Երեքշաբթի, 20. 05. 2025

spot_img

Հայ-Սերպական Բարեկամութեան Տօն

Հայ-Սերպական յարաբերութիւնները ունին իրենց պատմական հիմքն ու կարեւորութիւնը երկու բարեկամ ժողովուրդներու պատմութեան մէջ: Վերջերս՝  15 Փետրուար 2018-ին Հայաստանի մէջ Աւետիք Իսահակեանի անուան գրադարանին մէջ Սերպիոյ Պետականութեան Օրուայ տօնին առիթով ձեռնարկ մը տեղի ունեցաւ,  որուն շահեկանութեան համար զայն կը հրամցնենք մեր ընթերցողներուն:

 «Խմբ.»

Եթէ հրաշքով կենդանի լինէին մեր երկու մեծ բանաստեղծները` Յովհաննէս Թումանեանը եւ Աւետիք Իսահակեանը, ապա նրանք շատ երջանիկ կը լինէին, որ կայ Բաբգէն Սիմոնեանի նման մտաւորական, որն այդքան մեծ նուիրումով շարունակում է իրենց սկսած գործը` ամրապնդելով երկու բախտակից ժողովուրդների` սերպերի ու հայերի բարեկամութիւնը: Հայաստանում Սերպիայի պատուոյ հիւպատոսը, յիրաւի, խիստ կարեւոր առաքելութիւն է իրականացնում: Նա անցեալ ուսումնական տարում եկել էր մանկավարժական մայր համալսարանի բանասիրական ֆակուլտետ եւ մեր ուսանողութեանը ներկայացրեց տեսաֆիլմ` նուիրուած Սերպիայի Հանրապետութեանը, սերպ ժողովրդի ազատասիրական ոգուն: Տեսաֆիլմն ուղեկցւում էր սերպական հայրենասիրական երգերով, որոնք համակում էին իրենց գեղեցիկ մեղեդիներով: Նրա դասախօսութիւնը խիստ անհրաժեշտ էր այսօրուայ հայ երիտասարդութեանը` առողջ հայրենասիրութեամբ տոգորուելու համար: Բանասիրական Հիմնարկի տնօրէն՝ Աշոտ Գալստեանի ջանքերով երկկողմանի դասախօսութիւններ եղան skype-ով:

Սերպիայի անցեալի մասին լսեցինք դասախօսութիւն, որը սերպերէնից թարգմանում էր Բաբգէն Սիմոնեանը, եւ ի պատասխան դրան` Չեռնոկորիայի աստուածաբանական համալսարանի 4-րդ տարուայ ուսանողների համար ես կարդացի դասախօսութիւն, որին ներկայ էր նաեւ համալսարանի նախագահը: Դասախօսութիւնը նուիրուած էր պատմահայր Մովսէս Խորենացուն, այն ռուսերէնից թարգմանում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէորգեան ճեմարանի սան, սերպ երիտասարդ Բրետրակ Միյանովիչը, որին փայլուն ապագայ է սպասւում:

Ուզում եմ նշել, որ Յովհաննէս Թումանեանը ռուսերէնից թարգմանել է սերպական էպոսի մի քանի հատուածներ: Ես ծանօթ եմ սերպական էպոսի ռուսերէն թարգմանութեանը եւ զարմանալի նմանութիւններ եմ նկատել սերպական էպոսի եւ հայկական «Սասնայ ծռերի» կամ «Սասունցի Դաւթի» միջեւ: Յատկապէս իրենց քաջութեամբ, ազնուութեամբ, հայրենասիրութեամբ շատ նման են երկու էպոսների գլխաւոր հերոսները` Մարկոն եւ Սասունցի Դաւիթը:

Սերպական վիպերգի մէջ պատմւում է, թէ ինչ է ուղարկել Թուրքիայի սուլթանը Մոսկովի ցարի ընծաների փոխարէն: Քրիստոնեայ պատրիարքի խորհրդով նա ռուսական ցարին ուղարկում է սերպական սրբութիւններից` Կոստանդին կայսեր թագը, Ոսկեբերանի շուրջառը, Սերպիայի հերոս Լազար արքայի խաչանիշ դրօշը:

Ղուշբեգի փաշան սուլթանին բացատրում է, թէ այդ ընծաներով սուլթանը հզօրացնելու է Մոսկովի ցարին: Սուլթանն իր ենիչերներով դեսպաններից խլում է իր ուղարկած նուէրներն ու սպաննում է ծեր պատրիարքին: Էպոսի մի հատուածում պատկերւում է, թէ ինչպէս Մարկոն վերացնում է սերպերի վրայ դրուած պսակի հարկը, եւ սերպ աղջիկներն ամուսնանում են ազատ ու համարձակ: Սերպերը հիմա էլ ունեն հարուստ գրականութիւն եւ «Ինոսթրաննայա լիթերաթուրա» ամսագիրը յաճախ է տպագրում սերպ գրողների երկերը: Սերպ ազգը հպարտանալու իրաւունք ունի. 1961 թուականին սերպ անուանի արձակագիր Իվո Անդրիչը գրականութեան գծով ստացել է Նոպելեան մրցանակ:

Բաբգէն Սիմոնեանի հրատարակած գրքերը, սերպ ժողովրդի ազատագրական ոգին ներկայացնող տեսաֆիլմերը, դասախօսութիւնները այսօր խիստ արդիական են եւ անհրաժեշտ են հայ երիտասարդութեանը:

ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆեԱՆ

Խ. Աբովեանի անուան
ՀՊՄՀ Հայ հին եւ միջնադարեան գրականութեան
եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամպիոնի վարիչ,
Բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆէսոր
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

 

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին