Ըսուած է, որ «Մարդկութեան մանուկի հոգիի անաղարտութիւն պէտք է»։ Մեր հանճարին «Շունն ու Կատուն» կարդանք ստորեւ։ Մանկանանք քիչ մը:
Խմբ.
Ժամանակով Կատուն ճօն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չունէր,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկաւ մի օր, ձմեռուան մըտին,
Կատուի կուշտը տարաւ մորթին:
– Բարի՛ աջողում, ուստա Փիսօ,
Գլուխըս մըրսեց, ի սէր Աստծոյ,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս յարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛յ,
Համա-համա շատ չուշանայ:
– Աչքիս վըրայ, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հօ մի քուրք չի․
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցէք տար:
Փողի մասին աւելորդ ա,
Մեր մէջ խօսելն էլ ամօթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տօ՜, հէ՛ր օրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանըր ու մեծ,
Ուստա Կատուի շեմքում կանգնեց.
– Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
– Մի քիչ կացի, հրես կերեւայ:
Ուստեն եկաւ քուրքը հագին,
Շանը տեսաւ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,
Ու մուշտարու վըրայ թընդաց.
-Ցուրտը տարա՞ւ… վա՜հ, տընա՛շէն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հօ չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըուել, թէ որ կարեմ:
– Դէ հէ՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըուել, վախտին կարի,
Թէ չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խօսում ես, վըրէս գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպէր, գընամ ու գամ…
Ասաւ Քուչին ու նեղացած
Վերադարձաւ գլուխը բաց:
Մին էլ եկաւ, դարձեալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիւ, անկարգ խօսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հէրն ու մէ՜ր,
Էլ գող Փիսօ՜, էլ քաչալ Շո՜ւն…
Բանը հասաւ դիւանբաշուն:
Շունը մինչեւ գընաց, եկաւ,
Ուստա Կատուն կոտըրն ընկաւ,
Գըլուխն առաւ ու մի գիշեր
Հայդէ՛, կորաւ. էն կորչիլն էր․․․
Էն օրուանից մինչեւ օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատուին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրայ վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սեւերես Կատուն յանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըուել, թէ որ կարեմ:
Յովհաննէս Թումանեան
1886թ.