Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցաւ աշխարհահռչակ հայորդի, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնաւուրի յուղարկաւորութեան արարողութիւնը:
Արարողութեան աւարտին վեհափառ հայրապետն իր խօսքն ուղղեց Ազնաւուր ընտանիքին, Հայաստանի Հանրապետութեան պետական այրերին եւ այլ ներկաներին:
Ամենայն հայոց կաթողիկոսը մասնաւորապէս ասաց. «Տխրութիւնն է պարուրել ամէնքիս հոգիները: Հրաժեշտ ենք տալիս հայազգի աշխարհահռչակ զաւակ, երգարուեստի ու մշակոյթի մեծանուն երախտաւոր, Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոս Շառլ Ազնաւուրին: Ճանապարհում ենք նրան դէպի յաւերժութիւն, ուր Տիրոջ հետեւորդները ժառանգում են յաւիտենական կեանքը, աստուածապարգեւ երանութիւնն ու խաղաղութիւնը:
Աստուածատուր շնորհներով զարդարեալ մեր բոլորի սիրելի Շառլ Ազնաւուրը, հասակ առնելով Ֆրանսիայում եւ սնուելով նաեւ այս երկրի հզօր մշակոյթից, համամարդկային տարողունակութեան բարձրացրեց իր արուեստը, ընդունուեց ու մեծապէս սիրուեց ողջ աշխարհում: Մենք ամէնքս գիտենք եւ տեսել ենք Շառլ Ազնաւուրին իր նուաճումների մէջ արուեստի բարձունքներում: Սակայն փառքի ու հռչակի ճանապարհը դիւրին չի եղել նրա համար: Ցեղասպանութիւնից մազապուրծ, տարագրեալ ընտանիքում ծնուած հայորդին յաղթահարեց կեանքի բազում նեղութիւններ, իր նպատակին խոչընդոտող դժուարութիւնները եւ իրականութիւն դարձրեց երգելու եւ մշակոյթին ծառայելու նուիրական երազանքը: Յատկանշական են նրա խօսքերը՝ որպէս հաւաստում իր զօրեղ կամքի եւ առ Աստուած ապաւինութեան. «Անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց այդ բոլոր փորձութիւնների միջով՝ երազելու եւ այդ երազն ապրելու հնարաւորութիւն տուեց»:
Բարեյիշատակ Շառլ Ազնաւուրը ողջ էութեամբ ներշնչուած էր արուեստով, ստեղծագործելու եռանդով, առանց որի, ինչպէս ինքն է բազմիցս վկայել, չէր պատկերացնում իր կեանքը: Իր ստեղծագործութիւններում նա ինքնատիպ անկեղծութեամբ ներկայացնում էր իր զգացմունքներն ու մտածումները, դրուատում սէրը, բարութիւնն ու ազնուութիւնը, բացայայտում մարդկային ներաշխարհի գեղեցկութիւնն ու վսեմութիւնը: Նա գրաւում էր մարդկանց իր պարզութեամբ ու անմիջականութեամբ, վեհացնում ունկնդիրներին իր իւրայատուկ՝ յուզիչ երգի ու երաժշտութեան հմայքով, անզուգական կատարումներով: Այսօր մարդկութիւնը կրում է նրա լուսաւոր պատկերն իր հոգում եւ յիշողութիւնների մէջ, ուր շարունակում են հնչել Ազնաւուրի թովիչ ձայնն ու երգերը, հոգեբուխ խօսքերն ու առինքնող մտքերը:
Տաղանդաշատ հայորդին մեծ մարդասէր էր, մեծ հայրենասէր ու ազգասէր: Որքան ներհուն ու խորունկ էր նրա մարդկային անձը, այդքան էլ բազմազան ու ընդգրկուն էր Ազնաւուրի երգարուեստը: Ոգու այս նրբութեամբ նա մշտապէս ապրեց Ֆրանսիայի ու Հայաստանի սիրով եւ նուիրումով: Շառլ Ազնաւուրը մեր ժողովրդի միասնականութեան իւրօրինակ խորհրդանիշն էր: Նա միշտ ներկայ էր իր հարազատ ժողովրդի ու հայրենիքի կեանքում, սրտակցում ու զօրակցում էր հայրենի երկրին դժուարութիւնների մէջ, ապրում, շնչում եւ ուրախանում էր ազգի ձեռքբերումներով ու յաջողութիւններով: Նրա բազմաթիւ երգերի շարքում Հայաստանին, Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակներին նուիրուած իր ստեղծագործութիւնները վկայում են մեծանուն հայի հայրենանուիրումն ու ազգանուիրումը, իսկ Սուրբ Աստուածածնին նուիրուած «Աւէ Մարիա» երգի հիասքանչ կատարումները՝ նրա խորը հաւատքն ու ջերմ սէրը առ Աստուած:
Արուեստին ծառայելով՝ Ազնաւուրը խօսեց ու գործեց բոլոր ժողովուրդներին հասկանալի լեզուով, լուսեղէն հնչիւններով, համամարդկային արժէքներով, եղաւ համերաշխութեան, արդարութեան, ազնուութեան քրիստոսաւանդ պատգամների տարածող: Մեծանուն Շառլ Ազնաւուրը, իր լուսաւոր հետագիծը թողնելով պատմութեան մէջ եւ իր անմար յիշատակը ամէնքիս սրտերում, այսօր փոխադրուում է յաւիտենութիւն: Այդ հետագիծը նրա աստուածահաճոյ գործերի խոր ակօսն է՝ ձգուած համամարդկային արժէքների անծայրածիր անդաստանում։ Եւ այսօր նա՝ որպէս համայն մարդկութեան եւ իր ազգի արժանաւոր զաւակ, իր թողած բարի ու արդիւնաշատ վաստակի ոգեկան, երկնասլաց ճախրանքով ելնում է երկինք՝ հանդիպելու իր Արարչին եւ Աստծուն՝ Տիրոջ խօսքի համաձայն. «Եկէ՛ք, Իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը» (Մատթ. ԻԷ 34):
Ի խորոց սրտի աղօթենք, սիրելիներ, որ Ողորմածն Աստուած երկնից օթեւաններում խաղաղութեան մէջ ընդունի նորոգ ննջեցեալ Շառլ Ազնաւուրի հոգին, պարգեւի երանութիւն ու հանգստութիւն եւ Սուրբ Հոգու բիւր մխիթարութեամբ սփոփի Ազնաւուր ընտանիքի անդամների եւ բոլոր սգացեալների սրտերը:
Խունկ, աղօթք եւ օրհնութիւն սիրելի Շառլ Ազնաւուրի լուսավառ յիշատակին»: