Ուրբաթ, 13. 12. 2024

spot_img

«Ապստամբութիւն»

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ

Ստորեւ, «Ապստամբութիւն» բանաստեղծութիւնը, որ Սիլվա Կապուտիկեանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանին ուղարկած էր «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձնելու ժամանակ։

13 Ապրիլ 2004-ին, նախագահ Քոչարեանի նստավայրին դիմաց երբ ընդդիմութիւնը խաղաղ ցոյց կը կազմակերպէր, իրաւապահները դաժանօրէն ցրած էին  ցուցարարները։ Այդ ժամանակ էր, որ բանաստեղծ Սիլվա Կապուտիկեանը որոշած էր վերադարձնել Քոչարեանին կողմէ 1998 թուականին իրեն տրուած շքանշանը։ Կապուտիկեան,– 20-րդ դարու մեծագոյն հայ բանաստեղծուհին,– ծնած էր Երեւան, 20 Յունուար 1919-ին եւ մահացած դարձեալ Երեւան՝ 25 Օգոստոս 2006-ին։

 

 

Ես չեմ ապրում արդէն ու ես չեմ էլ մեռնում, 

Եւ իմ չմեռնելը տեւելու է երկար, 

Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, 

Ես ձեր դատաստանին պէտք է լինեմ ներկայ:

 

Դուք, փոքր ու մեծ տէրեր, այրեր դուք ապիկար, 

Առաջնորդներ չնչին ու կէսկատար, 

Ստոր ձեր տեսակին ստորոտն էր յարմար, 

Դուք եղծութեամբ, ստով հասաք կատար:

 

Մտքի ընտրեալներին դուք դարձրիք ծառայ

Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգուած, 

Մի պարկ փուտ ալիւրով մարդկանց խիղճը առաք, 

Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

 

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից

88-ի հրաշք ժողովրդին.

Ստիպեցիք լքել հայրենիքը, որին

Արիւն էին տուել, կեանք ու որդի:

 

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մէջ, ելա՛ւ, 

Յանուն պատուի, պարտքի եկաւ հրապարակ, 

Զօրքով, փշալարով շուրջկալեցիք նրան

Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

 

Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն, 

Ցեխերի մէջ ընկած մագաղաթեայ մատեան, 

Կախաղանի սիւնից կախուած անկախութիւն, 

Մեր լոյս երազների խաւարակուռ պատեան:

 

Ես ի՞նչ, ի՞նչ խօսքերով նզովք կարդամ ու սաստ, 

Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք, 

Ուր դուք դարձաք հեծեալ, ժողովուրդը` գրաստ, 

Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

 

Եւ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սեւ բախտի արժանացայ, 

Որ նզովքի խօսք եմ ասում… հային.

Հզօր ճախրից յետոյ այս անկումը տեսայ

Եւ ապրեցի օրերն այս դիւային:

 

Ո՛չ, չեմ ապրում արդէ՛ն ու ես չեմ էլ մեռնում, 

Իսկ թէ – անէծք վերին – մնաք ինձնից երկար, 

Մէ՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում, 

Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկայ…

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին