Ստեփան Երէցի «Հանգիտագիրք»ը
Ռ. ԿՈՐԻՒՆ
«ՆՈՐ ՕՐ», ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ – Բարեկամի միջոցով, Հայաստանից, մեծարժէք նուէր եմ ստացել՝ վերոնշեալ գիրքը, այն կարդալով պարտականութիւն զգացի անպայման անդրադառնալ դրուատանքի խօսքերով յոյժ կարևոր այս շնորհակալ գործի համար, նախ՝ հեղինակին, որի երկը երկար ժամանակ մնացել էր անլուր ու անյայտ, մինչև այն որ 1888թ. Ամենափրկչեան վանքի ձեռագրատանը յայտնաբերում է՝ «Նոր Ջուղայի պատմութիւն» գրքի հեղինակ՝ Յարութիւն Տէր Յովհանեանցը (ըստ Փրոֆ. Վահան Ա. Բայբուրդեանի), ապա՝ հրատարակչին, օրհնութեան և գնահատանքի ուղերձաբերներին, գրաբարից աշխարհաբարի փոխադրողներին՝ Մատենադարանի աւագ գիտաշխատող՝ Թամարա Հ. Մինասեան և Մատենադարանի գիտաշխատող՝ Լուսինէ Ս. Թումանեան, վերլուծական գրութեամբ Փրոֆ. Վահան Ա. Բայբուրդեանին, «Ծանօթագրութիւն»-ը՝ Փրոֆ. Վահան Ա. Բայբուրդեանին և բանասիրական գիտութիւնների թեկնածու՝ Յասմիկ Ց. Կիրակոսեանին, խմբագրական կազմին՝ գլխաւոր խմբագիր՝ Փրոֆ. Վահան Ա. Բայբուրդեան, խմբագիր՝ Յասմիկ Ց. Կիրակոսեան, սրբագրիչ՝ Արմենուհի Դեմիրճեան, էջադրում և ձևաւորում՝ Անահիտ Խանզադեան: Գրքում ներառուած է խմբագիրների և թարգմանիչների ամփոփ կենսագրութիւնը:
Ստուարակազմ գիրք, հեղինակի ձեռագիծ պատկերը վրան նախշուած, բաղկացած 329 էջերից և յաւելեալ նմուշներ ձեռագիր մատեանից ու հեղինակի տապանաքարի պատկերը: Գիրքը հրատարակել է Թեհրանի «Փերիոյ Կրթասիրաց» միութիւնը ցանկում նշուած հետևեալ անձերի՝ Հ. Թահմազեան, Մ, Զարգարեան, Գ. Արմենեանց, Հ, Նաւասարդեան, Եարիջանեան եղբայրներ, Ժ. Ղուկասեան, Ա. Նազարեան, Թ. Իսաղուլեան, Արի. Յարութիւնեան, Արշ. Յարութիւնեան, Ա. Շահբազեան, Ա. Մկրտչեան և Մ. Ասլանեան դրամական յատկացումներով: Գիրքը տպագրուել է Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի գիտական խորհրդի երաշխաւորութեամբ Թեհրանի «Ալիք» հաստատութեան տպարանում Յուլիս 2017թ. շատ ընտիր տպագրութեամբ:
Հրատարակիչ՝ «Փերիոյ Կրթասիրաց» միութիւնը երկու խօսք գրութեամբ ներկայացնում է գրքին առնչւող տպագրութեան պատմութիւնը, ապա՝ շնորհակալական խօսքեր ուղղուած վերոնշեալ անձերին:
Գրքի կապակցութեամբ յիշենք ԹՀԹ առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսեանի՝ «Խօսք գնահատանքի և օրհնութեան» գրութիւնից դիպուկ պարբերութիւնը. «Մինչ այսօր Ստեփանոս Երէցի մասին գրուած վկայութիւնները ցոյց են տալիս իր անուրալի դերը 18-րդ դարի Փերիայի մեր ժողովրդի կեանքի հետ առնչուած աւանդութիւնների, սովորութիւնների, տօնակատարութիւնների, պատմական դէպքերի պահպանման և գրաւոր կերպով այն սերունդներին փոխանցելու անգնահատելի աշխատանքի մէջ»:
Եւս յիշատակենք ժամանակի ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի ուղերձից սոյն հատուածը. «Գիրքն արժէքաւոր է նրանով, որ հեղինակը որպէս ժամանակաշրջանի իրադարձութիւնների ականատես անաչառ կերպով ներկայացրել է իրանահայութեան ոչ մէկ դարից աւելի կրած զրկանքները, տառապանքներն ու հարստահարութիւնները, այլև անդրադարձ է կատարել Իրանի պատմութեանը ներկայացնելով երկրի քաղաքական և տնտեսական կեանքը»:
«Թարգմանիչների խօսք» գրութեան մէջ ներկայացւում է բնագրի հակիրճ պատմութիւնը, պարունակութիւնը, լեզուն, գրական արժանիքը, քանի օրինակի գոյութիւնը և ուր գտնուելը: Յիշենք մէկ պարբերութիւն նրանից. «Հայ պատմագրութիւնը հարստացաւ ևս մէկ սկզբնաղբիւրով՝ Ստեփանոս Երէց Հազարջրիբեցու՝ «Հանգիտագիրք»-ի բնագրի և աշխարհաբար փոխադրութեան ամբողջական հրատարակութեամբ: Առաջին անգամ շրջանառութեան մէջ է մտնում մի երկ, որը շատ կարևոր սկզբնաղբիւր է իրանահայ գաղթօջախի, յատկապէս Փերիայի, Բուրվարու, Նոր Ջուղայի 1666-1789 թ.թ. պատմութեան և ընդհանրապէս Իրանի այդ շրջանի պատմութեան ուսումնասիրման համար»:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ
Գիրքը պարունակում է հեղինակի գրաբար բնագիրը 41 պրակներից, «Օրհնութեան գիրը», «Պատմութիւնը գրելու պատճառը և յիշատակարանը», նրանց աշխարհաբար թարգմանութիւնը, բնագիր «Տաղերը», հեղինակի՝ «Լուծմունք բառից» (դժուար բառերի ցանկ): Խմբագրերի՝ ծանօթագրութիւններ, անուանացանկեր (անձնանունների և տեղանունների):
Պատմագիրքը պարունակում է Իրանի աւելի քան հարիւր քսան տարիների պատմութիւնը՝ 1666-1789 թ.թ. որի մասին Փրոֆ. Բայբուրդեանը վերլուծական դիտարկումով ներկայացնում է՝ իրադարձութիւնների, դէպքերի և եղելութիւնների անցուդարձը յաւելեալ տեղեկութիւններով և մեկնաբանութիւններով ակնարկելով այլ աղբիւրների Իրանի և բռնագաղթեցուած հայութեան մասին ինչպէս օրինակ՝ Պատմութիւն Առաքել Վրդ. Դաւրիժեցւոյ, Գրիգոր Վրդ. Դարանղեցւոյ «Ժամանակագրութիւնում», Զաքարիա Սարկաւագի՝ «Պատմագրութիւնում», Զաքարիա Ագուլեցու՝ «Օրագրութիւնում», Աւգուստինոս Բաջեցու՝ «Ճամբորդութիւնում» և այլն: Փրոֆ. Բայբուրդեանը գնահատում է հայկական աղբիւրները Իրանի պատմութեան հարցերի գիտական լուսաբանման տեսակէտից, այդպիսի աղբիւրներից նա յիշատակում է Խաչատուր Ջուղայեցու՝ «Պատմութիւն պարսից» գիրքը, որի մասին գրում է. «Հեղինակը տալիս է պարսից թագաւորների ժամանակագրութիւնը Կիւրոսից սկսեալ և հասնում է մինչև իր ժամանակը՝ Քեարիմ Խան Զանդի մահը (1779) թ.: …Նա իբրև իրադարձութիւնների ժամանակակից անձ ճշգրիտ տեղեկութիւններ է փոխանցում Իրանի տասնութերորդ դարի այդ խառնակ շրջանի պատմութեան մասին»: Փրոֆեսորը յիշում է նաև ուրիշ հայկական շատ հաւաստի աղբիւրներ: Գալով Ստեփան Երէցի մասին նա գրում է. «Նրա կեանքի մասին մեզ հասած տեղեկութիւնները վերին աստիճանի սուղ և թերի են…«Պատմագիրք»-ը յիշատակում է. որ Ստեփան Երէցը քահանայական տոհմից է, նախահայրը՝ Տէր Մատթէոսը Արարատեան գաւառից Շահ Աբբաս Ա.-ի կողմից բռնագաղթեցուած… Նրա հայրը՝ Տէր Աղեքսանդր…, նա ծննդավայր Հազարջրիբում հօր մօտ գրաճանաչ և նախնական գիտելիքներ է ստանում, ապա գնում է Նոր Ջուղայի վանք ուսման համար: Վանքը հանդիսանում էր տարագիր հայութեան կրթական-մշակութային կեանքի լուսաւոր կենտրոնը…, նա ամուսնանում և ունենում է երեք որդի…, քահանայ է ձեռնադրւում…, նա եղել է ժամանակի ուսեալ, կարդացած և բանիմաց անձնաւորութիւններից մէկը: Նա լինելով ստեղծագործ խառնուածքի տէր հոգևորական զբաղուել է գրական գործունէութեամբ՝ թողնելով բաւականին ծաւալուն ժառանգութիւն…: Նրա առաւել գնահատելի և արժէքաւոր գործը, անկասկած, նրա՝ «Հանգիտագիրք» անունով պատմական երկն է…, հեղինակն այն անուանում է՝ «Մտածումներ անցեալ և ներկայ ժամանակների մասին»: Պատմական այդ երկը զետեղուած է 488 էջանոց հաստափոր ու կաշեկազմ մի մատեանում…, որի ժամանակագրական սահմաններն ընդգրկում են Իրանում Սեֆեան-Սեֆեֆեան հարստութեան Շահ Աբբաս Բ.-ի (1642-1666թ.թ.) կառավարման վերջից և աւարտւում է 1789 թ., այսինքն Մուհամմադ խանի և Լոթֆալի խանի ժամանակներում…» և այլ տեղեկութիւններ: Ըստ Փրոֆ. Բայբուրդեանի՝ «…պատմագիրն իր նկարագրած դէպքերի մեծ մասի ոչ միայն ժամանակակիցն է եղել, այլև՝ ականատեսը: Նա անկեղծ արձանագրող է և ամենայն բարեխղճութեամբ իր տեսածն ու լսածը մանրամասնօրէն գրի է առել…: Նրա երկի մեծագոյն արժէքը փաստերի հաւաստիութեան մէջ է…նա միշտ խուսափել է ոչ արժանահաւատ կամ հակասական տեղեկութիւններից ու վկայութիւններից: Հետևաբար, Ստեփանոս Երէցը մեզ ներկայանում է որպէս բարեխիղճ, խոհուն և ստուգապատում պատմագիր: Իրանի պատմութեան մասին «Պատմագրքում» բերուած տեղեկութիւնները վերաբերում են ինչպէս քաղաքական, այնպէս էլ տնտեսական և ընկերային կեանքին: Առանց չափազանցութեան կարելի է ասել, որ այդ երկը Իրանի պատմութեան ուշ միջնադարի և նոր ժամանակների սկզբի կարևորագոյն և եզակի բնոյթ ունեցող աղբիւրներից մէկն է: ԺԷ. դարի երկրորդ կէսի և ԺԸ. դարի պատմութեանը նուիրուած լինելով՝ այն ընդգրկում է տուեալների աւելի լայն շրջանակ… կարևորագոյն տեղեկութիւնների աղբիւր նաև Աֆղանստանի, հարաւային Կովկասի երկրների, յատկապէս Վրաստանի պատմութեան տարբեր հարցերի վերաբերեալ»:
Հատուածների նշումով շարունակենք հիմնուել Փրոֆ. Բայբուրդեանի ստուգաբանող գրութեան, նա գրում է. «Ստեփանոս Երէցը որպէս խորագիտակ հետազօտող հիանալի ըմբռնել է ժամանակի ոգին…: «Պատմագրքում» մեծ տեղ է յատկացուած հայ գաղթաշխարհի մի ուշագրաւ հատուած ներկայացնող իրանահայ գաղութի և յատկապէս հեռաւոր օտարութեան մէջ գտնուող Փերիա և Բուրվարի գաւառների կեանքի պատկերմանը… նա լաւ գիտէ նրանց առօրեան ու հոգսերը և դրանց մասին ամենայն բարեխղճութեամբ հաղորդում է ընթերցողին: Նրա «Պատմագրքում» կարմիր թելի պէս անցնում է այն իրողութիւնը, որ այդ հայրենասէր մարդու մօտ մշտապէս տրոփել է ազգային ոգու զարկերակը»:
Փրոֆ. Բայբուրդեանը իր գրութեան մէջ յիշատակել է մի շարք գրողներ, որոնք անդրադարձել են Ստեփանոս Երէցի ժառանգութեանը, ինչպէս օրինակ՝ Յարութիւն Տէր Յովհանեանցը, որը նրա պատմութեան գրքից լայնօրէն ընդգրկում է իր՝«Ջուղայի պատմութեան» գրքում: Այսպէս՝ Իրազեկ (Յակոբ Տէր Յակոբեան) 1938թ. «Մի անյայտ բանաստեղծ ու պատմագիր՝ Ստեփանոս Երէց փերիացի» վերնագիր յօդուած է տպագրել Թեհրանում լոյս տեսնող «Նաւասարդ» ամսագրում: Արամ Երեմեանը «Էջմիածին» ամսագրում տպագրում է մի յօդուած՝ «Ստեփան Երէցի մեծարժէք ձեռագիր մատեանը» վերտառութեամբ: Վաստակաշատ բանասէր Լևոն Մինասեանը առաւել ուշադրութեամբ պատմագրքի երկու հարիւրամեակի առիթով «Ալիք»-ում 1949թ. տպագրում է մի յօդուած «Պատմագիր Ստեփան Երէց» անունով, նաև իրանահայ գաղութի 350-ամեակի առիթով հրատարակում է 47 էջանոց մի գրքոյկ 1956թ. «Պատմագիր Ստեփան Երէց» անունով:
ԿԱՐԵՒՈՐ ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
Պատմագիրը խաների և թագաւորների անմարդկային արարքների մասին հայ գիւղացու նկատմամբ արտասուաթոր աչքերով և ցաւ ու վշտով է գրի առնում, նա յայտնում է՝ «Երբ շահ սուլթան Հոսէյնի (1694-1722) թ.թ. Սեֆեան արքայատան վերջին թագաւորը հայերին կրօնափոխ անելու և իսլամը պարտադրելու ջանքերը ի դերև են անցնում, նա որոշում է հայերի նկատմամբ սանձարձակ բռնութիւններ և հալածանքներ, հրաման է առաքում, որ հայերը հասարակական վայրերում իրաւունք չունեն յայտնուելու շքեղ զգեստներով, այլ պէտք է հագնեն ցնցոտիներ կամ՝ «Ի վերայ թիկանց ձգեսցեն զկապերտ հին», գլխներին դնեն պատառոտուած գլխարկ, որպէսզի տարբերուեն մուսուլմաններից: Նրանց արգիլւում էր շուկայ գնալ ձիով և առհասարակ յայտնուել ձի հեծած: Անձրևոտ օրերին իրաւունք չունէին փողոց դուրս գալու, քանի որ քրիստոնեաները «անսուրբ ազգ են» և նրանց թաց շորերը դիպչելով մահմեդականներին, կարող են պղծել նրանց: Հրամայուեց նաև, որ հայերը պարտաւոր են քարշ տալ մահապարտ սպանուածների դիակները «իբրև գործ անարգ յամօթ և նախատինս ինքեանց»: Հայերին կրկնակի նուաստացնելու միտումով՝ նրանց վրայ դրուեց «կուտի հարկ» արքունական հաւերին կերակրելու համար: Մունետիկների միջոցով ի լուր բոլորին ազդարարուեց, որ ով թէկուզ մէկ հայի հաւատափոխ անի, նրան «թագաւորն զբազում բարիս առնէ նոցա և կատարէ զամենայն խնդիրս նոցին»: Ստեփանոս Երէցը իր աշխատասիրութեան աւարտին Էջմիածնի կաթողիկոսին ուղղուած՝ «Խօսք երջանիկ առաջնորդին» գրում է. «…Նոյնպէս և ինքս նկատեցի և տեսայ, թէ մեր խեղճ և անպաշտպան հայ ազգը ինչպիսի վիշտ և նեղութիւն է կրել անցած ձախորդաբեր ժամանակներում և ներկայում, այնքան որ ո՛չ թուղթն է բաւական շարադրելու համար և ո՛չ մելանը գծելու, ո՛չ գրիչ գրելու և ո՛չ էլ լեզուն ճառելու այն նեղութիւնների քանակը, որ կրեց մեր տառապեալ ազգը…»:
Ստեփան Երէցը իր 37-րդ պրակի մէջ խնդրագիր հատուածում գրում է. «Իմ անթիւ և բազմակոյտ յանցանքների պատճառով այդ ամէնն իմ աչքերով տեսայ, և վշտացած սրտով, արտասուաթոր աչքերով և հառաչանքով գրեցի մատեանում ապագայում իմացուելու համար, որ ընթեռնելով և մտածելով հոսեն ձեր հաճոյական աղօթքները իմ շիրիմի և իմ չորացած ոսկորների վրայ»:
ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ
Մեր հայութեան անցեալի ողբալի վիճակը արդիւնքն է մեր թուլութեան, ստրկամտութեան, օտարներին հաւատք ընծայելով և նրանց ծառայելով առանց նկատի առնելով մեր ժողովրդի և հայրենիքի շահերը, թշնամու նկատմամբ նրա դէմ գլուխ ծռելը, հայրենասիրութեան և ազգասիրութեան պակասը, հայրենիքի հողային տարածքների կորստի նկատմամբ անտարբեր լինելը, դժուարութեանց ու վտանգի դէպքում հայրենիքից արտագաղթելը, որոնց մասին բազում անգամներ արձանագրել է մեր պատմութիւնը և նոյնն էլ շարունակւում է այսօր ցաւօք (մեր օրերի Արցախի պարագայում օտարների կամքը կատարելը)։ Ե՞րբ պիտի ուշքի գանք։ Յուսով, թաւշեայ յեղափոխութեան կառավարութիւնը խորանալով մեր անցեալի և ներկայ ժամանակների սխալների մէջ, կը սրբագրի և կը քայլի հայրենիքի և հայ ժողովրդի շահերի ապահովման լոյսի ներքոյ՝ հզօրութեան նպատակասլաց քաղաքականութեամբ:
Բաւարարուենք այսքանով. կ՚ուզէի աւելի ընդարձակուել և խորանալ Փրոֆ. Բայբուրդեանի գրութեան մէջ, սակայն նկատի առնելով գրքի գոյութիւնը, զայն ձեռք բերել և առաւել մանրամասն տեղեկանալ հեղինակ պատմաբանի այն դարերի իրադարձութիւնների մասին:
Կարդալով փրոֆեսորի խորազնին վերլուծականը, լաւապէս պատկերացրի «Պատմագրի» մեր բռնագաղթեցուած իրանահայութեան կրօնի, ազգութեան պատճառով տառապանքների, նեղութեանց և զրկանքների մասին, սակայն այսօր առաջ նայելով փառք ու պատիւ տալով նրանց և երախտագիտութեան աղօթքով մոմ եմ վառում նրանց յիշատակին, որ ծով դժուարութիւնները, տառապանքներն ու զրկանքները չընկճեցին և չյուսահատեցրին նրանց, այլ՝ անխախտ հաւատքով մեր արժէքների՝ լեզուի, հաւատքի, մշակոյթի, հայրենիքի և ազգի նկատմամբ համբերատար և վառ յոյսերով հայրենիք վերադառնալու երազանքներով ապրեցին իրենց հայեացքը ընդմիշտ դէպի Էջմիածին և Հայաստան, շատ-շատեր հայրենիքի կարօտով շիջեցին օտարութեան մէջ, սակայն ոգին վառ փոխանցուեց գալիքներին, այսպիսով մենք նրանց շնորհիւ կառչած մնալով նոյն ոգուն մեր երեսը պարզ ու պայծառ Հայաստան աշխարհի և ընդհանուր հայութեան մօտ:
19 Օգոստոս 2018
Սանլենտ, Լոս Անճելըս