ՀՐԱՆՈՅՇ ԽԱՌԱՏԵԱՆ
Հայաստանից դուրս Հրաւիրուած էի միջին կարգի մի երեկոյթի, որտեղ հանդիպեցի մի շատ գէր, մազմզոտ, կարճահասակ մարդու` աջ ձեռքի հաստ ճկոյթին գմբէթարդ անդամանդակուռ ծանր մատանիով, որը խիստ ընդգծուած էր նոյն ձեռքին բռնած երկարոտ ու սլացիկ շամպայնի նուրբ բաժակի հարեւանութիւնից: Ամառուայ կէսին թունոտ կանաչ գոյնի թանձր պիջակով էր` ողջ կուրծքը մինչեւ պիջակի փէշերը զարդարած մետալներով՝ էլ Խորենացի, էլ Մաշտոց, էլ Գօշ, էլ «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» (երեք մետալ), էլ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան, էլ ՀՀ Մշակոյթի նախարարութեան, նաեւ զանազան յուշամետալներ…։ Ներքեւից վեր նայելով` մարդը մի նիհար ու բարձրահասակ գեղեցկուհու ներկայացնում էր իր պիջակին ամրացուած մետալներն ու շքանշանները: Ձախ կողմից միմեանց կողքի կախուած էին Առաջին եւ Երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանները, դրանց տակ` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը: Դրանց տակ կախուած էին «Արիութեան մետալը», «Մարտական ծառայութեան մետալը», «Մխիթար Գօշի մետալը», «Մխիթար Հերացու մետալը», «Անանիա Շիրակացու մետալը», «Մովսէս Խորենացու մետալը», «Տիգրան Մեծի», «Վարդան Մամիկոնեանի» շքանշաններ, ապա` Պատուոյ շքանշանը, Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար մետալը, Արիութեան մետալը, Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մետալը:
Վարդան Մամիկոնեանին զուգահեռ, նոյն հորիզոնականում էր ԼՂՀ Գրիգոր Լուսաւորչի շքանշանը: Այն շատ տիրական բազմել էր գէր փորից մի փոքր վեր, ճիշտ ստամոքսի վրայ, եւ Գր. Լուսաւորչի վեր բարձրացած աջը կարծես հաստատում էր մարդու` պիջակի աջ ու ձախ կողմերի շքանշանները կրելու բոլոր իրաւունքները:
Պիջակի ձախ «փէշին»` վերից վար ԼՂՀ շքանշաններն ու մետալներն էին` ԼՂՀ Մարտական խաչի Առաջին եւ Երկրորդ աստիճանների, առակագիր Այգեկցու դէմքով Անանիա Շիրակացու մետալը, ապա պարսիկի դէմքով Վաչագան Բարեպաշտի մետալն էր, որի վրայի Վաչագանը կարծես մի փոքր ամաչում էր: Յետոյ հերթով գալիս էին Մխիթար Գօշի, Մարտական ծառայութեան, Շուշիի ազատագրման համար, Արիութեան համար, Երախտագիտութեան մետալները:
Գօտկատեղից ներքեւ կպցրած էին ՀՀ եւ ԼՂՀ «Վաստակաւոր» եւ «ժողովրդական» պատուաւոր կոչումները հաստատող երկուական շքանշանները` ընդամէնը չորս հատ, եւ մնում էր զարմանալ այս ժուժկալ համեստութեան համար` ինչպէս է, որ այս մարդը բաւարարուել է ընդամէնը չորս հատով, երբ «Վաստակաւոր» եւ «ժողովրդական» պատուաւոր կոչումները աջ ու ձախ բռերով էին բաժանւում: Բայց ոչ, պարզուեց, որ դրանք փակցնելու տեղ չի եղել. «Մտածում էի` թիկունքից փակցնել, բայց յետոյ հասկացայ, որ տեսնողը չի հասկանալու ինչ մետալներն են»,շամպայնի երկու կումերի արանքում բացատրեց շքանշանների տիրակալը:
-Իսկ ահա այս մետալը ինչի՞ համար էք ստացել,-ակնածանքով հարցրեց երկարոտ գեղեցկուհին` նուրբ մատիկով հպուելով «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» համեստ մետալին:
-Օ՜, դա շատ կարեւոր մետալ է, այդ մետալից ես շատ ունեմ, հասարակական կարգի պահպանութեան համար է: Հասարակական կարգը ես խստօրէն պահպանել եմ Հայաստանի բոլոր իշխանութիւնների համար` Լեւոն Տէր Պետրոսեանի, Ռոպերթ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի: Դա հայրենի իշխանութիւններին բոլոր տեսակի բոմժերից ու թափթփուկներից պաշտպանելու եւ հաւատարիմ ծառայելուս վկայականն է:
-Միթէ Հայաստանում իշխանութիւնների համար բոմժերից ու թափթփուկներից պաշտպանուելու կարիք կա՞յ։
-Ի հարկէ, շատ կայ: Մեր երկրում բնակչութեան ութսուն տոկոսը բոմժեր ու թափթփուկներ են…տէ, Հայաստանը աղքատների երկիր է:
-Աղքատներից էք պաշտպանե՞լ։
-Այն էլ ինչպէ~ս:
-Իսկ այս մարդն ո՞վ է։ Սա կարծես թէ նոյն մարդն է, չէ՞։ Երկու տարբեր մետալների վրայ,-մատը դնում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի վրայ:
-Այո, նոյն մարդն է՝ Մեսրոպ Մաշտոցը: Մէկը Հայաստանի մետալն է, միւսը Ղարաբաղի:
-Ո՞վ է Մեսրոպ Մաշտոցը։
-Մեսրոպ Մաշտոցը… (յապաղում է, օգնութիւն հայցող հայեացքով աջ ու ձախ է նայում, ապա վճռական) հերոս է:
-Ի՞նչ հերոսութիւն է արել։
-Տէ, հերոս է (կրկին աջ ու ձախ է նայում, այտերը մի պահ կախ են ընկնում, կարծես ուզում է յիշել) … հայերին փրկել է Ցեղասպանութիւնից:
-Փրկել է՞։ Ինչպէ՞ս է փրկել։ Եթէ փրկել է` ինչպէս է Ցեղասպանութիւնը եղե՞լ։
-Ցեղասպանութիւնց փրկել է` այսինքն Ցեղասպանութեան ժամանակ շատերին է փրկել:
-Օ~, շատերին է փրկել: Նաեւ աղքատների՞ն։
-Այո, դժբախտաբար:
-Իսկ իրեն հետ ի՞նչ եղաւ յետոյ։
-Ո՞ւմ հետ։ Մեսրոպ Մաշտոցի՞։ Մահացել է ի հարկէ (ձեռքը դնելով կողք կողքի կախուած Մխիթար Գօշի ու Մխիթար Հերացու մետալների կողմը` այ մարդ, կրակն ընկայ, հիմի էլ կը հարցնի` սրանք ովքե՞ր են):
-Որտե՞ղ։ Ինչի՞ց։
-Ես ինչ իմանամ ինչից։ Դա ինձ չվերաբերող բան է: Իմ գործը իշխանութիւններին փրկելն էր: Ես իմ գործն էի անում: Տէ էդ մարդն էլ ծերացել է մահացել է:
-Այս բոլոր մետալները իշխանութիւններին աղքատներից փրկելու համար էք ստացե՞լ։
-Այո, այո, աղքատներից փրկելու համար:
-Իսկ այս մետալների մօտ ի՞նչ լեզուով է գրուած:
-Հայերէն: Հայերէն է գրուած: Սրանք Հայաստանի եւ Ղարաբաղի մետալներ են, պարզ է, որ հայերէն են գրուած:
-Ի՞նչ տառերով։
-Հայերէն տառերով: Չէ՞ք տեսնում` հայերէն տառեր են։ Ահա տեսէք` հայերէն տառերով գրուած է` Գրիգոր Ս. Լուսաւորիչ:
-Հայերէն տառե~ր…։ Գրիգոր Ս. Լուսաւորի~չ…։ Ո՞վ է Գրիգոր Ս.Լուսաւորիչը։
– Գրիգոր Ս. Լուսաւորիչը Գրիգոր Ս. Լուսաւորիչն է: Լուսաւոր մարդ է: Իշխանութիւն է:
-Նրան էլ էք փրկե՞լ։
-Չէ, նա էլ է վաղուց մահացել: Նրան ուրիշներն են փրկել:
-Ե՞րբ։ Ովքե՞ր են փրկել։ Ինչի՞ց են փրկել։
-Ինձ նման մարդիկ: Միշտ էլ ինձ նման մարդիկ են փրկում: Գուցէ պապս է նրան փրկել, ես ի՞նչ իմանամ։
-Իսկ այս տառերը… այս հայերէն տառերը… այս տառերը երբուանի՞ց էք օգտագործում։
-Սրա՞նք։ Հայերէն տառե՞րը։ Վաղուց, շատ վաղուց: Հարիւր տարուց աւելի է:
-Այսքան շատ մետալ Դուք աղքատների դէմ կռուելուց էք ստացե՞լ։
-Տա շատ դժուար գործ է: Ոստիկանները գնում են` մարդկանց իրենց ընտանիքի հետ իրենց տնից հանում են, փողոց են գցում, այդ մարդիկ էլ կատաղած գալիս են իշխանութիւնների դէմ: Աղքատացած, գազանացած…։ Թշնամի են փաստօրէն: Այդ ներքին թշնամիների դէմ պայքարելն աւելի դժուար է, քան արտաքին թշնամիների: Կեանքս անցաւ դրանց դէմ կռուելով: Երբ որ ինձ կեներալի կոչում տուեցին, դրանք ես յիսուն ասեմ` Դուք հարիւր հասկացէք, մի վոհմակով կանգնել` բողոքում էին: Քար էին շպրտում վրաս: Մի անգամ նոյնիսկ քարը գլխիս կպաւ: Հո չէի կատաղե~լ…։ Չէին թողնում գործս անեմ: Յատուկ վտանգաւոր պայմաններում եմ աշխատում (ժպտում է, դէմքը լուսաւորւում է, փորն աւելի է մեծանում, Գրիգոր Ս. Լուսաւորիչ մետալը վեր ու վար է անում` Լուսաւորչի աջը սպառնալի թեքւում է առաջ): Տէ,մեր Հայրենիքն է, պաշտպանել է պէտք այդ բոլոր բոմժերից…։ Ձեր կենացը գեղեցկուհի, եկէք Հայաստան, եկէք Լեռնային Ղարաբաղ,-բաժակը բարձրացնում է` աջ ձեռքի ճկոյթի ադամանդակուռ մատանու փայլն ընդգծւում է,-դուք փրոպլեմ չունէք Հայաստանում, երաշխաւորում եմ` ոչ մի աղքատ չէք տեսնի: Մեսրոպ Մաշտոցի շքանշան կը տանք…։ Մի հատ էլ եկեղեցի կը կառուցենք եւ Ձեր անունով կը կոչենք: Եկեղեցու «բացումն» էլ «փակ» կ’անենք: «Փակ բացումները» իմ նեղ մասնագիտացումն է (ձեռքը դնելով անկիրք խոժոռուած Գրիգոր Ս. Լուսաւորիչ մետալին, վարից վեր վաւաշոտ նայելով` անյաջող փորձ է անում նրբագեղ խոնարհուելու):