Հինգշաբթի, 12. 12. 2024

spot_img

Անհրաժեշտ է բարձրացնել ժողովրդական զանգուածների ինքնաճանաչման մակարդակը

19-րդ դարի վերջին տասնմեակներում հզօր պետութիւններն աստիճանաբար հակւում էին դէպի մեծ ալեկոծումների։ Նրանք նախագծում ու կազմակերպում էին նորատիպ քաղաքական հաստատութիւններ, նաև ձևաւորում էին գաղափարախօսութիւններ մանր ու խոշոր ազգերի համար։ Այդ բոլորը կատարում էին ի շահ իրենց։ Դրանց մասին պատկերացում չունէին ոչ հողագնդի բազմամիլիոն բնակիչները, ոչ իրենց դարն ապրած զառամեալ ու հիւանդ պետութիւնները։ Ի վերջոյ ո՞ր պետութիւնները հանդէս կը գային որպէս յաղթանակողներ, ճշգրտօրէն կանխագուշակել հնարաւոր չէր։

        Տրոհուած հայ ժողովուրդը, որը հեծում էր Օսմանեան խալիֆայութեան, ցարական Ռուսաստանի և բռնապետական Պարսկաստանի կազմում չգիտէր իր արհաւրալից, սև ճակատագրի մասին։

        Թէ ինչպիսի դէպքեր տեղի ունեցան յետոյ կարելի է կարդալ, ուսումնասիրել հակասական կողմնորոշումներով լի  հրապարակուած անհամար աշխատութիւններում։ Փաստօրէն, հայ ժողովրդին բաժին ընկաւ արիւնալի ցեղասպանութիւն, բռնաբարումներ, աքսոր, աւերածութիւններ, անշարժ գոյքի իւրացում և այլ ունեցուածքների թալանում, սով,  հայրենազրկութիւն և անփարատելի վիշտ, որը ցաւօք սրտի դեռ մնում է մեր հոգու խորունկ ծալքերում։

       Վերոյիշեալ օտարածին, ոչ-իւրային, ոչ-աւանդական, ոչ-տեղական հաստատութիւններն ազգային կամ դասակարգային երանգաւորում տրուած գաղափարախօսութիւններով  ասպարէզ չեկան փրկելու մեր ժողովրդին հազար ու մէկ վտանգներից ու սպառնալիքներից, այլ հակառակը, կամայ-ակամայ ազգաբնակչութեանը տարան ուր որ հզօր պետութիւններն էին ակնկալում։ Եւ ցաւալին այն է, որ մէկ դարից աւելի գործող այդ հաստատութիւնները պնդում են մնալ ասպարէզում ու կատարել նորանոր հրահանգներ ի վնաս հայ ժաղովրդի, որ էլ աւելի քայքայման, մասնատման և ուծացման ենթարկեն հնադարեան մեր ազգին։

        Ազգին ազատագրող մերօրեայ սերունդը պէտք է գիտենայ, որ հայ լինելը պատմական, պատմագիտական հասկացութիւն է։ Հետևապէս քաղաքական, ռազմական գործողութիւնների հետ միաժամանակ անհրաժեշտ է բացատրական աշխատանքով բարձրացնել ժողովրդական զանգուածների ինքնաճանաչման մակարդակը։

        Մի հիմնական հարց. արդեօք Հայոց աշխարհի բոլոր հատուածները կ՚ազատագրուե՞ն մերօրեայ մարտիկների զօրութեամբ։ Ակնյայտ է նրանք պէտք է պատերազմեն թէ՛ ծպտուած, ներքին և թէ՛ արտաքին, անողոք թշնամիների դէմ։

 

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ      

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին