Հինգշաբթի, 12. 12. 2024

spot_img

Թեքեյանն անգլերենով՝ ընթերցողի սեղանին

Մանկավարժական համալսարանում այսօր կայացավ անվանի գրող Վահան Թեքեյանի ,Հատընտիր Քերթուածներե գրքի անգլիալեզու հրատարակության շնորհանդեսը, որին ներկա էր նաև գրքի գլխավոր խմբագիր Երվանդ Ազատյանը:

«Թարգմանված բանաստեղծությունը նման է ապակու վրայից վարդի բույրը զգալուն. պետք է կոտրել ապակին և հայկական գրականության ընթերցասերներին ծանոթացնել գրողի ժառանգությանն ու դրա ճյուղավորումներին»- նշեց խմբագիրը՝ վստահեցնելով՝ բանաստեղծությունները անգլիական գրականություն են փոխանցվել իրենց իսկական դիմագծով:

Անդրադառնալով գրքի հրատարակությանը՝ Երվանդ Ազատյանը կարևորեց թարգմանիչ Ժիրայր Փափազյանի թարգմանական փորձառությունն ու այն համարեց հավաքական աշխատանքի արդյունք:

«Ունենք այնպիսի սերունդ, որ լեզուն ընկալելու, օգտագործելու և շողարձակելու հնարավորություն ու կամք ունի: Հայ գրականության մեծերին համաշխարհային պատվանդանի վրա ներկայացնելը բոլորի պարտքն է»-նշեց խմբագիրն ու վստահություն հայտնեց՝ գիրքը կդառնա համաշխարհային գրականության սեփականություն՝ Վահան Թեքեյանին ներդաշնակության և համադրության մեջ դնելով իր ժամանակի գրողների հետ:

Երվանդ Ազատյանն իր ելույթում վստահեցրեց՝ ժամանակի ընթացքում նրա գրականության հանդեպ աճող հետաքրքրությամբ և նման տպագրություններով Վահան Թեքեյանը կդառնա փարոսի հզորությամբ հոգիների վրա տարածվող լույս:

Գրքի շնորհանդեսին ներկա էին գրականագետներ, բուհի դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, ով Վեհափառի օրհնությունն ու գնահատանքի խոսքը փոխանցեց Երվանդ Ազատյանին՝ հավելելով, որ նա երիտասարդական ավյունով ու կորովով մշտապես իր ծառայությունն է բերել մեր ընդհանրական կյանքում՝ որպես համեստ ու խոնարհ մշակ:

«Մենք փոքր ազգ են, սակայն մեր ներդրումով և երկունքով աշխարհի շատ մեծերի հետ կարող ենք համընթաց քայլել: Այս գիրքը համաշխարհային գանձարանի համար մեծ ներդրում է. պետք է կարողանալ լինել բացված լուսամուտ աշխարհինե,-նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստյանը:

Վահան Թեքեյանի 23 բանաստեղծություններ պարունակող «Հատընտիր Քերթուածներ» գրքի թարգմանության և հրատարակության առթիվ գնահատանքի խոսքեր ասացին նաև Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, Բանասիրական ֆակուլտետի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի և Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների վարիչներ Աելիտա Դոլուխանյանն ու Սուրեն Դանիելյանը:

Վերջիններս կարևորեցին գրքի լույսընծայումը՝ վստահ լինելով, որ այն կծառայի ոչ միայն ամերիկյան և անգլիական գրականության ընթերցողներին, այլև լեզվին չտիրապետող, սակայն հայ գրականությունը սիրող հայերին, ինչպես նաև բուհերի ուսանողների համար կլինի դասագիրք:

ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը որպես մանկավարժ անդրադարձավ Թեքեյանի՝ հատկապես ,Հայոց եկեղեցինե բանաստեղծությանը՝ նշելով, որ այն պարտադիր պետք է անցնել հատկապես դպրոցներում՝ ցույց տալու եկեղեցու դերը ազգապահպանության գործում:

Նա համամիտ է Երվանդ Ազատյանի՝ Թեքեյանին վերժամանակյա գրող համարելու հետ՝ նկատելով, որ նա այն բանաստեղծներից է, որ խոսք է բացել Աստծո հետ և խոսել համամարդկային ցավերից՝ երազելով, որ մարդկությունը դրախտ վերադառնա առանց թուփ ու ծաղիկ ոտնատակ տալու:

Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը բարձր գնահատեց Ազատյանի՝ գրականության գործում ունեցած մեծ ավանդի համար՝ ընդգծելով, որ այս թարգմանությամբ նոր ճանապարհ է բացվում դեպի Թեքեյանի միջազգային և ամբողջական ճանաչման:

Օտար լեզվի Ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն էլ գրքի տպագրությունը կարևորեց օտարալեզու ուսանողների շահերից՝ նշելով, որ մինչ օրս ուսանողների մոտ այն տպավորությունն է, թե Թեքեյանը արգելված գրող է. ամենակարևորը՝ արևմտյան մշակույթը ներկայացնելն է, որը հիանալի կերպով ներկայացված է Թեքեյանի ստեղծագործություններում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին