Հինգշաբթի, 12. 09. 2024

spot_img

Կայացավ «Տեղահանություն, կրթություն, հանձնառություն» խորագրով՝ Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների համագումարը

Դեկտեմբերի 3-ին կայացավ «Տեղահանություն, կրթություն, հանձնառություն» խորագրով՝ Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների համագումարը, որը կազմակերպվել էր «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Համագումարին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը և բուհերի ներկայացուցիչներ:

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությանը՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ ուսանողների վարձավճարները փոխհատուցելու հարցում գործուն աջակցության համար:

«Իհարկե շատ կուզեինք, որ այս համաժողովը տեղի չունենար, և մենք Սիրիայի հայ համայնքից ուսանողներ հրավիրեինք Հայրենիք վերապատրաստման, գիտելիքների խորացման նպատակով, – նշեց նախարար Հ. Հակոբյանը՝ հավելելով, – ցավոք այսօր մենք ականատես ենք, թե ինչպես են նոսրանում Սիրիայի, Իրաքի և Ուկրաինայի հայ համայնքները: Հայաստանը, որպես համայն հայության Հայրենիք, պատրաստ է ընդունել իր զավակներին: Եվ նրանց հետ տարվող աշխատանքներում առանձնապես կարևոր է երիտասարդների՝ մայր հողին կապելու հարցը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում սովորող հայ երիտասարդներն իրենց ապագան տեսնեն և կառուցեն Հայրենիքում»:

Նախարարը, դիմելով համագումարի մասնակից սիրիահայ ուսանողներին, ևս մեկ անգամ շեշտեց, որ 21-րդ դարը գիտելիքի, նորարարության և գաղափարի դար է, ուստի առավել քան երբևէ կարևոր է լավ սովորելը, մրցունակ մասնագետ դառնալը:

Գերատեսչության ղեկավարը սիրիահայ ուսանողներին կոչ արեց ակտիվացնել բուհերում ուսանողների խորհուրդների աշխատանքները և համագործակցել բուհական ուսանողական խորհուրդների և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ:

Միաժամանակ նախարարը հավելեց, որ սիրիահայերը օրինապաշտ և աշխատասեր քաղաքացիներ են, ովքեր վերջին 4 տարիների ընթացքում հիմնվելով Հայաստանում՝ իրենց ներդրումն են բերում երկրի զարգացման գործին:

ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը մեծապես կարևորելով Հայաստանում հաստատված սիրիահայ երիտասարդներին տրված կրթություն ստանալու արտոնություններն ու լրացուցիչ հնարավորությունները՝ նշեց, որ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը պատրաստ է աջակցել բուհերում սիրիահայ ուսանողների խորհուրդների աշխատանքներին:

Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ընդգծեց, որ կրթությունը պահանջում է երկարատև ներդրում՝ միաժամանակ հավելելով, որ վարձավճարների փոխհատուցումները տարբեր մարդկանց տրամադրվում են տարբեր չափով՝ կախված այն բանից, թե անձը կամ ընտանիքը որքանով է կարիքավոր: Քրիստոֆ Բիերվիրթը կարևորեց նաև ուսանողների կենսապահովման նպատակով աշխատանքի տեղավորվելու, նրանց համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտությունը:

ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Յորդեկյանը նշեց, որ սիրիահայ ուսանողների հիմնահարցերի կարգավորման խնդրի շուրջ պետություն-համահայկական կառույցներ համագործակությունը երեք տարի շարունակ դարձել է Հայաստան-Սփյուռք գործակցության լավագույն դրսևորումներից մեկը: Պարոն Յորդեկյանը հավելեց, որ ՀԲԸՄ-ն կրթաթոշակներ տրամադրելու մեծ փորձառություն ունի և պիտի շարունակի ծրագիրը հատկապես սիրիահայ ուսանողների համար:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը գոհունակությամբ նշեց, որ ամենամեծ թվով սիրիահայ ուսանողները սովորում են բժշկական համալսարանում՝ դեղագիտության, ընդհանուր բժշկության և ատամնաբուժության բաժիններում:

«Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբան Ժորժ Բարսեղյան
«Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբան Ժորժ Բարսեղյան

Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության առաջատար մասնագետ Ամալյա Քոչարյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբան Ժորժ Բարսեղյանը, ՃՇՀԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի արտասահմանցի սովորողների բաժնի պետ Տաթևիկ Հակոբյանը, ԵՊԲՀ օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետի դեկան Աննա Սարգսյանը, ՀՊՃՀ օտարերկրյա քաղաքացիների ուսումնական բաժանմունքի ներկայացուցիչ Լիանա Հովհաննիսյանը, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի փոխտնօրեն Դոնարա Հակոբյանը և այլք:

Ելույթ ունեցան սիրիահայ ուսանողներ Լարա Երամյանը  (ՀՊՃՇՀ), Վրույր Պիլեմջյանը  (ԵՊԲՀ), Հարութ Տոնոյանը  (ՀՊՏՀ), Ալեքսան Քալայջին (ԵՊՀ), ովքեր ներկայացրին իրենց կարծիքները կրթական խնդիրների վերաբերյալ:

Համագումարի շրջանակներում կայացավ նաև ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների 2014-2015 ուսումնական տարվա ուսման վարձավճարների փոխհատուցման պաշտոնական արարողությունը:

Քննարկվեցին սիրիահայ ուսանողների հիմնախնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին վերաբերող հարցեր:

www.mindiaspora.am

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին