Երկուշաբթի, 11. 11. 2024

spot_img

ԱՐԵՎԵԼԱՃԱՃԱՆՉԱՓԱՅԼԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իհարկե շատ դժվար է մարդուն, առավել եւս` մարդկանց ապուշ անվանել, բայց ավելի դժվար է ապացուցել նրանց, որ ապուշ են: Գլենդեյլաբնակ Ստեփան Փարթամյանը արդեն 20 տարի իրականացնում է այդ դժվարին գործը, ամեն անգամ մարդկանց ապուշ անվանելուց շեշտելով, որ ապուշ` հայերեն նշանակում է անուշադիր սոսկ:

Անկեղծ ասած, երբ խմբագիրս ինձ ասաց, որ պետք է զրուցեմ Ստեփան Փարթամյանի հետ, ով եկել է Ամերիկայից, ես մտածեցի, որ զրուցակիս լինելու է Արարատին կարոտած, մայր հայրենիքեն բացի ոչ մի այլ բան (անգամ սեփական կնոջը) չսիրած, եւ դժվարությամբ հայերեն խոսող մեկի հետ, եւ մեր զրույցը մի տեսակ հինավուրց հայրենիք, մազապուրծ ազգ, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունից դուրս չի գալու:

Պարոն Փարթամյանն իր առաջին իսկ նախադասությամբ ցրեց իմ այս մտքերը, ասելով` «Դե մենք` հայերս, անգամ երբ էշերն են շատ դրամ ունենում, իրենց թագավոր ենք կարգում»: Հետո ես, իհարկե մտածեցիՙ ինչո՞ւ միայն հայերս, բա օրինակ իտալացինե՞րը, կամ պակիստանցինե՞րը, էլ չենք խոսում` ինդոնեզիացիների մասին. մի՞թե նրանք (հատկապես` ինդոնեզիացիները) անգամ էշին, երբ շատ դրամ ունի, թագավոր չեն կարգում: Իհարկե կարգում են: Բայց հասկանալով, որ այս հոդվածը հազիվ թե Ինդոնեզիայում, Իտալիայում կամ Պակիստանում կարդան, եւ, հաշվի առնելով, որ այս հոդվածը հայերիս մասին է, կենտրոնանանք մեզ վրա:

Օրինակ, դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում «Բարի լույս» նախադասությունը: Հասկանալի է, սա ողջույնի ձեւ է, որով հայերը միմյանց ողջունում են ամեն անգամ` առավոտյան հանդիպելիս, ենթադրենք խաշի սեղանի շուրջը, կամ շենքի դիմացի աղբարկղի մոտ: Իսկ ի՞նչ կմտածեք, երբ ձեզ ուշ երեկոյան ժամը 23-ին մեկն ասի` «Բարի լույս»: Հավանաբար կմտածեք, որ այդ մարդը փոքր ինչ ապուշ է (անուշադիր), քանի որ խառնում է գիշերը ցերեկի հետ, կամ, որ պարզապես անհաջող կատակ է անում… Ստեփան Փարթամյանը Գլենդեյլի հեռուստաընկերության եթերում հաղորդում ունի, որը հեռարձակվում է հենց ուշ երեկոյան ժամը 23-ին եւ կոչվում է` «Բարի լույս»: Երբ մի անգամ նրան զանգահարել են եւ ուղիղ եթերում ասել, թե «Չես ամաչո՞ւմ, այս ժամին ի՞նչ բարի լույս», մարդը շատ հանգիստ պատասխանել էՙ իսկ լույսը, կամ բարին միայն առավոտ կանո՞ւխ է լինում… Իրականում լույսը, եթե մի կողմ թողնենք դրա փիլիսոփայական իմաստը, լինում է նաեւ էլեկտրական, եւ հաշվի առնելով, որ երեկոյան ժամերին մենք մեր տներում լույս ենք վառում, ուրեմն ինչո՞ւ երեկոյան ժամերին մենք միմյանց չենք կարող ասել` բարի լույս: Չնայած, եթե հոսանքի սակագինը շարունակի թանկանալ, ապա գոնե կոմունալները վճարելու օրերին լույսը ամենեւին էլ բարի չենք անվանի:

Չի բացառվում, որ շատերը, այդ թվում հոսանքի դարդից` մեկնեն Ամերիկա եւ դառնան ամերիկահայ նոր գաղութի մի մասնիկը: Ի դեպ, ըստ Ստեփան Փարթամյանի Լոս Անջելեսում այսօր բնակվում է… 500 հայ: «Մնացածը ինքնությունը կորցրած են», ասում է զրուցակիցս` շեշտելով, որ «հայը լավ ուղեղ ունի, բայց անիկա ժանգոտած է»: Դժվար է ասել, թե ինչի՞ց: Չի բացառվում, որ ազգի հնությունից: Դե մենք աշխարհի ամենահին ազգն ենք չէ՞, մոռանալով, որ աշխարհի ամենահին մասնագիտությունն էլ պոռնկությունն է, հետեւաբար… Եկեք այլեւս աշխարհի ամենահին ազգը մեզ չհամարենք, մանավանդ որ մեզ այդպես համարողը միայն մենք ենք, բացի այդ, եթե հին ենք, ուրեմն ծեր ենք, իսկ ծերությունն այն է, երբ դու ամեն ինչ գիտես, բայց քեզանից ոչ ոք ոչինչ չի հարցնում: Ես, օրինակ, կգերադասեի, որ մենք ոչ թե ամեն ինչ իմանայինք, այլ մեզանից բան հարցնողներ լինեին, եթե կարելի է` այդ թվում ինդոնեզիացիները:

Այդուհանդերձ ծեր ենք, համենայն դեպս ծերունական ողբերգությունը մեզանում անհամեմատ ավելի մեծ տեղ ունի, քան երիտասարդական ուրախությունը: Այս առումով Փարթամյանը հիշում է իր հաղորդումներից մեկի թեման. կա 22 տարեկան աղջիկ, ով, ենթադրենք, վաղը չէ մյուս օրը ամուսնանալու է: Բայց նա ունի տատիկ, որը 89 տարեկան է, եւ, օ անեծք, վաղը մահանում է: Ի՞նչ են անում հարսանքավորները, իհարկե անորոշ ժամանակով հետաձգում են հարսանիքը, բա տատիկի տարին չտա՞նՙ նոր: Մինչդեռ այդ աղջիկը, լավՙ վաղը չէ, մյուս օրը չէ, այլ մեկ շաբաթից կարող էր ամուսնանալ, մեկ տարուց էլ երեխա ունենալ, որին թող որ անվաներ` Հեղուշ, ինչպես տատիկին, եւ ահա քեզ, տատիկը հարություն առավ… Նոր մարդ` նոր հայ ծնվեց:

2011-ին Փարթամյանն էլի էր եկել Հայաստան եւ այստեղ մնացել էր մեկ տարի: Իր խոսքով` ամեն տեղ եղել է: Դրանից ավելի շուտ էլի է եղել, բայց այդ անգամ` հատուկ նպատակով: Բանն այն է, որ 90-ականներին Ամերիկա տեղափոխված հայաստանցիները ասում էին, թե Հայաստանում սաստիկ ցուրտ է, Փարթամյանն էլ եկել էր Հայաստան, որպեսզի սեփական մաշկի վրա զգա, թե այդ ի՞նչ ցուրտ է: Զգացել եւ հասկացել, որ այդ տարիներին հայաստանյան ցուրտը ոչնչով չէր տարբերվում ամերիկյան ցրտից, նույն ցուրտն էր: Այս կապակցությամբ հիշեցի մեր հարեւաններից մեկին, ով Նոր տարվա սեղանը պարտքով քցելուց հետո հունվարին որոշեց գնալ Ռուսաստան, որպեսզի կարողանա փակել պարտքերը: Գնաց: Մեկ շաբաթից վերադարձավ: Հարցնում եմ` «Նորո ջան, բա էս ո՞նց եղավ, որ շուտ եկար»: Գիտե՞ք ինչ պատասխանեց, ասաց` «Դե շատ ցուրտ էր, եկա»: Հա, բայց Ռուսաստանի ցուրտը իրոք ցուրտ է, մեղադրելի չէ…

Դառնանք` Ամերիկա, ավելի ստույգ` Լոս Անջելես, ավելի ճիշտ` Լոս: Օրինակ դուք գիտեի՞ք, որ Լոսում հայկական ճաշարան չկա: Չէ, կան ճաշարաններ (Փարթամյանը այսպես է հայերեն թարգմանել ռեստորան օտար բառը), որոնք պատկանում են հայերին, բայց այդ ճաշարաններում հայկական խոհանոց չէ: Քյաբաբ սիրողները կարող են հանգիստ լինել, քյաբաբ այդ ճաշարաններում տալիս են, բայց հենց դրանով այդ ճաշարանները հայի են, բայց հայկական չեն: Ուտելու թեման պատահական չբացեցինք, բանն այն է, որ նախ հայերս ուտել շատ ենք սիրում (ինդոնեզիացիները` եւս), բացի դրանից հայկական ճաշարանների բացակայությունը Լոսում եղել է 20 տարի առաջ Փարթամյանի առաջին հաղորդման թեման: Ըստ զրուցակցիս, այդ ժամանակվանից ի վեր այս առումով ոչինչ չի փոխվել, թերեւս միայն քյաբաբի մսայնությունը եւ ճաշարանների սպասարկող անձնակազմը: Փարթամյանը հիշում է, որ այդ հաղորդման ժամանակ տաղավար է զանգահարել մի հայ մարդ եւ ուղիղ եթերում ասել` «Ախպեր ջան, մի հատ արի քեզ տանեմ իմ ռեստորանս, տես, որ սխալ բաներ ես ասում»: Փարթամյանն էլ պատասխանել է` «Ախպեր ջան, քանի դեռ դու ճաշարանին ռեստորան ես ասում, նշանակում է, որ Լոսում հայկական ճաշարան չունենք»: «Ախպերը», ով չի բացառվում, որ հիմա ամերիկահայ համայնքի զիլ ներկայացուցիչներից մեկն է դարձել եւ ամեն տարվա նոյեմբերին մի քանի հազար քեշ դոլար է բաշխում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ամենայն հավանականությամբ վրդովվել է, ինչն էլ, ըստ էության Փարթամյանի հիմնական նպատակն է, քանի որ ինչպես ինքն է ասում` «Վրդովված մարդու ուղեղը ավելի լավ է աշխատում»: Այս համատեքստում չի բացառվում, որ Փարթամյանն ինքը եւս վրդովված է, արդեն 20 տարուց ավել:

Օրինակ եկեղեցու` քրիստոնեական հավատքի վրա, ինչը ըստ զրուցակցիս կոմունիզմի պես մի բան է. «Կոմունիստներն ասում էին` բանվորներ (պրոլետարներ-Հ. Ա.) համայն աշխարհի, միացեք, քրիստոնեությունն էլ ասում է` ոչխարներ (գառնուկներ- Հ. Ա.) համայն աշխարհի համախմբվեք»: Հենց քրիստոնեության ընդունումից` 301-ից էլ սկիզբ է առնում հայի, ինչպես Փարթամյանն ասաց` «միակ թերությունը»` օտարամոլությունը ու ստրուկի հոգեբանությունը: «Ի՞նչ է ասում քրիստոնեությունը. դիմացիր այս կյանքում, այսինքն դիմացիր` իշխանությանը, օլիգարխներին, այն փաստին, որ շան պես աշխատում ես եւ չես վարձատրվում, եւ սպասիր քո հաջորդ կյանքին, որը կատարյալ երջանիկ է լինելու»: Քրիստոնեությունն, ուրեմն, մարդուն դարձնում է ստրուկ` իր վաղվա անտեսանելի, անհաստատ եւ անորոշ երջանկությանը, ով համաձայն չէ, կարող է ապտակել ինձ, ես մյուս այտս էլ դեմ կտամ:

Իսկ ի՞նչ իրավունքով եք ապուշ (անուշադիր), հետամնաց անվանում մի ամբողջ ազգի, հարցնում եմ զրուցակցիս: Սկզբում պարզաբանում է, որ հայերի 49 տոկոսը ապուշ չէ, իսկ ապուշ է 51 տոկոսը, եւ ինքը աշխատում է 2 տոկոսի հետ, որպեսզի չապուշների թիվը հասցնի` 51 տոկոսի, ինչից ելնելով էլ ազգն այլեւս ապուշ չի կոչվի:

Ապա ներկայացնում է իր բոլորովին այլ գործը: Ստեփան Փարթամյանը մի քանի գրքեր է գրել, օրինակ` «Ամերիկայի հայերը», ամերիկահայ գաղութի մասին անչափ կարեւոր մի տեղեկագիր, օրինակ` «Այո, Մենք ենք»… Բոլորովին վերջերս էլ համացանցում ներբեռնել է մի ծրագիր (որը մեզ հասանելի լինելուն պես առանձին կներկայացնենք), որտեղ այցելողները կարող են գտնել եւ տեղեկանալ հայկական յուրաքանչյուր շենք-շինության մասին, դրա պատմությունը, այսօրվա վիճակը, եւ հետաքրքրվողի գտնվելու վայրից` մինչեւ տվյալ շենքի գտնվելու վայրը եղած հեռավորությունը: Այսինքն այստեղ հնարավոր է գտնել այն ամենը, ինչը կա աշխարհում եւ ինչը` հայկական է: «Այս իրավունքով եմ ես ազգին ապուշ անվանում», ասում է Փարթամյանը եւ շարունակում` «Ցեղասպանության հարյուրամյակի սեմին ես առաջարկում էի ինքնաշարժով (ավտոմեքենա) երթ կազմակերպել, որի վրա փակցված կլինեն Ցեղասպանությունից փրկված այն հայերի որդիների եւ թոռների լուսանկարները, ովքեր այսօր անչափ կարեւոր դեր են խաղում տվյալ երկրների կյանքում: Այդպիսով` օտարները կիմանային, որ այդ հռչակավոր մարդիկ, ովքեր իրենց կյանքը ավելի հաճելի են դարձնում կամ հենց իրենք, կամ իրենց նախնիները Ցեղասպանությունից են փրկված: Բայց իմ այս ծրագիրը ֆինանսավորում չստացավ. պիտի ծրագիրը ողբալի լինի, չէ՞, անպայման պիտի ողբանք, չէ՞»: Այդուհանդերձ Փարթամյանը գտել է միջոցներ` իրականացնելու իր այս նախաձեռնությունը եւ պատրաստվում է արդեն դրա համար ինքնաշարժ գնել…

Այնուամենայնիվ, մեզանից ոչ ոք (այդ թվում` ինդոնեզիացիները) ապուշ չէ, այդ պարագայում, սակայն, ինչո՞ւ երբ էշերը շատ փող են ունենում, նրանց մեզ թագավոր ենք կարգում. Ձեր կարծի՞քը… Հենց այսպես էլ կոչվում Փարթամյանի հաղորդաշարը, որը, եթե 20 տարի է արդեն եթերում է, ուրեմն Բարի լույս կարելի է ասել անգամ ուշ երեկոյան ժամը 23-ին:

Իսկ ձե՞ր կարծիքը…

Փարթամ այս զրույցը հիշեց, մտապահեց եւ գրի առավ`

…Ի դեպ, վերնագիրը հոդվածի հետ ոչ մի կապ չունի, գրեթե ոչ մի. ուղղակի, ասում են` հայերենի ամենափարթամ բառն է:

 

 

Stepan

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին