները, քննադատողները հայրենասէր չե՞ն, սփիւռքում ապրողները՝ յատկապէս ՀՀ-ից հեռացողները հայրենասէր չե՞ն… Հարցերը կարելի է շարունակել, բայց ամէն մէկս էլ ունենք գնահատման մեր չափանիշերը։ Յաճախ ենք հանդիպում մարդկանց, ովքեր անտարբեր են կատարուող իրադարձութիւնների հանդէպ, անհարկի կամ իրենց գաղափարի մակարդակով փնովում, նսեմացնում են հայ մարդուն, հայ ազգն ու Հայաստանը, թերահաւատօրէն վերաբերւում նոր նախաձեռնութիւններին։ Նոյնիսկ ճանաչուած մարդիկ ու պաշտօնեաներն են վարկաբեկիչ պիտակներ կպցնում հային, հայ ազգին ու Հայաստանի հասցէին։ Դրանց հետ ինչպէ՞ս վարուել, դրանք հայրենասէ՞ր են, թէ՞ ոչ։
Հայրենասէր մարդն առանձնանում է իր գործունէութեամբ, իր կատարած աշխատանքով, որը գնահատւում է հանրութեան կողմից։ Դրանք այն աշխատանքներն են, որոնք տեսանելի են, որոնք անձնական շահ չեն հետապնդում։ Կան մարդիկ, որոնք հասարակական, քաղաքական, գրական գործիչներ են, բայց երբեք հայի ազգին, հայ մարդուն չեն գնահատում։ Նրանք սեփական անձն են գովազդում։
Ճիշդ է նկատում յարգելի յօդուածագիրը՝ «Հայրենիքը պէտք է զարգանայ ազգի զաւակներուն հայրենասիրութեամբ»։ Այդ հայրենասիրութիւնը, սակայն հարկաւոր է գործով ապացուցել, որն արտայայտւում է նաև «զոհաբերութեամբ», ինչպէս նշում է հեղինակը։ Եւս մէկ պարբերութիւնում հեղինակն արձանագրում է․ «Հայրենասիրութիւնը պիտի ըլլայ մեր յաղթանակին գրաւականը»։ Սակայն ինչ յաղթանակի մասին է խօսում հեղինակը, պարզ չէ։ Յաղթանակ կարելի է պատկերացնել տարբեր բնագաւառներում։ Բայց միայն հայրենասիրութեամբ յաղթանակ չես կրի։ Հարկաւոր է նպատակ ունենալ, հաւատալ, որ այն կը յաջողուի իրականացնել, պայքարել և յաղթել։
Ուրեմն, ո՞րն է մեր նպատակը, որտե՞ղ ենք դրսևորելու մեր հայրենասիրութիւնը, որպէսզի յաղթանակենք։ Ինչպէ՞ս ենք պատկերացնում այդ յաղթանակը։ Յաղթանակը պէտք է հասկանանք իշխանափոխութեամբ ու նոր իշխանութեան հաստատումո՞վ, ազատագրուած տարածքների հետ միասին Արցախի անկախացմա՞մբ, հայրենադարձութեա՞մբ, Հայոց Ցեղասպանութեան ճանաչմա՞մբ… Այո, այս բոլորը միասին, որը, կարծում եմ, ենթադրում է նաե՛ւ յօդուածագիրը։ Սակայն, պէտք է նշել, որ այդ բոլորը կարևոր են, բայց ոչ լրիւ։ Ամբողջական յաղթանակի պէտք է հասնենք հայրենասիրութեան գաղափարը մեր մէջ հայրենատիրութեան գաղափարով ամրապնդման դէպքում։ Մեր հայրենասիրութիւնը առ ոչինչ է առանց հայրենատիրութեան գաղափարի։ Այն պէտք է հայ ազգի գաղափարախօսութիւնը դառնայ հզօր հայրենիք կերտելու ճանապարհին։
Երկու տարուց էլ քիչ ժամանակ է մնացել մինչև ԱՄՆ-ի նախագահ Ուուտրօ Ուիլսոնի կայացրած «Իրաւարար վճիռ»-ի 100-ամեակը։ Մեր նպատակը պէտք է լինի այդ անբեկանելի, անժամանցելի խնդրի իրականացման համար աշխատանքների կազմակերպումը, որոնց համար մեր տարածաշրջանում նպաստաւոր աշխարհաքաղաքական իրադարձութիւններ են կատարւում։ Տարածաշրջանում մեր շահերը մի քանի ուղղութեամբ համընկնում են գերտէրութիւնների և տարածաշրջանի պետութիւնների շահերի հետ։ Մեր աշխատանքները հարկաւոր է կառուցել այդ պետութիւնների և Սևրի դաշնագիրը ստորագրած պետութիւնների իշխանութիւնների հետ։ Հարկաւոր է հարցն օրակարգային դարձնել միջազգային հանրութեան առջև։ Այս աշխատանքներում պէտք է ներգրաւուած լինի հայկական սփիւռքի ողջ քաղաքական, հասարակական, իրաւաբանական միտքը, որոնք կարող են իրենց աշխատանքներն իրականացնել համահայկական վերնախորհուրդի (սենատ) շրջանակներում։ Վերնախորհուրդը, ինչպէս յայտարարել է Արևմտեան Հայաստան պետութեան Վտարանդի կառավարութիւնը*, պէտք է կազմուած լինի միայն հայկական սփիւռքի անհատներից, ովքեր կ՚ընտրուեն կազմակերպութիւններից, որովհետև հայրենատիրութիւնը այդ սփիւռքի խնդիրն է։ Սփիւռքն առաջացել է բռնի հայրենազրկութեան պայմաններում։ Սփիւռքն է պարտաւոր զբաղուել ռուս-թուրքական պայմանագրերի, Քաղբիւրոյի որոշման չեղարկմամբ և «Իրաւարար վճիռ»-ի իրականացմամբ։
Եւ տեղին է նշում յարգելի յօդուածագիրը․ «Եթէ կարենանք աննախապաշար մօտեցում ցուցաբերել սրբագրելու մեր կեանքի ոչ վաղ անցեալի թոյլ տրուած կամ պարտադրուած սխալներն ու թերացումները»։ Այո, սխալներ թոյլ ենք տուել, որոնք նաև ճակատագրական են եղել։ Խելօք մարդը նա է, ով իր և ուրիշների թոյլ տուած սխալների վրայ ճիշդ հետևութիւններ է կատարում։ Անընդհատ խօսում ենք այդ սխալներից, բայց գործնական ոչինչ չենք կատարում։ Հարկաւոր է համախմբուել, մէկ բռունցք դառնալ, որպէսզի ուղղենք այդ սխալների հետևանքները։ Պատմութիւնը մեզ համար բարենպաստ պայմաններ է ստեղծում այն իրագործելու համար։
Ուրեմն, եկէք վերաիմաստաւորենք մեր սխալներն ու թերացումները, որպէսզի հայրենասիրութեամբ, հայրենատիրութեան գաղափարով իմաստաւորուած պայքարենք մեր յաղթանակների համար։
…………………
* Դժբախտաբար Արեւմտեան Հայաստանի կառավարութիւն, վտարանդի կառավարութիւն եւ նմանատիպ անուններու տակ կը գործեն տարբեր խումբեր եւ անհատներ, որոնք ոչ անպայման բոլորիս կողմէ ընդունելի կառոյցներ են Սփիւռքի մէջ։ Յարգելով խօսքի եւ ազատ կամքի արտայայտութիւնը, մեզի ղրկուած գրութիւնը կը հրատարակենք նոյնութեամբ – Ն.Օ.։
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Լրագրողների միջազգային միութեան անդամ