*ԹԵՀՐԱՆ, ԻՐԱՆ* Օգոստոսի 29-ին, մի խումբ հայ եւ պարսիկ մտավորականների, ընտանեկան պարագաների եւ հարազատների կողմից, Թեհրանի հայոց բուրաստանում վերջին հրաժեշտից հետո, հողին հանձնվեց իրանահայ անվանի արվեստագետ, վաստակավոր լրագրող, «Լազար»արտ-մոդեռնթանգարան ցուցահանդեսի հիմնադիր, «Իրանահայոց հանրագիտարան» գրքի կազմող՝ Ժանետ Լազարյանի դին, ում հուղարկավորությունը կատարվեց Հայ կաթողիկե եկեղեցու վարդապետ Հայր Սիմոնի միջոցով:
Ժանետ Լազարյանը ծնվել է 1940 թվականին, Թեհրանում,Նախիջեւանիցգաղթած ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Թեհրանում եւ Սպահանում, ապա բարձրագույն ուսումը շարունակել Լոնդոնի թագավորական «Ռոյալ քոլեջ»-ի արվեստի պատմության բաժնում:
Վերադառնալով ծննդավայր աշխատել է որպես լրագրող: Ավելի ուշ հիմնել է արվեստի պատկերասրահ, որտեղ իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն են ունեցել ոչ միայն իրանահայ, այլ նաեւ բոլոր իրանցի արվեստագետներն ու նկարիչները:
Նա տասը տարի աշխատել է Իրանի նավթային ընկերությունում, նույն ժամանակ աշխատակցել է «Ֆերդովսի» ամսագրի եւ «Էթելաաթ» օրաթերթի հետ: Ավելի ուշ աշխատանքի է անցել «Թեհրան ժուռնալ» անգլիատառ օրաթերթում, որպես արվեստի բաժնի պատասխանատու:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, որպես ազատ լրագրող աշխատել է «Դոնյայե սոխան», «Բոխարա» եւ «Թավուս» պարսկերեն ամսագրերում, ինչպես նաեւ «Թեհրան թայմս» եւ «Իրան նյուզ» անգլիատառ օրաթերթերում:
70-ականներին հայտնի հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ազատազրկումից հետո, այդ մասին Լազարյանը բարձրաձայնել է տարբեր կինոփառատոներում:
Իր լրագրողական գործունեության ընթացքում Ժանետ Լազարյանը հարցազրույցներ է վարել Վիլյամ Սարոյանի, Քեթի Բերբերյանի, Զուբին Մեհթայի, Հերբերտ ֆոն Կարայանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էմիլի Գիլսի, Փիթեր Բրուքի, ԻԻՀ-ում ՀՀ անդրանիկ դեսպան պրոֆ. Վահան Բայբուրդյանի եւ այլոց հետ:
2002 թվականին ԻԻՀ նախագահ Մոհամմադ Խաթամիի հիմնած «Քաղաքակրթությունների երկխոսություն» կազմակերպության կողմից հրատարակվեց Ժանետ Լազարյանի պարսկերենով կազմած «Իրանահայոց հանրագիտարան»-ը, որը վերահրատարակվեց 2009-ին: Իսկ 2012-ին ՀՀ Մշակույթի նախարարության եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի աջակցությամբ հրատարակվեց նույն գրքի հայերեն տարբերակը:
Ժանետ Լազարյանը մեծ դեր է խաղացել Իրան-Հայաստան մշակութային կապերի ընդլայնման մեջ: Նրա ջանքերի շնորհիվ 2001 թվականին Իրանի Ժամանակակից արվեստի թանգարանում կայացել է Հայաստանի մերօրյա նկարիչների գործերի ցուցահանդես: իսկ 2004 թ. ՀՀ ազգային պատկերասրահում կազմակերպվել է Իրանի երեք սերնդի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: 2008թ. նույն սրահում կազմակերպվել է Ղաջարական ժամանակաշրջանի գեղանկարչության ցուցահանդես:
Մշակութային անխոնջ գործունեության համար Ժանետ Լազարյանը արժանացել է պետական եւ ոչպետական կառույցների տասնյակ շնորհակալագրերի եւ գնահատագրերի:
Ժանետ Լազարյանի վերջին հրաժեշտին շատերն էին բացակայում…:
Հողը թեթեւ լինի վրան:
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 30 օգոստոսի 2014թ.: