Լեռնագոգ -1 hնավայրում հայ-ճապոնական արշավախումբն այս տարի կավաշաղախից շինության մնացորդներ է հայտնաբերել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ հնավայրի տարածքում Ք.ա. VIII հազարամյակի վերջին և VII հազարամյակի առաջին քառորդում ապրել է մի համայնք, որը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` Լեռնագոգ-1 հնավայրի արշավախմբի ղեկավար Արթուր Պետրոսյանն ասաց, որ հնավայրի մակերևույթին սփռված վանակատե իրերը շերտագրորեն կապ չունեն առկա շինությունների հետ, այլ դրանք ժամանակի ընթացում լվացվել և մակերևույթին են հայտնվել երկրաբանական պրոցեսների արդյունքում։ «Հնավայրում անցկացվեց հետախուզական փոսորակ, որտեղ իրականացված պեղումներից պարզ դարձավ, որ գործ ունենք բավականին հզոր (մոտ 2 մետր) հնագիտական շերտերի հետ։ Մեր տարածաշրջանում այս տեխնիկայով շինություններ պատրաստելու առաջին օրինակները մինչ այժմ փաստագրվել էին Ք.ա. VI հազարամյակի առաջին կեսով թվագրվող Առատաշեն – Շուլավեր – Շոմութեփեյան մշակույթի հնավայրերում: Լեռնագոգ-1-ի ուսումնասիրության նախնական արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ, այն ներկայացնում է Հայաստանի տարածքում հայտնի ամենավաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը»,-ասաց նա:
Արթուր Պետրոսյանի խոսքով` հնավայրում հայտնաբերվել են նաև խիստ սահմանափակ քանակությամբ կայծքարից պատրաստված առարկաներ: «Վանակատից իրերի մեջ հատկապես աչքի են ընկնում սեղմման միջոցով մանր շեղբերի հենքի վրա պատրաստված միկրոլիթյան գործիքները, որոնք խոսում են բնակատեղիի վաղ հոլոցենյան հասակի հավանականության մասին: Հայտնաբերվել են նաև տարատեսակ կտրիչներ, ծայրային քերիչներ, փոսիկավոր գործիքներ, աղորիքներ և ոսկորե իր»,-ասաց արշավախմբի ղեկավարը՝ հավելելով, որ ստացված արդյունքները գալիս են լրացնելու և փոխելու Հայաստանի և, մասնավորապես, Արարտյան գոգավորության նեոլիթյան շրջափուլի մշակույթների մասին մեր ունեցած պատկերացումները և արտադրող հասարակությունների պատմությունը կարող են ետ տանել առնվազն հազար տարով:
Լեռնագոգ-1 հնավայրը հայտնաբերվել է հայ-ճապոնական համատեղ արշավախմբի կողմից 2013 թ. ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում կատարված հետախուզական շրջայցի ժամանակ: Հայ-ճապոնական համատեղ արշավախմբի աշխատանքներին մասնակցում են մասնագետներ հայկական և ճապոնական կողմերից, ուսանողներ Երևանի պետական համալսարանից և Տոկայի համալսարանից: Պեղումներն իրականացվում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Տոկայի համալսարանի և Ամերիկայի «Գֆոելլեր» հիմնադրամ-ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով:
Հաջորդ տարի նախատեսվում է շարունակել հնագիտական հետախուզումը և պեղումները Լեռնագոգում։ Պեղումների համար նախատեսվում է ընդլայնել պեղման մակերեսը՝ փորձելով հասկանալ հնավայրի սահմանները, բնականաբար, ամենահետաքրքիրը հնավայրում արձանագրված կավաշաղախից շինության ամբողջական պեղումն է, որը նախատեսվում է իրականացնել հաջորդ գործաշրջանի ընթացքում։
Լեռնագոգ-1 հնավայրի պեղումները սկսվել են սեպտեմբերի 4-ին և ավարտվել հոկտեմբերի 9-ին։