*Լուսինե Աբրահամյան* «Հավատում եմ, որ հայ անհատը չպետք է միայն վերցնի, նա պետք է տա իր ժողովրդին, իր հավատակիցներին: Իմ պարագայում ես տվել եմ ոչ միայն իմ ժողովրդին, այլև` մարդկությանը…»: Մեր հանդիպման ընթացքում այսպես սկսեց իր խոսքը Հրայր Ճէպէճեանը: Այն մարդիկ, որոնք ծանոթ չեն պարոն Ճէպէճեանին, թերևս, հիմա հարց են տալիս, թե ո՞վ է Հրայր Ճէպէճեանը: Որպես պատասխան` կարող ենք ասել, որ նա Աստվածաշնչյան ընկերության Արաբական ծոցի տարածաշրջանի ընդհանուր քարտուղարն է, Միջին Արևելքի Աստվածաշնչյան ընկերության խորհրդի և Հայ Ավետարանական «Արմիս» մշակութային հանձնախմբի ատենապետը: Բայց սա միայն մի փոքրիկ պատառիկն է Հրայր Ճէպէճեանի հարուստ կենսագրության: Եվ մեր այն ընթերցողները, որոնք ավելի մոտիկից կցանկանան ծանոթանալ պարոն Ճէպէճեանի անցած ուղուն, խորհուրդ ենք տալիս կարդալ այս հոդվածը:
Իսկ մենք շարունակենք մեր զրույցն ու խոսքը «փոխանցենք» Հրայր Ճէպէճեանին.
– Իմ ծառայությունները կատարել եմ Եկեղեցու միջոցով. պատկանում եմ Հայ Ավետարանական եկեղեցուն: Հավատում եմ էկումենիկ շարժմանը, հատկապես` միջեկեղեցական, որովհետև դու չես կարող ինքդ քեզ հետ, քո հավաքականության մեջ ապրել, պետք է բացվես` հատկապես մեր օրերում: Ես Հայ Ավետարանական եկեղեցուն եմ պատկանում, բայց բացված եմ և հավատում եմ միջեկեղեցական կապերին, որ այլ Եկեղեցիները, համայնքները պետք է կապեր հաստատեն միմյանց հետ:
Աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում: Բայց միշտ ժամանակ եմ գտնում այցելելու այն երկերներ, որտեղ հայկական գաղութներ կան: Փորձում եմ պրպտել հայկական իրականությունը, տեսնել, թե որոնք են մեր ժողովրդի մարտահրավերները տարբեր գաղութներում: Հանդիպում եմ հայ մարդկանց, ծանոթանում նրանց կյանքին, կենցաղին, որոնք էլ հետագայում իմ թեմաների, հոդվածների նյութ են դառնում:
Երեք տարի առաջ հրատարակեցի իմ առաջին հատորը` «Հայուն գոյապայքարի ճանապարհը» հոդվածների ժողովածուն. խմբագիրն էլ տիկինս` Արտան է:
– Պարո´ն Ճէպէճեան, ասացիք, որ շատ եք ճամփորդում, որի արգասիքը նաև Ձեր հոդվածներն են: Ինչպե՞ս կնկարագրեք տարբեր երկրներում, համայնքներում ապրող հային:
– Եթե ուզում ես հասկանալ հային, պետք է նրա հետ ապրես այն երկրում, որտեղ նա է ապրում: Այստեղ է, որ սկսում է մեր գոյապայքարը: Իսկ հայի գոյապայքարը Ֆրանսիայում այն չէ, ինչ Լիբանանում է, Սիրիայում, Էստոնիայում կամ Լատվիայում: Այստեղ է, որ սկսվում է սփյուռքյան մեր իրականության այլազանությունները:
Պետք է փորձես տեսնել և հասկանալ հային` իր ապրած շրջանակում. յուրաքանչյուրն իր յուրահատկություններն ունի: Այդ է պատճառը, որ մենք միշտ ասում ենք, որ սփյուռքյան, սփյուռքահայ իրականությունը մի յուրահատուկ խճանկար է: Եվ յուրաքանչյուր հայ իր ապրած երկրի մեջ սկսում է փնտրել ճանապարհ, թե ինչպես պետք է հայ մնա:
Որ երկիր որ գնում եմ` փորձում եմ տեսնել հային իր պարունակի, ոչ թե իմ` լիբանանյան պարունակի մեջ: Յուրաքանչյուրն իր մարտահրավերներն ունի, և այդ է պատճառը, որ իմ հոդվածների առանցքը կազմում են հայկական գաղութները: Փորձում եմ մեջտեղ հանել հայի գոյապայքարը տարբեր երկրների մեջ, թե որքան այլազան է, բայց վերջավորությամբ` անհրաժեշտ: Մեր ճակատագիրն է այդպիսին: Այս յուրահատկությունները թե´ հետաքրքրական են, թե´ դժվար, թե´ խրթին, բայց անպայմանորեն պետք է մտնել մեջը և հաղթահարել:
– Տարբերություններով հանդերձ` ի՞նչն է միավորում տարբեր երկրներում ապրող հային:
– Շատ-շատ լավ հարցում է: Տարբերություններով հանդերձ` ես երեք կետերի մեջ փորձեցի հասարակաց հայտարարը գտնել:
Առաջին` մենք գտնվում ենք մեր պատմության անկյունադարձային հանգրվանի մեջ, որը Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Հասարակաց հայտարարը այն տարբեր գաղութներում, որտեղ մենք ապրում ենք` Ցեղասպանությունն է, ճանաչումը և պահանջատիրությունը:
Երկրորդը` հայոց լեզուն, հայկական ինքնությունը, մշակույթը, հայոց պատմությունը պահելու անհրաժեշտությունն է:
Յուրաքանչյուր հայ իր ապրած տեղում այս պայքարների մեջ է: Հատկապես, որ խոսում ենք 3-4 սերնդի մասին:
Երրորդը` մեր քրիստոնեական հավատն է, որը մեզ համար շատ կարևոր մարտահրավեր է: Այդ է պատճառը, որ ուր գնում ենք` Եկեղեցի ենք կառուցում: Եկեղեցին ձևով մը այդ երկրների մեջ հայ ժողովրդին քով-քովի հավաքելու վայր է: Հետևաբար, նոր սերունդը Եկեղեցիի հետ առնչելը մեր հիմնական հարցն է` մեր համահայկական մեծ պատկերի մեջ:
Այս երեք հասարակաց հայտարարներն են, որոնք միավորում են տարբեր երկրներում ապրող հային:
– Պարո´ն ճէպէճեան, Դուք Ձեր աշխատություններից մեկում անդրադարձել եք համաշխարհայնացման խնդրին, բարձրաձայնելով, թե ինչ է այն` մշակութային ինքնության վերացո՞ւմ, թե՞ վերանորոգում: Այս մասին եմ ուզում , որ մի փոքր մանրամասնեք:
– Համաշխարհայնացման մասին տարբեր տեսակետներ կան: Ընդհանրապես, ժխտական երևույթները, որ համաշխարհայնացումը քանդում է ազգային ինքնությունը, մշակույթը և այլն, շատ են, ինչը ես հասկանում եմ: Բայց ուզենք թե չուզենք, ընդունենք թե չընդունենք, մենք այսօր ապրում ենք համաշխարհայնացված աշխարհում: Մենք դե՞մ պետք է գնանք դրան, ո´չ, որովհետև դա է այսօրվա աշխարհը: Պարզապես պետք է փորձել հասկանալ, թե համաշխարհայնացված աշխարհում ինչպես կարող ենք դրական երևույթներն օգտագործել, որպեսզի մեր ազգային ինքնությունը մեջտեղ հանենք:
Ըստ ընկերաբանների, եթե համաշխարհայնացումը մի կողմից քանդում է սահմաններ, ազգային ինքնություններ, միևնույն ժամանակ օգնում է, որ մարդիկ իրենց կորսվածը վերագտնելու փորձեր անեն: Պատմության մեջ այսօր շատ են օրինակները, երբ մարդիկ, հավաքականություններ, զգալով վտանգը, համաշխարհայնացման դեմ տեղայնացման փորձեր են անում, այսինքն, փորձում են տեղական ինքնությունը պահել, իրենք իրենց մեջ ամփոփվել:
Այստեղ է, որ պետք է փորձել հավասարակշռել համաշխարհայանացումը և տեղայնացումը (գլոբալիզացիա և լոկալիզացիա) և զորացնել մեր ազգային, մշակութային ինքնությունը` օգտագործելով տեղեկատվական ժամանակակից միջոցները: Նամանավանդ որ ներկա սերունդը տեղեկատվական մշակույթի սերունդ է:
– Պարո´ն Ճէպէճեան, վերջերս Դուք պարգևատրվեցիք Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով, որը շնորհվում է հայապահպանության ոլորտում ներդրում ունենալու, մայրենի լեզվի պահպանման ու զարգացման գործում նվիրաբերած ջանքերի, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գիտակրթական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար: Հետաքրքիր է, Ձեզ համար ի՞նչ է այդ պարգևը:
– Նախևառաջ իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին այս անակնկալի համար. անձնապես շատ երախտապարտ եմ ու զգացված: Մայրենիի դեսպան… նշանակում է, որ հայ ժողովրդի ազգային, մշակութային, լեզվական ինքնության պահպանման ջատագովն ես: Եվ սա ձևով մը, իմ մարտահրավերն է, առաքելությունը, թեկուզ որ աշխատում եմ Աստվածաշնչյան ընկերության մեջ, որն իրեն հատուկ ծրագրերն ունի: Բայց Աստվածաշնչյան ընկերությունը և նրա առաքելությունը նաև ազգային, մշակութային ինքության հետ կարող է համընկնել: Ու ես Աստվածաշնչի միջոցով փորձում եմ հայկական տարբեր գաղութների մեջ տեսնել, թե ուր է հայը, ինչ է հայը, ինչն է հայի մարտահրավերները և ինչպես պետք է հայն իր ազգային ինքնությունը պահպանի:
Մենք` որպես ժողովուրդ, մի տեղ ենք հասել, որ այլևս քննադատությամբ առաջ չենք կարող երթալ: Իհարկե, եթե քննադատությունը տեղին է` լավ է, բայց մեր ժողովուրդն այսօր դրական ուժի պետք ունի, որպեսզի իր գոյապայքարը շարունակի և իր մարտահրավերներին դիմակայի: Հետևաբար, ես այդ դրական ուժին եմ հավատում: Որպես դրական ուժ` կարող է լինել մեր ազգային, լեզվական, մշակութային, քրիստոնեական ինքնության պահպանումը, որը փոխանցելով երիտասարդներին, պետք է կարողանանք ցույց տալ, որ իրենք պետք է հպարտ զգան իրենց հայկականությամբ, ազգային, մշակութային ինքնությամբ: Ի՞նչ պատճառներ կան, որ մենք հպարտ չզգանք. եթե լեզուն է, ապա շատ հարուստ լեզու ունենք: Իմ գործակիցներս ասում են, որ Սուրբ Գրքի ամենաճշգրիտ թարգմանությունը հայերենով է: Շատ լեզուներով այն կոչվում է` Բիբլիա: Միայն հայերենով ենք Աստվածաշունչ ասում, այսինքն` Աստծո շունչ: Եվ երբ թերթում ենք Աստվածաշնչի էջերը, ասվում է, որ գիրքը Աստծո շունչն է: Եթե դու այս տեսակ լեզվին ես պատկանում` ինչու պետք է հպարտ չզգաս:
Մենք հարուստ, համաշխարհային մակարդակի մշակույթ, արվեստ, գրականություն ունենք: Անհրաժեշտ է, որ նոր սերնդին հատկապես այս դրական ուժը փոխանցենք, որ հպարտ զգան իրենց ինքնության համար: Հպարտություն չի նշանակում դիմացինին վարկաբեկել: Դիմացինին պետք է սիրել, հարգել, բայց միաժամանակ հպարտ պետք է զգալ քո ինքնության համար: Քրիստոսը ասում է` սիրի´ր քո ընկերը, քո´ անձի պես: Եթե քեզ չսիրես, դիմացինին չես կարող սիրել: Դու քո լեզուն, ինքնությունը, պատմությունը պետք է սիրես, որպեսզի կարողանաս հասկանալ դիմացինին, նրա մշակույթը և կարողանաս փոխանցել քոնը:
Հակառակ բոլոր դժվարություններին` մենք պետք է պահենք մեր լեզուն, ինքնությունը: Եվ այս դժվարությունները դիմագրավելու համար դրական ուժ է հարկավոր, որը պետք է սկսվի Մայր հայրենիքից` անցնելով Սփյուռք: Այստեղ է, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է քով-քովի գան ու միասին կարողանան դրական ուժը ներարկել մեր ժողովրդի մեջ:
Չմոռանանք, որ պահանջատիրության մեծ առաքելություն ունենք:
– Ինչին Դուք շատ խոսուն կերպով անդրադարձել եք Ձեր հոդվածներից մեկում, որը վերնագրված է` «Վէրքը խորունկ է…»:
– Անշուշտ, և այդ հոդվածն իրականություն է: Ես պետք է փոխանցեմ, չէ՞: Օրինակ` տանը, ալբոմիս մեջ ունեմ իմ բոլոր մեծ ծնողների նկարները: Մեր ընտանիքից 25 անդամ նահատակվել է Եղեռնի ժամանակ: Բոլորի նկարները, բոլորի անուներն ունեմ: Ամեն անգամ, երբ բացում եմ ալբոմը, այդ նկարներն ինձ են նայում: Չեն խոսում, բայց պատգամ ունեն ինձ փոխանցելու: Ես չեմ կարող այդ մարդկանց հիշատակն անտեսել: Նրանք ինձ ասում են` մենք նահատակվեցինք, բայց դու պետք է շարունակես: Իմ միջոցով, իմ զավակների միջոցով պետք է շարունակեմ: Սա մեր պատգամն է, մեր առաքելությունն է:
– Պարո´ն Ճէպէճեան, Դուք խոսեցիք դրական ուժի անհրաժեշտության մասին: Հետաքրքիր է, ո՞րն է Ձեր դրական ուժի աղբյուրը:
– Լավ հարցում է… Դրական ուժն առաջին հերթին Աստվածաշունչն է: Ես միշտ ասում եմ` Աստվածաշունչը հավաքականության գիրքն է, գիրք, որը երբեք չի հնանում: Այդ է պատճառը, որ մինչև այսօր համարվում է ամենաշատ տարածված ու վաճառված գիրքն աշխարհում: Ինչո՞ւ, որովհետև միջի պատգամը չի հնանում: Ցանկացած ժամանակ, երբ բացում ես այն, բան մը ունի քեզ ասելու` մեկնելով, ելնելով քո վիճակից: Այս է Աստվածաշնչի զորությունը:
Ես իմ դրական ուժը առնում եմ Աստվածաշնչից և այդ ուժը գործածում եմ իմ հայ ժողովրդի համար, համամարդկային մեր բոլոր հարաբերություններում, անմիջական գոյապայքարների մեջ:
Այդ պատճառով է, որ մարդկանց քաջալերում եմ Աստվածաշունչ կարդալ: Աստվածաշունչը ամենօրյա գիրք է: Այն գիրք է, որը քեզ քննական և ազատական մտածողություն է տալիս: Սկսում ես երևույթներին քննականորեն մոտենալ և ազատ մտածել: Սկսում ես դիմացինին տեսնել իր արժեքներով, վիճակներով, կարողություններով: Եվ սկսում ես այդ ամենը օբյեկտիվ ձևով վերլուծել: Սա դրական մեծ ուժ է: Օրինակ` փոխանակ քննադատելու հայրենիքը, սկսում ես ասել` չէ, պետք է այս ձևի ներդրում ունենալ, որ հայրենիքն ավելի հզորանա, զորանա: Ժխտական մոտեցումը չի կառուցում, դրականը` կառուցում է: Այս ձևով է, որ մենք պետք է զորանանք:
– Ես կարծում եմ, որ Դուք դրական ուժ ստանում եք նաև Ձեր ընտանիքից` երեխաներից և հատկապես տիկին Արտայից:
– Անշուշտ, ինչպես ասում են` հաջողակ տղամարդու հետևը խելացի կին է կանգնած: Աստծո ամենամեծ նվերն ինձ իմ տիկինս է` Արտան, և իմ զավակները: Աստծուց ավելի մեծ նվեր ի՞նչ պետք է ակնկալեի` դրամ, տուն, այդ ամենն անցողիկ է ու մեկ վայրկյանում կարող ես կորցնել: Արտան միշտ նեցուկ է եղել ինձ, իմ գործերի, համոզմունքների, աշխատանքների մեջ: Այդ նեցուկի շնորհիվ է նաև, որ ես կարողանում եմ աշխատել: Պատկեացրեք` 25 տարի է ճամփորդում եմ` տունս, ընտանիքս ձգելով: Եթե Արտայի պես հասկացող տիկին, կողակից չունենայի, չէի կարող այդ բոլորը անել:
Աստված մեզ օրհնել է երկու անուշիկ զավակներով` Վահեն և Ալիքը: Երկուսն էլ հայրենասեր երեխաներ են, և հայկականությունը բավականին զորավոր արմատացած է նրանց մեջ: Սա ինձ համար մեծ ուրախություն է, որովհետև մեր օրերում Սփյուռքի մեջ զավակներդ հայ մեծացնելը բավականին դժվար առաքելություն է: Փառք Աստծո, որ մենք Արտայի հետ կարողացանք մեր զավակներին հայ մեծացնել: Սա էլ դրական ուժ է մեզ համար: Երկուսն էլ հայկական պարախմբում են պարում: Ու երբ տեսնում ես, որ զավակներդ հայկական պարեր են պարում, դա ամենամեծ քաջալերանքն է` որպես հայ:
Պարոն Ճէպէճեանի խոսքը շարունակում է տիկին Արտան, ով մինչև այդ համբերատար հետևում էր մեր զրույցին: Միայն նշեմ, որ տիկին Արտա Պոյնէրեան-ճէպէճեանը Կիպրոսի «Նիկոսիայի համալսարանի» բանասիրության, սոցիոլոգիայի և իրավագիտության բաժնի դասախոս է, սոցիոլոգ և լեզվաբան:
– Մեր երեխաները մեր հպարտությունն են: Դեռ փոքրուց նրանք ամեն կիրակի եկեղեցի են հաճախել, որը մեծագույն դեր է կատարել նրանց ինքնության մեջ: Աղջիկս` Արփին, 13 տարեկան էր և արդեն կիրակնօրյայի ուսուցչուհի էր. իր շուրջն էր հավաքել 24 մանուկ ու Աստվածաշնչից պատմություններ էր պատմում:
Մեր տան մեջ աշխատանքի մթնոլորտ կա. բոլորը պետք է աշխատեն: Երբեմն զավակներիս ասում եմ` բավական է, դաս մի´ արեք, մի´ կարդացեք: Բայց նրանք այդ ամենն ինքնաբերաբար են անում, ոչ թե նրա համար, որ մենք ենք նրանց ստիպում: Մեր բոլոր հայ բարեկամների զավակներն այդպիսին են, բոլորը դասերի մեջ լավագույնն են: Զավակներս վեց լեզու գիտեն, բայց առաջնայինը հայերենն է նրանց համար, հայոց պատմությունը:
Ինչպես ամուսինս ասաց, նրանք հայկական պարախմբում են պարում: Ուսուցիչը, որը Հայաստանից է եկել, նրանց բացատրում է, թե պարելիս ամեն ոտքը, որ գետին են զարկում կամ գոռում են, ինչ է նշանակում, ինչ խորհուրդ ունի: Նրանք գալիս են ու այդ ամենը մեզ են պատմում և ասում, թե այս ինչ անուշ մշակույթ ունենք, պարեր, որոնց հետևը պատմություն կա: Ես լսում եմ նրանց ու ասում` փառք Աստծո:
Շարունակում է պարոն Ճէպէճեանը.
– Երիտասարդների ինքնության ձևավորման մեջ Հայաստանի դերը շատ-շատ կարևոր է: Ես 10 տարի չէի այցելել հայրենիք: Ու երբ տեսա ներկա վիճակը, թե ինչպիսի առաջխաղացում է արձանագրել այս տարիների ընթացքում, հիմա շատ ավելի զորավոր կերպով համոզված եմ, որ ջատագովը պետք է դառնամ, որ մենք շատ ավելիով կապենք մեր նոր սերունդը Մայր հայրենիքի հետ: Ես սա նաև որպես ծնող եմ ասում, երբ հիշում եմ, թե տղաս երկու տարի առաջ ինչ ոգևորությամբ եկավ Հայաստանից:
Հայաստանը մեր հիմքն է, մեր ինքնությունը, մեր հողն է: Ոտքդ, որ դնում ես հողի վրա, գիտես, որ քոնն է, քեզ ինքնություն է տալիս: Այստեղ քեզ օտար չես զգում: Ես ազգայնամոլություն չեմ քարոզում, այլ խոսում եմ ազգասիրության մասին, որը տարբեր բան է:
Սիրտս շատ է ցավում, երբ տարբեր երկրներում Հայաստանից արտագաղթած հայեր եմ տեսնում: Հասկանում եմ, որ տնտեսական վիճակն է պատճառը, որ Հայաստանում նյութական կարելիություններ չկան: Բայց Սփյուռքում, օտար երկրում ծնվելն ու ապրելն էլ դյուրին չէ: Մենք հողի, հայրենիքի, ինքնության կարոտով ենք մեծացել: Եվ վերջապես, այսօր աշխարհի վրա տեղ մը կա՞, որ ամեն ինչ լավ է: Իսկ Հայաստանը մերն է` իր դրական և ժխտական կողմերով: Կատարյալ բան չկա, միայն Աստված է կատարյալ:
Պետք է հասկանանք, թե մեր ունեցածն ինչպես կարող ենք մեծացնել, ապրեցնել: Այս տասը տարիների ընթացքում բավականին բան է փոխվել Հայաստանում: Երբ Էջմիածին գնացի, քաղաքն այն չէր, ինչպիսին տասը տարի առաջ էր: Այս ամենը պետք է արձանագրվի, որ անկախ դժվարություններից, Հայրենիքն առաջ է գնում: Սա է, որ պետք է պահենք ու ծաղկեցնենք: Ուրիշ ճանապարհ չպետք է փնտրել:
– Ինչո՞վ կցանկանայիք եզրափակել Ձեր խոսքը:
Հրայր– Ձեզ մաղթում եմ ուժ, կորով, հաջողություն: Ինչպես տիկին Հրանուշ Հակոբյանին ասացի, մենք` ես և տիկինս, եկանք, որ մեր կապերը վերահաստատենք հայրենիքի մեջ: Մեր այցելության գլխավոր նպատակը սա է: Մեր մաղթանքն է, որ լավ լինեք, զորավոր կենաք: Գեղեցիկ հայրենիք ունենք, միասին պետք է շարունակենք մեր հիմնահարցերը լուծել:
Արտա– Ես շատ-շատ վերասիրեցի Հայաստանը և հպարտ եմ, որ այսքան դրական փոփոխություններ են եղել: Ամեն ինչ գեղեցկացել է: Ցանկանում եմ, որ մեր կապերն ավելի սերտանան: Եթե որևէ մեկ ատեն մեր մասնագիտությամբ, մեր փորձառություններով կարող ենք օգտակար լինել հայրենիքին, ես և Հրաչը միշտ պատրաստ ենք մեր բաժինը բերել, որպեսզի իրարով հարստանանք, ձեռք-ձեռքի տանք: Դրսում, հայրենիքում պատրաստված ուժեր կան, պետք է միասին ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում:
Մենք Հայրենիք ունենք, որտեղ ամենուր հայերեն են խոսում, ժպտում են, օգտակար լինում քեզ: Այս ամենը դրսում չես տեսնի: Այս բաներն են, որ մենք պետք է տեսնենք, գնահատենք և ամուր բռնենք…
– Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:
www.hayernaysor.am