Վիգէն Փիլիպոսեանը Հալէպի կեդրոնում հագուստի խանութներ ունէր, որտեղ վաճառւում էր ոչ միայն արտերկրից բերուած կանացի հագուստ, այլեւ սեփական արտադրանքը` կանացի մարզական հագուստ: «Ճիլ» կոչուող խանութների ցանցը, որ արաբերէն նշանակում է սերունդ, Հալէպում մեծ հեղինակութիւն ունէր: Գործը չափազանց յաջող էր, յատկապէս Պայրամի օրերին առեւտուրը հասնում էր գագաթնակէտին: Վերջին տօներից առաջ Վիգէնը սովորականի պէս հագուստի մեծ խմբաքանակ էր ներկրել, նաեւ սեփական հագուստն արտադրել եւ սպասում էր վաճառքի յաջող օրերին: Սակայն ինչպէս ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկաւ: 2012 թ. ներքաղաքական իրավիճակը Սիրիայում սրուեց եւ ամէն ինչ անկանխատեսելի ընթացք ստացաւ: Սկսուեց պատերազմը: Վիգէնի ողջ ապրանքը մնաց խանութում:
Հասկանալով, որ ամէն ինչ շատ աւելի լուրջ է, քան պատկերացնում են, 2013 թ. Վիգէնն ընտանիքի հետ տեղափոխուեց Հայաստան, որտեղից լուրեր էր ստանում, թէ ինչպէս են աւերւում ու թալանւում իր արտադրամասը, խանութներն ու պահեստները:
Թէ որքան է կազմել նիւթական ողջ կորուստը` Վիգէնն անգամ չի կարող թուերի վերածել. «հսկայական… 20 տարուայ աշխատանք», ասում է նա:
Հայաստանը լաւ երկիր է, Վիգէնը մինչ պատերազմն էլ գնալ-գալ ունէր, միայն ափսոսում է, որ հեռատես չի եղել եւ գէթ մի անշարժ գոյք ձեռք չի բերել, որ գոնէ այսօր վարձով չապրէին:
Իսկ Հայաստանում ապրելն այնքան էլ հեշտ չէ. գործ չկայ, պիզնես դնելու ռիսկերը մեծ են: Եւ երբ երեք ընկերներով որոշում են հագուստի պիզնես ձեռնարկել, սկսում են ուսումնասիրել շուկան ու հաշուարկներ անել` հասկանում են, որ «տակ կը տան»:
«Ախր Հայաստանի շուկան շատ փոքր է,- ասում է Վիգէնն ու Հալէպում իր վաճառքի ծաւալները համեմատում Հայաստանի խանութների առեւտրի չափերի հետ,- իմ ամենափոքր խանութում, օրինակ ամառուայ սեզոնին մօտ 16 հազար պլուզ էր վաճառւում, 7 հազար հատ էլ կանացի սպորտային հագուստ: Այստեղ նման քանակի հագուստ 4-5 տարում էլ չես վաճառի: Եթէ երեկոյեան ժամը 6-ի կողմերը մտնէիր իմ խանութ եւ փորձէիր ինձ բարեւ տալ, ապա մեծ դժուարութիւն կ’ունենայիր»:
Հասկանալով, որ հագուստի պիզնեսը ձեռնտու չի լինի, ընկերներով որոշում են արագ սննդի պիզնեսով զբաղուել: Սննդի կէտը հիմնում են, բաւականին ռեսուրսներ ներդնում, սակայն որոշ ժամանակ անց Վիգէնն ինչ-ինչ պատճառներով հիասթափւում է եւ դուրս գալիս ընդհանուր գործից: Եւ քանի որ հիասթափուած էր` որոշում է մեկնել Եւրոպա:
Ողջ խնայողութիւնները դնում է, միայն թէ ընտանիքով հասնի Հոլանտիա եւ… յանձնուի: Մեծ ջանքերի եւ ֆինանսական մեծ ծախսերի շնորհիւ, ի վերջոյ բաղձալի պահը գալիս է: Նրանք Հոլանտիայում էին, աւելի ճիշդ` Հոլանտիայի փախստականների ճամբարում: Հէնց առաջին իսկ վայրկեանից Վիգէնը հասկանում է, որ սխալուել է: Հասկանում է, բայց լռում է, որ ընտանիքի անդամներին ցաւ չպատճառի: «Ամէն ինչն էր վատ այդ լակերներում,- պատմում է նա,- նախ չորսբոլորը արաբներ էին: Բայց մեր ճանչցած արաբներն առաջին մակարդակի արաբներ էին, ասոնք տասներորդ մակարդակի մարդիկ էին: Լակերի մէջ միայն արաբերէն կը խօսէին: Կային տեղացի հայեր, որոնք առանձին խնդիր էին: Աւելի լաւ էր` ոչ մէկի հետ չշփուէիր»:
Այնուհետեւ ընտանիքն անցնում է ճամբարից ճամբար, որոնցից ամէն մէկում որոշ ժամանակ պիտի ապրէր, մինչեւ կացութեան իրաւունք ստանար կամ մերժուէր: Այդ բոլոր ճամբարներում նրանք սթրես են ապրում՝ հասկանում, որ սա իրենց տեղը չէ. «Լակերներին մէջ մարդկանց ողջ օրուայ խօսակցութիւնն այն էր, թէ էսօր կեցութիւնս կը լինի, բայց էսօր չեղաւ, էսօր տունը պիտի լինի, չէ, էսօր չեղաւ, էսպիսի ապուշ բաներով կը զբաղուես ամիսներով, տարիներով: Իսկ այդ ամէնի վերջն այն էր, որ քեզի պիտի մի գիւղին ծայրը նետէին, ընտանիքիդ ամսական 1200 եւրօ պիտի տային, որից կէսը պիտի այդ տան վարձը տաս, մնացած կէսով տան միւս ծախսերը փակես, վերջում սոված մնաս: Դրանից յետոյ էլ հանգիստ չունես, պիտի ամէն օր իջնես փոստդ նայես, տեսնես ինչ թղթեր եկան, ամէնը պէտք է մէկ-մէկ ստուգես: Կարող է մէկը մոռանաս, ու մեծ տուգանքներ գան վրադ: Պիտի հագնուես «second hand»ով, իսկ եթէ որոշես աշխատանք գտնել, պիտի աման-չաման լուանաս կամ աղբահաւաք աշխատես»:
Վիգէնն ասում է` այդքան գումարը, որ ծախսեցին Հոլանտիա հասնելու համար, կարող էին Հայաստանում մի տուն գնել. «Մօտ 60 հազար տոլար մեզ վրայ նստեց, -ասում է նա,- բայց հարցը միայն փողը չէ, մենք 4 ամիս մեր երեխաներին տանջեցինք: Մեծ աղջիկս այդ երկրորդ լակերում 2 ամսուայ մէջ 5 անգամ սենեակէն դուրս չեկաւ»:
Այդպէս նրանք վերադառնում են, բայց վերադարձից առաջ մի լաւ դաս են տալիս հոլանտացիներին: Երբ Վիգէնին կանչում են հարցազրոյցի, նա միանգամից ասում է, որ ուզում է վերադառնալ: Այնտեղ գիտէին, որ նրանք ոչ թէ Հայաստանից են գնացել Հոլանտիա, այլ Սիրիայից: Երբ Վիգէնն ասում է, որ չեն ուզում մնալ Հոլանտիայում, այլ ուզում են վերադառնալ Սիրիա, հարցազրոյց վերցնող պաշտօնեան շատ է զարմանում. «Այնտեղ պատերազմ է, ինչպէ՞ս էք ուզում վերադառնալ»:
«Ասացի, որ աւելի լաւ է ես գնամ Սիրիա, ճակատս բարձր մեռնեմ, քան ձեզ մօտ յանձնուեմ»:
Դա հոլանտացու համար սառը ցնցուղ էր: Նրանց վերադարձի պատմութիւնը բոլորից գաղտնի է պահւում:
Հայաստանում Վիգէնի շնչառութիւնը բացւում է: Նա այստեղ իրեն լաւ էր զգում: Հալէպում հագուստի պիզնեսում լուրջ յաջողութիւնների հասած երիտասարդ գործարարը, Երեւանում արագ սննդի կէտ է բացում եւ ուժերը փորձում այս բնագաւառում: «Թաուք» ( հաւ), Կողբացի 39 հասցէով անցնելիս հնարաւոր չէ չնկատել ինքնատիպ ոճով տարբերուող այս սննդի կէտը, որը Վիգէնն իր ձեռքերով է վերանորոգել` մութ ու քանդած տարածքը վերածելով հաճելի վայրի, իսկ իւրօրինակ տիզայնի հարցում օգնել է ընկերը` Արսէն Թորոսեանը:
Վիգէնն այնտեղ է ողջ օրը` շուրջ 15 ժամ, քանի որ իր ձեռքով պատրաստում է, համեմում, մատուցում, զրուցում յաճախորդների հետ, որոնք մէկ անգամ նրա սենտուիչները համտեսելուց յետոյ էլի ու էլի են այցելում: Ընդամէնը մէկ ամիս է, ինչ գործում է «Թաուք»ը, սակայն հասցրել է հաւատարիմ յաճախորդներ ձեռք բերել: Վիգէնը չի կարող դժգոհել, քանի որ սկզբի համար գործը լաւ է: Ճիշդ է, մեծ ներդրումներ է արել եւ չի կարող կանխատեսել` ապագայում գործն իրեն կ’արդարացնի՞, թէ ոչ, սակայն ուրախ է, որ իր Հայրենիքում է, որ շրջապատուած է բարի կամեցող մարդկանցով. հէնց թէկուզ Կողբացի 39 հասցէի իր հարեւանները, որոնք ի սրտէ աջակցում են նորաստեղծ պիզնեսին: Վիգէնն ուրախ է, որ թէկուզ զրօյից, կրկին փորձում է, աշխատում, ստեղծում իր ձեռքով, իր սրտով ու հոգով, ոչ թէ պարապ-սարապ նստած դժգոհում, թէ սա երկիր չէ: «Հայաստանը լաւ երկիր է, ուղղակի ժողովուրդն այս երկրի յարգը (գինը) չգիտի,- ասում է Սիրիայում ծնուած, Հոլանտիայի իշխանութիւններին յանձնուած եւ ի վերջոյ Հայաստան վերադարձած սիրիահայ Վիգէն Փիլիպոսեանը:
https://ankakh.com/