Երկուշաբթի, 13. 01. 2025

spot_img

Ս. Վարդանանց տօնի առիթով Մայր Տաճարում մատուցուեց Ս. Պատարագ եւ կատարուեց Հայրապետական մաղթանք

Փետրուարի 4-ին Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տօնը: Այն նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անուանակոչութեան օրն է:

Օրուայ առիթով, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Աթոռի Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանի ձեռամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցուեց սուրբ եւ անմահ Պատարագ:

Ս. Պատարագի աւարտին Արտակ Սրբազանն անդրադարձ կատարեց ազգային-եկեղեցական կեանքում կարեւոր դերակատարութիւն ունեցող Ս. Վարդանանց նահատակների տօնի խորհրդին` մասնաւորաբար նշելով. «Նրանք սիրոյ ապրումով նահատակուեցին յանուն իրենց մեծագոյն բարեկամների՝ Աստուծոյ, Հայրենիքի եւ ազգի: Այս պատուիրանական սիրով տոգորուած` հայը 451 թուականին Վարդանանց անձերում իր լինելու եւ իր Արարչի հետ ապրելու իրաւունքն էր ամրապնդում: Մինչ Քաղկեդոնում Քրիստոսի բնութիւնների հարցերն էին քննարկում, իշխանութեան ու գերակայութեան խնդիրներն էին պարզաբանում, հայ ժողովուրդը մերժում էր Հազկերտի օձային առաջարկը եւ իր կեանքով փառաբանում Յիսուս Տիրոջը` մահուամբ հաստատելով հաւատքն ու սէրը:

Վարդանանց պատերազմը հայի` իր Արարչին վերադարձած, քրիստոնէացած, քրիստոնէութիւնը հայեացրած ոգու առաջին ճիչերից է անարդարութեան, վտանգի ու չարիքի դէմ: …Այո՛յ, մահամերժ նահատակութեան ոգով ներշնչուած էր մի ողջ ազգ՝ նշանաբան ունենալով աստուածաշնչեան պատգամը, թէ. «Ո՞վ կարող է մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց»…

Շատ պատմիչներ ասում են` բարոյական յաղթանակ տարանք, պատմաբաններից ոմանք փորձում են ապացուցել, որ պարտուել ենք: Սակայն, պատմութեան հոլովոյթները քննելով եւ ներկայում ապրելով` ես  վստահօրէն ասում եմ` մենք յաղթել ենք: Այս բանիս համար ո՛չ պատմիրչների, ո՛չ էլ պատմաբանների վկայութիւններ են հարկաւոր, այլ պէտք է  միայն շրջահայեաց լինել եւ տեսնել, որ մենք հայ ենք մնացել, քրիստոնեայ հայ՝ մեր Եկեղեցով, մեր Հայրենիքով: Ուրեմն` յաղթել ենք Վարդանանց պատերազմում, յաղթե՛լ  ենք, որով եւ Վարդանանք հող պատրաստեցին յետագայում Վահանեանց ապստամբութեան եւ Հայաստանի ինքնիշխանութեան համար: Վարդանանք ներշնչանք դարձան յետագայում մեր ժողովրդի բազում յաղթանակների, որոնց կիզակէտն եղան Սարդարապատի ու Արցախի գոյամարտերը: Վարդանանք սնեցին ու դաստիարակեցին հայի բոլոր սերունդներին:  Աւարայրով տոգորուած` այսօր մեր սահմաններն են պահում 18 տարին նոր բոլորած պատանիներ, որոնց երակներում վարդանեան անձնազոհ արիւնն է հոսում: Նրանք իրենց  զօրութեամբ, քաջութեամբ եւ անձնազոհութեամբ ոչ միայն դաւադիր հակառակորդին են զարմացնում, այլեւ ամէն օր հիացնում են մեզ»:

Պատարագիչ Սրբազանը, խօսելով հայ ժողովրդի առջեւ ծառացող մարտահրաւէրների մասին, ընդգծեց, որ հայի կեանքում թէ՛ պատմութեան ընթացքում եւ թէ՛ այսօր հազկերտների պակաս չի զգացուել: ««Հրովարտակներով», բռնութիւններով, մարդասիրական օգնութիւններով, անգամ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով փորձել եւ փորձում են դաւանափոխ անել, ուրանալ տալ մեր՝ սուրբ առաքեալներից եւ հայրապետներից ժառանգուած հաւատքը, հայրենիքն ու հայութիւնը: Չնայած որ մեզանում եղել են եւ կան վասակներ ու իրենց նմաններ, որոնք փրկութեան ուղիներ են փորձել գտնել` հազկերտների առաջարկներին համաձայնելով, սակայն, հայն ընդհանրապէս մերժել է հազկերտներին եւ նրանց բերած առաջարկներն ու այսպէս կոչուած «փրկութիւնները»:

Թշնամին դեռեւս գործում է` նոր դիմակներով եւ տարբեր գործելաոճով, սակայն, էութիւնը չի փոխել. նոյնն է: Առանց վարանելու սրանք բոլորովին պիտի մերժենք` ի զէն ունենալով Վարդանանց անձնազոհութիւնը եւ Վահանեան հնարամտութիւնը: Մի՛ եղիր վասակի պէս եւ քո անձնական շահերը մի՛ խառնիր  հայի եւ հայրենիքի վտանգների դիմագրաւման առաքելութեանը, որովհետեւ ժողովուրդն ու պատմութիւնն իր գնահատականն է տալու, իսկ Տիրոջ   դատաստանը` փրկութիւն կամ պատիժ յաւիտենութեան մէջ», – ասաց Սրբազանը` յաւելելով, որ հայ ժողովուրդը միշտ արժանի գնահատական է տուել իր անձնազոհ հերոսներին` նրանց անուններով մկրտելով եւ նրանց առաքինութեամբ կրթելով իր զաւակներին:

Իր խօսքում Արտակ Սրբազանը որդիական ակնածանքով, միաբանութեան եւ ներկայ հաւատացեալ ողջ ժողովրդի անունից, շնորհաւորեց Նորին Սրբութեանն անուանակոչութեան օրուայ կապակցութեամբ` մաղթելով, որ ամէնքի աղօթքներն ու պանծալի սրբերի բարեխօսութիւնն Աստծու մօտ լսելի լինեն, որպէսզի Տէրն Ամենայն Հայոց Հայրապետին շնորհի Սուրբ Հոգու առաջնորդութեամբ երկար տարիների բեղուն եւ արդիւնաւոր հովուապետութիւն:

Այնուհետեւ Իջման Ս. Սեղանի առջեւ կատարուեց Հայրապետական մաղթանք` նախագահութեամբ Մայր Աթոռի երիցագոյն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքեանի: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղօթք բարձրացրեցին առ Աստուած Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան անսասանութեան ու պայծառութեան եւ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան համար:

Արարողութեանը ներկայ էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանութիւնը, Մայր Աթոռի բարերար Գաբրիէլ Չեմբերճեանը, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի սաներ եւ բազում ուխտաւորներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին