Յարգելի Պրն. Շարմազանով,
Յարգելի Պրն. Աշոտեան,
Ձեր 18.08.2018 թուակիր արձագանգը, ուղղուած՝ Նիկոլ Փաշինեանին, ինձ մօտ, որպէս սփիւռքահայ, որպէս Հայաստանի և հայ ժողովրդի, անցեալով, ներկայով և ապագայով հետաքրքրուող, մի քանի հարցեր է առաջացնում: Իհարկէ դա ձեր իրաւունքն է, թէ ինչպէս էք ցանկանում մեկնաբանել նրա կառավարութեան 100 օրերը, ձեր ասելով բացթողումները, ոչ փրոֆեսիոնալ աշխատաձևը, կապուած Արցախի հիմնահարցի, երկրի կառավարման այլ դրուագներին: Այստեղ իմ նպատակը չէ, պաշտպանել Փաշինեանին և նրա կառավարութեանը: Երևի դա կարող են իրենք և այլք աւելի յաջողուած անել: Որպէս հայ ցանկանում եմ այստեղ փորձել հասկանալ այն տրամաբանութիւնը, մղումը, որով առաջնորդուած, դուք ցանկանում էք Փաշինեանին իր տեղը ցոյց տալ, իսկ դա պարզօրէն զգացւում է, ձեր կոշտ, արհամարհական գրելաձաևից և նրանից, որ դուք ձեր ամբողջ գրելական արուեստը և կարողութիւնը գործի դնելով, ցանկանում էք հանրութեանը տեղեկացնել, որ իշխանութիւնը սխալ մարդու ձեռքերում է, ուրեմն իզուր են նրա ասելիքները, բացատրութիւնները: Որ երկրում կայ վերնախաւ, որին է, ի-վերուստ վերապահուած, իշխանութիւն բանեցնելը, և Փաշինեանը այդտեղ անելիք չունի, ով շահարկելով «ամբոխի» թելադրանքը, զաւթել է վարչապետի աթոռը, որը վաղ թէ ուշ, նա պէտք է լքի: Դուք ուշացումով զարմացած էք, փորձում էք մշուշապատ, բայց չթաքնուած արհամարհանքով ձեր համար բացայայտել, թէ որտեղի՞ց յայտնուեց այդ «ամբոխավար գաւառացին», ով կարողացաւ միայն իր «ամբոխավար հռետորական» ձիրքով, զաւթել իշխանական աթոռը: Այդ 100 օրերի ընթացքում նա բաւականին հաշիւներ է տակնուվրայ արել, բաւականին փոթորիկ բարձրացրել և շարունակելը խիստ վտանգաւոր է երկրի ապագայի, իմա վերնախաւի համար: Ո՞ւմ է ուղղուած նման չթաքնուած, բայց ժամանակավրէպ կոչը: Ինչպիսի՞ ժամանակներ էք աներկբայ տենչում: Դուք ցանկանում էք անտեսել այն իրողութիւնը, որ մարտահրաւէր նետելով Փաշինեանին, մարտահրաւէր էք նետում համայն աշխարհի հայութեանը, ժողովրդավար երկրներին:
Պրն. Շարմազանով, դուք գրում էք.
«100 օր առաջ Պրն. Փաշինեան, դուք շահարկեցիք արիւնահեղութիւնից, եղբայրասպանութիւնից ամէն գնով խուսափելու մեր դիրքորոշումը եւ շանտաժով հասաք ձեր ուզածին»:
Այսինքն ի՞նչ: Այսինքն հայ ժողովուրդը, նաև ձեր երեխաները և ձեր մերձաւորները պէտք է յաւիտեանս շնորհակալ լինե՞ն ձեզանից, որ խուսափել էք արիւնահեղութիւնից, այսինքն դուք դրա միջոցն ունէիք, կարող էիք դա անել, բայց չարիք, կեցէ’ք, որպէս հայ, ես իմ խորին յարգանքն եմ մատուցում ձեզ: Չնայած գիտեմ, որ մարդկային պատմութեան մէջ և ոչ մի բռնակալ ինքնակամ չի հեռացել իշխանութիւնից, և գիտեմ նաև, որ դուք ծեռնպահ մնացիք, արիւնահեղութեան չգնացիք, լաւ գիտենալով, որ դուք, յանձինս Սերժ Սարգսեանի և ՀՀԿ-եան, հայ ժողովրդի մօտ ոչ մի յենարան չունէիք և չունէք, դա էր գլխաւոր պատճառը, որ դուք ստիպուած էիք, հրաժարուել իշխանութիւնից և ոչ թէ ձեր բարի կամքն էր թելադրում այդ:
Դուք գրում էք նաև.
«Ձեր իշխանութեան հարիւր օրուայ ընթացքում արդէն իսկ վտանգաւոր միտումներ են որդեգրուել. խօսքի, այլակարծութեան իրաւունքի ոտնահարում, անմեղութեան կանխավարկածի ոտնահարում, այլախոհների անվտանգութեան սպառնալիք, ՀՀ պետական ինստիտուտների և օրէնսդրութեան ստորադասում սեփական շահերին, ազգային և քրիստոնէական արժեհամակարգի փլուզման փորձեր, բացայայտ յարձակում հայ աւանդական ընտանիքի և Հայ Առաքելական եկեղեցու դէմ,…»:
Իսկ Պրն. Աշոտեանը գրում է.
«…Հետևողական կերպով էրոզիայի ենթարկելով պետական ինստիտուտները, կառոյցներն ու մեխանիզմները, պետութիւնը փոխարինելով «ԵՍ ու Ժողովուրդը» առաջին հայեացքից ականջահաճոյ, իսկ իրականութեան մէջ հակապետական բանաձևով… վարչապետը փորձում է իրենով փոխարինել օրէնքները, դատարանները, ներդրումային միջավայրը, գերատեսչութիւնները և այլն»:
Իրականում այս խօսքերը շատ աւելի լաւ բնութագրում են վերջին 20 տարուայ, հայ ժողովրդի կողմից ամբողջովին մերժուած իշխանութիւնների գործելակերպը: Իրօք որ հանրութեան համար մնում է հանելուկ, թէ՞ դուք անցեալում ինչու էիք լռում, երբ այդքան տագնապած էք Հայաստանի պետականութեան ապագայով: Մոռացե՞լ էք, թէ որտեղ էիք կանգնած դուք, վերջին տարիններին, ում թիկունքում:
Դուք մոռանում էք, բայց բոլորից աւելի լաւ գիտէք՝ թէ, ո՞ր իշխանութիւնների օրօք են, պետական բոլոր կառոյցները միայն ու միայն հայ վերնախաւին ծառայել, թէ՝ «օրէնքները, դատարանները, ներդրումային միջավայրը, գերատեսչութիւնները» ինչպէս են աշխատել, որոնց դերը եղել է միմիայն պաշտպանել «հայ աւանդական ընտանիքների» այսինքն՝ Մանուէլների, Սարգսեանների, յանցագործ գործունէութիւնը…
Հաստատ, որ միայն այդ ընտանիքները չեն, որ յանցագործ են դարձել և մենք, վերջնականապէս հիասթափուած, ու նաև վրդովմունքով, սպասում ենք յաջորդ ընտանիքների յանցագործութեան բացայայտմանը:
Այո, դուք մոռանում էք նաև՝թէ, ո՞ր իշխանութիւններն են «հայ առաքելական եկեղեցուն», յանձին Կաթողիկոսի, իրենց համախոհը և սեղանակիցը դարձրել և նրան էլ ներքաշելով իրենց մեքենայութիւնների ոլորտը, այդպիսով նրան էլ են մերժելի դարձրել, հայ ժողովրդի լայն զանգուածների կողմից:
ՍԱՄՈՒԷԼ ՅՈՎԱՍԱՓԵԱՆ
Պերլին, Օգոստոս 2018