«Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամին տարեկան կը դիմէ 500 անձ: Անոնք հիմնականօրէն Սուրիոյ, ԱՄՆ-ի, Գանատայի, Լիբանանի, Ռուսիոյ, Իրանի հայեր են: «Արմենփրես»-ի մամուլի սրահին մէջ հրաւիրուած ասուլիսի ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրէն Վարդան Մարաշլեան նշած է, որ իրենց դիմողներուն մեծ մասը 20-30 տարեկան, որակեալ կրթութիւն ստացած երիտասարդներ են:
«Մեզ դիմում են ամենատարբեր հարցերով` անձնական իրերի տեղափոխում, այստեղ որեւէ գործի հիմնում, աշխատանք գտնել, երեխաներին կրթութեան տալ եւ այլն: Մենք ունենք հայրենադարձների ցանց, բաղկացած 3 հազար 800 հոգուց: Եւ ահա Հայաստան տեղափոխուել ցանկացողներին կապում ենք արդէն Հայաստանում գտնուողների հետ, փորձում ենք այնպէս անել, որ միմեանց օգտակար լինեն: Հայաստան տեղափոխուածներին աջակցում ենք նաեւ աշխատանք գտնելու հարցում: Որակեալ քատրերի հարցով մեզ պարբերաբար դիմում են հայաստանեան տարբեր ընկերութիւնները, մենք էլ ուղղորդում ենք աշխատանք փնտռողներին»,- ըսած է Վարդան Մարաշլեան:
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը պարբերաբար հայրենադարձներու խումբով այցելութիւններ կը կազմակերպէ տարբեր երկիրներ, կը կազմակերպէ ֆորումներ հայկական համայնքներու մէջ: Վարդան Մարաշլեանի խօսքով, ատիկա հնարաւորութիւն կու տայ հայրենադարձութեան մասին մտածողներուն անձամբ հարցեր ուղղել անոնց, որոնք արդէն տեղափոխուած են:
«Մեզ մօտ հայրենադարձութեանը նպաստող միջավայրի ձեւաւորման խնդիր ունենք: Պետութիւնը չունի հայրենադարձութեան ակտիւ քաղաքականութիւն: Սփիւռքի նախարարութիւնը համապատասխան օրէնքի նախագիծ էր մշակել, սակայն այդպէս էլ չքննարկուեց Ազգային ժողովում: Այսօր սփիւռքեան կազմակերպութիւնների համար էլ հայրենադարձութիւնն օրակարգային հարց չէ»,- ըսած է Վարդան Մարաշլեան:
Անոր խօսքով, նաեւ հայրենիքի վերաբերեալ պատկերացումներու փոփոխութեան անհրաժեշտութիւն կայ: Այն ընտանիքները, որոնք Հայաստանէն մեկնած են դժուարին տարիներուն, հիմա շատ դժուարութեամբ կը պատկերացնեն, որ իրենց երեխաները տեղափոխուին հայրենիք, երբ Հայաստանի մէջ այդ տարիներէն ետք շատ բան փոխուած է:
«Հայաստանը որպէս հայութեան կեդրոն լինելու գիտակցութիւնը դեռ բարձր մակարդակի վրայ չէ: Հայաստանում եւս խնդիր կայ: Այստեղ շատ է ժխտական-ԵՌԳ. մօտեցումը: Առաջինը ինչ ասում ես որեւէ գործի հետ կապուած, միանգամից չորս կողմից ասում են` չի լինի, իրագործուելու տարբերակ չկայ: Թաքսու վարորդների մասին էլ չխօսեմ: Շատերը Հայաստանից դուրս չեն ապրել չեն պատկերացնում այնտեղ իրավիճակը, իրենց թւում է, թէ ամէն ինչի վրայ մեղր է քսած, բայց երեւի թէ պէտք է գնան, դժուարութիւնները տեսնեն, նոր հասկանան»,- աւելցուց Վարդան Մարաշլեան` ընդգծելով, որ Հայաստանին պէտք են հնարաւորութիւն ստեղծողներ, նոր գաղափարներով անձիք, որոնք Հայաստանը կը կապեն մեծ աշխարհի հետ: