Երկուշաբթի, 11. 11. 2024

spot_img

ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐԵԱՆ

ԱՒԵՏԻՍ ԲԱՅՐԱՄԵԱՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հատուածներ ելոյթէն՝ արտասանուած Վլադիմիր Ենգիբարեանին նուիրուած յուշ-երեկոյին, Ուրբաթ, Յունուար 25-ին, Կլենտէյլի Հանրային գրադարանին մէջ, կազմակերպութեամբ ԹՄՄ Մեծն Լոս Անճելըսի մասնաճիւղին։

Բռնցքամարտի պատմութեան մէջ շատ չեն այն ընտրեալները, որոնց անուան յիշատակումն իսկ ժամանակին ալեկոծել են տարբեր երկրների մարզադահլիճները, իսկ մեծ ռինգին հրաժեշտ տալուց յետոյ մարզաշխարհը չի մոռացել նրանց։

Այդպիսի մարզիկ էր ԽՍՀՄ սպորտի վաստակաւոր վարպետ (ՍՎՎ), Երեւանի Պատանի բռնցքամարտիկների օլիմպիական մարզադպրոցի հիմնադիր տնօրէն Վլադիմիր Ենգիբարեանը։ Նրա անզուգական տեխնիկան, ակնթարթային հակազդեցութիւնը մրցակցին հասցրած հուժկու եւ նպատակային հարուածներով հիացրել են բազում երկրների մարզասէրներին։ Բաց կեցուածքով մենամարտելու նրա առանձնայատկութիւնը, տարածութեան աննախադէպ զգացողութեան եւ սիրողական բռնցքամարտում կատարած յեղաշրջման մասին արտայայտուել են բազմաթիւ մասնագէտներ։ 1956 թ. Մելպուռնի օլիմպիական խաղերում Ենգիբարեանը ԽՍՀՄ առաջին բռնցքամարտիկն էր, որ նուաճեց օլիմպիական ոսկէ դափնին։ Վլադիմիրի բացառիկ մրցավարական շնորհքն ու գործունէութիւնը նոյնպէս գնահատուեցին ըստ արժանւոյն եւ նրան շնորհուեց միջազգային բարձրագոյն կարգի մրցավարի կոչում։

 

Վլադիմիր Ենգիբարեանի համառօտ կենսագրութիւնը

 

Ծնուել է 1932 թ. Ապրիլի 24-ին։

1953 թ. ԽՍՀՄ առաջնութիւնների 3-րդ մրցանակակիր 60 քկ. քաշում։

1953 թ. Վարշաւայում կայացած Եւրոպայի առաջնութիւնում ԽՍՀՄ բռնցքամարտիկներից առաջինը դարձել է Եւրոպայի ախոյեան եւ արժանացել ԽՍՀՄ-ի ՍՎՎ-ի կոչմանը։

1955 թ. ԽՍՀՄ-ի ախոյեան եւ Եւրոպայի առաջնութեան 3-րդ մրցանակակիր 63,5 քկ. քաշում, ԽՍՀՄ թիմային ախոյեան «Աշխատանքային ռեզերվներ ընկերութեան կազմում։

1953 թ. Պուխարեստում եւ 1957 թ. Վիեննայում կայացած երիտասարդական եւ ուսանողական խաղերի ախոյեան։

1955 թ. ԽՍՀՄ-ի եւ Մելպուռնի օլիմպիական խաղերի ախոյեան 63,5 քկ. քաշում։

1957 թ. Պրագայում կայացած Եւրոպայի առաջնութիւնում 2-րդ անգամ դարձել է ախոյեան եւ արժանացել Չեխոսլովակիայի նախագահ Անտոնին Չապոտիցկու կողմից լաւագոյն տեխնիկայի համար սահմանուած բիւրեղապակեայ գաւաթին։

Յետագայում նա մի անգամ եւս արժանացել է նոյնատիպ մրցանակի։

1958 թ. ԽՍՀՄ-ի ախոյեան, աւարտել է Երեւանի Ֆիզիքական կուլտուրայի ինստիտուտը (ԵՖԿԻ)։

1959 թ.  Լիւցերնում նա 3-րդ անգամ նուաճել է Եւրոպայի ախոյեանի կոչումը առաջին կիսամիջին քաշում։ Նրա մարզիչներն են եղել Արտյոմ Յարութիւնովն ու Էդուարդ Արիստակէսեանը, իսկ ԽՍՀՄ-ի հաւաքականում՝ Կ. Գրադոպոլովը, Բ. Դենիսովը եւ Վ. Օգուրենկովը։

1959 թ. հիմնել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների դպրոցը եւ դարձել դրա տնօրէնը։

1960 թ. Հռոմի 17-րդ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում վնասուածք ստանալով պարտուել է եւ դրանից յետոյ հեռացել ակտիւ սպորտից։

Նա 3 անգամ եղել է Անդրկովկասի Սպարտակիադաների ախոյեան։

1961-ից միջազգային կարգի մրցավար, 1965-ից ՀԽՍՀ-ի վաստակաւոր մարզիչ, 1968-ից ՀԽՍՀ-ի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակաւոր գործիչ։

1974-ից սիրողական բռնցքամարտիկների դաշնութեան (AIBA) անդամ, որտեղ աշխատել է շուրջ 13 տարի։

Անցկացրած 86 միջազգային հանդիպումներից 84-ում յաղթել է, իսկ ընդհանրապէս անցկացրած 186 մենամարտերից յաղթել է 173-ում։

Նոկաուտում կամ նոկդաունում երբեք չի յայտնուել։

Եղել է ՀԱՕԿ-ի փոխնախագահ։

Նրա շնորհիւ Հայաստանում բռնցքամարտը զարգացել է մեծ թափով։ Հայաստանի տարբեր քաղաքներում բացուել են նրա հիմնած դպրոցի մասնաճիւղեր։

Պարգեւատրուել է բազմաթիւ շքանշաններով եւ մետալներով ու ճանաչուել 20-րդ դարի Հայաստանի 5 լաւագոյն մարզիկներից մէկը։

1994-ից Ենգիբարեանը բնակւում էր Լոս Անճելըսում։ Մահացել է Լոս Անճելըսում 2013 թ. Փետրուարի 1-ին, տեղափոխուել է Երեւան եւ թաղուել Երեւանի պանթէոնում։

 

***

Մեծ վարպետի 70-ամեակի նախօրէին ես հիւրընկալուեցի նրա տանը եւ ունեցայ հարզազրոյց, որից հետաքրքիր մասերը ներկայացնում եմ ձեզ։

Հարցում.- Ե՞րբ հրապուրուեցիք բռնցքամարտով։

Պատասխան.- 1946-ից. երբ ամառը մեկնել էի քրոջս մօտ՝ Ալաւերդի, ով այնտեղ բժշկուհի էր աշխատում։

Այնտեղ բռնցքամարտի խմբակ էր բացել Պարսկաստանից հայրենիք վերադարձած ռոստովահայ նշանաւոր բռնցքամարտիկ Արտյոմ Յարութիւնովը։

Հ.- Յետոյ ի՞նչ եղաւ։

Պ.- Երեւան վերադառնալուց յետոյ ընդունուեցի կապի ուսումնարան եւ սկսեցի յաճախել «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերութեան բռնցքամարտի խմբակ։ Մէկ տարի պարապեցի Վլադիմիր Եդիգարեանի, այնուհետեւ Արտյոմ Յարութիւնովի եւ Էդուարդ Արիստակէսեանի մօտ։

Շատ պարտական եմ Արտյոմ Յարութիւնովին։ Այդ շրջանի բոլոր յայտնի բռնցքամարտիկները նրա սաներն էին։ Յետոյ նրան նեղացրին եւ նա թողեց հեռացաւ Հայաստանից, գնաց Ռուսաստան։

Հ.- Միութենական եւ միջազային ասպարէզներում մեծ յաջողութիւնների էք հասել։ Ո՞րն է այդ յաջողութիւնների գաղտնիքը։

Պ.- Ինձ միշտ թուացել է, որ հակառակորդի հետ պայքարում ես ունեցել եմ 2 առաւելութիւն, որն աստուածատուր է։ Առաջինը՝ ես ձախլիկ եմ, որը հակառակորդի համար միշտ խնդիրներ է առաջացնում։ Իսկ այնուհետեւ շնորհիւ նպատակաուղղուած պարապմունքների կարողացայ մշակել աջ ձեռքով ուժեղ հարուածներ հասցնել ու հեւեւաբար ելնելով իրավիճակից կարողանում էի արագ փոխել կեցուածքս։ Իմ մօտ զարգացած էր ոչ միայն հակառակորդի յարձակողական գործողութիւններին արագ հակազդելու զգացողութիւնը, այլեւ, որը շատ կարեւոր է, ես բաւականին ճշդօրէն որսում էի մրցակիցիս տակտիկական մտադրութիւնը։ Յաղթանակներիս գրաւականն է եղել ձախ ձեռքով շեղակի հուժկու հարուածը, որը յետագայում լրագրողներն անուանել են բիլիարդի ձողի հարուած։ Հարուածը հետեւում էր այն ակնթարթին, երբ մրցակիցս ընկնում էր իմ «թակարդը»։ Ես գիտակցաբար դէմքս բաց էի թողնում։ Հակառակորդը յարձակւում էր, դա նշանակում է դէմքը ինքնըստինքեան բացւում էր։ Այդ անկնթարթին, որպէս պատասխան հետեւում էր իմ մշակած ձախ ձեռքի հուժկու հարուածը, որն ուղեկցւում էր կտրուկ դէպի առաջ խոյացումով։ Ստացւում էր շատ ազդեցիկ՝ ցնցող հարուած, մրցակիցներս կորցնում էին պայքարի թելը եւ ես դառնում էի դրութեան տէրը։

Հ.- Ունեցե՞լ էք երջանիկ եւ տխուր պահեր։

Պ.- Այո, երջանիկ պահեր շատ եմ ունեցել, բայց առանձնապէս կ՚ուզէի նշել 1955 թուականը, երբ Եւրոպայի առաջնութիւնում հանդիպեցի թուրք բռնցքամարտիկ Օտսարի հետ։ Աչքիս առաջ եկան Եղեռնից լսած եւ կարդացած դրուագներ (ես ծնուել եմ Ապրիլի 24-ին)։ Երրորդ մրցափուլի առաջին րոպէին նրան նոկաուտի ենթարկեցի, ինչ որ ձեւով վրէժս լուծելով նրանից։ Իսկ տխուր օրս եղել է Հռոմի օլիմպիականի քառորդ եզրափակիչի օրը։ Ցաւալի է, երբ վճռական պահին յանկարծ զգում ես, որ քեզ դաւաճանել է մի մարդ, որին դու ամէն ինչում վստահել ես։

Այո, ես անսպասելի յայտնուեցի մեն մենակ՝ ինքս ինձ հետ։

Ռինգ դուրս գալուց առաջ անհետացան հաւաքականի ղեկավարները գլխաւոր մարզիչ Շչերբակովի գլխաւորութեամբ։ Բանը նրանում է, որ այդ պահին ես իմ կողքին չունէի ոչ միայն որակաւոր խորհրդատու, այլեւ ինձ քաջալերող փորձառու մասնագէտ։ Ինձ համար դա հոգեբանական հարուած էր, որից ես այդպէս էլ չկարողացայ դուրս գալ։ Ճիշդ է հանդիպման աւարտին ի վերջոյ երեւաց մարզիչ Չեբոտարյովը, սակայն այդպէս էլ ինձ չյաջողուեց կենտրոնանալ։ Բացի այդ, ես խաղում էի ուսի վնասուածքով։ Մրցակիցս՝ լեհ Կասպչիկը զգացել էր իմ հոգեկան ընկճուածութիւնը եւ հմտօրէն օգտուեց դրանից։ Մի խօսքով մրցավարները չնչին առաւելութեամբ յաղթանակը շնորհեցին նրան։

Միայն յետագայում ես իմացայ, որ դրանով Շչերբակովը ինձանից վրէժ էր լուծել այն բանի համար, որ ես նրան չեմ համարել իմ անձնական մարզիչը։ Դա իրօք այդպէս էր։

Հ.- Ի՞նչ կ՚ասէիք Երջանկայիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Առաջինի մասին, որի հետ նկարուել էք։

Պ.- Գերազանց անձնաւորութիւն էր, մեծ հայրենասէր եւ մարզասէր։ Միշտ կարեւոր մրցումներից առաջ այցելում էի նրան, ինձ օրհնում եւ յաջողութիւն մաղթում։

Ի՞նչ են ասել կամ գրել Ենգիբարեանի մասին

Մասնագէտները նրան անուանել են «Ռինգի կախարդ», «Ախոյեանների ախոյեան», «Բռնցքամարտի արքայ» եւ այլն։

  • Այժմ բոլորն ուզում են մենամարտել այնպէս, ինչպէս Ենգիբարեանը, բայց ոչ բոլորն ունեն նրա նման աչքաչափ եւ բացառիկ շարժունակութիւն։

 

Ֆրանսիական «Էկիպ» օրաթերթ

***

  • Նրա մարտարուեստը մաքուր «անգլիական» է ձախ ձեռքի ուղիղ հարուածով, կարծես բիլիարդի ձողիկ։

Անգլիական «Ուոլրտ Սպորտ» լրագիր

***

  • Ենգիբարեանի ոսկէ մետալը խորհրդային բռնցքամարտիկների առաջին մետալն է միջազգային մրցաբեմերում։

Գերմանական «Բեռլիներ Մորգենպոստ»

 

***

  • Ենգիբարեանը ամենապայծառ բռնցքամարտիկներից մէկն է, որին ես հանդիպել եմ։

ԽՍՀՄ հաւաքականի աւագ մարզիչ Կ. Կրադոպոլով

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին