Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հոկտեմբերի վերջին տասնօրյակում ընթանում են սխտորի ցանքի աշխատանքները, որոնք տարեցտարի ավելի շատ ցանքատարածքներ են ընդգրկում շուկայում պահպանվող բարձր գների արդյունքում:
Սխտորի ցանքերն ավելի շատ տարածքներ են այժմ զբաղեցնում Նորակերտ, Մեծ Մասրիկ եւ Փոքր Մասրիկ համայնքներում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Նորակերտի, Մեծ Մասրիկի եւ Փոքր Մասրիկի գյուղապետարաններից, սխտորի ցանքերն իրենց համայնքների տնտեսություններում արդեն հասնում են մի քանի տասնյակ հեկտարների:
«Սխտորի ցանքն արդեն ավարտին է մոտենում Նորակերտում: Գրեթե բոլոր տնտեսությունները ցանք են կատարել իրենց տնամերձերում, հիմնականում՝ ձեռքով: Շուկայում պահպանվող բարձր գինը՝ 1000-1500 դրամ, շահագրգռում է տնտեսություններին, որ ընդարձակեն սխտորի ցանքերը: Ով շահ է ստացել այս տարի, կրկնապատկել կամ ավելի է շատացրել ցանքը, որ եկող տարի ավելի մեծ շահույթ ստանա»,-պատմեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը:
Ի տարբերություն Նորակերտի՝ Մեծ Մասրիկում եւ Փոքր Մասրիկում սխտորի ցանքը դեռ շարունակվում է: «Մեծ Մասրիկում նույնիսկ մեկը ձեռքի տեխնիկա է պատրաստել, որով սխտորի ցանք է կատարում ավելի մեծ հողակտորների վրա: Հոկտեմբերի 27-ի դրությամբ մեր գյուղում կատարվել է շուրջ 13 հեկտար սխտորի ցանք, եւս նույնքան էլ հավանական է, որ ցանվի: Սխտորի մշակությունն առանձնակի ջանքեր ու դժվարությունների հաղթահարում չի պահանջում, ինչպես կարտոֆիլի դեպքում: Ճիշտ է, սխտորի բերքատվությունը զիջում է կարտոֆիլին, սակայն ներկա շուկայական գնի պայմաններում շատ շահավետ է: Այս տարվա բերքը հիմնականում իրացված է:
Կարծում եմ, շուկայական բարձր գնի պայմաններում սխտորի արտադրությունը մեր մարզում նկատելիորեն կավելանա»,- ընդգծեց Մեծ Մասրիկի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Էդիկ Պողոսյանը: