ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Լեհաստան կարևոր էր մի շարք առումներով: Առաջին հերթին այն նոր թափ է հաղորդում միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Մյուս կողմից՝ այն կարևոր էր Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ Լեհաստանը հանդիսանում է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից մեկը, իսկ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության հետ համագործակցության զարգացմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ Լեհաստան կատարած այցին:
– Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Լեհաստան: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք:
Երկու երկրների միջև հարաբերություններում բարձր մակարդակի փոխայցելություններն, առհասարակ, շատ կարևոր նշանակություն ունեն: Դրանք ոչ միայն ամրապնդում են երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունը և հարստացնում մեր դիվանագիտական հարաբերությունների պատմությունը, այլև հրաշալի հնարավորություն են հանդիսանում տարբեր հարցերի վերաբերյալ միմյանց տեսակետներին ծանոթանալու և հնարավոր համագործակցություն զարգացնելու համար: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Լեհաստանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը մշտապես բարձր մակարդակ է ունեցել, այնուամենայնիվ, պետք է նշել, որ խորհրդարանների ղեկավարների մակարդակով վերջին այցելությունը տեղի էր ունեցել վաղուց՝ 2009 թվականին: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Լեհաստան կարևոր էր մի շարք առումներով: Առաջին հերթին այն նոր թափ է հաղորդում միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Մյուս կողմից՝ այն կարևոր էր Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ Լեհաստանը հանդիսանում է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից մեկը, իսկ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ ծրագրի շրջանակում Եվրոպական Միության հետ համագործակցության զարգացմանը: Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահը Լեհաստան է այցելում հոբելյանական տարում, երբ մեծ շուքով նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայերին շնորհված բացառիկ արտոնության 650-ամյակը:
– Այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն հանդիպումներ է ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ի՞նչպայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության համար: Ո՞ր ոլորտներում կան նախանշված անելիքներ:
– Նախ պետք է նշել, որ այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ունեցել է բազմաթիվ կարևոր հանդիպումներ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, ԼՀ սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու, ԼՀ սեյմի նախագահ (մարշալեկ) Մարեկ Կուխչինսկու, ԼՀ փոխվարչապետ, ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարար Պյոտր Գլինսկու, Լեհաստանի սեյմի և սենատի բազմաթիվ պատգամավորների, ազդեցիկ քաղաքական գործիչների հետ: Այդ հանդիպումներին ընթացքին մանրամասն կարելի է ծանոթանալ ՀՀ ազգային ժողովի կայքում հրապարակված տեղեկատվությունից։ Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր հանդիպումների առանցքում եղել են երկու երկրների միջև լայն առումով համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման խնդիրներ: Մեծ կարևորություն է տրվել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի, խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործող խորհրդարանական վեհաժողովներում մեր պատվիրակությունների արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցերին: ՀՀ ԱԺ նախագահը լեհ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները աշխարհաքաղական տարբեր զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել են Արցախի խնդրի խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների հստակ մոտեցումներն ու ձեռնարկվող ջանքերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականին նշելու է Լեհաստանի Անկախության և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանները` կողմերը միմյանց տեղեկացրել և հրավիրել են հոբելյանական ծրագրերի շրջանակներում հաջորդ տարի սպասվող բազմաթիվ (այդ թվում՝ քաղաքական) միջոցառումներին:
– Լեհաստանի Նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լեհաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ, ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Ի՞նչնշանակություն ունի Արա Բաբլոյանի այցելությունը Բրյուսելում նոյեմբերին կայանալիք Արևելյան գագաթնաժողովին ընդառաջ:
– ՀՀ ԱԺ նախագահի՝ Լեհաստան կատարած այցը կազմակերպվել էր երկկողմ ձևաչափում և ուղղակիորեն կապված չէր Բրյուսելում կայանալիք ԵՄ արևելյան գործընկերության գագաթաժողովի հետ, սակայն դա հավելյալ առիթ էր խոսելու Հայաստանի և Եվրոպական Միության համագործակցության զարգացման հեռանկարների մասին: Լեհաստանը մշտապես հանդես է գալիս Եվրոպական Միության և այլ պետությունների հետ բաց և ակտիվ քաղաքականության դիրքերից: Այդ տեսանկյունից կարևոր է համարվել ԵՄ անդամ երկրների, այդ թվում Լեհաստանի կողմից համաձայնագրի ստորագրմանը նախապատրաստվելու և դրա հետ կապված ներպետական ընթացակարգերը ժամանակին ավարտելու հարցը:
– ԼՀ սենատը, ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի, ընդունել է բանաձեւ: Ի՞նչ նշանակություն ունի այս բանաձևը, ի՞նչ է այն ենթադրում:
– Լեհաստանի Սենատի կողմից 2017 թվական հոկտեմբերի 19-ին ընդունված բանաձևն ունի չափազանց կարևոր, պատմական նշանակություն: Սա, թերևս, եթե ոչ առաջին, ապա բացառիկ դեպքերից մեկն է, երբ երկրի խորհրդարանը հատուկ բանաձևով ընդգծված վերաբերմունք է արտահայտում իր տարածքում ապրող հայ համայնքի նկատմամբ` լավագույնս գնահատելով հայերի վաստակը և դերակատարումը պետության կյանքում: Կարծում ենք, որ տեղի ունեցածը նշանակալի իրադարձություն է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի, այլև հայ ժողովրդի կյանքում, ընդհանրապես։ Մինչ այդ մենք ականատես ենք եղել տարբեր պետությունների, այդ թվում՝ Լեհաստանի, խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերի ընդունմանը։ Լեհաստանի խորհրդարանի կողմից ընդունված այս վերջին բանաձևի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն վերաբերում է մեր ժողովրդի պատմության փառավոր էջերին՝ պաշտոնական և իրավական գնահատական տալով Լեհաստանում ապրող մեր հայրենակիցների մի քանի հարյուրամյակների նշանակալի գործունեությանը։ Սա, ըստ էության, մի բանաձև է, որը գալիս է լրացնելու միջին դարերից սկսած Լեհաստանի իշխանությունների կողմից հայերի հանդեպ դրսևորած դրական, բարյացակամ վերաբերմունքն արտահայտող բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերի շարքը՝ իր հերթին հանդիսանալով պատմական կարևոր փաստաթուղթ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Լեհաստանի սենատը բանաձևն ընդունեց միաձայն քվեարկության արդյունքում։ Սա այն ոչ հաճախ հանդիպող դեպքերից է, երբ բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները միասնական վերաբերմունք ու կարծիք են արտահայտում, ինչը վկայում է հայերի հանդեպ դրական վերաբերմունքի հարցում լեհ հասարակության կատարյալ համերաշխության մասին։ Մեզ համար խորհրդանշական էր բանաձևի ընդունման ժամկետը։ Դրան նախորդել էր Լեհաստանի սենատի ճեմասրահում «Հայերը՝ Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ։ Իսկ բանաձևի քննարկման և ընդունման նիստին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության անդամները։ Կարծում եմ, որ այդ բանաձևի ընդունումը մի կողմից ամրագրում, մյուս կողմից նոր թափ է հաղորդում հայ և լեհ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությանը՝ արտահայտելով փոխադարձ հարգանքն ու համակրանքը միմյանց հանդեպ։
Հարցազրույցը վարեց Աննա ԳԶԻՐՅԱՆԸ