Պատրաստեց՝ ԱՐԱՔՍ ԿԱՍԵԱՆ
«Ես երկու ինքնութեան եւ երկու գիտակցութեան կրող եմ: Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի հանրապետութեան քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ», այսպէս էր իրեն բնորոշում մեծ Հայը, ով իր ողջ կեանքն ու գործունէութիւնն ուղղեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական վէրքերը սպիացնելուն եւ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ յարաբերութիւնները կարգաւորելուն: Այսօր մեծ Հայը՝ Հրանդ Դինքը կը դառնար 60 տարեկան: Իր կարճ, բայց բազմաբովանդակ կեանքի ընթացքում նա պայքարեց յանուն Թուրքիայում Հայկական Հարցում առկայ կարծրատիպերը կոտրելու, սեփական կեանքով վճարեց Թուրքիան առաւել ժողովրդավար եւ անկեղծ տեսնելու երազանքի համար: Դինքի մահուանից անցել է արդէն 7 տարի, ու թէպէտ նրա երազանքները մնում են դեռ չիրականացուած, սակայն նրա կեանքն ու մահը ճանապարհ բացեցին Թուրքիայում նոր հարցեր տալու եւ պատասխաններ փնտռելու համար:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ՋԱՏԱԳՈՎԸ
Իր կենդանութեան օրօք Դինքը վստահ էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ յարաբերութիւնների հաստատումը ժամանակի հրամայականն է, եւ այն պէտք է պարտադրուի: Այս մասին նա ասում էր. «Որքան էլ երկու կողմերում ազգայնականները խուսափեն «հայ» եւ «թուրք» բառերը միասին կիրառելուց, մէկ է, ճակատագիրն այս երկու ժողովրդին նոյն աշխարհագրական գօտում, կողք-կողքի ապրելու է դատապարտել. այլընտրանք չկայ»: Նա վստահ էր, որ երկու պետութիւնների եւ ժողովուրդների միջեւ առկայ խնդիրները չպետք է լուծուէն որեւէ երրորդ պետութեան միջամտութեամբ: Հայոց Ցեղասպանութեան հարցը տարբեր պետութիւնների խորհրդարաններում եւ կառավարութիւններում քննարկելու հարցի առնչութեամբ նա այսպէս էր դատում. «Մեր իրականութիւնը միայն միւսների ընդունելո՞վ է իրականութիւն դառնալու: Արդեօք մեր ներաշխարհը կը հանդարտո՞ւի, եթէ մեր իրականութիւնը շարունակի թեմա մնալ տեղի ունեցած ողբերգութեան ականատես պետութիւնների ընդունելու արդարամտութեան կամ չընդունելու անարդարութեան միջեւ: Նրանց ժանգոտուած խի՞ղճն է կարողանալու մաքրել մեր սրտերը: Թող մեր իրականութիւնը մեզ մնայ, նրանց ժանգոտուած խիղճն էլ՝ նրանց»:
Նրա համոզմամբ՝ միայն երկխօսութիւնը կարող էր նպաստել կողմերում շփմանն ու սառոյցի հալմանը, ընդ որում, շփումները պէտք է լինեն ոչ միայն պաշտօնական մակարդակով, այլ նաեւ պէտք էր զարկ տրուէր ժողովրդական դիւանագիտութեանը:
ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ՈՉ ԹԷ ԼՈՒԾԵԼ, ԱՅԼ ՀԱՍԿԱՆԱԼ
Հրանդը կարծում էր, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գլխաւոր խոչընդոտներից մէկը պատմական քննարկումներն են: Նա վստահ էր, որ Թուրքիայում պատմութիւնը հասկանալու համար ժամանակ եւ ջանք է հարկաւոր, քանի որ գիտակցման եւ վերափոխման գործընթացը մէկ օրում լինել չի կարող: «Այսօր Թուրքիայի առջեւ դրուած խնդիրը ո՛չ «ժխտումն» է, ո՛չ էլ «ընդունումը»: Նրա հիմնական խնդիրը «գիտակցելն» է: Էականն այն է, որ թուրք հասարակութիւնը հասնի պատմական իրողութեան գիտակցմանը: Սա հնարաւոր է միայն Թուրքիայում ընթացող ժողովրդավարական պայքարի զարգացմամբ», ասում էր Դինքը, ով կարծում էր, որ աւելի քան 90 տարի ապատեղեկատուական տարափի ներքոյ գտնուող թուրք ժողովուրդն այս հարցում լուրջ վերականգնման կարիք ունի:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍՊԻՏԱԿ ԱՂԱՒՆԻՆ
Ապրելով Թուրքիայում՝ Դինքն իրեն երբեք օտար չհամարեց: Լինելով իսկական քաղաքացի՝ նա մինչեւ վերջ պայքարեց աւելի առաջադէմ եւ ժողովրդավար Թուրքիա տեսնելու համար: Երբ ազգայնական շրջանակների կողմից իր հասցէին հնչեցուող սպառնալիքների ժամանակ շատերը յորդորում էին նրան հեռանալ Թուրքիայից եւ գալ հայրենիք՝ Հայաստան, Դինքը վրդովմունքով էր պատասխանում՝ ասելով, որ հէնց ինքն է գտնւում իրական հայրենիքում: «Սա իմ երկիրն է», մշտապէս ասում էր նա՝ յաւելելով. «Այո՛, մենք՝ հայերս, այս հողերի վրայ աչք ունենք, որովհետեւ մեր արմատներն այստեղ են: Սակայն մի անհանգստացէք, ոչ թէ այս հողերը վերցնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար»:
Ու ապրեց Դինքն աղաւնու անմեղութեամբ եւ ազնիւ հաւատով, որ այդ երկրում աղաւնիներին չեն սպանում… Ու զոհուեց Դինքը թուրք դաւադրի ձեռքով, ով անգամ քաջութիւն չունեցաւ նայելու իր զոհի աչքերի մէջ եւ թիկունքից երեք կրակոց արձակելուց առաջ միայն բղաւեց՝ «գեաւուր»՝ հիմք տալով մտածելու, որ սպանութիւնն իրականացուեց թուրքական դարաւոր թշնամանքի հողի վրայ՝ դասելով Թուրքիայի «Սպիտակ աղաւնուն»՝ Հրանդ Դինքին Հայոց Ցեղասպանութեան նահատակների շարքին:
«Արմէնփրէս»
Սեպտեմբեր 15, 2014