Չորեքշաբթի, 11. 09. 2024

spot_img

«Մենք Երազանք Չունինք Եւ Այդ Վտանգաւոր Է». Ռուբէն Վարդանեան

Մեր պաշտօնակից «Մետիամաքս»ի մէջ կարդացինք Ռուսաստանաբնակ յայտնի բարերար եւ գործարար Ռուբէն Վարդանեանի կարեւոր, իմաստալից ու դիպուկ հարցազրոյցը, որուն ամփոփ կէտերը բաժնելով մեր ընթերցողներուն հետ, կ՛ուզենք ձայնակցիլ յարգելի Պրն. ՌՎարդանեանին, մեր կողմէ աւելցնելով, որ Հայ ժողովուրդի ղեկավարութիւնը շատ քիչ բացառութեամբ դժբախտաբար, նոյնիսկ եթէ ունեցած է նշուած «երազանքը»՝ անոր գործնական իրականացման ծրագիրներն է, որ չէ գիտցած կամ ձախողած է իրագործել, բաւարարուելով մեծ լոզունգներ արձակելով՝ քան թէ գործ ցուցաբերելու…։

Այս առիթով լիայոյս ենք, որ Պրն. Ռուբէն Վարդանեանի երազանքին զուգահեռ ընթացող իր ծրագիրները՝ աւելի փայլուն ու զարգացած ապագայ կը պարգեւեն մեր սիրելի Հայրենիքին:

                                                                                                                                      «Խմբ»

Բարերար եւ գործարար Ռուբէն Վարդանեանը կարծում է, որ «մենք կարծես մեր բոլոր յաջողութիւնները կապում ենք ոչ թէ ապագայի, այլ անցեալի հետ»:

 

«Վստահ կարող եմ ասել, որ երազանքները միայն օգնում են: Մանաւանդ` յաւակնոտ երազանքները, երբ երազողը ոչ թէ դէպի յետ, այլ դէպի առաջ է նայում: Ես չեմ տեսնում այն երազանքը, որով համակուած ողջ ազգը առաջ է նայում: Նկատի չունեմ անցեալի ու «ծովից ծով Հայաստան»ի կարօտաբաղձութիւնը (Տիգրան Մեծ ենք ունեցել, առաջին քրիստոնեաներն ենք), աւելի շատ ուզում եմ դէպի ապագան ուղղուած սպասելիքներ ու նպատակներ տեսնել:

Մենք կարծես մեր բոլոր յաջողութիւնները կապում ենք ոչ թէ ապագայի, այլ անցեալի հետ: Իսկ դա նշանակում է, որ մենք երազանք չունենք, ինչը շատ վտանգաւոր եմ համարում: Ի վերջոյ եթէ իրականում երազէինք ծովից ծով Հայաստանի մասին, պիտի գործէինք չէ՞, առնուազն փոքր քայլեր ձեռնարկէինք երազանքին հասնելու համար: Իսկ մենք չենք անում, քանի որ երազանք չունենք»,- ասել է Ռուբէն Վարդանեանը Media.am-ում հրապարակուած հարցազրոյցում:

«Ես երազում եմ Հայաստանը բարգաւաճող երկիր տեսնել, եւ իմ բոլոր նախաձեռնութիւններն այդ երազանքին հասնելու քայլեր են, երազանքը կայացնող աղիւսներ: Թէ՛ Դիլիջանի միջազգային դպրոցը, թէ՛ Տաթեւի ճոպանուղին ինքնանպատակ քայլեր չեն, անձամբ ես էլ ճոպանուղու ֆանաթիկոս չեմ: Պարզապէս ուզում եմ, որ Հայաստանը դառնայ այն երկիրը, որտեղ մարդիկ հաճոյքով կ’ապրեն, կը զարգանան ու կը ստեղծագործեն:

Պատմութեան բերումով մեր ազգը սովոր է ինքն իրեն պահպանել, դիմադրել հանգամանքներին` գոյատեւելու համար: Շատ բան ենք սպասում աշխարհից (որ մեզ հասկանան, խղճան, դատապարտեն մեղաւորներին), բայց ինքներս կարծես չենք փորձում հաւասարուել աշխարհի լաւագոյն օրինակներին»,- ասել է IdeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիրը:

«Մեր խնդիրը հէնց այն է, որ մենք դադարել ենք ինքներս մեզ համեմատել լաւագոյնների հետ: Միգուցէ սխալւում եմ, բայց նոյն իրավիճակն է նաեւ լրագրութեան դաշտում, որը հիմնականում տեղային հարցերով է սահմանափակւում: Ի հարկէ ես Հայաստանում չեմ ապրում եւ միգուցէ լաւ չեմ պատկերացնում՝ գոյատեւման հարցեր լուծող հայաստանցիների բոլոր հոգսերը: Բայց միեւնոյն է՝ վստահ եմ, որ եթէ չփորձենք դուրս գալ մեր այս ներփակուած վիճակից ու տեղային շրջանակներից, մեր երկրում ոչինչ չի փոխուի»,- եզրափակել է Ռուբէն Վարդանեանը:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին