<<Փոքրիկ Հրեշտակներ>>
շաբաթօրյա դպրոցի մամլո դիվան
2000 թ․-ին Բլիկյան ընտանիքի ազնիվ մտահղացմամբ հիմնադրվեց <<Փոքրիկ Հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցը, որը 2010թ․-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ տեղափոխվեց Առաջնորդարան՝ վերակազմավորվելով Ս․ Ղևոնդյանց Մայր Տաճարի հովանու ներքո։ Անցնող տարիներին վարժարանը շնորհիվ իր ազգային ոգու պահպանությանն ուղղված ջանքների ու որակյալ, հայեցի դաստիարակության դարձավ Լոս Անջելեսի ամենահեղինակավոր կրթօջախներից մեկը։ Այստեղ ջերմության, սիրո, անկեղծության, ազնիվ մթնոլորտում մեր մատաղ սերունդը շարունակում է հաղորդակցվել հայոց բազմադարյա մշակույթին, բյուրեղյա մայրենի լեզվին ու հազարամյա պատմությանը։ Ուսումնական կենտրոնն իր կառուցվածքով, որդեգրած մոտեցումներով, դասավանդման արդիական, ազգային ու հոգեմտավոր սկզբունքներով դարձել է նմանատիպ հաստատությունների չափօրինակ և առաջատար՝ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ողջ սփյուռքի տարածքում։ Ամենևին էլ պատահական չէ, որ դպրոցի իրականացրած հսկայածավալ ծառայությունը, ուշադրության և բարձր գնահատականի է արժանացել նաև հայրենի կառավարության կողմից։ 2015թ․-ի ապրիլի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված <<Մայրենիի Պաշտպան>> մրցույթում, ուր 15 երկրներից մասնակցում էր շուրջ 95 հաստատություն <<Փոքրիկ Հրեշտակներ>>-ն արժանացավ գլխավոր մրցանակի, I կարգի դիպլոմի և դրամական պարգևի։
Նմանօրինակ պատիվը ոչ միայն կատարվող աշխատանքի արդար արժևորումն է, այլև կրթօջախի պաշտոնեության ու մանկավարժների անսակարկ նվիումի արդյունքը։ Դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի խոսքերով․ <<Հայրենի իշխանության կողմից այսպիսի գնահատությունը լավագույն նվերն էր հաստատության հոբելյանական տարեդարձին։ Այն միաժամանակ պարտավորեցնող էր, խրախուսող ու ոգեշնչող>>։
Շնորհիվ եկեղեցուց տարածվող առատ օրհնության և Առաջնորդարանի մշտական խնամքի <<Փոքրիկ Հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցը յուրօրինակ լուսավորության կենտրոն է, որտեղ աշխատող ուսուցիչներն ունեն բազմամյա դասավանդման փորձ։ Նրանք ուսումնական ողջ տարվա ընթացքում իրենց գիտելիքները՝ շաղախված հայրենասիրությամբ, հոգևոր ու անանց արժեքներով փոխանցում են մեր մատաղ սերնդին։ Հարկ է նշել, որ մանկավարժները մշտական համագործակցության մեջ են դոկտոր Էլի Անդրեասյանի կողմից համակարգվող թեմի գիտակրթական հանձնախմբի հետ և իրենց մշտական մասնացությունն են բերում ուսուցիչների ամենամյա վերապատրաստման դասընթացներին։
Դպրոցն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերով։ Իր կապն աշակերտների և ծնողների հետ պահում է զանազան միջոցներով։ Ունի անգամ հատուկ ֆեսբուքյան էջ (Little Angels Saturday School), ուր տեղադրվում են դպրոցին առնչվող հատուկ նյութեր, նկարներ և հայտարարություններ։
Հաստատությունում սովորող շուրջ 200 աշակերտները ջերմ մտերմությամբ են կապված արևմտյան թեմի հոգևոր դասի, հատկապես Ս․ Ղևոնդյանց Մայր Տաճարի հովիվ, արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանի հետ։ Տեր հայրը խնամքով ամեն շաբաթ բարոյական ու կրոնական պատգամ և օրհնությունն է փոխանցում սաներին։ Վերջիններս հոգևոր գանձերով հարստացած՝ շարունակում են իրենց ուսումնական առօրյան։ Նրանք ակտիվորեն մասնակցում են նաև թեմական, հոգևոր ու ազգային ձեռնարկներին, արարողություններին ու տօներին։ Ամենամյա տարեվերջի քննություններին ու կազմակերպվող հանդեսներին ի հայտ է գալիս մանուկների ձեռք բերած գիտելիքները ։
2014-15 ուսումնական տարվա փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 13-ին, Առաջնորդարանի <<Գալաճեան>> սրահում։ Իր օրհնության խոսքում առաջնորդ, բարձրաշնորհ Տ․Հովնան արք․ Տերտերյանը շնորհավորեց ներկաներին դպրոցի հոբելյանական տարեդարձի առթիվ։ Սրբազան հայրն իր մասնավոր գնահատությանն արժանացրեց դպրոցի պաշտոնեությանն ու հակապես ծնողներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, իրենց զավակներին հայ պահելու դժվար ու պատասխանատու առաքելության մեջ։ 3 մասից բաղկացած շքեղ հայտագիրը լի էր գեղեցիկ արտասանություններով, երգերով ու հաճելի կատարումներով։ Ձեռնարկին ներկա հյուրերից <<Հայաստան Ծառատունկ>> ծրագրի պատասխանատու Անահիտ Ղարիբյանը՝ որպես բազմամյա համագործակցության և բարեկամության նշան՝ վարժարանի տնօրինությանը հանձնեց հատուկ վկայագիր։ Վերջում տնօրենը ներկաներին տեղեկացրեց, որ ընդառաջ գնալով ծնողների բազմաթիվ դիմում-խնդրանքներին, սկսած 2015-16 տարեշրջանից դպրոցի ուսումնառության տևողությունն ավելանալու է ևս մեկով՝ դառնալով վեցամյա, իսկ նոր ուսումնական տարվա մեկնարկը լինելու է օգոստոսի 22-ին: